2020թ. պատերազմի հիշողությունը եւ «ազգային պակասի» ապագան Ադրբեջանում - Mediamax.am

2787 դիտում

2020թ. պատերազմի հիշողությունը եւ «ազգային պակասի» ապագան Ադրբեջանում


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Caucasus Analytical Digest պարբերականի 133-րդ թողարկման մեջ լույս տեսած Բահրուզ Սամադովի հոդվածի հայերեն թարգմանությունը:

 

Բահրուզ Սամադովը Պրահայի Չարլզի համալսարանի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի Սոցիալական գիտությունների ֆակուլտետում քաղաքագիտության ասպիրանտ է եւ Յենայի Ֆրիդրիխ Շիլերի համալսարանի կովկասագիտության կրտսեր գիտաշխատող: Նա ուսումնասիրում է ավտորիտարիզմ, գաղափարախոսություն, ազգայնականություն եւ ճգնաժամային կառավարում հետստրուկտուրալիստական եւ հոգեվերլուծական տեսանկյուններից: Սամադովի այս հետազոտությունը հնարավոր է դարձել Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի դրամաշնորհի շնորհիվ։

 

Համառոտագիր

 

Առաջին Ղարաբաղյան պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի եւ հարակից՝ հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված տարածքների նկատմամբ վերահսկողության կորուստը հետխորհրդային շրջանում ադրբեջանցիների ազգային ինքնության ձեւավորման տրավմատիկ հիմք հանդիսացավ։ Իրավիճակը հիմնովին փոխվեց Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո, երբ Ադրբեջանը վերականգնեց հարակից տարածքների նկատմամբ վերահսկողությունը եւ նույնիսկ նոր իրրեդենտիստական խոսույթ սկսեց:

 

(Իրրեդենտիզմ (իտալերեն՝ irredento, ինչը նշանակում է չազատված, չփոխհատուցված), ընդհանուր ազգապատկանելիության կամ պատմական փաստերի վրա հիմնված մեկ այլ պետության կամ պետությունների կազմում գտնվող տարածքի անեքսիան արդարացնող դիրքորոշում։ Իրրեդենտիստական գաղափարախոսությունը հաճախ պաշտպանվում է համաազգայնական շարժումների կամ քաղաքական նույնականացման ու մշակութային եւ քաղաքական աշխարհագրության դիրքերից։ Իրրեդենտիզմի վառ օրինակ կարող է ներկայանալ 1938 թվականին ամբողջ Ավստրիայի եւ Չեխոսլովակիայի գերմանախոս Սուդետենլանդ տարածաշրջանի անեքսիան Նացիստական Գերմանիայի կողմից-խմբ.)։

 

Հիմնվելով հոգեվերլուծական մոտեցման վրա՝ այս ուսումնասիրությունը քննում է այս փոփոխության արտացոլումը ոչ պաշտոնական մշակութային երեւույթներում, մասնավորապես՝ մեյխանայում:

 

(Մեյխանա՝ ադրբեջանական բանահյուսության ժանրային տեսակ, գրական-երաժշտական ստեղծագործություն, որը կատարվում է առանց գործիքային ուղեկցության։ Կատարողը կամ կատարողները իմպրովիզացիա են անում ժողովրդին հուզող որեւէ թեմայով։ Մեյխանան հաճախ համեմատվում է հիփ-հոփի հետ, անվանվում է ադրբեջանական ժողովրդական ռեփ-խմբ):

 

Հոդվածում վերլուծվում են հայտնի երգերի մեջ պատերազմի հիշատակման երեք ձեւերը՝ ազգային տարածքների վերադարձը տոնելը, վետերանների փառաբանումը եւ զոհված զինվորների սուգը: Ուսումնասիրությունը վերլուծում է նաեւ անտագոնիզմի տարածումը այդ ժանրում։

 

Ներածություն

 

Ադրբեջանի ազգային-ազատագրական շարժման ծնունդը 1988 թվականին սերտորեն կապված է Ադրբեջանում, Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ադրբեջանցիների եւ հայերի միջեւ ազգամիջյան բախումների հետ։ Ազգամիջյան բախումները վերածվեցին համազգային անտագոնիզմի, որն օգտագործվում էր ինչպես բողոքի շարժման, այնպես էլ կառավարության կողմից: Մինչ բողոքի շարժումը պահանջում էր պաշտպանել Հայաստանից վտարված ադրբեջանցիների իրավունքները եւ պահել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան սահմաններում, Լեռնային Ղարաբաղի կառավարությունը 1991-ի վերջին հայ զինյալների ինքնությունը պարզելու համար սկսեց ստուգել անձնագրերը, ինչն ըստ էության վերածվեց հայաբնակ գյուղերի էթնիկ զտումների: 1992-ի փետրվարին Խոջալուում էթնիկ ադրբեջանցիների ջարդից հետո ճգնաժամն ու ազգամիջյան հակամարտությունը սաստկացան, որից հետո իշխանության եկան ազատագրական շարժման ներկայացուցիչները՝ Ժողովրդական ճակատը:

Լուսանկարը` REUTERS

Նրանց իշխանության օրոք՝ 1992-ի ամռանը պատերազմը թեժացավ, երբ Ադրբեջանը վերահսկողության տակ առավ Լեռնային Ղարաբաղի տարածքները։ Այնուամենայնիվ, պատերազմի տարբեր ղեկավարների միջեւ սաստկացող ուժային պայքարը հանգեցրեց ներքին ճգնաժամի, որը հայկական ուժերին հնարավորություն տվեց վերականգնել վերահսկողությունը հայաբնակ տարածքների նկատմամբ եւ գրավել Լեռնային Ղարաբաղից դուրս մի քանի ռազմավարական, ադրբեջանաբնակ տարածքներ: Հայկական վերահսկողությունը հանգեցրեց այս տարածքներից փախստականների ալիքների։ Հատկապես շոկային էր 1993 թվականի ապրիլին Քելբաջարի գրավումը, եւ Ժողովրդական ճակատը արտակարգ դրություն հայտարարեց: Ներքին ճգնաժամը լուծվեց 1993 թվականի ամռանը, երբ Հեյդար Ալիեւը վերադարձավ Բաքու եւ շուտով դարձավ Ադրբեջանի երրորդ նախագահը։ Առաջին պատերազմը պաշտոնապես ավարտվեց 1994 թվականին, երբ երկու կողմերը հրադադարի համաձայնագիր ստորագրեցին։

 

Հակամարտության տրավմատիկ ազդեցությունը, ըստ էության, դրսեւորվեց երկու իրադարձության մեջ. 1992-ի Խոջալուի ջարդը եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների կորուստը, որոնք ընկան Ադրբեջանի ազգային ինքնության վերաբերյալ անտագոնիզմի հետխորհրդային բանավեճերի հիմքում:

 

Հետխորհրդային Ադրբեջանում ազգային ինքնության երկու խոսույթները, որոնցից մեկը շեշտը դնում է էթնիկ թյուրքական ծագման վրա, իսկ մյուսը՝ էտատիզմի ու հայրենասիրության վրա, համագոյակցում եւ համընկնում էին սոցիալական պատկերացման մեջ: Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի հետ հակամարտությունների վրա «ազգային պակասի» մակագրությունը ազգայնական սոցիալական պատկերացման առանձնահատկություն էին։ 1994-ի զինադադարից մինչեւ 2010 թվականն ընկած ժամանակահատվածը համեմատաբար հանգիստ էր։ Այս ժամանակահատվածում Հայաստանի նկատմամբ ազգային անտագոնիզմը դարձավ ադրբեջանական ազգային ինքնության նստվածքային մաս, որը ներկայացված էր դպրոցական դասագրքերում եւ մշակութային արտեֆակտներում: Սոցիալապես ընդունելի անտագոնիզմի հեգեմոնիկ վերարտադրումն Ադրբեջանում առավել ակնհայտ դարձավ 2010-ից հետո, երբ ավտորիտար շրջադարձը ուղեկցվեց 2012-ին Ռամիլ Սաֆարովի (որը Հունգարիայում 8 տարի ցմահ ազատազրկում էր կրում հայ զինվորի սպանության համար) «փրկությամբ» եւ հրապարակային ներումով: Լեռնային Ղարաբաղում 2016-ի ապրիլյան պատերազմը, որը խլեց ավելի քան 200 զինվորի կյանք, հրադադարի համաձայնագրի առաջին լուրջ խախտումն էր՝ նյութապես ապացուցելով ազգային անտագոնիզմի անփոփոխ լինելը։

Լուսանկարը` REUTERS

2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի շնորհիվ Ադրբեջանը վերադարձրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների նկատմամբ, եւ դա զգալիորեն փոխեց սոցիալական պատկերումը։ Հաղթանակը վերածեց Ղարաբաղի կորստի եւ տենչանքի մասին ավելի վաղ պատումները ուրախության, որը ներկայացվեց ազգային տոնակատարությամբ: Այս ուսումնասիրության վերլուծական մասը ցույց է տալիս ազգային տոնակատարության մեջ երգերի զգացական գործառույթը ադրբեջանական համայնքում, որը հաղթահարում է նախկին կորուստը։

 

Համառոտ տեսական բացատրություն

 

Հոգեվերլուծության տեսակետից դիտվող հետստրուկտուրալիստական քաղաքական տեսության մեջ պակասը, ցանկությունը, ֆանտազիան եւ հաճույքը կարեւորարագույն  նշանակություն ունեցող չորս կատեգորիաներ են:

 

«Պակասը» հասկացվում է որպես հիմնարար մարդկային զգացում, որը բխում է կայուն հիմքերի բացակայությունից: Ըստ Լականի (Ժակ Լական՝ հայտնի ֆրանսիացի հոգեվերլուծաբան  եւ փիլիսոփա, ստրուկտուրալիստ-խմբ)՝ մշտապես առկա է «որոշակի հիմնարար անհնարինություն՝ կառուցված անհնարին/տրավմատիկ միջուկի շուրջ, կենտրոնական պակասի շուրջ», որը հավաքական ինքնություններ եւ ցանկություններ է ստեղծում։ Անավարտությունը ոչ միայն ինքնությունների հատկանիշն է, այլ նաեւ բուն խորհրդանշական կարգ: Ֆանտազիան, որն իրականացվում է պատմողական ձեւով, անհրաժեշտ է քողարկելու խորհրդանշական կարգի պակասը, որը կազմակերպում եւ շրջանակում է սուբյեկտների ցանկությունները:

 

Հաճույքը, լինելով ֆանտաստիկ պատումի մաս, պատկերվում է որպես իդեալականացված վիճակ, երբ այլեւս պակաս չկա: Ազգայնական պատումներում ցանկության առարկան ներկայացվում է որպես արտաքին թշնամու կողմից գողացված հաճույք, իսկ ազգայնական քաղաքական ծրագրերը խոստանում են վերադարձնել այն: Լականի տեսակետից ազգային գաղափարը ազգային առասպելների միջոցով վայելքը կազմակերպելու միջոց է: Այս հավաքական առասպելների հետ նույնացումը անձին մասնակի եւ վայրկենական մարմնական հաճույք է պարգեւում: Նման գործողությունը հաճելի է դարձնում դրա ոչ պաշտոնական կարգավիճակը: Նման հաճույքի առավել անմիջական ձեւը ռասիստական ատելության խոսքն է: Խախտելով սոցիալական նորմերը եւ օգտագործելով ռասայական հայհոյանքներ՝ ռասիստ խոսնակը հաճույք է ստանում վիրավորական արտահայտություններ օգտագործելուց:

Լուսանկարը` REUTERS

Ադրբեջանի դեպքում ազգային խոսույթները Ղարաբաղի տրավմատիկ կորուստը դրեցին ազգային պակասի մակարդակի վրա։ Այս ընդհանուր կորուստն ու տրավմատիկ իրադարձությունների փոխադարձ փորձը միավորեց ազգային հանրությանը: 2020 թվականի պատերազմը պատմական հնարավորություն ընձեռեց վերադարձնելու կորցրած հողերը եւ զգացմունքային կերպով ապրելու պատերազմն ու դրա արդյունքները: Ուսումնասիրությունը բացահայտում է կոլեկտիվ աֆեկտների՝ տոնակատարության եւ սուգի մակագրությունը Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմին առնչվող մեյխանա երգերում։ Նախապատվությունը տրվել է մեյխանային, որը պետական վերահսկողությունից դուրս ռեփին նմանվող ազգային երաժշտության ժանր է, քանի որ այն ներկայացնում է հանրաճանաչ գաղափարներ եւ սոցիալական պատումներ, ներառյալ ազգայնականությունը: Ի տարբերություն պաշտոնապես թույլատրված գործողությունների, որոնք ցույց են տալիս միայն հաճույք, ոչ պաշտոնական գործողությունները, օրինակ՝ ծեսերը, սովորույթներն ու պարերը, ավելի սադրիչ են ազգային հաճույքի եւ նույնականացումը տոնելու ժամանակ: Հաշվի առնելով սահմանափակ տարածքը՝ YouTube-ում հայրենասիրական երգերի որոնման հիման վրա ընտրվել են երեք մեյխանա երգեր, որոնք դիտվել են ավելի քան 3 միլիոն անգամ: Հետեւյալ շրջանակումը չի սահմանափակում պատերազմի այլ շրջանակումներն ու մեկնաբանությունները։

 

Տոնում. «Ես ինձ կզոհաբերեի քեզ համար, Ղարաբա՛ղ»

 

Ռովշեն Բինըքըդիլիի «Մենք գալիս ենք, Ղարաբաղ» («Gəlirik Qarabağ») հանրաճանաչ հայրենասիրական մեյխանայում (ավելի քան 5 միլիոն դիտում), որը վերբեռնվել է YouTube-ում 2020 թվականի նոյեմբերի 19-ին (պատերազմի ավարտից 11 օր հետո), Ղարաբաղի անունը որպես նշանաբան կրկնվում է սրբազան տարածության համատեքստում («Թո՛ղ ինձ զոհաբերեմ քեզ համար, Ղարաբա՛ղ/Հիանում եմ քեզանով, Ղարաբա՛ղ»): Այս սուրբ տարածքը՝ Ղարաբաղը, վերջնականապես վերադարձվեց այն բանից հետո, երբ «հայերին քշեցին»։ «Մեր վերադարձի» շեշտադրումը նշանակում է գերիշխող ազգային ցանկություն։

 

Բանաստեղծականորեն Ղարաբաղը նկարագրվում է որպես Ադրբեջանի կորսված դրախտ. «Խոտի դաշտը կարոտել է մեզ, ծաղիկները կարոտել են մեզ»։ Ղարաբաղի նման զգացական տեղայնացումը (այն ունակ է կարոտելու) էականացնում է Ղարաբաղը որպես տարածք, որը բարոյապես պատկանում է միայն ադրբեջանցիներին։ Երկրի դրախտային նկարագրությունը դարձնում է դրա վերադարձի ֆանտազիան լիակատար գոհունակության, ներդաշնակության եւ ամբողջականության խոստում, որին արժանի է հաղթանակած ազգը:

 

Երգում խոսվում է նաեւ Խոջալուի մասին. «Վրեժդ լուծվա՛ծ է, Խոջալո՛ւ»։ (Qanın alınır, Xocalı): Թեեւ երգը տոնական երանգ ունի, ունկնդիրներին հիշեցնելով ազգային պատումի ամենացավագին իրադարձությունը՝ հեղինակը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ամբողջական հաղթանակը հնարավոր է միայն Խոջալուի համար վրեժ լուծելու դեպքում:

 

Փառաբանում. «Մի կո՛ղմ քաշվիր, վետերանն է գալիս»

 

Պատերազմից հետո վետերանների սոցիալ-հոգեբանական պրոբլեմները Ադրբեջանի ամենահրատապ խնդիրն էին: Ավելի քան 40 վետերան ինքնասպան է եղել: Վետերաններից շատերը հրապարակայնորեն ուշադրություն են հրավիրել տնտեսական բարօրության չկատարված պահանջների կամ չլուծված առողջապահական խնդիրների վրա: Հետզհետե վետերանի առարկայական դիրքն ասոցացվեց անարդարության հետ՝ առաջացնելով ոմանց մոտ անհարմարության զգացում, մյուսների մոտ՝ կարեկցանք:

Լուսանկարը` REUTERS

«Վետերանը գալիս է» երգը (2021), որը կատարել են ռեփեր Էլվին Նասիրը եւ մեյխանա բանաստեղծ Աքշին Ֆաթեհը, հարգանքի տուրք է մատուցում վետերանի կերպարին։ Հինգ միլիոն դիտումներով երգը նկարագրում է վետերանի ցավն ու հիշողությունները եւ բացահայտ «դիսս թրեք» (Diss track (անգլ. disrespect) – ռեփ երաժշտության մեջ այլ ռեփ երգչի հանդեպ անհարգալից, վիրավորական երգ-խմբ.) է՝ ուղղված «Բաշիրը գալիս է» զվարճալի երաժշտությանը։ Այս դեպքը բացահայտում է լարվածությունը «անկեղծ ազգայնականների» եւ «սպառողների» միջեւ, եւ թե ինչպես են վերջիններս զայրացնում առաջիններին։ Մինչ Բաշիրի տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես են երիտասարդները երգում ու պարում Բաքվի կենտրոնում, վետերանների տեսահոլովակը պատկերում է միաչքանի, հաշմանդամ վետերանին, որն այցելում է զինակիցների շիրիմները: Նրա մարմնական կորուստները իմաստալից են. «Կորցրեց ձեռքն ու ոտքերը/Մի ամբողջ տարածք կա, որը չի տա թշնամուն»:

 

Այսպիսով, վետերանի մարմնական կորուստը արդարացվում է, քանի որ այն փոխարինում է ազգային պակասը, եւ նրա առողջությունը «զոհաբերվել է հանուն ազգի»:

 

Երգի բառերը պատմում են վետերանի մասին, որը փախստական էր («Մի օր նա ոտաբոբիկ թողեց իր տունը»), ուստի նրա մասնակցությունը պատերազմին հաջողված վրեժխնդրություն էր: Այս շարժառիթը մարդկայնացնում է վետերանին, բայց նաեւ արտացոլում է Ղարաբաղի կորստից հետո ադրբեջանական հասարակության մեջ դժգոհության գերիշխող պատումը, ինչը հեշտացնում է ունկնդրի նույնականացումն ու կարեկցանքը վետերանին:

 

Սուգ. «Այդ օրերը քեզ հետ»

 

Պատերազմի ընթացքում Ադրբեջանը ավելի քան 2 900 զինվոր կորցրեց։ Զոհվածների (նահատակների, şehidlər) փառաբանումն ու ոգեկոչումը սովորական դարձան՝ հատկապես ուժեղ զգացմունքներ առաջացնելով ժողովրդի մեջ: Թեեւ փառաբանումն ու հիշատակումը հիշողության քաղաքականության ընդունված ձեւեր են, մարդկային կորուստների հրապարակային սուգը չէր համապատասխանում ազգային կորուստների հաղթահարման պատումին, եւ հանրային լրատվամիջոցները հիմնականում խուսափում էին նման պատմություններից: Այլ կերպ ասած՝ զոհված զինվորների ողբը հակառակորդի հաղթանակի եւ պարտության պաշտոնական պատումի մեջ քիչ էր ներկայացված: Սգո առարկան՝ զոհված զինվորը, արժեզրկում է վերջերս ձեռք բերված ազգային ցանկության օբյեկտը եւ տանում դեպի հնարավոր մելամաղձություն։

Լուսանկարը` REUTERS

Հայտնի մեյխանա բանաստեղծ Մահիրը սգում է նահատակներին, «նրանց, ովքեր գերադասեցին իրենց պատել հայրենիքի դրոշով»։ Տեսանյութը YouTube-ում դիտվել է 8 միլիոն անգամ։ Հեղինակը «կոտրված սրտով» հիշում է «քեզ հետ անցկացրած օրերը»։ Երգի ավարտին ունկնդիրը կարող է նաեւ լացի ձայն լսել: Երգը սգալու հազվագյուտ օրինակ է հանրամատչելի երաժշտության տեսքով՝ առանց հաղթանակի, հերոսության, վրեժխնդրության ու Ղարաբաղի հիշատակումների։ Դիտումների մեծ թիվն ապացուցում է, որ թեեւ հետպատերազմյան սուգը չի ներկայացվում ազգային մակարդակով, սգալու զգացական անհրաժեշտությունը պահպանվում է:

 

Անտագոնիզմի ապագան

 

Համաձայն լականյան հոգեվերլուծության, նույնիսկ եթե համայնքը ձեռք է բերում ցանկալի օբյեկտը, դա չի լուծում հիմնարար պակասի խնդիրը։ Ներդաշնակ գոյության անհնարինությունը հետապնդում է մարդկանց՝ առաջացնելով հետագա դժգոհություններ եւ նոր պահանջներ։ Անտագոնիստական պայքարի տարբեր արդյունքներ կարող են լինել, ինչպես, օրինակ, անտագոնիզմի փոխակերպումը ագոնիստական հարգանքի, «որը կառուցված է ֆիզիկական եւ կառուցվածքային բռնությունից խուսափելու եւ բոլորին որպես նույն ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական ոլորտում գործող դերակատարների ճանաչելու վրա՝ չանտեսելով դիրքորոշումների բազմազանությունը»։ Վերլուծված դեպքը ցույց է տալիս, որ Ադրբեջանի հաղթանակը չի փոխակերպել ազգամիջյան ատելությունը։ Նախագահ Ալիեւը պաշտոնական մակարդակով մեղադրել է Խորհրդային Միությունը «նախնյաց ադրբեջանական հողերը» Հայաստանին հանձնելու համար եւ սպառնացել բռնությամբ վերցնել այդ հողերը։ Երկրորդ պատերազմի ավարտից հետո այս պատումը «ավելի տարածված է դառնում ադրբեջանական խոսույթում»:

Լուսանկարը` REUTERS

Խոսույթի այս փոփոխությունը երբեմն արտահայտվում է մեյխանայում: Վերոհիշյալ հայտնի մեյխանա հեղինակ Ռովշան Բինըքըդիլիի YouTube ալիքում դրա հետ կապված երկու երգ կա։ Նրա ալիքում հրապարակված մեյխանա երգում՝ «Գալիս ենք Զանգեզուր» (Zəngəzura Gəlirik, 2021) Վուսալ Խայալը դիմում է հայերին՝ ասելով. «Եթե խաղաղ չլքեք այս տարածքները/Մենք ձեզ կստիպենք նորից շների պես զղջալ [ձեր ընտրությունը]»։ Միջտեքստային անդրադարձը շներին պետք է հիշեցնի ունկնդրին պատերազմի ժամանակ Իլհամ Ալիեւի տխրահռչակ ելույթները, որտեղ նա հայերին նկարագրում էր որպես «քշված շներ»: Այս ապամարդկայնացնող տողն ու նոր իրրեդենտիստական շեշտադրումը ցույց են տալիս, որ Ալիեւի ելույթները ազդել են ժողովրդական խոսույթի վրա եւ ապացուցում, որ ռազմական հաղթանակը վերջ չի տվել սահմանային հարաբերությունների նկատմամբ անտագոնիստական եւ բացառող մոտեցմանը: Պատերազմից հետո անտագոնիզմի եւ իրրեդենտիստական պատումների տարածումը երեւան եկավ Հայաստանի հարավում 2022 թվականի սեպտեմբերյան բախումների ժամանակ։ Արդյունքում երկու կողմից զոհվեց ավելի քան 100 զինվոր։ Նույն ամսին Ռովշան Բինըքըդիլին թողարկեց նոր երգ՝ «Գալիս ենք հետ տանելու» (Almağa Gəlirik, 200.000+ դիտում), որը վերաբերում է Զանգեզուրի՝ «մարգագետինների եւ բացատների» երկրի երեւակայական գրավմանը չարագործ ներկայացվող թշնամիների ոչնչացումից հետո: Այսպիսով, Ղարաբաղի գողացված հողերը վերադարձնելու պատկերը տեղափոխվում է այլ պատմական հողեր գրավելու վրա: Հատկանշական է դիտումների համեմատաբար ցածր թիվը (32.000+ եւ 200.000+) եւ «Զանգեզուր» բառի պարբերական արտաբերումը ոչ պաշտոնական խոսույթներում, ինչը ցույց է տալիս, որ պաշտոնական խոսույթում այս իրրեդենտիստական փոփոխությունը մնում է հազվադեպ եւ չի ազդում ազգային ինքնության վրա այնքան, որքան հաղթանակի պատումները:

 

Եզրակացություն

 

Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմը խոր վերքեր է թողել հետխորհրդային ադրբեջանական ազգային ինքնության վրա։ Առաջին պատերազմի հիշողությունը ձեւավորեց հատուկ սոցիալական պատկերացում, որը հիմնված է բացառիկ զոհաբերության եւ անտագոնիստական ազգայնականության վրա, երբ «այլ մարդը-այլազգին նույնականացվում է որպես արմատապես տարբերվող եւ ստորադաս դերակատար, որը սպառնալիք է սեփական անձի համար»:

 

Հաղթանակը փոխեց ազգային Ես-ի զոհաբերության պատումը դեպի Ղարաբաղի վերադարձի տոնում։ Սակայն հաղթանակը չփոխեց հայերի նկատմամբ ապամարդկայնացնող վերաբերմունքն ու շարունակվող անտագոնիզմը։ Հակամարտությունն ընդամենը վերածվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային վեճի, իսկ Ղարաբաղի հայաբնակ հատվածի ապագան մնում է անորոշ:

 

Պատերազմը հիշելու երեք ձեւը՝ տոնում, փառաբանում եւ վերադարձ, ներկայացված են հանրաճանաչ մեյխանա երգերում։ Տոնումը կապված է կորցրած տարածքի վերադարձի ֆանտազիայի հետ՝ խոստանալով ապագայի հաճույք եւ ներդաշնակություն։ Փառաբանումը հիշեցնում է ազգային համայնքին, որ վերադարձը հնարավոր է վետերանների ու նահատակների հերոսական արարքների շնորհիվ։ Թեեւ զոհվածներին փառաբանելը հիշատակելու պաշտոնապես ընդունված ձեւ է, հասարակական սուգը մնում է մարգինալացված:

 

Վերջապես, պաշտոնական խոսույթի փոփոխությունը դեպի իրրեդենտիզմ ստեղծում է ցանկության եւս մեկ առարկա՝ Զանգեզուրը, որպես նախնիների կորզված հող: Այնուամենայնիվ, «երկրորդ կորստի» մասին հանրային հիշողության բացակայությունը թույլ չտվեց այս փոփոխության հետագա նստվածքը, ինչը երբեմն արտացոլվում է նաեւ մեյխանայում: Խաղաղության պատումի բացակայությունը եւ ապամարդկայնացնող գաղափարների հանրաճանաչությունը շարունակում են մնալ Ադրբեջանում անտագոնիստական ազգայնականության վերափոխման հիմնական խնդիրը:

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին