«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Ուիլյամ Սարոյանի «22 անտիպ պատմվածք» ժողովածուն: Գիրքը հանրությանը ներկայացվեց Սարոյանական օրերի եւ Գրքի երեւանյան փառատոնի շրջանակներում՝ Հայաստանի Ազգային պատկերասրահում։

Լուսանկարը` Գրքի երեւանյան փառատոն
1930-70-ական թվականներին Սարոյանի գրած պատմվածքները կազմել ու հրատարակության է պատրաստել «Ուիլյամ Սարոյան» հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը։ Թարգմանությունը Զավեն Բոյաջյանինն է։ Գրքի շապիկին Սարոյանի հեղինակած նկարն է։

Լուսանկարը` Գրքի երեւանյան փառատոն
«Մենք այսօր այստեղ ենք՝ խոսելու այս գրքի մասին, ինչը սենսացիա է։ Եվ ես ուրախ եմ, որ այն կիսում եմ հայերի հետ,- ասաց Սքոթ Սեդրակյանը, նշելով, որ գրքում ընդգրկված են Սարոյանի վաղ եւ ուշ շրջանի գործերը։ - Ժամանակային ճշգրտությունը պահպանվել է մի բացառությամբ. պատմվածքներին նախորդում է Սարոյանի 1942-ին գրած կարճ ներածականը։ Սարոյանը գտնվում էր հաջողության գագաթնակետին, եւ այստեղ ամեն բան ներկայացված է հաջողակ մարդու տեսանկյունից»։
Առաջին պատմվածքը (1934) քոլեջի նորավարտ ուսանողի մասին է։ Հաջորդը՝ գրված 1949-ին, ընտանեկան, սոցիալական խնդիրներ ունեցող մարդու պատմություն է։
1950-ականներին Սարոյանի կյանքում անկումային շրջան էր՝ քննադատները չէին քաջալերում նրա աշխատանքները։ Սքոթ Սեդրակյանի խոսքով՝ շարունակում էր լավ ստեղծագործություններ գրել, բայց ավելի պակաս էր վարձատրվում, որին զուգահեռ էլ աճում էր թղթախաղի մոլուցքը՝ աղետալի վիճակների հանգեցնելով։

Լուսանկարը` Գրքի երեւանյան փառատոն
Սակայն քննադատների ուշադրությունը կորցրած գրողը վճռում է վերադարձնել իր երբեմնի փառքը. վերականգնում է գրական ակտիվությունը, հնարավորինս վերահսկում խմելու, խաղամոլության սովորությունները։
«Այնպես ստացվեց, որ Սարոյանը մինչեւ 1965 թվականը հաջողված, աղմուկ հանած պատմվածքներ չուներ, բայց իր գրողական օրագրում իրեն անվանում էր գրող-մեքենա, գրողների գործարան,- մանրամասնում է հիմնադրամի նախագահը։- Նա սկսում է ակտիվորեն գրել։ Նոյեմբերի 30-ին որոշում է կայացնում, որ մինչեւ հունվարի 1-ը յուրաքանչյուր օր գրելու է մեկական էջ։ Բայց ինչպիսի՜ էջ»:
Թե ինչպես է ընթացել ստեղծագործական աշխատանքը՝ երեւում է էկրանին հայտնված «Բազմազան աղոթքներ» պատմվածքի առաջին իսկ էջից։ Մեկ էջը մոտավորապես 900 բառ է։ Սովորաբար այդպես չի արվում, բայց գրողը նշել է՝ երբ է սկսել ու ավարտել աշխատանքը։ Աշխատանքը տեւել է 30 րոպե։ Տեքստի վրա գրեթե չկան ուղղումներ։ Սարոյանի օրագրերից պարզ է դառնում, որ ընդամենը չորս պատմվածք է գրել իր սահմանած օրակարգով ու դադարեցրել։ Այս պատմվածքներից երեքը տեղ են գտել «22 անտիպներում»։ Հիմնադրամի տնօրենը ժողովածուն նաեւ դրանով է բացառիկ համարում։

Լուսանկարը` Գրքի երեւանյան փառատոն
Զավեն Բոյաջյանի համոզմամբ՝ «Անտարեսի» սարոյանական շարքը համալրած գիրքը յուրօրինակ է իր մտահղացմամբ, ինչ-որ առումով բացում է նաեւ Սարոյանի անտիպ ժառանգության անհայտության վարագույրը։
Թարգմանիչը մեծ հաջողություն է համարում այն գործերի հրատարակումը, որոնք դեռեւս անգլերեն էլ լույս չեն տեսել.
«Պատմվածքներն ընտրել է Սքոթ Սեդրակյանը։ Խիստ առումով գրքում 21 պատմվածք է եւ մի գործ, որը ներկայացնում է հատվածներ Սարոյանի օրագրից, բայց այնքան հետաքրքիր է, որ կարելի է պատմվածք համարել»։
22 պատմվածքները ներկայացնում են Սարոյանի ստեղծագործական կեսդարյա ուղին, եւ ուշադիր ընթերցողը կարող է տեսնել, թե այդ ընթացքում նրա գրելաոճը, հետաքրքրությունները ինչ փոփոխությունների են ենթարկվել։ «Բայց ընդհանուր առմամբ՝ ժողովածուից ներկայանում է մեզ արդեն քաջածանոթ Սարոյանը՝ թեմատիկ մոտիվների, ոճի առումով, գրեթե բոլոր գործերին հատուկ սարոյանական հումորով»։

Լուսանկարը` Գրքի երեւանյան փառատոն
«Սարոյանը Ամերիկայի պատմության մեջ առաջինն էր, որ մերժեց Պուլիտցերյան մրցանակը։ Մինչ բոլորը սպասում էին շնորհակալական խոսքերի, նա ասում է, որ առեւտուրը չպետք է հովանավորի արվեստը,- իր խոսքն այսպես սկսեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։ - Ավելացնեմ, որ պաշտոնյան չպետք է հովանավորի, պետությունը չպետք է ուղղորդի թե՛ արվեստը, թե՛ արվեստագետին։ - Մեր անցած հարյուր տարին նայելով, կտեսնենք, որքան են մեր գրողները, առհասարակ՝ ստեղծագործողները, կաշկանդված եղել պետության հովանավորությունից»։

Լուսանկարը` Գրքի երեւանյան փառատոն
Պուլիտցերյան մրցանակի դրամական մասն այն տարիներին 1 000 ԱՄՆ դոլար էր, որն այսօր, հրատարակչի խոսքով, համարժեք է 23 000 ԱՄՆ դոլարին։ «Մրցանակից հրաժարումը Սարոյանին դարձրեց ավելի հայտնի, ամբողջ աշխարհը խոսեց նրա մասին, նա գեղարվեստական ճշմարտությունը հանրային ճանաչումից ավելի բարձր դասեց։ Նա գրում էր ոչ թե մրցանակներ ստանալու համար, այլ որովհետեւ չէր կարող չգրել»,- եզրահանգեց Արմեն Մարտիրոսյանը։
Արմինե Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: