«ԱԺ ընտրություններ` v1.0-v4.0»`1995 թվականի ընտրությունները - Mediamax.am

exclusive
18983 դիտում

«ԱԺ ընտրություններ` v1.0-v4.0»`1995 թվականի ընտրությունները

Կարծում ենք, որ այս հետադարձ հայացքը հետաքրքիր կլինի թե մեր ընթերցողների, թե գալիք ընտրությունների անմիջական մասնակիցների համար:

Լուսանկարը`


ՀՀ առաջին գումարման Ազգային Ժողովի ընտրությունները տեղի ունեցան 1995թ. հուլիսի 5-ին: Ընտրվեցին 190 պատգամավորներ` 150-ը մեծամասնական ընտրակարգով եւ 40-ը՝ համամասնական: Նույն օրը անց էր կացվում նաեւ ՀՀ Սահմանադրության համաժողովրդական հանրաքվեն, որով զգալիորեն ուժեղացվում էր նախագահի իշխանությունը: 

 

Ընտրություններին մասնակցեցին մոտ 1000 թեկնածուներ եւ 13 կուսակցություններ:

 

Իշխող Հայոց Համազգային Շարժումը (ՀՀՇ) գլխավորեց «Հանրապետություն» միավորումը, որին անդամակցեցին նաեւ Ռամկավար-Ազատական (Լիբերալ-Դեմոկրատական), Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան կուսակցությունները, Մտավորական Հայաստանը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ Քրիստոնյա-Դեմոկրատական միությունը:   

 

Համամասնական կարգով 5% սահմանագիծը հաղթահարեցին 5 ուժեր, որոնց տեղերը բաշխվեցին հետեւյալ կերպ. «Հանրապետություն» միավորում` 42.66 %, «Շամիրամ»` 16.88 % , Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 12.10 %, Ազգային-Ժողովրդավարական Միություն` 7,51 %, Ազգային Ինքնորոշում Միավորում` 5,57 %:

 

Ամենամեծ խմբակցությունը «Հանրապետությունն» էր` 117 պատգամավոր:

 

Ազգային Ժողովում ստեղծվեց նաեւ «Բարեփոխումներ» պատգամավորական խումբը (31 պատգամավոր): 21 պատգամավորներ չընդգրկվեցին որեւէ խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում:

 

Հետագայում ձեւավորվեց «Երկրապահ» պատգամավորական խումբը (17 պատգամավոր):

 

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը:

 

Սկանդալներ

 

Տեր-Պետրոսյան vs Դաշնակցություն

 

Ընտրություններից մոտ կես տարի ամիս առաջ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 1994 թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով արգելվեց Դաշնակցության գործունեությունը՝ «Դրո» եւ «31» գործերի պատճառաբանությամբ: Կուսակցությունը մեղադրվեց Երեւանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանի սպանության (1994թ. դեկտեմբերի 17-ին) եւ իր կազմում «Դրո» ահաբեկչական խմբի առկայության համար: Կալանավորվեցին ՀՅԴ ներկայիս առաջնորդներ Վահան Հովհաննիսյանը եւ Արմեն Ռուստամյանը, որոնց դեմ մեղադրանքները հետագայում չհաստատվեցին:

 

Մայիսին Ազգային Ժողովին իր ուղերձում Լեւոն Տեր-Պետրոսյանը մեղադրանք ներկայացրեց ՀՅԴ-ին ահաբեկչական փորձերի եւ Հայաստանում քաղաքական սպանությունների համար, ասելով, որ ՀՅԴ-ն «քաղաքական կուսակցություն չէ, այլ ավելի շուտ ահաբեկչական եւ ֆաշիստական կազմակերպություն»: Այդ նույն ուղերձում ՀՀ նախագահն ասել էր, որ թույլ չի տա, որպեսզի «Հայաստանը դառնա Լիբանանի պես երկիր» եւ «ահաբեկչությունը Հայաստանում կոչնչացվի»: ՀՅԴ-ն հերքեց մեղադրանքները` հայտարարելով, որ իրականում Տեր-Պետրոսյանն ուղղակի փորձում է վերացնել մրցակցին գալիք ընտրություններից առաջ:

 

Մի շարք պետություններ եւ միջազգային կազմակերպություններ բացասաբար արձագանքեցին ՀՅԴ գործունեության արգելափակմանը: Մասնավորապես, Երեւանում ԱՄՆ դեսպանատունը հանդես եկավ հայտարարությամբ, որում անհանգստություն էր հայտնում Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ապագայի համար, եւ նշում էր, որ երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության գործունեության դադարեցումը «կտրականապես հակասում է ժողովրդավարության եւ խոսքի ազատության հաստատված սկզբունքներին»: ԱՄՆ-ը կոչ արեց իշխանություններին եւ ՀՅԴ-ին երկխոսություն սկսել:

 

Լուսանկարը` Photolure

 

«Եթե նայեք դրսից, ապա դա շատ հակաժողովրդավարական է թվում` արգելել կուսակցությունը, փակել նրանց թերթերը, եւ այդ ամենն անում է մի մարդ, որն դեմոկրատի համբավ ունի: Բայց ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, այդ քայլով ես փրկում եմ Հայաստանի ժողովրդավարությունը ահաբեկչությունից: Դաշնակցությունը կուսակցություն չէ, այն ահաբեկչական կազմակերպություն է»,- այսպիսին էր Լեւոն Տեր-Պետրոսյանի պատասխանը, որը հրապարակվեց ամերիկյան The Christian Science Monitor թերթում 1995թ. մայիսին:

 

Լեւոն Զուրաբյան vs Նիկոլ Փաշինյան

Պահեց կնոջ պատիվը

«Մոսկովսկիե Նովոստի»

05.07.1995

 

Խորհրդարանական ընտրությունների նախօրեին Հայաստանում ստեղծվեց կանանց հասարակական-քաղաքական կազմակերպություն` «Շամիրամ»: Հայաստանի կանայք ավանդաբար չեն զբաղվում քաղաքականությամբ եւ, ըստ էության, որոշվել է վերջ դնել դրան: Սակայն «Շամիրամի» կանայք սովորական չեն, այլ ընտրյալ: Կուսակցության առաջնորդներից են ՀՀ արտգործնախարար Վահան Փափազյանի կինը` Անահիտ Թորոսյանը, երգչուհի Նադեժդա Սարգսյանը, նախագահի մամուլի քարտուղար Լեւոն Զուրաբյանի կինը` Շողեր Մաթեւոսյանը: «Շամիրամի» չափազանց աշխույժ ընտրարշավը ղեկավարում է անձամբ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը: Երեւանում նույնիսկ բացվել է «Շամիրամ» ամառային սրճարան:

 

Սակայն «Շամիրամի» ընտրարշավի ժամանակ տեղի է ունեցել միջադեպ: «Լրագիր» թերթի լրագրող Նիկոլ Փաշինյանը բավականին հեգնական մի հարցազրույց էր արել Շողեր Մաթեւոսյանի հետ, որի նախաբանն ավարտվում էր հետեւյալ տողերով. «Նշանակված ժամանակին մենք առանձնացանք Շողեր Մաթեւոսյանի հետ սենյակներից մեկում: Հարցազրույցի համար»:

 

Նիկոլ Փաշինյան

 

Հաջորդ օրը «Լրագրի» խմբագրությունում հայտնվեց անսպասելի հյուրը` ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Լեւոն Զուրաբյանը: Գլխավոր խմբագրի սենյակում խանդոտ ամուսինը մի քանի անգամ ապտակեց Նիկոլ Փաշինյանին: Ինչ արած, ընտրարշավի ժամանակ ինչ ասես, որ չի պատահում»:

 

Սենսացիա

 

1995 թվականի ընտրությունների գլխավոր սենսացիան, անշուշտ, հենց «Շամիրամի» խորհրդարան անցնելն էր: 1999-ին «Շամիրամը» կրկին մասնակցեց ԱԺ ընտրություններին, սակայն չկարողացավ քվեների անհրաժեշտ քանակ հավաքել:

 

«Շամիրամ» խմբակցության նախկին անդամ Նադեժդա Սարգսյան. Աշխատում էինք օր ու գիշեր

 

Երբ ինձ առաջարկեցին դառնալ կուսակցության անդամ, այդ առաջարկը մեծ ոգեւորությամբ չընդունեցի, քանի որ գիտեի, որ դա մեծ պատասխանատվություն է, որը խլելու է ինձանից շատ էներգիա եւ ուժ, եւ քիչ ժամանակ կունենամ իմ աշխատանքի` երգելու համար, եւ այդպես էլ եղավ: 

 

Իհարկե, մենք տեղյակ էինք խնդիրների մասին, բայց չեինք պատկերացնում, որ դրանք այդքան շատ են: Ես պիտի զբաղվեի միայն մշակութային հարցերով, սակայն պարտավորություն ստանձնեցի նաեւ մի քանի այլ ոլորտներ համար` առողջապահության, կրթության, զինծառայողների խնդիրների: Հաճախակի մեկնում էինք համերգներով զորամասեր, որպեսզի եւ ուրախություն պարգեւենք զինվորներին, եւ ծանոթանանք նրանց խնդիրներին:

 

Իհարկե, բոլորիս համար անակնկալ էր, որ մենք մտանք խորհրդարան 2-րդ տեղով: Բայց, մյուս կողմից, դա մեր աշխատանքի արդյունքն էր: Մենք աշխատում էինք օր ու գիշեր: Շատերը մեզ «ֆեմինիստուհիներ» էին անվանում, սակայն մենք միշտ քարոզում էինք ուժեղ տղամարդու կերպարը:

 

Նադեժդա Սարգսյան

 

Թերթերն իմ մասին ինչ ասես գրում էին, անգամ «անբարոյական» էին անվանում: Թերթերից մեկն երկու անգամ «նվիրեց» ինձ «Նաիրի» կինոթատրոնը: Առաջին անգամ գրել էին, որ Վանո Սիրադեղյանն այն ինձ նվիրել է մարտի 8-ի կապակցությամբ, մի քանի ամիս անց՝ հոկտեմբերին, նույն թերթը գրեց, որ նա «նվիրել է» ինձ «Նաիրին» արդեն ծննդյան օ կապակցությամբ:

 

Մեզ շատերն էին աջակցում, այդ թվում, օրինակ, Վազգեն Սարգսյանը: Սակայն, այո, ամենից շատ մեր կողքին է եղել Վանո Սիրադեղյանը: Իր օգնությամբ մենք կարողացանք շատ խնդիրներ լուծել:

 

Հայաստանյան մամուլն` ընտրությունների մասին

 

«Էպոխա» շաբաթաթերթը 1995թ. հուլիսի 14-ի իր համարում այսպես էր մեկնաբանում ընտրությունների արդյունքները.

 

«Միայն հուլիսի 10-ին ընդդիմության առաջնորդները սկսեցին վրդովվել ԿԸՀ-ի կողմից հայտարարված թվերի կապակցությամբ եւ մեղադրել իշխանություններին «աննախադեպ կեղծարարության, բիրտ ուժի օգտագործման եւ անօրինական գործողությունների համար»…]

 

[…Ինչպես հայտնի է, ընդդիմադիր շրջանակներում լրջորեն քննարկվում է նոր խորհրդարանի բոյկոտի հարցը, քանի որ նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ ընդդիմադիր կուսակցությունները միայն 20 տեղ կզբաղեցնեն Ազգային Ժողովում: Համաձայնության հասնելու դեպքում ենթադրվում է, որ նրանք բոլորը ցուցադրաբար կհանձնեն մանդատները: Սակայն նման դեմարշը քիչ հավանական է ԱԺՄ առաջնորդ, նախկին վարչապետ եւ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի դիրքորոշման պատճառով: Արդեն այսօր կարող ենք փաստել, որ ԱԺ ընտրությունների եւ Սահմանադրական հանրաքվեի արդյունքները դժվար թե նպաստեն երկրում հասարակական համաձայնության ձեւավորմանը եւ ոչ մի դեպքում չեն ապահովի Հայաստանի քաղաքական ինստիտուտների բնականոն զարգացումը»:

 

Արտասահմանյան մամուլն` ընտրությունների մասին

 

1995թ. հուլիսի 8-ի համարում «Կոմերսանտ» թերթը ««Հանրապետությունը «Սեմիրամիդայի» շրջապատում» հոդվածում գրել էր.

 

«Հայաստանում ընտրությունների նախնական արդյունքները հերքել են նախօրեին արված կանխատեսումները. «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցության կողմից ղեկավարվող «Հանրապետություն» բլոկը, որին 30%-ից պակաս ձայն էին կանխատեսում, շատ է գերազանցել այդ ցուցանիշը: Իսկ ընտրությունների «արծաթե մեդալակիրը» ապշեցրել է ինչպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, այնպես էլ միջազգային դիտորդներին. դա կանանց «Շամիրամ» կուսակցությունն է («Սեմիրամիդա»): Ցուցակում երրորդը դարձավ Կոմկուսը: Իսկ ընդդիմությունը, որը տապալեց նախընտրական արշավը, եզրափակում է ցուցակը»:

 

Արեւմտյան մի շարք թերթեր քննադատական գնահատականներ տվեցին ընտրություններին: Մասնավորապես, The Wall Street Journal Europe-ը ընտրություններին նվիրված իր հոդվածն անվանել էր «Հայաստանում ժողովրդավարությունը ցուրտ եղանակին չի ընդունվում» (Democracy Gets Left Out in the Cold in Armenia), Los Angeles Times-ը` «ՀՀ ղեկավարները հաղթում են վիճելի ընտրություններում» (Armenia's Rulers Winning Disputed Vote), իսկ բրիտանական Daily Telegraph-ը` «Ընտրությունները ճանապարհ հարթեցին դեպի հայկական բռնապետություն» (Elections Pave the Way for Armenian Dictatorship): 

 

«Առավոտ» թերթի օնլայն տարբերակի խմբագիր Աննա Իսրայելյան. «1995թ ընտրությունները ցնցում էին թվում»

 

Դաշնակցության մասին.

 

1995թ. խորհրդարանական ընտրությունների ոչ արդար լինելն ի սկզբանե կանխորոշված էր, քանի որ խոչընդոտվեց Հայաստանի ամենազանգվածային քաղաքական ուժերից մեկի` Դաշնակցության մասնակցությունը:

Թատերական հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների մասին.

 

1995թ. հունիսի 21-ին Թատերական հրապարակում տեղի ունեցած երկրապահների հանրահավաքը առաջին դեպքերից էր, երբ շոշափելիորեն զգացվեց ուժային լուծումների եւ ուժային գործոնի ներկայությունը մեր քաղաքական դաշտում, որը գնալով ավելի ու ավելի ամրապնդվեց: Երկրապահները` պատերազմի մարդիկ, դարձան քաղաքական գործոն, որը փոփոխական հաջողությամբ փորձում էին օգտագործել թե ընդդիմադիր ուժերը, թե իշխանությունները:

 

«Շամիրամի» ֆենոմենի մասին.

 

«Շամիրամ» կուսակցությունը ինչ-որ չափով առաջամարտիկ էր: Հետագայում մենք նորից, այսպես ասած, «պրոյեկտ-կուսակցությունների սինդրոմ»-ի ականատեսը կլինենք, երբ ընտրարշավի շեմին հանկարծ ստեղծվում էին կուսակցություններ, օգտագործվում էին վարչական ռեսուրսներ եւ մտնում խորհրդարան:

 

Աննա Իսրայելյան

 

Իհարկե, ակնհայտ էր, որ այդ կուսակցությունը ներքին գործերի նախարարի (Վանո Սիրադեղյանի) նախագիծն էր, որը կյանքի կոչվեց զգալիորեն օգտագործելով հենց վարչական ռեսուրսն ու ուժային լծակները: Չնայած այդ հանգամանքին՝ կցանկանայի նաեւ դրական բան ասել «Շամիրամի» մասին: Իրենց ներկայությունը խորհրդարանում երբեմն զսպող դերակատարություն ուներ: Օրինակ` 1996թ. սեպտեմբերի 26-ի իրադարձությունների ժամանակ, երբ իշխանամետ պատգամավորները բռունցքներով հարձակվեցին ընդդիմադիր գործիչների վրա, հենց «Շամիրամի» պատգամավորուհիներն էին, որ փորձում էին բաժանել կռվող պատգամավորներին: Շատ ու շատ օրինակներ կան, երբ նրանք փորձել են հանդարտեցնել տղամարդկանց բորբոքված կրքերը:

 

Արա Սահակյանի մասին.

 

Ինչպես հայտնի է, ԱԻՄ-ը եւ ԱԺՄ-ն խորհրդարանում ունեին երեքական պատգամավոր: Ճիշտ նույնքան պատգամավոր ուներ Սամվել Գեւորգյանի ընտանիքը՝ նրա երեք եղբայրներն էլ պատգամավոր էին: Մինչեւ հիմա ականջներիս մեջ է, թե ինչպես Ազգային Ժողովի ամբիոնից փոխնախագահ Արա Սահակյանը հեգնանքով նետեց (չեմ հիշում՝ ԱԻՄ-ի թե ԱԺՄ-ի հասցեին). «Գեւորգյան ընտանիքի չափ պատգամավոր ունեցող կուսակցություն»:

1995 թվականը վատ ընտրությունների շղթայի առաջին օղակն էր

 

Ընդհանրապես, 1991-ի ընտրություններից հետո որեւէ ընտրություն դրական գնահատականի չարժանացավ, գնալով կիրառվում էին ավելի բարոյալքյալ եւ ընտրողներին ավելի այլասեռող մեթոդներ: Գուցե այդ ֆոնի վրա 1995 թ-ի ընտրությունների վերաբերյալ իմ հիշողությունները մի քիչ խամրել են: Բայց, այնուամենայնիվ, սա 1991 թ-ից հետո այդ ամբողջական շղթայի առաջին նշանն էր: Այն, ինչ կատարվեց 1995-ին, ցնցում էր թվում: Կրկնվեմ` հաջորդ ընտրությունները շատ ավելի վատն էին, բայց, քանի որ սա այդ «վատ» ընտրությունների շղթայում առաջին օղակն էր, այդ պատճառով շատ մարդիկ, ովքեր ժամանակին գնացել էին Շարժման հետեւից, ուղղակի շոկ ապրեցին:

 

Դիտորդներն ու նրանց գնահատականները

 

Ընտրություններին հետեւեցին շուրջ 185 դիտորդներ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովից, Եվրոպայի Խորհրդից, Եվրոպական Խորհրդարանից, ԱՊՀ-ից, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի ու ԵՄ-ի համատեղ առաքելությունը:

 

Ըստ ԵԱՀԿ զեկույցի, խորհրդարանական ընտրությունները Հայաստանում մի քանի հուսադրող նշաններ են ցույց տվել: «Սակայն առկա էին մի շարք բացասական պահեր: Մեկ քաղաքական կուսակցություն հեռացվեց պայքարից մինչեւ ընտրությունները, ընտրական հանձնաժողովների կազմը փոփոխական էր եւ անհավասարակշիռ: Ընտրությունների մասին օրենքը կիրառվում էր ընտրողաբար եւ անհետեւողականորեն: Գաղտնի քվեարկության կանոնը միշտ չէ, որ գործում էր: Այնուամենայնիվ, բուն քվեարկության գործընթացը սահուն անցավ»,- նշում էր ԵԱՀԿ-ն:

 

Հիմնական դիտողությունները վերաբերում էին ԿԸՀ գործունեությանը, նշվում էր, որ «ԿԸՀ-ն քաղաքական, բայց ոչ անկախ մարմին է»: «Ընտրական գործընթացների կատարելագործման համար խորհուրդ է տրվում ձայների հաշվառման գործընթացը դարձնել ավելի թափանցիկ: Ընտրությունների մասին ապագա օրենքները պետք է արգելեն ոստիկանության կամ զինվորականների ներկայությունը ընտրատեղամասերում»,- ասված էր ԵԱՀԿ զեկույցում: Ուշագրավ է, որ դիտորդներից շատերի կարծիքով, ԵԱՀԿ գնահատականները «շատ մեղմ էին»:

 

Միեւնույն ժամանակ, ըստ IFES-ի (International Foundation for Electoral Systems), տեղական եւ միջազգային դիտորդներն արձանագրել էին հետեւյալ խնդիրները. ԶԼՄ-ների գործունեության ժամանակավոր դադարեցում, լրագրողների ահաբեկում, անհամապատասխանություններ ընտրողների ցուցակներում, դատական գործերի արդար եւ ժամանակին քննության բացակայություն, քվեարկության ընթացակարգի խախտումներ զորամասերում եւ հիվանդանոցներում, անսովոր մեծ թվով անվավեր ճանաչված քվեաթերթիկներ:

 

Հետագայում ձեւավորվեց 1995թ. խորհրդարանական ընտրությունների ամփոփված գնահատական` ընտրությունները «ազատ էին, բայց ոչ արդար» (free but not fair):

 

Վերջաբան

 

Առաջին գումարման Ազգային Ժողովի աշխատանքները սկսվեցին 1995թ. հուլիսի 27-ին եւ ավարտվեցին 1999թ. հունիսի 9-ին: 1998թ. փետրվարի սկզբին Հայաստանում իշխանական ճգնաժամ սկսվեց: ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1998թ. փետրվարի 3-ին հրաժարական տվեց, որին հետեւեց Ազգային Ժողովի ղեկավարության հրաժարականը եւ պատգամավորների զանգվածային «արտագաղթը» «Հանրապետություն» խմբակցությունից: ԱԺ նախագահ ընտրվեց Խոսրով Հարությունյանը:

Արամ Արարատյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին