Պատերազմից հետո․ Նարինե Աբգարյանի «Ապրել» գիրքը - Mediamax.am

327 դիտում

Պատերազմից հետո․ Նարինե Աբգարյանի «Ապրել» գիրքը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Աբգարյանը
Նարինե Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Աբգարյանը
Նարինե Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Աբգարյանը
Նարինե Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Աբգարյանը
Նարինե Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


2025թ. հունիսի 6-ին «Զանգակ» գրատանը տեղի է ունեցել Նարինե Աբգարյանի «Ապրել» ժողովածուի հայերեն տարբերակի շնորհանդեսը, որը լույս է ընծայել Newmag-ը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրքում ներառված է 31 պատմվածք՝ Արցախյան առաջին պատերազմի տարիներին եւ դրանից հետո Բերդ քաղաքում ապրած մարդկանց ճակատագրերի մասին։ Ավելի ուշ Նարինե Աբգարյանը այցելել է Արցախ, որտեղից բերել է նոր պատմություններ։ Այդ մարդիկ արդեն ապրել էին ոչ միայն պատերազմը, այլեւ այն՝ ինչ լինում է դրանից հետո։

Նարինե Աբգարյանը Նարինե Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գիրքը միանգամից չի գրվել։ Նարինե Աբգարյանը պատմությունները սկսել էր հավաքել դեռ 2018 թվականից։ «Ապրել»-ը երկար մտքում պահված գիրք է, ոչ թե պահի արձագանք։ Ոմանք տողեր էին դառնում անմիջապես, մյուսները՝ տարիներ անց։

 

Նարինե Աբգարյան․ «Ես այնքան հիմար էի, որ համոզված էի՝ այդ պատերազմը չի կրկնվելու։ Գիրքն էի գրում՝ վստահ, որ սա վերջինն է։ Ու երբ եղավ 2020-ը, ես ջղայնացա ոչ թե աշխարհի, այլ իմ միամտության վրա»։

 

Ռուսերեն գրող հայ կինը

 

Նարինե Աբգարյանի գրական ինքնությունը մշտապես սահմանների երկընտրանքի մեջ է։ Իրեն հաճախ հարցնում են՝ հայ գրո՞ղ է, թե ռուս։

 

Նարինե Աբգարյան․ «Ընդունված է համարել, որ եթե ռուսերեն ես գրում՝ համարվում ես ռուս գրող։ Բայց երբ ես ռուսերեն եմ գրում, շատերն ասում են՝ հայերեն է հնչում»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրա ռուսերենը լի է հայերեն խոսքի կշռույթով, պատկերայնությամբ ու ենթատեքստով։ Դա այն ռուսերենն է, որում հայկական ընտանիքի համեղ ուտելիքի բույր ու Տավուշի ժայռերի վրա նստած մանկության ստվեր կա։

Լուսանկարը` Մեդիամաքս

Գիրքը հայերեն թարգմանել է Նարինե Գիժլարյանը։ Նարինե Աբգարյանն ասում է՝ թարգմանիչը պետք է ոչ միայն հասկանա տեքստը, այլ փորձի վերապրել այն հեղինակի պես։

 

Նարինե Աբգարյան․ «Թարգմանիչն իմ հոգեբանն էր։ Նա ոչ միայն կարդում էր, այլեւ հասկանում էր, թե ես ինչպես եմ ապրել այդ պատմությունները: Ուստի իրեն այս գրքի համահեղինակ եմ համարում»։

Նարինե Աբգարյանը Նարինե Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրողի լեզվամտածողության հիմքում կյանքը մեկնաբանելու հայկական եղանակն է՝ ամոթի, ցավի, քաղցր հիշողության, թեթեւ հեգնանքի խառնուրդով։

 

Կինը՝ որպես ապրելու ուժի մարմնավորում

 

Նարինե Աբգարյանի «Ապրել»-ում կնոջ կերպարը բացահայտելու կարիք չկա: Նրանք պարզապես գոյություն ունեն՝ առանց պաթոսի, առանց հատուկ երանգավորումների։ Մայրերը լուռ լվանում են որդիների մարմինները, տատիկները առանց լաց լինելու հիշում են պայթյունի օրը, աղջիկները հուղարկավորում են եղբայրներին ու գնում են ճաշ պատրաստելու։ Այս կանայք երբեք չեն ասում, որ դժվար է. նրանք անում են այն, ինչ պետք է անեն, այն ինչ մնացել է, որ անեն։

 

Նարինե Աբգարյան․ «Կանայք մի ուրիշ տեսակ են։ Իրենք կարող են հինգ րոպեում քեզ ցույց տալ ամբողջ էմոցիոնալ սպեկտրը՝ առանց մի բառ ասելու։ Իրենց ուժը գալիս է դիմանալուց»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա հիշեցնում է՝ պատերազմի ընթացքում տղամարդիկ կռվում են, իսկ կանայք՝ պահում են կյանքը։ Եվ երբ վերջանում է պատերազմը, հենց կանայք են քանդվում։ Նա կանանց անվանում է «ազգային արժեք»՝ առանց վեհացնելու։ Որպես մարդ, որ շատ է շփվել Բերդի կանանց, արցախցի ուսուցչուհիների, հիվանդապահների, սգացող մայրերի հետ, Նարինե Աբգարյանը փորձում է լսելի դարձնել նրանց ձայնը՝ մի ձայն, որը հաճախ պատմում է առանց բղավելու։

 

Պատմվածքներ, որոնք ապրում են միմյանց շարունակությամբ

 

«Ապրել»-ում յուրաքանչյուր պատմվածք ինքնուրույն է, բայց միայնակ չի կանգնում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Աբգարյանը միտումնավոր շղթայաձեւ կապել է կերպարներին՝ մի պատմության մեջ հերոսը դառնում է հիշվող կերպար, հաջորդում՝ կենտրոնական։ Այս գրական հնարքն ինքն իրեն է ձեւավորվել։ Գրողը խոստովանում է՝ պատերազմի մասին գրելիս մշտապես զգում է մեղքի բեռը։ Որովհետեւ գիտի՝ կարդալու են մարդիկ, որոնք կորցրել են։ Կարդալու են ու գուցե լռելու են, գուցե՝ լացելու։ Բայց երբեմն, ասում է նա, պետք է գրել՝ գուցե մեկին ինչ-որ տեղ այդ պատմությունը հույս տա, գուցե ինչ-որ մեկի ձեռքը բռնի։

 

Ներելու սահմանը

 

Շնորհանդեսի ընթացքում Նարինե Աբգարյանին հարց տվեցին, որն այսօր շատերն իրենց ներսում են տալիս, բայց չեն բարձրաձայնում.

 

«Քանի՞ սերունդ պետք է անցնի, որ մարդը ների։ Եվ արդյո՞ք դա հնարավոր է»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա չի շրջանցում հարցը, բայց նրբորեն մերժում է «տեղայնացնել»՝ խոսել միայն հայ-ադրբեջանցի կամ հայ-թուրք բեւեռներով։ Նրա կարծիքով՝ դա պատերազմների եւ աղետների միջով անցած բոլոր ժողովուրդների հարցն է։ Ինչպե՞ս ապրել՝ առանց ատելության, բայց նաեւ առանց հիշողության կորստի։

 

Նարինե Աբգարյան․ «Հրեա ընկերոջս հարցրի՝ «Գերմանացիներին ներե՞լ եք»։ Ասեց՝ «Ներելու խնդիր չկա։ Պետք է այնպես ապրես, որ քո զոհված նախնիների գործը շարունակվի»։ Մենք, ցավոք, երբեք չենք ստացել «փրկվածի կարգավիճակ»։ Միշտ ընկալվել ենք որպես տուժած։ Ասում ենք՝ մեզ սպանել են, բայց երբեք չենք ասում՝ մենք ապրել ենք։ Իսկ եթե սկսենք ապրել, ուրեմն ինչ-որ ձեւ կգտնենք»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Խոսելիս հիշեց մի պատմություն Գերմանիայից, որտեղ Նարինե Աբգարյանը մի ժամանակ ապրում էր անտառի եզրին։ Այդ տան հարեւանությամբ ապրում էր մի տարեց թուրք կին՝ այրի։ Մի օր առավոտյան Նարինեն դուրս էր եկել զբոսնելու եւ նստել էր ծառի տակ՝ մտքերով 2020 թվականի պատերազմի մեջ, երբ նկատել էր այդ տատիկին՝ բանջար հավաքելիս։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Աբգարյան․ «Նա շարժվում էր այնպես, ինչպես իմ տատիկը։ Նույն ձեռքի շարժումը, նույն գլխաշորը, նույն լռությունը։ Բայց ես գիտեի՝ ինքը հայ չէ, թուրք է։ Եվ այդ պահին ինձ ներսից մի հարց խառնեց՝ ո՞նց է հնարավոր, որ այսքան նման լինենք»։

 

Տատիկը մոտեցել է, բարեւել, հարցրել՝ որտեղից է։ Աբգարյանը պատասխանել է՝ Հայաստանից։ Հետո տատիկը լռել է, Աբգարյանը՝ տուն մտել։ Երկու ժամ անց, այգու դարպասի մոտ, տեսել է երեք խուրձ բանջար։

Նարինե Աբգարյանը Նարինե Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Աբգարյան․ «Չգիտեի՝ կարող եմ ընդունե՞լ, թե՞ ոչ։ Նման դեպքերում մեր ուղեղը ենթագիտակցորեն սովոր է մերժելու։ Բայց, երեւի, լուռ երկխոսության ժամանակն էր եկել»։

 

Բանջարը տարավ տուն, լվաց, եփեց, կերավ։ Բայց եզրակացություն չունի։ Գուցե մի օր ունենա։

 

Գիրքը՝ որպես փաստ, զգացում եւ հիշողություն

 

«Ապրել»-ը գիրք է, բայց ոչ միայն գեղարվեստական։ Այն փաստագրական չէ բառի դասական իմաստով, բայց փաստ է՝ ապրածի, վերապրածի, չմոռացվածի։ Դա հոգեբանական աշխատանք է՝ ինչպես հեղինակի, այնպես էլ ընթերցողի համար։ Պատմվածք առ պատմվածք՝ այս գիրքը թույլ է տալիս մոտենալ ցավին՝ առանց վախենալու խոցվելուց, խոսել տրավմայի մասին՝ առանց այն գեղագիտության վերածելու։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս գիրքը հիշեցնում է՝ պատերազմից հետո էլ կյանքը շարունակվում է, բայց ոչ նախկինի պես։ Մարդիկ չեն մոռանում, չեն վերադառնում նույն կետին։ Նրանք ապրում են՝ այդ ամենի հետ։ Հենց այդ ապրելու կարողության մասին է գիրքը։

 

Աստղիկ Հովհաննեսով

 

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին