«Էնթոնի Բլինքենի մեծամտության համար հայերն իրենց կյանքով են վճարելու» - Mediamax.am

1426 դիտում

«Էնթոնի Բլինքենի մեծամտության համար հայերն իրենց կյանքով են վճարելու»


Լուսանկարը` ԱՄՆ Պետքարտուղարություն

Լուսանկարը` Հայաստանի ԱԳՆ

Լուսանկարը` ԱՄՆ Պետքարտուղարություն


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինի հոդվածը՝ գրված Washington Examiner պարբերականի համար:

 

Թարթում են բարբարոսություն ահազանգող կարմիր ազդանշանները, բայց պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շարունակում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր պարտադրել Լեռնային Ղարաբաղի համար, որն ավանդաբար հայաբնակ անկլավ է այժմյան Ադրբեջանում:

 

Խաղաղության գործարքը պետքարտուղարը գուցե կհամարի հաջողություն, որի մասին կարող է շեփորահարել այլ ձեռքբերումներից զուրկ իր պաշտոնավարման ֆոնին, բայց Բլինքենի գործողությունների հետեւանքը հսկայական կլինի:

 

Թերևս, նա խաղաղության Նոբելյան մրցանակ է ցանկանում, ինչպես եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ նույնիսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Քիչ հավանական է, բայց եթե Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն համաձայնվի, Բլինքենի մրցանակը հումանիտար աղետ կազդարարի, ինչպես Նոբելյան կոմիտեի կողմից 2019 թվականին Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդի մրցանակը:

 

Բլինքենի խաղաղության ծրագրի հետ կապված խնդիրները ահռելի են:

    

Ժողովրդավարական երկրները չպետք է ճնշում գործադրեն եղբայրակից ժողովրդավարների վրա եւ ստիպեն զիջել ահաբեկչությունը՝ ի դեմս ագրեսիայի: Պետդեպարտամենտը չպետք է նաեւ կազմաքանդի ժողովրդավարությունները ու ստիպի ենթարկվել բռնապետությանը: Ամենասարսափելին այն է, որ Բլինքենը ակտիվորեն անտեսում է Ալիեւի չարաշահումները, թեեւ Ալիեւը ցեղասպանություն է հրահրում եւ ժխտում է մի ողջ բնակչության լեգիտիմությունը:

 

Երբ հայկական հողերն անցան Ադրբեջանի վերահսկողության տակ, ադրբեջանցիները քանդեցին եկեղեցիները եւ ոչնչացրին հազարամյա գերեզմանոցը։ Ինչպես պաղեստինցի ծայրահեղականները վարվում են հրեաների հետ Սուրբ Երկրում, այնպես էլ ադրբեջանցիները հերքում են պատմական կապը հայ համայնքների եւ այն հողերի միջեւ, որոնց վրա նրանք ապրել են հազարավոր տարիներ՝ 1722 տարի առաջ աշխարհի առաջին քրիստոնեական պետության հիմնադրելուց սկսած: Ահա թե ինչու են ադրբեջանցի վերականգնողները ավազաշիթով ջնջում եկեղեցիների հայերեն գրություններն ու պնդում, որ դրանք պատկանում են հին ալբանացիներին:

 

Այն, որ Բլինքենը լռում է, երբ Ադրբեջանը պահանջում է հայ քահանաներին հեռանալ Դադիվանքի վանական համալիրից, խոսում է մշակութային ոչնչացման նկատմամբ նրա անտարբերության մասին:

 

Լուսանկարը` ԱՄՆ Պետքարտուղարություն

 

 

Մինչդեռ Ալիեւը մխիթարվում է պնակալեզներով, որոնք ժխտում են հայ բնակչության լեգիտիմությունը՝ իրենց համայնքը Լեռնային Ղարաբաղում համարելով ոչ ավելի իրական, քան «Նարնիան»: Պետք է նշել, սակայն, որ Բլինքենի լռությունը ավելի շուտ կանոն է, քան բացառություն: Լինի Նիգերիան, ույղուրները, թե Հարավային Կովկասը՝ Բլինքենը կրոնական ազատության հարցում ամենավատ պետքարտուղարն է, համենայն դեպս այն ժամանակվանից, երբ Քորդել Հալը պնդում էր, որ հրեաներին պետք է ուղարկել հետ՝ նացիստական Գերմանիա, երբ վերահաս էր Հոլոքոստը:

 

Խորհրդային Միության փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղի հայ համայնքը ինքնակազմակերպվել է ժողովրդավարական ճանապարհով։ «Freedom House»-ը նրանց համարում է ավելի ժողովրդավարական, քան Ադրբեջանը՝ երկիր, որը «Freedom House»-ը դասում է աշխարհի ամենավատ բռնապետությունների շարքին:

 

Վերջերս իրավիճակը թեժացավ։

 

Մայիսի 28-ին Ալիեւը պահանջեց Լեռնային Ղարաբաղի ընտրված նախագահին հանձնվել, սակայն համաներում առաջարկեց վարչակազմի եւ ընտրված այլ էթնիկ հայ պաշտոնյաներին, եթե նրանք ենթարկվեն ադրբեջանական իշխանությանը: Զարմանալիորեն՝ Պետդեպարտամենտը բարձր գնահատեց Ալիեւի առաջարկը։

 

Սա կարող է հումանիտար աղետ դառնալ:

 

Հենց որ էթնիկ հայերը հայտնվեն Ալիեւի իշխանության տակ, նրանք կդառնան ադրբեջանցի հպատակներ՝ առանց որեւէ քաղաքացիական կամ մարդկային իրավունքների: Ալիեւն արդեն ցուցադրել է իր քամահրանքը հայերի նկատմամբ՝ նրանց հինգ ամիս պահելով պարենային, դեղորայքային եւ վառելիքային շրջափակման մեջ։ Նա դպրոցական տարիքի երեխաներին բաժանել է ծնողներից, իսկ տարեց քաղաքացիներին՝ խնամողներից՝ ոմանց թույլ տալով այցելել Հայաստան, իսկ հետո զրկելով նրանց վերադառնալու իրավունքից։

 

2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ եւ դրանից հետո ադրբեջանական ուժերը ահաբեկչությունը դարձրին մարտավարություն։ Նրանք տարածում էին գերիների գլխատման, անդամահատումների ու գերեզմանոցների ոչնչացման տեսանյութեր, որպեսզի ապազգայունացնեն սեփական բնակչությանը եւ ստիպեն հայերին փախչել:

 

Լուսանկարը` Հայաստանի ԱԳՆ

 

Եթե Բլինքենին հաջողվի խաղաղություն պարտադրել, պետք է ակնկալել, որ ադրբեջանական այդ մարտավարությունը նոր թափ կառնի։

Ադրբեջանն ուզում է Լեռնային Ղարաբաղը, բայց չի ուզում դրա բնակիչներին: Տարածաշրջանի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ այն կվարվի այնպես, ինչպես Սրեբրենիցայում սերբ ազգայնականները վարվեցին բոսնիացի մահմեդականների հետ: Տրամաբանությունը նույնն է. սպանել 8000 հոգու եւ ստիպել այդ թվից 10 անգամ ավելի մարդկանց փախչել՝ բացահայտելով խաղաղապահների եւ դիվանագետների անզորությունը:

 

Ժամանակն է վերջ տալու բարոյական համարժեքությանը:

 

Ժողովրդավարությունը պետք է խաղաղության նախադրյալ լինի: Այդ նպատակով պետք է նաեւ վերջ դնել ազգամիջյան ատելության հրահրմանը Ադրբեջանի դասագրքերում եւ լրատվամիջոցներում: Սահմանազատման ձգձգումը մինչեւ խաղաղություն կնքելը պարզապես կանաչ լույս է տալիս Ադրբեջանին՝ հրաժարվելու իր պարտավորություններից:

 

Օբամայի վարչակազմի օրոք Ջեյք Սալիվանի մեծամտությունը, միամտությունն ու փառասիրությունը ձեռնտու էին Իրանին եւ Իսլամական Հանրապետությունը կանգնեցրին միջուկային զենք ստեղծելու շեմին: Բլինքենի մեծամտության, միամտության եւ փառասիրության համար տասնյակ հազարավոր հայեր կվճարեն իրենց կյանքով։

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին