«Օսկարը եւ վարդագույն տիկինը». տղայի կյանքի բոլոր փուլերը՝ 12 օրում - Mediamax.am

exclusive
3190 դիտում

«Օսկարը եւ վարդագույն տիկինը». տղայի կյանքի բոլոր փուլերը՝ 12 օրում


Թերեզա Ստեփանյանը
Թերեզա Ստեփանյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` «Վերնատուն»


Էրիկ Էմանուել Շմիտի «Օսկարը եւ վարդագույն տիկինը» գրքում տեղ են գտել «Օսկարը եւ վարդագույն տիկինը», «Նոյի զավակը», «Պարոն Իբրահիմը եւ Ղուրանի ծաղիկները» վիպակները։ Ժողովածուն ներկայացնում է «Վերնատուն» հրատարակչությունը։

 

Գրքի թարգմանիչ Թերեզա Ստեփանյանի խոսքով՝ Շմիտը վերջին երկու տասնամյակում դարձել է ամենաճանաչված ու բեմադրված ֆրանսիական գրողն ու դրամատուրգը։

 

-Ինչպե՞ս է կատարվել գրքի ընտրությունը։

 

-Ընթերցողներից մեկը այսպես էր գրել.

 

«Ընթերցեք այս դասականին, նույնիսկ եթե դիտել եք ֆիլմը կամ ներկայացումը։ Նույնիսկ, եթե տխուր եք, նույնիսկ, եթե տխուր պատմություններ չեք սիրում։ Թույլ տվեք, որ ձեր սրտում տեղ գտնեն այդ խելացի փոքրիկ տղայի խոսքերի անմիջականությունն ու բնականությունը, հիանաք այն սրտառուչ հարաբերությամբ, որ ծնվում է նրա եւ նրան զբաղեցնող վարդագույն խալաթով տիկնոջ՝ Մամի Ռոզի միջեւ։ Այս գիրքը կարելի է ընթերցել եւ վերընթերցել։ Գրքի ընթերցումից հետո ցանկություն է առաջանում ընթերցել Շմիտի մյուս գործերը»։

 

էրիկ Էմանուել Շմիտին թեկուզ երեք վիպակի թարգմանությամբ հայ ընթերցողին ներկայացնելը, կարծում եմ՝ պարզապես անհրաժեշտություն էր։

 

- «Օսկարը եւ վարդագույն տիկինը» ինչո՞վ է առանձնանում այլ գործերից: Կարծում եմ՝ սա զուտ զգացական պատմություն չէ մահվանը պատրաստվող երեխայի մասին։ Ինչո՞վ է պայմանավորված գրքի հաջողությունը։

 

- Այս վիպակը գլուխգործոց է՝ իր գեղարվեստական կերտվածքով, ազնվությամբ, բարությամբ, հումանիզմով ու փիլիսոփայությամբ, ինչպես եւ մյուս երկու վիպակները՝ «Նոյի զավակը», «Պարոն Իբրահիմը եւ Ղուրանի ծաղիկները»։ Սրանով է պայմանավորված գրքի մեծ հաջողությունը։

Լուսանկարը` «Վերնատուն»

Օսկարի պատմությունը մահացու հիվանդ մի երեխայի սովորական պատմություն չէ։ Զարմանալի լուծում է գտնում հեղինակը՝ ի դեմս Մամի Ռոզի, երեխային անօգնական ու անհուսալի վիճակից հանելու համար՝ նրան ներշնչելով տասներկու օրում մեծանալ եւ հասնել խոր ծերության՝ յուրաքանչյուր օրը համարելով տասը տարի։ Օսկարի գիտակցությունն այդ հնարքով այնպիսի տրանսֆորմացիայի է ենթարկվում, որ ապրում է կյանքի բոլոր փուլերն եւ հասնում խոր ծերության։ Գիրքը թարգմանելիս՝ հարց տվեցի ինքս ինձ՝ ուղե՞ղն է պատկանում մարդուն, թե՞ մարդը ուղեղին։ Չէ՞ որ մեր մտքերը մեզնից անկախ են ծնվում։ Գուցե մարդու ուղեղը համակարգիչ է՝ ներբեռնված ճակատագրի նախագծով կամ դրա տարբերակներով։ Հրահանգ ստանալով՝ գուցե կարող է ճակատագիր-կյանքը ապրեցնել արագացված տեմպերով, ինչպես, երբ որեւէ տեսանյութ նայում ենք արագացված վիճակով։

 

- Հեղինակի մասին ի՞նչ գիտեք, նախատիպեր ունե՞ն նրա հերոսները կամ գուցե առնչություն հենց հեղինակի հետ։

 

- Շմիտը մեր ժամանակակիցն է։ Ծնվել է 1960 թվականին, բարեկեցիկ ընտանիքի զավակ է՝ ֆրանս-բելգիական արմատներով։ Վերջին երկու տասնամյակի ընթացքում դարձել է ամենաճանաչված ու բեմադրված ֆրանսիական գրողն ու դրամատուրգը։ Նրա գրքերը թարգմանված են աշխարհի 40 լեզուներով եւ ավելի քան 50 երկրներում կանոնավորապես բեմադրվում են նրա պիեսները։

 

Նրա առաջին մասնագիտությունը փիլիսոփայությունն է, սկզբնական շրջանում այդ առարկան դասավանդել է համալսարանում, հետագայում լիովին տարվել է ստեղծագործական աշխատանքով, որը նրան բերել է համաշխարհային հռչակ ու բազմաթիվ ազգային ու միջազգային մրցանակներ։

Թերեզա Ստեփանյանը Թերեզա Ստեփանյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

«Նոյի զավակը» գրելու համար մասամբ ներշնչվել է ընկերոջ՝ Պիեռ Պերելմուտերի պատմությունից, Օսկարի կերպարը ստեղծելուն, կարծում եմ՝ օգնել է այն հանգամանքը, որ սովորություն է ունեցել հաճախակի լինել հիվանդանոցներում, այցելել հիվանդ երեխաներին։ Իսկ «Պարոն Իբրահիմը եւ Ղուրանի ծաղիկները» վիպակի մի հերոսի՝ պարոն Իբրահիմի նախատիպը հեղինակի պապն է, որը զբաղվել է զարդեղենի վաճառքով։ Նա էլ մշտապես նստած է եղել իր խանութում ու «երբեք տեղից չի շարժվել, ինչպես աթոռակին պատվաստված ճյուղ»։ Այս վիպակը նույնպես իսկական գլուխգործոց է, իմաստության դաս ու երգ՝ հանդուրժողականության ու երջանկության մասին։

 

- Կյանքի՞, մահվա՞ն, թե՞ անմահության մասին է գրում Շմիտը։

 

- Կյանքի ու մահվան մասին է գրում Շմիտը։ Նա մտածում է, որ մարդն իր ժամանակը վատնելու իրավունք չունի, որովհետեւ ամեն բան կարող է կանգ առնել միանգամից, անսպասելի։ Եվ գրում է, ինչպես ինքն է ասում՝ մի շնչով, թափով, կամքի պարտադրանքով։ Թուղթը լցնում է արագորեն, որից հետո աշխատում է նյութի վրա, աշխատում, մաքրում է ավելորդաբանություններից, դարձնում խիտ ու հակիրճ, բազմաշերտ ու խորքային։

 

- «Միայն Աստված իրավունք ունի ինձ արթնացնելու». սա Օսկարի վերջին ցանկությունն էր։ Եվ, այնուամենայնիվ, Աստված հնարա՞ծ էր, թե՞ կար իրականում։

 

- Օսկարին այցելող կինը՝ Մամի Ռոզը, նրան առաջարկում է նամակ գրել Աստծուն։

 

-Ինչո՞ւ,-հարցնում է Օսկարը։

-Որ քեզ քիչ միայնակ զգաս։

-Քիչ միայնակ՝ ինչ-որ մեկի հետ, որը գոյություն չունի՞․․․

-Այնպես արա՛, որ գոյություն ունենա,- պատասխանում է նա։ Ամեն անգամ, երբ հավատաս նրան, նա մի քիչ ավելի շատ գոյություն կունենա։

 

Իսկ Օսկարի «Միայն Աստված իրավունք ունի ինձ արթնացնելու» խոսքն արդեն հասուն մարդու փիլիսոփայություն է, որը գիտի, թե ով է Ալֆան ու Օմեգան (սկիզբն ու վերջը)։

 

- Կա՞ ներքին կապ գրքում տեղ գտած երեք գործերում։

 

- Երկուսում՝ «Նոյի զավակը» եւ «Պարոն Իբրահիմն ու Ղուրանի ծաղիկները» վիպակներում թեթեւ շտրիխներով ուրվագծվում է հրեաների ցեղասպանության թեման։ Այն հետք է թողել Մովսեսի հոր կյանքում (որը դեպրեսիվ վիճակում ինքնասպանություն է գործում) եւ առնչվել մյուս վիպակի հերոսների կյանքին։ Այդ թեման հեղինակը շոշափում է հպանցիկ եւ ընթերցողին չի տառապեցնում հոգեցունց դեպքերի նկարագրություններով։

 

- Ծնող-երեխա հարաբերություններում կա անհաշտություն, որը սակայն, ի վերջո, հաշտությամբ է ավարտվում։ «Պարոն Իբրահիմը եւ Ղուրանի ծաղիկները» վիպակում, օրինակ, ավելի սուր ու բազմաշերտ է խնդիրը։

 

-Երեք վիպակների հերոսներն էլ իրենց հարազատ ծնողներից խորթացած փոքրիկ, խելացի եւ ինքնուրույն տղաներ են։ Ծնողները նրանց հետ ընդհանուր լեզու չեն կարողանում գտնել տարբեր պատճառներով։ Մինչդեռ օտարին, որը կարողանում է տեսնել երեխայի աշխարհը եւ օգնության ձեռք մեկնել նրան, երեխան ընդունում է որպես հարազատ ծնողի։ Ինձ թվում է, որ այս շեղումով հեղինակը ցանկացել է արտահայտել հերոսների հումանիզմը, եւ գիրքն ամբողջապես ներծծված է այդ գաղափարով։

 

- Հե՞շտ էր Շմիտի լեզուն, ոճը ընթերցողին փոխանցելը։

 

- Գիրքը թարգմանել եմ հաճույքով եւ արագ։ Բարդությունը «Օսկարի» փոխանցած հուզմունքն էր։ Թախիծը շատ է գրքում, բայց լալկանություն չկա, որը նույնպես վկայում է Շմիտի վարպետ գրչի ու տաղանդի մասին: Ընթերցողը, կարծես ժպտում է՝ արտասվելու փոխարեն։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին