Հայկական ճգնաժամն ու Արեւմուտքի երկակի չափանիշները - Mediamax.am

1621 դիտում

Հայկական ճգնաժամն ու Արեւմուտքի երկակի չափանիշները


Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Ձեզ ենք ներկայացնում Jacobin պարբերականում հրապարակված Էյդան Սիմարդոնեի The West’s Double Standards in the Armenian Crisis հոդվածի հայերեն թարգմանությունը՝ որոշ կրճատումներով: Jacobin-ը Ամերիկայի ձախ ուժերի առաջատար պարբերականներից է։

 

Էյդան Սիմարդոնե

 

Արեւմուտքն անտարբեր է ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ, քանի որ Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը նրան դարձրել է Արեւմտյան էներգետիկ անվտանգության կարեւոր գործընկեր, իսկ ժողովրդավարական Հայաստանը դժվարին պահին մնացել է առանց բավարար աջակցության։

 

Հայերը կրկին կանգնած են բնաջնջման վտանգի առջեւ: Մեկ դար առաջ օսմանցիները տեղահանեցին ու կոտորեցին նրանց Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայաստանի վրա, որից մնացել է դեպի ծով ելք չունեցող, Քենթաքի նահանգից փոքր երկիր, այժմ տեղում են արեւելյան հարեւանի՝ Ադրբեջանի ռումբերն ու կրակոցները: Արեւմուտքի եւ Իսրայելի աջակցությամբ Ադրբեջանը զտում է հայերին իր տարածքից եւ կտրատում Հայաստանը, մինչեւ դրանից ոչինչ չի մնա:

 

Անտեսելով Ադրբեջանի ագրեսիվ գաղութատիրությունը՝ Արեւմուտքը հակված է նվազեցնել հակամարտության սրության նշանակությունը՝ այն որակելով որպես պարզապես թյուրիմացություն երկու երկրների միջեւ: Ադրբեջանում ներդրումների կրճատելու եւ պատժամիջոցներ կիրառելու փոխարեն Արեւմուտքը մեծացրել է տնտեսական եւ ռազմական համագործակցությունը այդ երկրի հետ:

 

Իրավիճակն ավելի բարդացնելով՝ Արեւմուտքը նաեւ փորձում է ԵՄ միջնորդությամբ երկու երկրների միջեւ խաղաղություն հաստատել: Այս ջանքերը կարող են հիմք ծառայել Հայաստանի կործանման համար։

 

***

 

Երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, Ադրբեջանը ռազմական հարձակում ձեռնարկեց։ Բայց եթե նախորդ հարձակումները Արցախի դեմ էին, այս մեկն արդեն Հայաստանի դեմ էր։ Հայաստանը փորձեց դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը, բայց անդամներից ոչ մեկը, այդ թվում՝ Ռուսաստանը, չարձագանքեցին։ Միակ զսպող ուժն այլեւս չկար: Ընդամենը երկու օրվա ընթացքում երկու հարյուր հայ սպանվեց։ Ադրբեջանն այժմ գրավել է Հայաստանի 140 քառակուսի կիլոմետր տարածքը եւ առեւանգում, խոշտանգում, բռնաբարում եւ մահապատժի է ենթարկում հայերին սահմանամերձ շրջաններում։

 

Այնուհետեւ Ադրբեջանը հայացքն ուղղեց հենց Արցախին։ 2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը արգելափակեց սննդամթերքի, դեղորայքի, էլեկտրաէներգիայի մատակարարումը տարածաշրջան։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ Արցախի հայերը «կգան գլուխները խոնարհած» կամ «ստիպված կլինեն ապրելու այլ տեղ փնտրել»։ Սա դատարկ սպառնալիք չէր. Ադրբեջանը նախկինում էլ ռմբակոծել է Արցախի խաղաղ բնակավայրերը՝ բնակիչներից ազատվելու համար։ Վերջերս Ալիեւն ասել էր, որ տարածաշրջանում 150 հազար ադրբեջանցի է բնակեցնելու։ Արդարադատության միջազգային դատարանը որոշել էր, որ Ադրբեջանը պետք է «իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով ապահովի մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել տեղաշարժը», սակայն իրավիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Ցավոք, արեւմտյան արտաքին քաղաքականությունը մնում է անփոփոխ։ Թեեւ Ռուսաստանի համատեքստում Արեւմուտքը խստորեն հետեւում է միջազգային իրավունքին, այն ընդամենը մեղմ անհանգստություն է արտահայտում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։ Երբ Ադրբեջանը սկսեց ռմբակոծել Հայաստանը, Միացյալ Նահանգները գրանցեցին սահմանին «լարվածության աճ»: ԵՄ-ը հայտարարեց, որ «երկու կողմերի զինուժը պետք է նահանջի անվտանգ հեռավորության վրա», իսկ Միացյալ Թագավորության դեսպան Նիլ Հոլանդը «երկու կողմերից» պահանջեց առարկայական բանակցություններ՝ ենթադրելով հավասար պատասխանատվություն հակամարտության համար՝ չնայած Ադրբեջանի «անհամաչափ ագրեսիային»։

 

Ինչպես Իսրայելի հարձակումները Պաղեստինի դեմ չնչին արձագանքի են արժանանում Արեւմուտքի կողմից, այնպես էլ Արեւմուտքն անտարբեր է, երբ Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա: Ադրբեջանը կարեւոր գործընկեր է Եվրոպայի էներգետիկ անվտանգության եւ Իրանի դեմ Արեւմուտքի ու Իսրայելի ռազմական դաշինքի տեսանկյունից: Ի հակադրություն՝ Հայաստանը չունի հանածո վառելիքի պաշարներ եւ այն տասը երկրներից մեկն է, որտեղ ռուսական ռազմաբազա է տեղակայված: Արեւմուտքը կնախընտրեր, որ Հայաստանը չլինի:

 

Հայաստանն այժմ հայտնվել է այն իրավիճակում, որտեղ Պաղեստինն էր 1990-ականներին: Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, արաբական պետությունները կորցրին իրենց ամենահզոր դաշնակցին, եւ Պաղեստինը ստիպված եղավ համագործակցել ԱՄՆ-ի հետ: Ցավոք, Իսրայելի հետ դաշինքը հանգեցրեց խաղաղության համաձայնագրի, որը կնքվեց անազնիվ նպատակներով։ Պաղեստինին պետականություն շնորհելու փոխարեն՝ Օսլոյի համաձայնագիրը Իսրայելին վերահսկողություն պարգեւեց Հորդանան գետի Արեւմտյան ափի նկատմամբ: Պաղեստինն այժմ իսրայելական ապարտեիդի ներքո պայքարում է իր կյանքի համար:

 

Նման ընկերների հետ թշնամիներ պետք չեն

 

Քանի որ Ռուսաստանը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, Հայաստանին այլ բան չի մնում, քան գոյատեւելու համար համագործակցել Արեւմուտքի հետ: Թվում է՝ խաղաղություն հաստատելու Արեւմուտքի ջանքերն անկեղծ են: ԵՄ-ը փորձագետներ է ուղարկել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը վերահսկելու համար, Բրյուսելում եւ Վաշինգտոնում բանակցություններ են անցկացվել։

 

Բայց Արեւմուտքի իրական շահերը կապված են Ադրբեջանի հետ: Հայաստանում գտնվող դիտորդները չփոխեցին ԵՄ արտաքին քաղաքականությունը. ավելի շուտ դա ԵՄ իմիջը բարելավելու գովազդային հնարք էր: ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը նշել է, որ առաքելության նպատակն է «պահպանել ԵՄ-ի հեղինակությունը՝ որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության միջնորդի»: Մինչ Հայաստանը հարձակման էր ենթարկվում, ԵՄ-ն համաձայնեց կրկնապատկել Ադրբեջանից գազի ներկրումը մինչեւ 2027 թվականը։

 

Հայաստանը քիչ աջակցություն է ստացել: Վերջերս ԵՄ-ն առաջարկեց օգնություն ուղարկել Արցախ, սակայն այս գաղափարը բուռն կերպով մերժվեց եւ կտրուկ դատապարտվեց Հայաստանի եւ Արցախի կողմից։ Ինչո՞ւ։ Որովհետեւ օգնությունը գալու էր Ադրբեջանից՝ այս նույն երկրից, որը սովամահ է անում Արցախը։ ԵՄ օրուելյան կառույցը, որը կոչվում է «Եվրոպական խաղաղության հաստատություն», ռազմական օգնություն է տրամադրել Վրաստանին, Մոլդովային եւ Ուկրաինային, սակայն մերժել է Հայաստանի խնդրանքը։

 

Ըստ ամենավերջին տվյալների՝ 2018 եւ 2019 թվականներին ԱՄՆ-ը ավելի քան 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ադրբեջանին: Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի առեւտուրը տարեկան 400 միլիոն դոլար է եւ աճում է, մինչդեռ Հայաստանի հետ առեւտուրը դրա մեկ քառորդն է եւ նվազում է: Միացյալ Նահանգները կարծես թերագնահատում է Ադրբեջանի գործողությունները, իսկ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կարծում է, որ առաջընթաց կա՝ չնայած Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը, հրադադարի խախտումներին եւ հայերին ուղղված սպառնալիքներին: Նույնիսկ երբ Ադրբեջանը փորձում է զտել հայերին Արցախից, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հույս է արտահայտում, որ հայերը կարող են ապահով ապրել Ադրբեջանի իշխանության ներքո:

 

«Երկու կողմերին» ուղղված համագործակցության պահանջը կրկնվում է այն ժամանակ, երբ Հայաստանը զգալի զիջումների է գնում: Քսանհինգ տարի Արցախի անկախությանն աջակցելուց հետո Հայաստանն այժմ համաձայնում է ճանաչել եւ պահպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բացի այդ Հայաստանը քայլեր է ձեռնարկել կարգավորելու հարաբերությունները Թուրքիայի հետ, որը Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն է եւ հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

 

Հույս Հայաստանի եւ Արցախի համար

 

Հայաստանի առաջնային պահանջը պարզ է՝ հարգանք իր ինքնիշխանության եւ Արցախում ժողովրդի իրավունքների նկատմամբ. Ադրբեջանը ցույց է տվել, որ հակված չէ այդ պահանջները բավարարելու։ Իսկ ադրբեջանական ագրեսիային ի պատասխան միջազգային հանրության անգործությունը է՛լ ավելի է քաջալերում նրան: Թվում է, թե որքան շատ վնաս տա Ադրբեջանը Հայաստանին եւ հայերին, այնքան ավելի շատ զիջումներ կստանա միջազգային հանրությունից։

 

Վերջերս հայկական կողմի փոխզիջումների կիզակետում հենց Հայաստանն է, ոչ Արցախը: Ադրբեջանը Հայաստանից պահանջում է հանձնել Զանգեզուրի միջանցքը՝ այն հողատարածքը, որը կկապի Ադրբեջանն իր էքսկլավի՝ Նախիջեւանի հետ։ Այս քայլը Ադրբեջանին հնարավորություն կտա մտնել Հայաստանի հարավ եւ կխզի Հայաստանի կապը իր տարածաշրջանային դաշնակից Իրանի հետ: Չնայած Հայաստանի հակազդեցությանը, նույնիսկ Հայաստանի ամենամոտ դաշնակից Ռուսաստանը աջակցություն է հայտնել այս ծրագրին։ Եթե Արեւմուտքը չընդդիմանա Ադրբեջանի կողմից Հայաստանի շարունակական օկուպացիային, այս միջանցքը կարող է իրականություն դառնալ:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Ոչ ոք Հայաստանին օգնության չի գալիս: Հայերի եւ Հայաստանի փրկությունը ներքեւից վեր ճնշման մեջ է: Չնայած ձախակողմյան ուժերը բավական մոբիլիզացված չեն, գաղութատիրությանն ու իմպերիալիզմին ընդդիմանալը պետք է պատճառ հանդիսանա, որ նրանք դատապարտեն Ադրբեջանի ծրագրերը՝ վերացնել Արցախի բնիկ ժողովրդին: Նրանք, ովքեր հակազդում են Իսրայելին արեւմտյան աջակցությանը, պետք է հակազդեն նաեւ Ադրբեջանին, որը իսրայելական զենքի կարեւոր ներկրող է: Եվրոպայի էներգետիկ կախվածությունը Ադրբեջանից պետք է մտահոգի բոլորին, ովքեր դեմ են հանածո վառելիքի շահագործմանը:

 

Ապարտեիդի դեմ շարժումը ոգեշնչող է: Հակառակ որոշ «մտահոգություն» արտահայտելուն՝ Արեւմուտքն աջակցում էր սպիտակամորթների կողմից կառավարվող Հարավային Աֆրիկային: Այնուամենայնիվ, տասնամյակներ տեւած արշավը վերջ դրեց ապարտեիդին: Ինչպես Իսրայելի եւ Հարավային Աֆրիկայի դեպքում, պետք է ուշադրությունը կենտրոնացնել Ադրբեջանը բոյկոտելու, օտարելու եւ պատժամիջոցների ենթարկելու վրա՝ միեւնույն ժամանակ համագործակցելով հայկական սփյուռքի հետ:

 

Հայկական սփյուռքի ամենամեծ համայնքներից մեկը Ֆրանսիայում է, որը արեւմտյան հատուկենտ պետություններից է, որը խստորեն դատապարտում է ադրբեջանական ագրեսիան։ Սրա պատճառը ոչ այնքան բարյացակամությունն է, այլ վախը, թե ինչպես Ֆրանսիայի հայերը կարձագանքեն Ադրբեջանին աջակցելուն: ԱՄՆ-ի մոտ մեկ միլիոն հայերն արդեն ճնշում են գործադրում, Կոնգրեսի անդամները պահանջում են դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին: Ձախերի եւ հայկական սփյուռքի դաշինքը կարող է հանգեցնել Արցախի շրջափակման ավարտին եւ նպաստել Հայաստանի անվտանգությանը։

 

Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովումը առաջին քայլն է դեպի խաղաղություն, սակայն տեւական լուծումների համար կպահանջվեն հատուցումներ, վերադարձի իրավունք, պատմական ու շարունակվող վայրագությունների ճանաչում։ Հայաստանի եւ Արցախի պաշտպանությունը վճռորոշ է, քանի որ առանց զսպվելու ադրբեջանական ագրեսիան կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ հայերը չվերանան։

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին