Փարաջանովի պատմվածքներն եւ սցենարները՝ անտեսանելի դռների բանալիներ - Mediamax.am

exclusive
2508 դիտում

Փարաջանովի պատմվածքներն եւ սցենարները՝ անտեսանելի դռների բանալիներ


Լուսանկարը` Կադր «Նռան գույնը» ֆիլմից


«Երբ ես ինչ-որ պատմություն եմ պատմում, ասենք՝ դպրոցականին կամ ընկերներիցս մեկին, ես վերջում հարցնում եմ՝ «Դու ի՞նչ ես կարծում, դա իրո՞ք տեղի է ունեցել, թե՞ ես եմ հորինել»։ Ամենից հաճախ պատասխանում են, որ դա հորինված պատմություն է, որ դա ինչ-որ իմ հիվանդ երեւակայությունն է… Ֆանտազիա։ Հետո ես ապացուցում եմ, որ դա կյանքն է։ Բայց այդ կյանքին հավելվում են արվեստագետի աչքերն ու սիրտը։ Եվ դրանից այն զարմանալի է դառնում… Զարմանալի…»։

 

Մեջբերումը Սերգեյ Փարաջանովի «Թզուկի թաղումը» մանրապատումից է։

 

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին ընդառաջ՝ «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը ներկայացնում է Սերգեյ Փարաջանովի «Պատմվածքներ եւ սցենարներ» ժողովածուն, որում օգտագործվել են հեղինակի գծանկարները։

 

Գիրքը թարգմանել, կազմել, առաջաբանը գրել է Վարդան Ֆերեշեթյանը։

 

-Ժողովածուն լույս է տեսնում երկրորդ անգամ։ Ի՞նչ լրացումներ են արվել վերահրատարակված տարբերակում։ Եվ առհասարակ, ի՞նչ սկզբունքով եք կազմել, համակարգել գիրքը։

 

-Միակ սկզբունքը Փարաջանովին հնարավորինս ամբողջական ներկայացնելն էր, ինչը որ համարյա անհնարին խնդիր է, հաշվի առնելով նաեւ նրա բազում ու տարաբնույթ ծրագրերի խափանումը, ինչպես նաեւ անհետ կորած ձեռագրերը։ Չնայած այն բանին, որ Փարաջանովի առաջ մշտապես ամրակուռ պատեր էին հայտնվում, նա Էմերսոնի «Ամեն մի պատ դուռ է» ասույթի լավագույն դրսեւորումներից մեկն է։ Այս գրքում հավելվել են մի քանի շատ կարեւոր սցենարներ եւ մի երկու տարբեր աղբյուրներից գտնված մանրապատումներ, որոնք շատ կարեւոր են նրան առավել լիարժեք ընկալելու առումով։

 

-Փարաջանովին թարգմանելը… հե՞շտ էր, դժվա՞ր։

 

-Չէի ասի, թե շատ դժվար էր, ինչպես ասենք՝ Անդրեյ Բելիի «Պետերբուրգը» կամ Անդրեյ Պլատոնովի «Չեւենգուրը»։ Դժվար չէր լոկ հիմնական տոնայնությունը որսալուց հետո։ Չնայած այն բանին, որ Սերգեյ Փարաջանովը հայերենին չէր տիրապետում եւ ռուսերեն էր գրում, նրա սցենարներում առկա են մեր անգիր բանահյուսությունից եւ ասացողներից, ինչպես նաեւ գողթան երգերից եւ էպոսից սերող բանաստեղծական մեղեդայնությունն ու յուրահատուկ ռիթմը, որոնք ներհատուկ են ոչ միայն «Նռան գույնը», «Արա Գեղեցիկ», «Սասունցի Դավիթ», «Շուշանիկի չարչարանքները», այլ համարյա նրա բոլոր սցենարներին։

 

-Ասում են՝ լավ կինոյի հիմքը լավ սցենարն է, ինչի պակասը կա այսօր։ Այս առումով ի՞նչ կարող է տալ գիրքը երիտասարդ կինոգործիչներին։

 

-Կարծում եմ, որ Փարաջանովի սցենարներն իր համար խազագրության պես մի բան էին, յուրատեսակ բանալիներ, որոնցով նա, անտեսանելի դուռը բանալով, ծավալում էր իր պատկերային մտածողությունն ու տեսիլքները։

Լուսանկարը` Կադր «Նռան գույնը» ֆիլմից

Չեմ կարծում, որ դրանք ուղղակի իմաստով ուսանելի են երիտասարդ կինոգործիչների համար, բայց կարող են խթանիչ դեր խաղալ նրանց երեւակայությունն առավել հարստացնելու առումով։ Եվ կարծում եմ, որ անիմաստ բան է, եթե այլ մեկը փորձի այդ սցենարներով ֆիլմ նկարել։ Դա կարող էր անել, թերեւս, միայն ինքը։

 

-«Ինչպես էի ես նախանձում Ֆելինիին» ստեղծագործության մեջ ասում է․ «Կարծում եմ, որ Ֆելինին ամբողջովին եւ լիովին առաջացել է մանկությունից… Ռեժիսորը ծնվում է մանուկ հասակում։ Ես գիտեմ, որ մանկությունը գանձերի անգին շտեմարան է»։ Ի՞նչ է պետք մանկության մտապատկերները ֆիլմի վերածելու համար։ Գիրքը տալի՞ս է այս հարցի պատասխանը։

 

- Այս հարցի պատասխանը տալիս են «Խոստովանանք» սցենարը, մի քանի մանրապատումները, ինչպես նաեւ նրա բազում բանավոր զրույցները, որոնց մեծ մասը, ցավոք սրտի, չձայնագրվեցին, ինչպես նաեւ նրա դեմքի վրա համարյա մշտառկա՝ ասես կոտրտված ապակու բեկորների միջից առկայծող ժպիտը։

 

- Մոռացված նախնիների ստվերները կարող են միստիկական համարվել, սակայն Փարաջանովի ֆենոմենը գուցե նրանում է, որ միստիկ պատկերները պատճառաբանվա՞ծ են ու սինթեզված իրականությանը։

 

-Նայեք լուսնին եւ աստղերին, հոծ եւ թափանցիկ արեւաշողերին, որոնք հանգչում են որմնանկարներում եւ մանրանկարներում, իրերում ննջած պատկերների հրավառությանը, որոնք մեռնում եւ հառնում են ձեր մեջ, այն ամենին, որ այսօր ի վիճակի է տալու այդ ամենի պլաստիկ պատկերը՝ պատմության հեղհեղուկ հոսքին, անհաղթելի առասպելին, որսացեք ժողովրդի, անհատի երգերի ծվեններն ու պատկերների ճոճքը էկրանային չափումներից դուրս, եւ դուք կտեսնեք, թե որտեղից է սկիզբ առնում «Մոռացված նախնիների ստվերները»՝ նախածին եւ միաձույլ վավերականությամբ եւ բանաստեղծականությամբ առանձնացող կինոնկարը, որը ոչ այնքան միստիկական է, որքան առասպելաբանական եւ կառնավալային՝ իր երկիմաստության, ստորինի եւ վերինի թաքուն կապերի, ծիծաղի եւ լացի, ծաղրերգության եւ ողբերգության, դեմքի եւ դիմակի սերտ միաձուլմամբ։

 

- Կադրը որպես ինքնուրույն գեղանկարչական կտավ ընկալող ռեժիսորն ասում է․ «Իմ ռեժիսուրան հաճույքով տարրալուծվում է գեղանկարչության մեջ, եւ դրանում, երեւի, դրա հիմնական թուլությունն ու հիմնական ուժն է («Գեղեցկությունն իմ հիվանդությունն է»)։ Կարելի՞ է ասել, որ Փարաջանովը նաեւ իր արվեստի լավագույն քննադատն է։

 

-Փարաջանովի՝ կադրը որպես գեղանկարչական կտավ ընկալելու միտումն իր դեպքում շատ օրգանական էր, ինչը ոմանք ընկալում էին որպես նրա ամենամեծ նորամուծությունը կամ գյուտը, ոմանք էլ՝ որպես ամենամեծ թուլությունը։

 

Այստեղ հնարավոր չէ օբյեկտիվ լինել։ Հիշվեց Անտոնիոնին, որը Ֆելինիի առավելությունների եւ թերությունների մասին խոսելիս՝ հարցազրույցներից մեկում նշում է միեւնույն բանը՝ իրականության չափազանցված, արտառոց պատկերումը։

 

-Քանի որ առիթ եք ունեցել հանդիպել Փարաջանովին, ի՞նչ կասեք Ձեր անմիջական տպավորության մասին։

 

-Այս հարցի պատասխանը փորձել եմ տալ, որքան կարողացել եմ, գրքի իմ էսսե-առաջաբանում («Կոլաժ՝ թափվող նուռ խնձորներով ու Ռոտերդամի ճայերով»)։

 

Արմինե Սարգսյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին