Ներկայացնում ենք ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամի կայքում հրապարակված Deeds, Not Words հոդվածի հայերեն թարգմանությունը ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր ուզածին հասնելու համար պատրաստ է մեծ աղմուկ բարձրացնել։
Երկրի ներսում նա հաստատակամ ու ինքնավստահ մարդու համբավ ձեռք բերեց կենսաթոշակային բարեփոխումներն առանց խորհրդարանական քվեարկության անցկացնելու եւ միաժամանակ զգալի ընդդիմությանը դիմագրավելու շնորհիվ: Արտաքին քաղաքականության մեջ նրա համառ պնդումը, որ Եվրոպան պետք է ձգտի ռազմավարական ինքնավարության, որը շատերն ընկալում են որպես Միացյալ Նահանգներին մի կողմ հրելու փորձ, դաշնակիցների շրջանում բազմիցս տարակուսանք է առաջացրել: Միջազգային մակարդակով, սակայն, Ֆրանսիայի սահմանափակ ուժը ստիպել է նախագահին այլ ռազմավարություն որդեգրել եւ փոխել իր խոսելաոճը: Թեեւ դա ողջունելի է, հռետորության այս փոփոխությունը այնուամենայնիվ չպետք է դիտվի որպես Մակրոնի եվրոպական հավակնությունների փոխզիջում: Մակրոնի հիմնական սկզբունքները հստակ են եւ ամրագրված: Նրա գործընկերները պետք է, ըստ այդմ, համագործակցեն նրա հետ եւ կենտրոնանան արտաքին քաղաքականության մեջ նրա գործողությունների, այլ ոչ նրա պատահական ուշագրավ մեկնաբանությունների վրա:
Ներքին քաղաքականության մեջ վիրավոր, բայց անվեհեր
Ընդդիմությունը շտապեց օգտագործել Մակրոնի վերընտրման հանգամանքները՝ վիճարկելու նրա լեգիտիմությունը երկրի ներսում: Բազում ընտրողներ ձայները տվեցին գործող նախագահին ոչ թե այն պատճառով, որ աջակցում էին նրա քաղաքականությանը, այլ Ուկրաինայի պատերազմի եւ ծայրահեղ աջերի կայուն առաջխաղացման համատեքստում ազգային անվտանգությունն ու օրենքի գերակայությունը պաշտպանելու համար: Գործող նախագահն օգտագործեց նաեւ Մարին Լը Պենի ենթադրյալ մտերմությունը Կրեմլի հետ, որպեսզի կասկածի տակ դնի նրա մտադրությունները եւ մարդկանց համոզի ընդդիմանալ նրան:
Մակրոնը խոստովանեց, որ պետք է ավելի ներառական լինի իր երկրորդ ժամկետի ընթացքում, երախտապարտ լինի բազմազան ընտրազանգվածին, որը հնարավոր դարձրեց իր հաղթանակը, եւ ավելի հաճախ խորհրդակցի ընդդիմադիր կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության հետ: Սակայն համակրանք չվայելող մանեւրից հետո, երբ նա կենսաթոշակային բարեփոխումներ իրականացնելու նպատակով շրջանցեց խորհրդարանը, նրա խոստումն այժմ շատերին սին է թվում: Կառավարությունը տապալելու համար ծայրահեղ աջերն ու ծայրահեղ ձախերը մի քանի անգամ միասին փորձ են կատարել անվստահություն հայտնել նախագահին, եւ դրանցից մեկին հաջողության համար ընդամենը ինը պատգամավորի ձայն պակասեց:

Լուսանկարը` REUTERS
Զգուշավորությանն ու անգործությանը հակադրվելու համար «իշխանության ուղղահայաց» արտահայտությանը մշտապես հետեւած նախագահի թուլացած ներքաղաքական դիրքը եւ Ազգային ժողովում հստակ մեծամասնության բացակայությունը կարող էին խորապես նվաստացուցիչ լինել: Փոխարենը Մակրոնը կրկնապատկեց նախորդ նախընտրական խոստումները եւ հայտարարեց բարեփոխումների երեք լրացուցիչ ուղղությունների մասին, որոնցից մի քանիսը եւս կարող են հակասական լինել: Վարչապետ Էլիզաբեթ Բորնի գլխավորությամբ կմշակվի նոր քաղաքականություն ավելի բարձր վարձատրվող աշխատատեղերի եւ լիարժեք զբաղվածության, առաջընթացի եւ կլիմայի փոփոխության, իրավակարգի եւ միգրացիայի ոլորտներում: Վերջին կետը հատկապես դժվար կլինի անցկացնել խորհրդարանում՝ հարցի բեւեռացնող բնույթի պատճառով, եւ գուցե Մակրոնը ստիպված լինի տեր կանգնել իր խոսքին. խորհրդակցել ընդդիմության հետ եւ կոալիցիա կազմել պահպանողական հանրապետական կուսակցության հետ՝ հաստատելով աջակողմյան շրջադարձը, որը սկսվել է իր ժամկետի առաջին տարիներին։ Այդ քայլը նման է այն ճշգրտումներին, որոնք Մակրոնն արդեն անում է իր արտաքին քաղաքական նպատակներն առաջ տանելու համար:
Նոր ռազմավարություն արտասահմանում
Մակրոնը նույն եռանդով հետապնդում էր նաեւ իր միջազգային նպատակները մինչեւ այն պահը, երբ պարզեց, որ իշխանությունը, որը նա վայելում է տանը, համաշխարհային բեմում հեշտ չէ կրկնօրինակել: Վեց տարի շարունակ նա գլխավորում էր եվրոպական ռազմավարական ինքնավարության գաղափարը: Եթե սկզբում այն անհասկանալի հայեցակարգ էր, որի նկատմամբ եվրոպացիների մեծ մասը բացահայտ թշնամաբար էր տրամադրված, ապա հետո վերածվեց թեժ թեմայի, որը Ֆրանսիայի դաշնակիցները չեն կարող անտեսել: Բայց չնայած որոշ առանցքային ոլորտներում գրանցված հաջողությանը (օրինակ, համաշխարհային հարկային բարեփոխումը, որի համար նա G20-ի բանակցություններում կարեւոր դեր խաղաց), Մակրոնը եվրոպական պաշտպանության իր տեսլականի հարցում համեստ հաջողության հասավ: Պաշտպանության բյուջեները կտրուկ աճում են, սակայն դաշնակիցների մեծ մասը շարունակում է գնումներ կատարել արտասահմանյան մատակարարներից՝ եվրոպական արդյունաբերության երկարաժամկետ զարգացման մեջ ներդրումներ անելու փոխարեն: Գերմանիայի ազգային անվտանգության վերջին ռազմավարության մեջ, օրինակ, նշվում է, որ Բունդեսվերը «հիմնականում եվրոպական լուծումներ» ձեռք կբերի, բայց միայն «եթե այդ նպատակին հնարավոր լինի հասնել առանց ռազմական կարողությունների թուլացման»:

Լուսանկարը` REUTERS
Ֆրանսիան միայնակ անզոր է եվրոպական ռազմավարական ինքնավարությունն իրականություն դարձնել: Այդ պատճառով գերմանացիների երկակիությունը եւ ԵՄ անդամ երկրների նախկին խորհրդային բլոկում ազդեցություն ձեռք բերելու ցանկությունը ստիպում են Մակրոնին բազմազանեցնել Ֆրանսիայի գործընկերներին: Այս տարվա GLOBSEC Բրատիսլավայի ֆորումի ժամանակ Ֆրանսիայի նախագահը դիմեց Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ներկայացուցիչներին իրեն ոչ բնորոշ նրբերանգված ելույթով եւ ընդգծեց, որ վստահելի Եվրոպան ավելի կարեւոր է, քան ռազմավարական ինքնավարությունը: Նա խոնարհաբար նշեց նաեւ, որ Ֆրանսիան «երբեմն բաց է թողել լսելու հնարավորությունը»՝ ակնարկելով նախագահ Ժակ Շիրակի անպատշաճ մեկնաբանությունն այն մասին, որ արեւելյան եվրոպացիները «բաց թողեցին լռելու հնարավորությունը»՝ աջակցելով 2003 թվականին ԱՄՆ-ի ներխուժմանը Իրաք:
Մակրոնի հռետորաբանության փոփոխությունը նշանակում է, որ նա հասկացել է եվրոպական ռազմավարական ինքնավարության վերաբերյալ արեւելյան եվրոպացիների մտահոգությունները: Այն նաեւ հուշում է, որ Մակրոնը տեղյակ է, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում եվրոպական պաշտպանության իր տեսլականը կա՛մ կիրականանա, կա՛մ կտապալվի, հատկապես այն պատճառով, որ նրա պաշտոնավարումը 2027-ին ավարտվելու է: Ժամացույցը տկտկում է, եւ Մակրոնը գիտի, որ պետք է արագ գործել, եթե ցանկանում է առաջ տանել իր արտաքին եւ պաշտպանական քաղաքականության օրակարգերը: Այդ գործընթացը սկսվել է հունիսի 19-ին Փարիզում եվրոպացի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ, երբ նա հայտարարեց «Միստրալ» հրթիռների գնման հատուկ ծրագրի մասին մի շարք եվրոպական երկրների հետ, որոնց թվում են Էստոնիան, Հունգարիան, Բելգիան եւ Կիպրոսը: Թեեւ գործընկերները պետք է ակնկալեն, որ Մակրոնը կշարունակի լոբբինգը հօգուտ ռազմավարական ինքնավարության, նրանք պետք է նաեւ հաշվի առնեն Ուկրաինայի անվտանգության հավակնոտ երաշխիքների եւ ՆԱՏՕ-ի շրջանակներում եվրոպական ավելի ամուր հենասյուն ունենալու Մակրոնի պահանջները, որոնք համընկնում են նրա ավելի լայն անդրատլանտյան անվտանգության նպատակների հետ:
Նոր խոսելաոճ, նույն նպատակները
Մակրոնի խոսելաոճը գուցե եւ փոխվել է, բայց նրա կառավարման մոտեցումը, որը հաճախ «Մակրոնի մեթոդ» են անվանում, կշարունակի ձեւավորել Ֆրանսիայի ներքին եւ արտաքին քաղաքականությունը: Նրա մեկնաբանությունները երբեմն անհանգստացնող են, բայց դրանք պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում, որը բախվում է Ֆրանսիայի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության իրականության հետ: Օրինակ՝ Թայվանի վերաբերյալ նրա վերջին հակասական արտահայտությունները, որոնք ընկալվեցին որպես Պեկինի նկատմամբ մեղմ մոտեցման առաջարկ, արվեցին այն պահին, երբ ֆրանսիական ֆրեգատը տարանցում էր Թայվանի նեղուցով, ինչը նշանակում է, որ երկարաժամկետ արտաքին քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն չկա: Փարիզի եվրոպացի գործընկերները, հետեւաբար, պետք է ավելի լուրջ վերաբերվեն Մակրոնի երկարամյա ջանքերին, որոնք ուղղված են եվրոպական պաշտպանությանը, մասնավորապես՝ խոր հարվածներ հասցնելու եվրոպական կարողությունների զարգացմանը։ Միեւնույն ժամանակ դաշնակիցները պետք է ակնկալեն, որ Մակրոնը կշարունակի ընդհանուր նպատակներ հետապնդել: Նրա շփումը ոչ արեւմտյան առանցքային երկրների հետ, ինչպիսին է Հնդկաստանը, որի շնորհիվ նա ցանկանում է աջակցություն ստանալ Ռուսաստանին մեկուսացնելու եւ Ուկրաինայում արդար եւ կայուն խաղաղության բանակցությունների պայմաններ ստեղծելու համար, այն նպատակներից է, որը նրա անդրատլանտյան գործընկերները հավանաբար կողջունեն:

Լուսանկարը` REUTERS
Մակրոնը նոր խոսելաոճ է որդեգրել, որը հույս է ներշնչում ավելի արդյունավետ եվրոպական համագործակցության համար, բայց նա անում է դա միայն իր վերջնական եւ անփոփոխ արտաքին քաղաքականության նպատակներն առաջ մղելու համար: Նրա գործընկերները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն դրան, այլ ոչ հայտարարություններին, որոնք ուղղված են երկրի ներսում իր դիրքի ամրապնդմանը:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: