Արարատ 73` վերելքի ուղին. խաղ 17-րդ - Mediamax.am

exclusive
25487 դիտում

Արարատ 73` վերելքի ուղին. խաղ 17-րդ

22 հուլիսի: Տուր XVII: Թբիլիսիի դինամոյականների պատասխան այցը:

Լուսանկարը` eduardmarkarov.com

Լուսանկարը` eduardmarkarov.com

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից

Լուսանկարը` eduardmarkarov.com


Մեդիամաքս-ի «Արարատ 73` վերելքի ուղին» պատմում է 1973 թվականին Երեւանի Արարատի ԽՍՀՄ առաջնությունում տարած հաղթանակի մասին: Նախագծի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ:

 

«Արարատ» - «Դինամո» (Թբիլիսի) 3:0 (0:0):

 

Երեւան. «Հրազդան» մարզադաշտ. 22 հուլիսի. 70 000 հանդիսատես:

 

«Արարատ»՝ Ա.Աբրահամյան, Բոնդարենկո (Մարտիրոսյան, 5), Սարգսյան, Կովալենկո, Մեսրոպյան, Անդրեասյան, Պողոսով, Իշտոյան, Մարկարով, Զանազանյան, Ղազարյան (Ն.Պետրոսյան, 46): 

 

Գոլեր՝ 1:0 Մարկարով (49), 2:0 Զանազանյան (70), 3:0 Իշտոյան (72):

 

Արսեն Կակոսյան

 

22 հուլիսի: Տուր XVII:  Թբիլիսիի դինամոյականների պատասխան այցը:

   

ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ ԿՐԵԼ ՓԱՌՔԻ ԲԵՌԸ                   

 

Կրկին մեծ տոն է: Կրկին` «միջազգային» հանդիպում: Երեւանցի երկրպագուների մոտ ռեւանշի ծարավ չի զգացվում: Առկա է հաղթելու վստահության: Իհարկե. չէ՞ որ «Արարատն» առաջատարն է:

 

Մերոնք հյուրերին դիմավորեցին ջերմորեն եւ հանդիսավորությամբ: Ծաղիկներ, գրկախառնություններ եւ, իհարկե, կովկասյան պերճաշուք սիրալիրության դրսեւորումներ: Թբիլիսցիները շնորհավորեցին երեւանցիներին նրանց մրցաշարային բարձր կարգավիճակի կապակցությամբ: Տանտերերն ի պատասխան հույս հայտնեցին, որ դինամոյականների մոտ դեռ ամեն ինչ առջեւում է: Վրացիները, բնականաբար, համաձայնեցին:

Հիշում է Արկադի Անդրեասյանը 

 

Վրացիների հետ խաղերը միշտ լարված ու պատասխանատու էին: Դա արդեն ավանդույթ էր դարձել՝ այդպես էր մինչեւ մեր սերունդը եւ մեզանից հետո:

 

1966 թվականին նրանք Թբիլիսիում ջախջախեցին «Արարատին» 5:0 հաշվով ու սկսեցին մեզ բարեւել՝ ցույց տալով 5 մատ եւ ակնարկելով այդ պարտությունը: Հետո, երբ արդեն մենք նրանք հաղթեցինք 4:0 հաշվով, կատակով 4 մատ էին ցույց տալիս: Իսկ ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունները շատ նորմալ էին, խաղացողների միջեւ լարվածություն չկար: ԽՍՀՄ հավաքականի հավաքների ժամանակ ես ու Մանուչար Մաչաձեն ապրում էինք նույն սենյակում:

 

Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:

 

Հանդիպումը բազմաթիվ առումներով հիասքանչ էր: Թեեւ սկզբում թվում էր, թե ականատես չենք լինի վառ, հարավային, հարձակվողական ֆուտբոլի` անհատապես հսկելով «Արարատի» հարձակվողներին` հյուրերի պաշտպանները ստեղծել էին պրեսինգ հիշեցնող իրավիճակ: Խուրցիլավան հսկում էր Մարկարովին, Ձոձուաշվիլին` Ղազարյանին, Էբրալիձեն` Անդրեասյանին… Այսպիսով, հյուրերի մտահղացումը բացահայտվել էր առանց դժվարության. ամուր պաշտպանություն, կտրուկ հակագրոհներ առաջ քաշված 2-3 հարձակվողների մասնակցությամբ, որոնց մեջ հատուկ դեր պետք է կատարեր արագաշարժ, լավ տեխնիկա ունեցող Գուցաեւը:

 

Բայց ահա 10-րդ րոպեին Ղազարյանը առաջին անգամ առանց մեծ դժվարության ազատվում է «խնամակալից», դեմ առ դեմ է դուրս գալիս Գոգիայի հետ, եւ թեեւ վերջինս փրկում է դրությունը, բայց դրվում է տհաճ լարվածության մեկնարկը: Երկու րոպե անց իրավիճակը կրկնվում է, եւ այս անգամ Ղազարյանի հարվածը հետ է մղում հյուրերի պաշտպանը: 19-րդ րոպեն է: Հարվածում է Իշտոյանը. գնդակն անցնում է դարպասաձողի կողքով: Անցնում է եւս երկու րոպե, Զանազանյանին հաջողվում է նշանառու հարված կատարել: Հետո գլխով հարվածում է Ղազարյանը, որից հետո Գոգիան հազիվ է հասնում Անդրեասյանի կողմից ուղարկված գնդակին:

 

Հիշում է Էդուարդ Մարկարովը

 

1966թ. «Արարատը» Թբիլիսիում պարտություն կրեց 0:5 հաշվով, եւ բոլոր գնդակները 2-րդ խաղակեսում խփեց Դաթունաշվիլին: 1971 թվականին մենք ռեւանշ վերցրեցինք՝ Թբիլիսիում ջախջախելով նրանց 4:0 հաշվով: Այդ խաղում ինձ հաջողվեց երկու գոլ խփել:

 

Կարճ ասած, առաջին երեսուն րոպեների ընթացքում երեւանցիները հյուրերի դարպասի ուղղությամբ այնքան հարվածներ կատարեցին, որքան ուրիշ անգամ չես տեսնի ամբողջ խաղի ընթացքում: Երբեմն տպավորություն էր ստեղծվում, որ դաշտի տերերը մտահոգված էին ոչ այնքան գոլ խփելով, որքան ձգտում էին թուլացնել թբիլիսցիների պաշտպանությունը, դարպասապահին հանել հավասարակշռությունից: Եթե դա այդպես է, ապա նրանց հաջողվում էր կատարել առաջադրանքը: Առաջին խաղակեսի ավարտին թբիլիսցիների մոտ նկատվում էր որոշակի հոգնածություն: Նրանք հազիվ էին հասցնում Երեւանի հարձակվողների, հատկապես Իշտոյանի ու Ղազարյանի նպատակասլաց տեղափոխությունների հետեւից, ովքեր այդ հանդիպմանը ցուցադրեցին որքան գրագետ, նույնքան էլ ինքնամոռաց խաղ:

 

Լուսանկարը՝ eduardmarkarov.com:

Հիշում է Ալյոշա Աբրահամյանը

 

Թբիլիսիի «Դինամո»-ի հետ մեր խաղերը միշտ էլ սկզբունքային են եղել: Մեր դաշտում շատ ավելի լավ խաղ ցուցադրեցինք, քան առաջին հանդիպման ժամանակ Թբիլիսիում: Նիկիտա Սիմոնյանի կողմից ընտրված ճիշտ տակտիկան օգնեց մեզ հաջողության հասնել:

 

Սիմոնյանն ամեն խաղի համար մեր առջեւ նոր առաջադրանքներ էր դնում: Նա հաշվի էր առնում ամեն ինչ`տանն ենք խաղում, թե՞ դրսում, ո՞վ է մեր հակառակորդը եւ այլն: Կազմակերպչական հսկայական աշխատանք էր տանում, գիտեր, որ ֆուտբոլիստին ինչ դիրքում պետք է խաղացնել եւ երբ պետք է նրան դաշտ դուրս բերել: Իհարկե, հաշվի էր առնում նաեւ խաղացողի կարծիքը: Սովորաբար, մարզիչը եւ խաղացողները համակարծիք էին դիրքի հետ կապված: Հազվադեպ էր պատահում, որ խաղացողները Սիմոնյանի հետ համակարծիք չլինեին:

 

Չնայած այդքան հաղթանակներ էինք տանում, ամեն խաղին մեծ պատասխանատվությամբ էինք պատրաստվում:

 

 

Լուսանկարը՝ Ալյոշա Աբրահամյանի արխիվից:

 

Իսկ թբիլիսցինե՞րը: Նրանք առաջին խաղակեսում միայն երկու անգամ իրական գոլային պահ ստեղծեցին: 15-րդ րոպեին Ռախվիաշվիլին չկարողացավ օգտվել Աբրահամյանի ոչ նպաստավոր դիրքից, իսկ ամենավերջում նրան փոխարինած Ծերեթելին կատարեց վտանգավոր փոխանցում, որը Աբրահամյանը դժվարությամբ կասեցրեց:

 

Երկրորդ խաղակեսի մեկնարկին «Արարատի» դարպասը հազիվ փրկվեց գոլից: Կովալենկոն առաջ անցավ` անհաջող փոխանցում կատարելով խաղընկերներին: Գնդակը վերցրեց կենտրոնական պաշտպան Կանտելաձեն եւ առաջացած միջանցքով (Կովալենկոն չհասցրեց վերադառնալ իր դիրքին) առանց խոչընդոտների հասավ, նույնիսկ մտավ տուգանային հրապարակ, բայց անհաջող հարված կատարեց, եւ Աբրահամյանը որսաց գնդակը: Տրիբունաները դեռ չէին հասցրել վերապրել այդ պահը, երբ երեւանցիների ձեռնարկած նպատակասլաց գրոհը ավարտեց Մարկարովը` դիպչելով Խուրցիլավային, գնդակը հայտնվեց դարպասի անկյունում:

 

Հիշում է Նիկոլայ Ղազարյանը

 

Թբիլիսիի «Դինամոյի» հետ շատ հետաքրքիր հարաբերություններ ունեինք: Պատահել է, նրանց դաշտում 4:0 հաշվով հաղթանակ ենք տարել, իսկ պատասխան խաղում նրանք մեր դաշտում հաղթել են 1:0 հաշվով: Միմյանց դեմ խաղալը հաճելի էր թե՛ մեզ, թե՛ նրանց. փոխադարձ հարգանք կար: Ինչպես մեզ մոտ, այնպես էլ նրանց մոտ ընդունված էր չվիրավորել հակառակորդին եւ երբեք ոչ սպորտային հնարքների չդիմել: «Դինամոյի» երկրպագուներն էլ մեզ երբեւէ թշնամաբար չեն վերաբերվել: Ընդհանրապես, ֆուտբոլում պետք է զգույշ լինել, քանի որ մի փոքր սխալն էլ կարող է բացասական ազդել ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունների վրա:

 

Այս խաղի ժամանակ մենք ռեւանշ վերցրեցինք, չնայած որ նախորդ անգամ մեր կրած պարտությունը 11 մետրանոցներով էր, ինչը ես պարտություն չեմ համարում: Այս խաղում մենք վստահ հաղթանակ տարանք:

 

«Արարատին» թե՛ փորձառությունը, թե՛ հաղթանակները միանգամից չեն տրվել: Մենք աստիճանաբար ենք հասել ամեն ինչին, եւ դա մեզ օգնել է վարպետանալ մեր գործում:

 

Դա շրջադարձային պահ էր հանդիպման մեջ: Երեւանցիների ոտքերից, ինչպես ընդունված է ասել, ցած ընկան շղթաները, իսկ Թբիլիսիի դինամոյականները, ըստ երեւույթին, հիասթափվեցին սեփական պաշտպանական տակտիկայից: Ամեն դեպքում, այդ պահից սկսած հանդիսատեսն ականատես եղավ այն բաց, ակտիվ ֆուտբոլին, որն ակնկալում էր նախքան խաղը:

 

Լուսանկարը՝ eduardmarkarov.com:

Այստեղ պարզվեց, որ բաց հարձակվողական պայքարում երեւանցիներն ավելի հաճախ են հաղթող դուրս գալիս: Մտածեցի, որ թբիլիսցիների համար ոչ սովորական պաշտպանական դասավորությունը ճարահատյալ է ընտրվել: Նրանք գիտեին, որ «Արարատն» իր դաշտում անընդհատ գրոհելու է, գիտակցում էին հակառակորդների ներկայիս ուժը, ելնելով դրանից` կառուցել էին իրենց տակտիկան: Բայց տեղի ունեցավ այն, ինչ սովորաբար տեղի է ունենում նման դեպքերում. կորցնելով կամ ինքնակամ հրաժարվելով «սեփական խաղից»` հյուրերը չեն գտնում «ուրիշ խաղ»: Ավելին, կիրառելով իրենց ոչ բնորոշ պրեսինգ (իսկ պրեսինգը ոչ այլ ինչ է, քան գնդակով գտնվող խաղացողի համար թակարդ լարելը)` թբիլիսցիներն ընկան իրենց իսկ լարած թակարդը: Քանի որ նրանք հաշվի չէին առել երեւանցի հարձակվողների արագ տեղաշարժվելու եւ մանեւրելու որակները, որոնք նրանց թույլ էին տալիս ավելի հաճախ պոկվել պաշտպանների հսկողությունից: Իսկ տեխնիկական վարպետությունը նրանց թույլ էր տալիս գնդակն ուղարկել դեպի դարպասը ամենաանհավանական դիրքերից: Հենց այդպես խփվեց երկրորդ գնդակը: Մարկարովը հանգիստ ազատվեց հսկողությունից, նկատեց տուգանային հրապարակ ներխուժող Զանազանյանին եւ փափուկ փոխանցումով նրան ուղարկեց գնդակը: Ավագը անթերի հարված կատարեց: Իսկ գոլը, որը հետեւեց երկու րոպե անց, ոչ այնքան Իշտոյանի վարպետության ու Գոգիայի սխալի արդյունքն էր, որքան ողջ թիմի համախմբված ջանքերի արդյունքը, որից հակառակորդի նյարդերը վերջնականապես տեղի տվեցին` նրան թելադրելով մրցապայքարի սեփական պայմանները: «Արարատը» կարող էր մեծացնել հաշվի տարբերությունը: Սկզբում Մարկարովը մոտ տարածությունից հարվածեց դարպասաձողին, հետո հապաղեց Իշտոյանը` դեմ-դիմաց դուրս գալով դարպասապահի հետ, հաջողությունը չժպտաց նաեւ Անդրեասյանին, ով վերջում ավելի ակտիվ դրսեւորեց իրեն, քանի որ «Դինամոյի» պաշտպանները հանգիստ թողեցին նրան:

 

Ինչ վերաբերում է հյուրերին, ապա նրանք, թեեւ մի քանի զուգակցված քայլեր ձեռնարկեցին, բայց չկարողացան հասնել դրանց արդյունավետ հանգուցալուծմանը: Տարօրինակ էր տեսնել, թե ինչպես են լավ ֆուտբոլիստները, հայտնվելով «Արարատի» տուգանային հրապարակի առջեւ, երկար ժամանակ մտածում, թե ինչպես շարունակել եւ ավարտել գրոհը: Ազդում էր, իմ կարծիքով, այն հանգամանքը, որ սկզբից եւեթ հյուրերը տրամադրված էին այլ խաղի, իսկ վերադասավորվելու համար չբավականացրին ուժերը: Քանի որ պրեսինգը հոգնեցնում է նրանց, ովքեր «հսկում են» հակառակորդին: Զարմանալի է, բայց փաստ. երեւանցիները խաղի ընթացքում իրենց թույլ էին տալիս նույնիսկ մի փոքր շունչ քաշել: Հանդիպման ավարտին թվում էր, որ նրանք պատրաստ են խաղալ եւս մեկ խաղակես, բայց դա ոչ միայն ֆիզիկական պատրաստվածության, այլեւ` ուժերի հմուտ, ռացիոնալ օգտագործման արդյունք էր:

 

Մի խոսքով, այս հանդիպումը «Արարատի» երկրպագուներին եւս մեկ անգամ համոզեց, որ իրենց սիրելի թիմը բարձրացնում է խաղի որակը: Անձամբ ինձ դուր եկավ նաեւ այն, որ երեւանցիների գործողություններում ինքնահավանության, գոռոզության ստվեր անգամ չէր նկատվում, թեեւ, ինչ մեղքս թաքցնեմ, նրանց մրցաշարային փայլուն կարգավիճակը, թերթերի կողմից հնչեցվող ողջույնի բացականչությունները կարող էին ցանկացած մեկի գլուխը պտտեցնել: Բայց չէ՞ որ դա նույնպես որակ է. արժանապատվորեն կրել փառքի բեռը:               

 

Նախորդ խաղերի մասին կարդացեք այստեղ:

 

Նախագծի վրա աշխատել են` Արամ Մակարյանը, Մարիամ Մանոյանը, Արամ Արարատյանը, Կարինե Պետրոսյանը, Արա Թադեւոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին