Ներկայացնում ենք Շվեդիայի նախկին վարչապետ եւ արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:
Որքան էլ տարօրինակ հնչի, Եվրամիության ամենահաջող քաղաքականությունը վերջին տասնամյակում բացարձակապես ժողովրդականություն չէր վայելում Բրյուսելում: Բայց հիմա դաշինքի քաղաքական եւ կառավարող ինստիտուտների տեսակետը փոխվում է։ ԵՄ ընդլայնումը կրկին օրակարգում է։
ԵՄ ընդլայնումն ու էվոլյուցիան արմատապես փոխեց Եվրոպան։ Վեց անդամ ունեցող դաշինքը այժմ 27 անդամ ունի: Թեեւ ի սկզբանե դաշինքի նպատակն էր XX դարի կեսերին դյուրացնել ֆրանս-գերմանական հաշտեցումը, Հունաստանի, Պորտուգալիայի եւ Իսպանիայի բռնապետությունների անկումից հետո այն դարձավ Հարավային Եվրոպայում ժողովրդավարության ապահովման միջոց: Իսկ կոմունիզմի տապալումից հետո ԵՄ ընդլայնումը հիմնովին վերափոխեց Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի մեծ մասը:
ԵՄ-ը բարգավաճման համար պարտական է իր հսկայական ներքին շուկային, որտեղ մարդիկ, ապրանքները, գաղափարներն ու կապիտալը կարող են ազատ տեղաշարժվել, իսկ բազում հին սահմաններ ու խոչընդոտներ աստիճանաբար վերացել են: Եվրոպայի ընդլայնումն ու ինտեգրումը երբեք դյուրին չեն եղել, գործընթացն էլ ավարտված չէ։ Բայց մեծ հաշվով այն փառահեղ հաջողություն է:
Սակայն ընդլայնումը գրեթե երբեք ժողովրդականություն չի վայելել: Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրախորհրդարանի քաղաքական պղպջակի ներսում միշտ տրտնջացել են հարակից ինստիտուցիոնալ մարտահրավերների, բյուջետային խնդիրների եւ ստատուս քվոյի խախտումների մասին:
Նման բողոքները, որոնք կիսում են որոշ առանցքային անդամ երկրներ, բացատրում են, թե ինչու ԵՄ ընդլայնման գործընթացը մոտ մեկ տասնամյակ առաջ կանգ առավ: Վերջին նոր անդամը Խորվաթիան էր, որը միացավ 2013 թվականին: Մինչդեռ Արեւմտյան Բալկանների մնացած երկրները դուրս մնացին՝ թեպետեւ երկու տասնամյակ առաջ պաշտոնական հրավեր էին ստացել (պետք է խոստովանել, որ երկրներից մի քանիսը առանձնապես չհեշտացրին իրենց անդամակցության գործընթացը):

Լուսանկարը` REUTERS
Բայց հիմա Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ փոխել է իրավիճակը։ Ներխուժումից ընդամենը մի քանի օր անց Ուկրաինան դիմեց ԵՄ-ը անդամակցելու համար եւ ԵՄ-ը ռեկորդային ժամանակում նրան թեկնածուի կարգավիճակ շնորհեց: Այն, ինչ նախկինում անհնար էր պատկերացնել, հանկարծ ռազմավարական անհրաժեշտություն դարձավ: 2024-ի հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններից հետո ակնկալվում է, որ հաջորդ Եվրահանձնաժողովը ընդլայնումը կդարձնի իր գլխավոր առաջնահերթություններից մեկը։
Ճիշտ է, այս փոփոխությունը ռիսկեր է պարունակում։ Ուկրաինայի անդամակցության գործընթացը կարող է կանգ առնել, ինչպես 1990-ականների հետհարավսլավական պատերազմներից հետո Արեւմտյան Բալկանների երկրների գործընթացը: Այնուամենայնիվ, հիմքեր կան մտածելու, որ այս անգամ իրավիճակն այլ է: Ի վերջո, Ուկրաինան չընդգրկելը կվտանգի եվրոպական անվտանգությունը եւ ԵՄ-ի համար ռազմավարական աղետ կդառնա:
Բայց ԵՄ-ը անդամակցելը հեշտ գործ չէ: Այն ենթադրում է երկարատեւ, մանրամասն բանակցություններ, որոնք լավագույնս կարելի է նկարագրել որպես acquis communautaire-ի (ԵՄ օրենքների ամբողջության) 35 գլուխներում ներառված բոլոր կանոնների եւ կանոնակարգերի բանակցված ընդունում: Գործընթացը հոգնեցուցիչ է, բարդ եւ անխուսափելի: Կարճուղիներ չկան: Սկզբնական վեց անդամներից հետո անդամակցած երկրները բանակցել են միջինում չորս տարի: Ֆինլանդիան եւ Շվեդիան համաձայնեցին բոլոր գլուխներին ռեկորդային երկու տարում, բայց Պորտուգալիայի եւ Իսպանիայի գործընթացը տեւեց մոտ վեց տարի՝ գյուղատնտեսական քաղաքականության հետ կապված բարդությունների պատճառով:

Լուսանկարը` REUTERS
Եվրահանձնաժողովն այժմ գնահատում է, թե որն է լինելու հաջորդ քայլը, եւ հոկտեմբերին զեկույց է սպասվում։ Եթե այն առաջարկի շարունակել անդամակցության բանակցությունները, եւ Եվրոպական խորհուրդը համաձայնի դա անել 2023թ. դեկտեմբերին կայանալիք հանդիպման ժամանակ, թե՛ Ուկրաինայի, թե՛ Մոլդովայի հետ բանակցությունները կարող են սկսվել 2024 թվականին: Իսկ եթե դա տեղի ունենա, հավանականություն կա, որ բանակցությունները կավարտվեն հանձնաժողովի հաջորդ հնգամյա ժամկետում:
Բայց խոչընդոտները շատ են: Ուկրաինան պետք է պահպանի բարեփոխումների թափը, իսկ ԵՄ-ն՝ հաղթահարի տարբեր ինստիտուցիոնալ խնդիրներն ու բյուջետային մարտահրավերները: Պատշաճ նախապատրաստման դեպքում սա հաղթահարելի է: 1986-ին Իսպանիայի եւ 2004-ին Լեհաստանի անդամակցության համար երկար անցումային շրջաններ եւ զգայուն հարցերի զգույշ կառավարում պահանջվեց, բայց երկուսն էլ, ի վերջո, հաջողության հասան:
Ուկրաինան աշխարհագրորեն մեծ է, բայց շատ այլ առումներով փոքր: Բնակչության թվաքանակի առումով այն մոտ է Լեհաստանին եւ Իսպանիային։ Նրա տնտեսությունը, սակայն, զգալիորեն ավելի թույլ է։ Նույնիսկ պատերազմից առաջ Ուկրաինայում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ԵՄ միջինի մեկ երրորդից ցածր էր: Ներխուժումից ի վեր այն կորցրեց ավելի քան մեկ երրորդը: Այսպիսով, ԵՄ-ում Ուկրաինայի ընդգրկումը լուրջ բյուջետային բեռ կդառնա, եւ անհրաժեշտ կլինի բավարար նախապատրաստություն եւ քաղաքական կամք:
Ապագայում Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկը կարող է նաեւ հանգեցնել Արեւմտյան Բալկանների երկրների հետ բանակցությունների վերսկսմանը։ Եթե այդ փակուղին հաղթահարվի, մեկ տասնամյակի ընթացքում ԵՄ-ն կարող է անսպասելիորեն հասնել 35 անդամի:

Լուսանկարը` REUTERS
Ընդլայնման նախորդ ալիքները միշտ ուղեկցվել են այն մտավախությամբ, որ ԵՄ-ն կթուլանա։ Սակայն յուրաքանչյուր դեպքում դաշինքն ավելի ուժեղացավ: Ընդլայնվելով ԵՄ-ն է՛լ ավելի արդիական եւ կարեւոր դարձավ համաշխարհային ասպարեզում: Ոչ մի հիմք չկա մտածելու, որ նոր անդամներ ավելացնելն այսօր այլ արդյունք կտա: Սակայն գործընթացը պետք է զգույշ կառավարվի, որպեսզի պահպանվեն եվրոպական սկզբունքներն ու չափանիշները: ԵՄ ընդլայնման հաջորդ փուլը կորոշի Եվրոպայի ճակատագիրը գալիք տասնամյակների համար:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Copyright: Project Syndicate, 2023.
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: