«Քամու վերքերը». Վիրխինիա Մենդոսայի հայկական քրոնիկները - Mediamax.am

exclusive
153 դիտում

«Քամու վերքերը». Վիրխինիա Մենդոսայի հայկական քրոնիկները


Վիրխինիա Մենդոսան
Վիրխինիա Մենդոսան

Լուսանկարը` Alberto R. Roldán/La Razón

Վիրխինիա Մենդոսան
Վիրխինիա Մենդոսան

Լուսանկարը` Nando Ochando

Հասմիկ Ամիրաղյանը
Հասմիկ Ամիրաղյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` «Ակտուալ արվեստ»


«Ակտուալ արվեստ» հրատարակչությունը լույս է ընծայել իսպանուհի մարդաբան, լրագրող Վիրխինիա Մենդոսայի «Քամու վերքերը․հայկական քրոնիկներ» գիրքը։ Թարգմանությունը, առաջաբանը եւ ծանոթագրությունները Հասմիկ Ամիրաղյանինն են։ 

 

Մեդիամաքսի հետ զրույցում թարգմանիչը նշել է, որ Իսպանիայում «Քամու վերքերը» երեք հրատարակություն է ունեցել (2015, 2018, 2025թթ.), մինչդեռ հայերեն թարգմանվում է առաջին անգամ։ 

 

- Ինչպե՞ս իմացաք «Քամու վերքերի» մասին ու որոշեցիք թարգմանել։ Եվ ինչպե՞ս է հայերեն թարգմանությանը արձագանքել հեղինակը։ 

 

- Բախտ ունեցա ծանոթանալու Վիրխինիա Մենդոսայի հետ, երբ դեռ ապրում էր Հայաստանում, եւ որպես բանավոր թարգմանիչ ուղեկցեցի նրան հարցազրույցներից մի քանիսի ժամանակ։ Գիրքը թարգմանելու ցանկությունը ծագեց դրա հիմքում ընկած առաջին հոդվածները կարդալուն պես. վստահ էի, որ Հայաստանի մասին պատմող, Հայաստանի հանդեպ սիրով ողողված նման յուրահատուկ գիրքը մեծ հետաքրքրություն կառաջացնի, եւ այն իսպաներեն չխոսող հայ ընթերցողներին հասանելի դարձնելու համար սկսեցի թարգմանությունը։ Հեղինակը մեծ հուզմունքով էր սպասում այս հրատարակությանը. սա իր անդրանիկ գիրքն է, եւ փաստորեն հայերեն թարգմանությունը հերոսներին վերադարձնում է սեփական հայրենիք։ 

Լուսանկարը` «Ակտուալ արվեստ»

Երջանիկ դիպվածով անցյալ տարի ծանոթացա «Ակտուալ արվեստ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Մաթեւոսյանի հետ. նրա եւ սրբագրիչ Գայանե Մկրտչյանի անգնահատելի աջակցությամբ հնարավոր եղավ գրքի հրատարակությունը։

 

- Հայ ընթերցողի համար «Քամու վերքերը» առաջին հերթին գիրք է՝ նվիրված Հայաստանին։ Ի՞նչն է գրավում դրսի ընթերցողին։ 

 

- Մի կողմից՝ սա ճանապարհորդական հուշագրություն է, որը թույլ է տալիս ճանաչել Հայաստանը՝ իսպանացիներին քիչ ծանոթ և, հետևաբար առավել հետաքրքիր մի անկյուն։ Մյուս կողմից՝ գրավում է գեղարվեստական ոճը, որով «Քամու վերքերը» տարբերվում է նույն ժանրի այլ գրքերից։ Գրքի լույս տեսնելուց առաջ հեղինակը դրա որոշ դրվագներ հրապարակել է իր ճամփորդական բլոգում եւ Իսպանիայի ու Լատինական Ամերիկայի տարբեր լրատվամիջոցներում, որից հետո արձագանքներ է ստացել բազմաթիվ իսպանացիներից, որոնք, այդ պատմություններից ոգեշնչված, ճանապարհորդել են Հայաստան։

 

- Գործ ունենք վավերագրության հետ, բայց կարդում ենք գեղարվեստական գրքի պես։ Նա միտք ունի՞ իր պատմություններից գեղարվեստական երկեր ստեղծելու։ 

 

-Իսկապես, Մենդոսայի գրիչն առանձնանում է գեղարվեստական բարձր արժեքով։ «Քամու վերքերից» հետո հեղինակը լույս է ընծայել եւս երեք ծավալուն աշխատություն։ 2017 թ. հրատարակված «Ո՞վ կփակի աչքերդ» գիրքը նվիրված է Իսպանիայում գյուղական համայնքների ամայացման եւ տարեցների մենության խնդիրներին:

 

«Կկանգնեցնեն իմ գետը» (2021) պատմում է Իսպանիայում ամբարտակների կառուցման հետեւանքով տեղահանվելու հարկադրված անձանց պատմությունը։ 

Վիրխինիա Մենդոսան Վիրխինիա Մենդոսան

Լուսանկարը` Nando Ochando

Մենդոսայի վերջին՝ «Ծարավը» աշխատությունը (2024) մարդկության պատմության ընթացքում երաշտների ու ջրհեղեղների հավերժական հերթափոխը ներկայացնող մի ծավալուն էսսե է, որն արդեն թարգմանվել է գերմաներեն եւ ներկայում թարգմանվում է անգլերեն, իտալերեն, պորտուգալերեն եւ հոլանդերեն։ Այս բոլոր գրքերում Մենդոսան վարպետորեն համադրում է փաստագրությունն ու կլանիչ պատումը։

 

-Գիրքը հեղինակը նվիրում է Նորբերտո պապիկին, ով երազում պատմել է հայերի մասին` «չիմանալով, որ ինձ ինքնաթիռով ճանապարհում է նրանց որոնելու»։ Հասմիկ, ի վերջո, այս երազը ինչո՞վ եք բացատրվում, գուցե Մենդոսան հայկական արմատնե՞ր ունի։ Փորձե՞լ է ճշտել, թե՞ նրա հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ զուտ մասնագիտական է։

 

- Մենդոսան միշտ հիշում է այդ երազը, քանի որ մեծ հոգեհարազատություն է զգացել Հայաստանում, որը մինչ օրս համարում է իր երկրորդ տունը։ Կարծում եմ՝ այդ հարազատությունն ինչ-որ չափով պայմանավորված է իսպանացիների եւ հայերի մշակութային ընդհանրություններով. սրտաբաց են, հյուրընկալ, որպես մարդաբանի՝ Մենդոսային գրավում են նաեւ առասպելաբանական, ծիսական ընդհանրությունները։ Նա, սակայն, չի բացառում, որ կարող է հայկական արմատներ ունենալ. 2023 թվականին Մենդոսայի ծննդավայրից ոչ հեռու հնագետները հայտնաբերել են մի հին դամբանավայր, որում թաղված մարդիկ, ԴՆԹ փորձաքննությունների համաձայն, Բրոնզի դարում գաղթել են Սեւ եւ Կասպից ծովերի շրջակայքից...

 

-Գրքի չորս բաժինները զարմանալի ամբողջական ու համապարփակ են ներկայացնում Հայաստանը։ Ուշագրավ տեղեկություններ կան նաեւ Հայաստանում բնակվող եզդիների, մոլոկանների մասին։ Ինչպե՞ս է կարողացել մեկ տարի շրջագայելով՝ այսքան խորքային ու բազմակողմանի ճանաչել մեր երկիրը ու մեր պատմությունը։ Առհասարակ, ի՞նչ աղբյուրներից է օգտվել, ի՞նչ աշխատանք է իրականացրել։

 

- Քանի որ սա ճամփորդական գրականության, քրոնիկների ժանր է, պատմությունները վերաբերում են բացառապես այն մարդկանց, որոնց այցելել կամ հանդիպել է հեղինակը։ Հայաստանում մեկ տարի անընդմեջ ապրելուց հետո Մենդոսան մի քանի անգամ վերադարձել է կարճաժամկետ այցերով, որոնց ժամանակ ամբողջացրել է քրոնիկները։ «Քամու վերքերի» ավարտին նա մեջբերում է Հայաստանի մասին գրականության պատկառելի մի ցանկ, որում նշված հեղինակների, օրինակ՝ Կապուշինսկու, Մանդելշտամի եւ այլոց աշխատություններից կարեւոր տեղեկություններ է քաղել դեռ առաջին ճամփորդությունից առաջ։ Հայաստանը ճանաչելու կարեւորագույն աղբյուրը, սակայն, սովորական մարդիկ են եւ պատմությունները, որոնք Մենդոսան շատ անգամ հայտնաբերում է իր լսելու տաղանդի, նրբանկատության, մինչեւ իսկ հայոց այբուբենը սովորելու աստիճանի աշխատասիրության շնորհիվ։ Գրքում հիշատակվում են նաեւ տարբեր կամավոր թարգմանիչներ, որոնք օգնել են հեղինակին ճանապարհորդությունների եւ հարցազրույցների ժամանակ։

 

- Նշեցիք, որ Իսպանիայում «Քամու երկերի» երեք հրատարակություն է ունեցել։ Լրամշակվե՞լ է գիրքը, շարունակություն ունենալո՞ւ է։

 

- Երկրորդ հրատարակությունում բովանդակային մեծ փոփոխություններ չկան․ տեքստը մի փոքր շտկվել է, ընդգրկվել են հեղինակի արած լուսանկարները, իսկ մի քանի ամիս առաջ այս տարբերակը վերատպվել է երրորդ հրատարակությամբ։ Գրքի հրատարակությունից հետո Մենդոսան շարունակում է հետաքրքրվել Հայաստանով եւ արդեն մի քանի գլուխ ավելացնելու համար բավարար նոր նյութ ունի, որը կցանկանար ներկայացնել գրքի հաջորդ հրատարակության մեջ։ Լիահույս ենք, որ այդ մտադրությունը կյանքի կկոչվի, իսկ ապագայում լույս կտեսնի նաեւ վերանայված տեքստի հայերեն թարգմանությունը։

 

- Գրքում անդրադարձ կա Արցախյան ազատամարտին, բնակավայրերին, որոնք այլեւս մեր երկրի սահմաներում չեն։ Հեղինակն ինչպե՞ս է արձագանքում արդեն հետո մեր երկրին պատահած պարտությունների ու կորուստների շարանին։

 

- Մենդոսան օտարերկրացի այն քիչ լրագրողներից է, որոնք 2020 թվականին Արցախի վրա հարձակման օրից չեն լռել եւ իրենց հնարավորությունների սահմաններում փորձել են պաշտպանել արդարությունը։ Սոցիալական հարթակներում, հարցազրույցներում նա բազմիցս մատնանշել է Ադրբեջանի գործողությունների հանցավոր բնույթը։Կարող եմ ասել նաեւ, որ 2013 թվականից Հայաստանն իր տունը համարող Վիրխինիան իսկապես անձնական ցավ է ապրում վերջին տարիների ողբերգական դեպքերի հետեւանքով։

 

- «Ղարաբաղը ավելի է, քան հողակտոր, որ տրորում է օտարականը»։ Իսկապես պիտի ճանաչես այս երկիրը նման բան գրելու համար։ 

 

- Կարծում եմ՝ շատ կարեւոր է, որ զբոսաշրջային հայտնի վայրեր այցելելու փոխարեն Մենդոսան ծայրեծայր շրջել է երկրով, հասել այն ժամանակ դեռ էթնիկ զտման չենթարկված Արցախ, Վրաստանի հայաբնակ գյուղերը։ Սա վավերագրական մեծ արժեք է տալիս գրքին։ Թեեւ քրոնիկները գրվել են մի քանի տարի առաջ, ընթերցանությունը մեզ տեղափոխում է կարծես հեռու մի իրականություն։ 

Հասմիկ Ամիրաղյանը Հասմիկ Ամիրաղյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Ցեղասպանությունը վերապրողների ժառանգ Էմմա Սահակյանը գրքում ասում է․ «Միայն այս վերջին տարիներն են համեմատաբար խաղաղ եղել, մինչ այս անընհդատ ստիպված ենք եղել անցնել պատերազմներով»։ Իսկապես, գրքի ստեղծման տարեթվերը համընկել են պատերազմների արանքում դադարի ժամանակաշրջանի հետ, որի կարճատեւությունն այն ժամանակ չէինք գիտակցում։ Այդ տեսանկյունից «Քամու վերքերը» ներբող է հայ ժողովրդի կենսունակությանը. անթաքույց ներկայացնելով առկա խնդիրներն ու բաց վերքերը՝ հեղինակը, այդուհանդերձ, հիացմունքով արտացոլում է հայերի ոգու ուժը, արարելու ձգտումը, վերապրման արվեստը։

 

- «Հայերը մի շատ ուժեղ ձգտում ունեն, որը համընկնում է Մենդոսայի շատ ուժեղ ձգտմանը․ պատմություններ փրկել»։ Ցավոք շատ բան զուտ պատմություն է դառնում, գրավոր հուշարձաններում է պահպանվում ու դեռ մեր հիշողություններում։ Ինքդ ինչպիսի՞ զգացողություն ես ունեցել գիրքը թարգմանելիս։

 

- Թեեւ հանգամանքների բերմամբ թարգմանությունը լույս է տեսել միայն 2025 թվականին, այն գրեթե ամբողջությամբ պատրաստ էր դեռ տարիներ առաջ։ Թարգմանության ընթացքում մեծապես օգնել է հեղինակը՝ պատրաստակամությամբ պատասխանելով բոլոր հարցերիս։ Հիմնական դժվարությունը կապված էր բարբառների ներառման հետ։ Գրքում զետեղված են Երկրորդ համաշխարհային պատերազմի մի մասնակցի նամակները՝ ռազմաճակատից ուղարկված իր ընտանիքին: Հայերեն թարգմանության մեջ, բնականաբար, նամակների բնագիր տեքստը՝ յուրօրինակ խոսվածքով, չէր կարող փոփոխվել: Դրանից էլ միտք առաջացավ մյուս հերոսների խոսքը եւս թարգմանելու իրենց բնորոշ բարբառով, ինչը բնական հնչերանգ է հաղորդում զրույցներին։ 

 

Արդեն 2025 թվականին հրատարակությունից առաջ խմբագրման նպատակով վերընթերցելիս հնարավոր չէր զսպել ցավալի ապրումները։ Առաջաբանում Մենդոսան ընդգծում է գրքում արծարծված կարոտի եւ սգո թեմաները. թեեւ հեղինակն առաջին հերթին նկատի ունի Հայաստան ճամփորդելուց առաջ իր պապիկի մահվան առթիվ սուգը, որի հիշատակին ձոնում է գիրքը, եղերական վերջին իրադարձություններից հետո այս թեմաները նոր մեկնաբանություն են ստանում։ Բայց եւ այնպես, գրքում ամենից առանցքայինը սգո հաղթահարումն է, հիշեցումը հայկական մշակույթի բազմադարյա արժեքների մասին։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին