«Քավություն». Վեպ վեպի մեջ կամ «գրողը նաեւ Աստված է» - Mediamax.am

exclusive
2139 դիտում

«Քավություն». Վեպ վեպի մեջ կամ «գրողը նաեւ Աստված է»


Լուսանկարը` Զանգակ

Լուսանկարը` Զանգակ

Լուսանկարը` Զանգակ

Լուսանկարը` Զանգակ

Լուսանկարը` Զանգակ

Լուսանկարը` Զանգակ

Մարիա Սադոյանը եւ Հասմիկ Եղիազարյանը
Մարիա Սադոյանը եւ Հասմիկ Եղիազարյանը

Լուսանկարը` Զանգակ

Իեն Մըքյուենը եւ Մարիա Սադոյանը
Իեն Մըքյուենը եւ Մարիա Սադոյանը

Լուսանկարը` Զանգակ


Ամառային մի շոգ օր 13-ամյա Բրայոնի Թոլիսը ականատես է լինում մի տարօրինակ դրվագի: Աղջկա անփորձությունը, չափազանց վառ երեւակայությունը եւ հանգամանքների դժբախտ համակցությունն անդառնալիորեն փոխելու են այդ օրը Թոլիսների տանը հավաքվածների կյանքը:

 

Գրքի երեւանյան փառատոնի շրջանակում տեղի ունեցավ Իեն Մըքյուենի «Քավություն» վեպի շնորհանդեսը։

 

«Քավություն»-ը, որը անգլիացի կենդանի դասական համարվող Մըքյուենի ամենահայտնի վեպն է, 2001 թվականին առաջադրվել է Բուքերյան մրցանակի: The Observer-ը այն համարել է երբեւէ գրված 100 մեծագույն վեպերից մեկը, The Telegraph-ը՝ ներառել «բոլոր ժամանակների 100 լավագույն վեպերի» ցանկում։

Լուսանկարը` Զանգակ

Սա Մըքյուենի առաջին հայերեն թարգմանված վեպն է։ Այն լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը՝ Մարիա Սադոյանի թարգմանությամբ։ Նրա խոսքով՝ Մըքյուենի «Քավությունը» մետաարձակ է՝ վեպ վեպի մեջ, ստեղծագործություն, որում դրա ստեղծումն ակնհայտ է եւ նույնքան կարեւոր: Վեպի մշտական հարցն է. արդյո՞ք իրականությունն է կերտում գրականությունը, թե՞ հակառակը:

 

Վեպի շնորհանդեսը սկսվեց գրքի որոշ պատառիկների բեմականացված ցուցադրությամբ, որի ընդմիջումներում «Զանգակ» հրատարակչության թարգմանական բաժնի պատասխանատու խմբագիր Հասմիկ Եղիազարյանը եւ Մարիա Սադոյանը «Քավությունը» ներկայացրին հարց ու պատասխանի ձեւաչափով։  

Մարիա Սադոյանը եւ Հասմիկ Եղիազարյանը Մարիա Սադոյանը եւ Հասմիկ Եղիազարյանը

Լուսանկարը` Զանգակ

Խոսելով վեպի գլխավոր հերոսի՝ Բրայոնիի մասին՝ Հասմիկ Եղիազարյանը նկատեց, որ վեպի առաջին մասում ոչ միայն Բրայոնին եւ մյուս հերոսները ինչ-որ ճակատագրական սահմանագիծ են հատում, այլեւ սահմանագիծ են անցում Անգլիան եւ Եվրոպան... քանի որ դեպքերը տեղի են ունենում Երկրորդ աշխարհամարտի նախօրեին եւ պատերազմի թեման մեծապես ներկա է գրքում։

 

Մարիա Սադոյանն ի լրումն ասաց, որ վեպի թեմաները բազում են, այն բազմաշերտ է, ինչպես եւ ցանկացած տաղանդավոր ստեղծագործություն, եւ թերեւս պատերազմի թեման արծարծող բազմաթիվ վեպերից «Քավությունը» չառանձնանար, եթե չլիներ Մըքյուենի նոր ոճական մոտեցումը եւ զուգահեռ թեմաները:

Լուսանկարը` Զանգակ

«Կարեւոր է վեպի վերնագիրը ՝ «Քավություն»։ Վեպը կարող էր կոչվել «Պատերազմ ու խաղաղություն», քանի որ դրա մի կեսը խաղաղության մասին է, մյուս կեսը՝ պատերազմի։ Այն կարող էր անվանվել նաեւ «Ոճիր ու պատիժ», որովհետեւ առկա է ոճրի ու պատժի համաչափության խնդիրը։ Բայց վեպը կոչվում է «Քավություն», քանի որ մեղքի եւ քավության խնդիրը մտատանջում է Բրայոնիին ողջ կյանքի ընթացքում: Պոստմոդեռնիստական մետաարձակի համար առանցքային է նաեւ վեպի կառուցվածքը։ Բրայոնին ասում է, որ գրողը նաեւ Աստված է։ Կարո՞ղ է արդյոք գրողը ինչ-որ չափով քավել իր մեղքը՝ հերոսներին երեւակայական դրախտ պարգեւելով։ Փիլիսոփայական հարց է՝ երեւակայությո՞ւնն է կարեւոր, թե՞ իրականությունը։ Ի վերջո, վեպը կարող էր կոչվել նաեւ «Արվեստ եւ կյանք», «Երեւակայություն ու իրականություն»»։

 

Հասմիկ Եղիազարյանը խնդրեց հակիրճ նկարագրել Բրայոնիին եւ նկատեց, որ Բրայոնին ասես ինքը՝ Մըքյուենն է։

Լուսանկարը` Զանգակ

«Ես համոզված եմ, որ ցանկացած վեպ ինչ-որ չափով ինքնակենսագրական է, - համաձայնեց թարգմանիչը՝ փորձելով նկարագրել Բրայոնին։ -Մըքյուենն ասում է, որ սիրում է իր հերոսուհուն։ Դա զգացվում է վեպն ընթերցելիս։ Բրայոնին ոչ թե դաժան է, ոչ թե չհասկացող է, թյուրիմացութան մեջ ընկնող, այլ, ես կարծում եմ, վախկոտ է։ Դա թերեւս մեղքերից ամենածանրն է, որովհետեւ վախը նրան ստիպում է հետ կանգնել քավությունն իրական դարձնելուց։ «Քավությունը» նաեւ հասունանալու մասին («coming of age») վեպ է, քանի որ գլխավոր հերոսուհու տարիքը առանցքային դեր է խաղում դրամայում: Աղջիկը կանգնած է անմեղ մանկության եւ հուզախառն պատանեկության շեմին եւ ունի երեւույթները տեսնելու ինտելեկտուալ կարողություն, բայց չունի դրանք հասկանալու բարոյական ունակություն»։  

Լուսանկարը` Զանգակ

«Ո՞րն է ինտելեկտուալ, բազմաշերտ, բարդ այս վեպի հաջողության գաղտնիքը» հարցին ի պատասխան՝ Մարիա Սադոյանն ասաց, որ Մըքյուենը խոստովանել է, որ երբեք չի գրի ավելի հավակնոտ գիրք, քան «Քավություն»-ն է, սակայն երբ վեպը լույս է տեսել, քննադատները կարծել են, թե վերակենդանանում է անգլիական դասական վեպը։

 

«Չէ՞ որ, ավելի քան 50 տարի դասական վեպ՝ որպես այդպիսին՝ սյուժեով, զարգացումով, չէր գրվել։ Բոլորը փորձում են խաղալ թեմայի հետ, կառուցվածքի հետ», - պարզաբանեց թարգմանիչը: Անդրադառնալով Հասմիկ Եղիազարյանի դիտարկմանը, որ այստեղ էլ կա խաղ՝ ասաց, որ խաղն այստեղ շատ զգուշավոր ու նուրբ է եւ ամենավերջում է երեւում՝ որպես անակնկալ ընթերցողին։

Իեն Մըքյուենը եւ Մարիա Սադոյանը Իեն Մըքյուենը եւ Մարիա Սադոյանը

Լուսանկարը` Զանգակ

«Այդ առումով վեպը կարդալը շատ հաճելի է, որովհետեւ դու չես փորձում հանելուկ, գաղտնիք լուծել։ Կան վեպեր, որ ասես խաչբառ լինեն, եւ դրանք ունեն իրենց սիրահարները։ Այս վեպն այդպիսին չէ, այն սահուն հոսում է մինչեւ ավարտ։ Դրա համար վեպն ունի այդ մասսայականությունը եւ կարող էր «Բուքերյան» մրցանակ ստանալ, եթե դրանից առաջ այն չստանար Մըքյուենի նախորդ՝ «Ամստերդամ» վեպը»։

 

Մարիա Սադոյանը Մեդիամաքսին տեղեկացրել է, որ  պատիվ է ունեցել անձամբ հանդիպելու Իեն Մըքյուենին, որը ջերմ շնորհակալություն է հայտնել վեպը հայերեն թարգմանելու համար:

Լուսանկարը` Զանգակ

«Զանգակ» հրատարակչությունն իր գործընկերների հետ նախաձեռնել էր «Քավություն» գրքի նվեր տուփի խաղարկություն։ Միջոցառման ավարտին մրցույթի հաղթողներին գիրք ու քաղցր նվերներ հանձնեցին «Զանգակ» գրատունը, «Մայբուքսթոր», «Ֆենիքս»  «Բուկինիստ» գրախանութները։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին