«Անտարես» հրատարակչությունը Լիլիթ Խանսուլյանի թարգմանությամբ լույս է ընծայել Հարուկի Մուրակամիի «Գիշերաժամ» վեպը։
Մուրակամիի՝ առեղծվածի մթնոլորտով ու նրբաճաշակ երաժշտական զուգորդումներով պարուրված վեպի մասին զրուցել ենք Լիլիթ Խանսուլյանի հետ։
- Գրքում կիսատ ու քողարկված են թվում պատմությունները։ Գուցե հերոսների մասին իմանում ենք այնքան, որքան հնարավո՞ր է իմանալ մեկ գիշերվա ընթացքում։
- Այո՛, պատմությունները կիսատ են, քողարկված եւ պատված առեղծվածով։ Բայց դա չի խանգարում ծանոթանալ կերպարների հետ, պարզել նրանց բնավորությունը, հասկանալ խնդիրները, անհանգստանալ, հարազատություն եւ կարեկցանք զգալ նրանց հանդեպ։ Ավելին՝ սա կարծես առանձին հմայք է հաղորդում վեպին, ստիպում ընթերցողին ներգրավվել հերոսների կյանքին, սուզվել նրանց իրականության մեջ եւ դառնալ այն «տեսանկյուն-խցիկը», որն առանց միջամտելու, սկզբից մինչեւ վերջ շունչը պահած հետեւում է գործողությունների ընթացքին եւ իր անկյունից դատողություններ անում։
- Գիշերաժա՞մը, թե՞ գիշերաժամին հաջորդող լուսաբացն է ամենաէականն այս գրքում։
- Իմ կարծիքով՝ երկուսն էլ էական են։ Բնությունն այնպես է ստեղծված, որ չի կարող լինել լույս՝ առանց մթի եւ մութ՝ առանց լույսի։ Հավասարակշռության խախտումը կարող է ծանր հետեւանքներ թողնել թե՛ բնության, թե՛ մարդու եւ այլ կենդանի օրգանիզմների վրա։ Գիշերաժամը կարծես խորհրդանշում է մարդկային հոգու այն կողմը, որը ստվերում է՝ խոր մթության մեջ, շղարշված շրջապատի աչքից եւ հասանելի միայն եզակիներին։ Ներսից կրծող խնդիրներ, առաջ շարժվելուն խոչընդոտող ու մշտապես հետ պահող տրավմաներ, նվիրական երազանքներ, ներքին զգայուն շերտեր, որոնք մեծ վարպետությամբ է նկարագրել հոգեբան-հեղինակը։

Լուսանկարը` Անտարես
Մթության մեջ խարխափող հոգու համար կարեկցանքը եւ մարդկային վերաբերմունքն են, որ հույս են տալիս, օգնում ու լուսավորում՝ խնդիրները լուծելու, տրավմաները հաղթահարելու, երազանքներն ի կատար ածելու եւ դեպի լույսը գնալու խրթին ճանապարհին։ Ահա այսպիսի մի լույսի շող է Մարին իր քրոջ՝ Էրիի, եւ Թակահաշին՝ Մարիի համար։ Նույնը չենք կարող ասել Շիրակավայի մասին։ Նա մենակ է իր ներքին խավարի հետ, եւ թերեւս սա է նրա անսպասելի վարքի պատճառը։
- Եթե համեմատենք Մուրակամիի այլ գործերի հետ, ինչո՞վ է առանձնանում «Գիշերաժամը», եւ ի՞նչն է, որ առկա է գրողի բոլոր գործերում։
- Քանի որ ես Մուրակամիի ոչ բոլոր գործերն եմ կարդացել, կդժվարանամ հստակ պատասխանել այս հարցին։ Եթե համեմատեմ իմ թարգմանած «Նորվեգական անտառ»-ի եւ «Սահմանից հարավ, արեգակից արեւմուտք»-ի հետ, ապա կարող եմ ասել, որ այս վեպը տղամարդ-կին սիրային հարաբերությունների վրա չի կառուցված։ Հերոսներն ի սկզբանե իրար միանգամայն օտար մարդիկ են։ Բոլորն էլ ունեն իրենց կյանքի պատմություններն ու հոգեմաշ խնդիրները։
Բայց ընդամենը մեկ գիշերվա ընթացքում նրանք հարազատանում են,կապվում կարեկցանքի ու ապրումակցման ջերմ եւ ամուր կապերով։ Իսկ բոլոր երեք գործերում էլ, իհարկե, հնչում է երաժշտությունը։Վեպում Թակահաշին հիշատակում է Քըր¬թիս Ֆուլ¬երի Five Spot After Dark մեղեդին, որի հետ հանդիպումը ճակատագրական է դառնում իր համար։ «Գիշերաժամի» ճապոներեն եւ անգլերեն անվանումը «afterdark» է։ Այնպես որ՝ այս մեղեդու եւ վեպի միջեւ կապն իմ կարծիքով ակնհայտ է։ Ի դեպ, երաժշտությունը հնչում է Մուրակամիի շատ ստեղծագործություններում՝ նուրբ մեղեդայնություն եւ ուրույն ռիթմ հաղորդելով դրանց։ Սա կարծես գրողի այցեքարտը լինի։
- «Մեր տեսանկյուն-խցիկը որոշ ժամանակ մնում է լվացարանում ու շարունակում սենյակի ներսը ցուցադրել»։ Գիրքը պատմում է ինչ-որ մեկը, ու այդ մեկը հեղինակը չէ․․․
- Կարծում եմ՝ Մուրակամին հետաքրքիր հնարքի է դիմել՝ գործողությունները պատկերելով «տեսանկյուն-խցիկի» միջոցով։ Նա չի միջամտում, չի մեկնաբանում, իր կարծիքը չի հայտնում, այլ անաչառորեն արձանագրում է դեպքերը եւ թողնում, որ ընթերցողն ինքը տեսնի, վերլուծի, գիտակցի եւ իր մեջ հետեւություններն անի։ Ես, որպես ընթերցող, սիրում եմ, երբ հեղինակը ներգրավում է ինձ վեպի գործողություններին, գործի է գցում իմ երեւակայությունն ու մտավոր պաշարը եւ եզրակացությունները թողնում իմ դատին։
- Չե՞ք կարծում, որ կինոսցենարի է նման «Գիշերաժամը»։
- Շատ ընթերցողներ են «Գիշերաժամը» կինոյի նմանեցնում։ Գիշերային Տոկիոյի մթնոլորտը, վեպում հանդես եկող կերպարները, նրանց միայնությունն ու մարդկային հարաբերությունների կարոտն այնքան պատկերավոր են նկարագրված, իրականը, երազն ու երեւակայականն այնպես հմտորեն են ներհյուսված, որ կինոյի տպավորություն են թողնում։ Սրան նպաստում է նաեւ տեսախցիկի հնարքը, որի օբյեկտիվի միջոցով էլ ընթերցողը հետեւում է սյուժեի զարգացմանը։
- Թակահաշին պացիֆիստ է, փոքրուց ոչ ոքի վրա ձեռք չի բարձրացրել, բայց ինչ-որ դատավարության հետեւելիս հասկանում է, որ երկու աշխարհների միջեւ պատնեշը, եթե նույնիսկ կա, պապիեմաշեի պես բարակ է, հերիք է մի թեթեւ հենվես եւ միգուցե պատռես ու մյուս կողմն ընկնես։ Շիրակավան գուցե դրա կենդանի օրինա՞կն է։
- Թակահաշին ընդամենը յոթ տարեկան էր, երբ հայրը բանտում է հայտնվում։ Մոր հետ նույնիսկ տեսակցության է գնում հորը։ Կարելի է ասել՝ դեռ փոքրուց ականատեսն է դառնում այդ երկու աշխարհների միջեւ դյուրաբեկ պատնեշի անկայունությանը, եւ հետագայում՝ ավելի մեծ տարիքում, խորապես գիտակցում է դա։

Լուսանկարը` անձնական արխիվ
Դրա օրինակն է նաեւ փախուստի դիմած Քոորոգին, որը Մարիին ասում է, որ մեր ոտքի տակի հողն ամուր է թվում, բայց մի փոքր բանից փախչում է։ Հերիք է մի անգամ դա պատահի, ու վերջ, էլ հետ չի դառնա։ Շիրակավայի մասին թեպետ շատ բան գրված չի, բայց եղածն էլ բավական է ենթադրելու համար, որ նրա զսպված հույզերը անսպասելիորեն դուրս են հորդել ու նրան սահմանի մյուս կողմն են քշել տարել։
- Թակահաշին ասում է․ «․․․մի անգամ որբացածը մինչեւ մահ որբ է։ Հաճախ նույն երազն եմ տեսնում։ Յոթ տարեկան եմ ու նորից որբ»։ Մանկության տրավմաների արդյունքը չէ՞ նաեւ Էրի Ասայիի երկար քունը։
- Էրի Ասայիի քունը փախուստ է իրականությունից։ Նա կարծես իր գեղեցկության զոհը լինի։ Դեռ մանկուց ծնողները նրան արքայադստեր դեր են հատկացրել, որին նա պետք է համապատասխաներ։ Մեծ ակնկալիքներ, մշտական պարապմունքներ․․․ Նրանից խլել են մանկությունը, քրոջ հետ անհոգ խաղալու եւ միասին մեծանալու հնարավորությունը։ Նա զրկվել է սեփական երազանքներից, ցանկություններից, ազատ ժամանակից, չի ձեւավորվել որպես անհատ եւ չի ձեռք բերել իր «ես»-ը։

Լուսանկարը` Sergio Quatraro
Խզվել է կապը իրական աշխարհի հետ, եւ նա հայտնվել է մեկ այլ իրականությունում։ Այս վեպում ամեն մեկն իր կյանքի պատմությունն ունի։ Թեպետ դրանք տարբեր են, բայց յուրաքանչյուրն իր հերթին կարծես օգնում է Մարիին հաղթահարել ոչ միայն սեփական բարդույթները, այլեւ հասկանալ Էրիին պաշարած խնդիրներն ու ձեռք մեկնել նրան։
- Միշտ չէ որ Մուրակամիի հերոսների սիրային պատմությունները ավարտվում են հեփի ենդով։ Այս գիրքը ի սկզբանե տրամադրում էր դրական ավարտի։
- Թեպետ գործողությունները տեղի են ունենում գիշերաժամին եւ ընթերցողին փոխանցվում է գիշերային Տոկիոյի մթնոլորտը, երկարաձիգ մթությունը, անքնությունն ու հոգնածությունը, այնուամենայնիվ, վեպն ավարտվում է լուսաբացով՝ կարծես խորհրդանշելով հույսը, կյանքի շարունակականությունը եւ իր բնականոն հունին վերադառնալու հատկությունը։
- Գիրքն ի՞նչ արձագանք է գտել գրաքննադատների շրջանում։
- Արձագանքները տարբեր են։ Քննադատների մի մասը բարձր է գնահատում հեղինակի յուրօրինակ աշխարհայացքը, իրականի եւ երեւակայականի ներհյուսումը, մոգական ռեալիզմի փոխանցումը առանց բացահայտ ֆանտաստիկայի։
Ոմանք քննադատում են սյուժեի դանդաղ զարգացումը եւ անորոշ ավարտը։ Թեպետ կարծիքները տարբեր են, բայց եւ այնպես, Մուրակամիի «Գիշերաժամը» կարելի է հաջողված գործ համարել, որը սիրված եւ ընդունված է ընթերցողների լայն շրջանակի կողմից։
- Ինչ կասեք թարգմանության ու Ձեր տպավորությունների մասին։
- Որպես թարգմանիչ ես միեւնույն սիրով եւ տքնաջանությամբ եմ աշխատել բոլոր գործերի վրա։ Յուրաքանչյուր թարգմանություն անհատական մոտեցում է պահանջում, ունի իրեն հատուկ դժվարությունները, որոնք փորձել եմ հաղթահարել։ Իհարկե, առանց հմուտ խմբագրի՝ պարոն Բոյաջյանի օգնության, դա ինձ չէր հաջողվի, եւ վեպի հայերենացումը թերի կլիներ։ Որպես ընթերցող՝ կարող եմ ասել, որ Մուրակամիի իմ թարգմանած երեք գործերից այս մեկն ամենից շատ սիրեցի։ Այս վեպը կենտրոնացած չէ «ես»-ի վրա։ Սա միմյանցից օրեցօր օտարացող ու մեկուսացող հասարակության մեջ մենության, մարդկային հարաբերությունների, կարեկցանքի, ուրիշի ցավը զգալու եւ օգնության ձեռք մեկնելու մասին է։ Կարծում եմ՝ սա եւս բազմաշերտ գործ է, եւ շնորհիվ հետաքրքիր ու հագեցած տարրերի՝ ընթերցողին տարբեր դիտանկյուններից վերլուծելու հնարավորություն է ընձեռում։
Արմինե Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: