Զապել եւ Հրանտ Ասատուրների նամակագրությունը՝ երկ, մասունք ու վավերագրություն - Mediamax.am

exclusive
2347 դիտում

Զապել եւ Հրանտ Ասատուրների նամակագրությունը՝ երկ, մասունք ու վավերագրություն


Զապել եւ Հրանտ Ասատուրներ
Զապել եւ Հրանտ Ասատուրներ

Լուսանկարը` «Անտարես»

Արքմենիկ Նիկողոսյանը
Արքմենիկ Նիկողոսյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Գրքի խմբաիր Գուրգեն Գասպարյանն ու Գրիգոր Հակոբյանը
Գրքի խմբաիր Գուրգեն Գասպարյանն ու Գրիգոր Հակոբյանը

«Զապէլ եւ Հրանտ Ասատուրներ «Սիրային նամակներ» հատորն ընդգրկում է Զապէլ եւ Հրանտ Ասատուրների 1895, 1896, 1898 թվականներին միմյանց գրած նամակները: Լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը՝ Գրիգոր Հակոբյանի աշխատասիրությամբ։

 

Հայ նոր գրականության մեջ համանունը չունեցող այս նամակագրության մասին զրուցել ենք «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ։

 

- Գրիգոր Հակոբյանը գրքի առաջաբանում նշում է, որ Զապել եւ Հրանտ Ասատուրների նամակագրությունը նրանց գրական ժառանգության լավագույն արժեքն է, բարձրակետը, բայց անհայտ է թե՛ գրականության պատմությանը, թե՛ ընթերցող շրջանակների համար։ Ինչո՞ւ են մնացել անհայտության մեջ։ Ի՞նչ գիտի մեր ընթերցողը պոլսահայ այս զույգի մասին։   

 

- Այս դեպքում՝ ընթերցողի հետաքրքրությամբ ու իմացությունների շրջանակով է պայմանավորված: Նրանք, ովքեր հետաքրքրված են եղել արեւմտահայ գրականությամբ եւ, ընդհանրապես, գրական-կրթական-մշակութային կյանքով, անշուշտ, շատ լավ գիտեն թե՛ Զապելին (բայց թերեւս ավելի շատ՝ Սիպիլ անունով, որ նրա գրական անունն է), թե՛ Հրանտ Ասատուրին: Եվ մանավանդ՝ Սիպիլին, որը իր ժամանակի ամենազարգացած կանանցից մեկն էր, բանաստեղծությունների, վեպերի, նորավեպերի հեղինակ: Նրան ժամանակին լավ գիտեին եւ նրա մասին ջերմությամբ էին խոսում նաեւ արեւելահայ գրական շրջանակներում: Սիպիլի մեկ ընտրանի հրատարակվել է նաեւ Խորհրդային Հայաստանում: Հրանտ Ասատուրն էլ ժամանակի կարեւոր գործիչներից էր:

Գրքի խմբաիր Գուրգեն Գասպարյանն ու Գրիգոր Հակոբյանը Գրքի խմբաիր Գուրգեն Գասպարյանն ու Գրիգոր Հակոբյանը

 

Գրիգոր Հակոբյանի ասած՝ ընթերցող շրջանակները հենց նրան լավ ճանաչողներն են, որովհետեւ այդ հրաշալի զույգի նամակագրությունն իսկապես հայտնություն էր նույնիսկ նրանց կյանքն ու գործը հիմնովին իմացողների համար: Տարիներ շարունակ այդ նամակները պարզապես պահվում էին Գրականության եւ արվեստի թանգարանում: Չգիտեմ՝ ինչու չեն ուսումնասիրվել ու չեն հրատարակվել: Ըստ ամենայնի՝ չի գիտակցվել դրանց իսկապես մեծ արժեքը: Եվ իսկապես երախտապարտ պետք է լինենք երջանկահիշատակ Գրիգոր Հակոբյանին, որի ուշադիր եւ խնամքոտ աչքը տեսավ այդ նամակները, հրատարակեց՝ հեղինակելով մի այնպիսի փայլուն առաջաբան, որ հիմնովին բացապարզում է եւ՛ նամականու ժանրի, եւ՛ կոնկրետ Հրանտ եւ Զապել Ասատուրների նամակների ամբողջ յուրահատկությունը:

 

- Աշխատության հեղինակի բնորոշմամբ՝ «Զապէլ-Հրանտ նամակագրութիւնը գեղարուեստական ամբողջական, աւարտուն, միասնական մէկ երկ է»։ Ի՞նչն է սիրո պատմությունը վերածում վեպ-նամակագրության՝ հրատարակման ձեւաչա՞փը, թե՞  նամակների գեղարվեստական արժեքը։

 

- Նախեւառաջ՝ հենց սիրո պատմությունը իբրեւ հենք ու հիմք, զգացմունքները, ապրումները, իրենց հետ կատարվածն իբրեւ սիրո դրսեւորում ընկալելու եւ մատուցելու այսպես ասեմ՝ ճաշակը: Նամակագիրներն իրենց ժամանակի ամենաինտելեկտուալ մարդկանցից էին, եւ բնական է, որ նրանց նամակագրությունն այլ մակարդակի պետք է լիներ նաեւ գեղագիտական առումով: Եվ այդ վեպ-նամակագրությունը ստեղծվելու էր ակամա: Չեմ կարծում, թե նրանք մտածել են, որ դրանք հետագայում հրատարակվելու են հենց այդ ձեւաչափով: Գոնե գրելու ընթացքում չեն մտածել: Հետագայում՝ գուցե: Մյուս կողմից՝  նամակները հենց այսպես, իրենց ընթացքի մեջ հրատարակելը ապահովում է այդ վիպական ֆենոմենը: Իսկ այն, որ նամակները գրված են գեղարվեստական շատ բարձր շնչով ու մակարդակով՝ ավելի է հեշտացնում այդ գործը:

 

- Գրական, մանկավարժական, գիտական, հասարակական գործունեություն... ո՞րն է ավելի բնորոշիչ այս կերպարների համար։

 

- Թերեւս այդ ամենի համախումբը: Մեծ հաշվով՝ անհանգիստ մարդիկ էին երկուսն էլ, որոնք իրենց կյանքի իմաստը տեսնում էին արեւմտահայության կյանքի տարբեր ոլորտներում զարգացումներին նպաստելու մեջ: Նրանց երկուսի կյանքն էլ այդ առումով նվիրումի բացառիկ օրինակ է: Եվ պատահական չէ այն մեծ հեղինակությունն ու սերը, որ վայելում էին բոլորի կողմից:

 

- Հասարակական կյանքի, ժամանակաշրջանի մասին լույս սփռո՞ւմ է այս գիրքը։

 

- Ոչ միայն սփռում է, այլեւ կարելի է ասել՝ լավագույն ու ամենահավաստի վավերագրություններից է: Հարցն այն է, որ թե՛ Սիպիլը, թե՛ Հրանտը իրենց նամակներում չէին բավարարվում միայն սիրային խոստովանությունների զեղումներով: Երկուսն էլ շատ լավ էին ճանաչում միմյանց եւ գիտեին, որ հասարակական, մշակութային, գրական կյանքի ցանկացած նորություն կարեւոր է մյուսի համար, եւ շատ նամակներում պատմում ու խոսում են այդ մասին: Եվ դա օգնում է շատ առումներով նաեւ ներսից նայել այդ իրականությանը, հասկանալ շատ հասարակական հնչեղ իրադարձությունների, դեպքերի ներքին դրդառիթները, այն դժվարությունները, որոնք հաղթահարելով են կայացել դրանք: Խոսքը հատկապես Սիպիլի գործունեության այն հատույթի մասին է, որ վերաբերում է հայ կնոջ իրավունքների եւ ազատությունների հարցերին:

 

- 1915 թվականի ապրիլյան սպանդից Զապել եւ Հրանտ Ասատուրները զերծ են մնացել։ Ինչո՞վ է սա բացատրվում։

 

- Բարեբախտաբար, շատերն են փրկվել հայ մտավորականներից՝ տարբեր հանգամանքներում: Սիպիլի եւ Հրանտի դեպքում կարեւոր է, որ հետագայում նրանք գրեթե մշտապես ապրեցին Պոլսում՝ շարունակելով այն նույն գործունեությունը, որով զբաղվում էին նախկինում: Բայց այդ գործունեությունն այժմ հազարապատիկ ավելի կարեւոր էր դառնում՝ հաշվի առնելով Ցեղասպանության փաստը, փրկված հայերին կրթելու, հասարակական կյանքը կրկին աշխուժացնելու տեսանկյունից:

 

- Զապել-Հրանտ զույգի նամակների մի մասը (նրանց կենդանության օրոք) տրվել է ի պահ  Փարիզի «Նուբար» մատենադարանին, ինչը նշանակում է, որ հեղինակները համաձայն  են եղել դրանց շրջանառությանը։ Սա բացառի՞կ երեւույթ է, թե՞ գրական երեւելիները միշտ էլ հաշվի են առնում այդ հանգամանքը, որ իրենց նամակագրությունները մի օր կարող են դառնալ հանրության սեփականությունը։

 

- Չեմ կարծում, թե նամակագրության այսպես ասած՝ մեկնարկին այս գեղեցիկ զույգն ունեցել է նման մտադրություն: Հաշվի առնենք, որ նրանց հարաբերությունների ընթացքն այդքան էլ հեշտ ու միանշանակ ընկալելի չէր, հատկապես ժամանակի գործոնը հաշվի առնելով: Սիպիլն ամուսին ուներ, եւ նրա մահից հետո միայն՝ 1900 թվականին նա եւ Հրանտն ամուսնացան: Բայց հետագայում, երբ ամեն ինչ արդեն հետեւում էր, իհարկե, կարող էր լինել նման ցանկություն: Ես կարծում եմ, որ իրենց նամակագրությունը հանրայնացնելու գործում դեր է խաղացել հատկապես այն հանգամանքը, որ դրանում հանրային, հասարակական կյանքը, ժամանակի նկարագիրը մեծ տեղ ունի: Չմոռանանք, արդեն կատարվել էր սարսափելին՝ Մեծ եղեռնը, եւ շատ կարեւոր էր անհետացած սերնդի մասին ու վերաբերյալ ցանկացած տեղեկության, դրվագի պահպանումը: Այդ առումով՝ Սիպիլի եւ Հրանտի նամակագրությունը նաեւ մասունք է:

Արքմենիկ Նիկողոսյանը Արքմենիկ Նիկողոսյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Իսկ ընդհանրապես, կա՛ այդ միտումը, հատկապես 20-րդ դարից սկսած, երբ գրողներն ու հանրային այլ կարեւոր դեմքեր դիտավորյալ պահպանել են իրենց նամակներն ու այլ գրությունները՝ վստահ, որ դրանք կհանրայնացվեն ու կհետաքրքրեն գալիք սերունդներին: Այլ հարց է, որ նման գիտակցված միտումը ի սկզբանե նրանց նամակներում, օրագրերում որոշակի զգուշավորություն ու դիտավորություններ է երեւան բերել, ինչը խանգարում է էպիստոլյար ժանրերին բնորոշ անկեղծությանը: Հրանտի եւ Սիպիլի նամակները, բարեբախտաբար, զերծ են դրանից:

 

- Եթե գիրքը արձագանք գտնի ընթերցողների շրջանում, հնարավո՞ր է Զապել ու Հրանտ Ասատուրների գեղարվեստական գործերի հրատարակում կամ վերահրատարակում։

 

- Գրքում արդեն, որպես հավելված, առկա են եւ՛ Սիպիլի, եւ՛ Հրանտ Ասատուրի գեղարվեստական ժառանգությունից նմուշներ: Կարծում եմ՝ դա արդեն իսկ բավարար է՝ նրանց գեղագիտական ճաշակի, գրականության կերպի մասին բավարար պատկերացում կազմելու համար: Մեծ հաշվով՝ նրանց ստեղծագործությունն այսօր ավելի շատ գրապատմական արժեք ունի, թեպետ Սիպիլի «Աղջկան մը սիրտը» վեպն այսօր էլ կարդացվում է հետաքրքրությամբ, մանավանդ՝ արծարծած հարցերի տեսանկյունից: Չմոռանանք, Սիպիլը արեւմտահայ իրականության մեջ կանանց իրավունքների պաշտպանության խնդիրներով զբաղվող հայտնի դեմքերից էր, իսկ այդ թեմայի հետ կապված հարցերն ու հարցադրումներն արդիական են նաեւ այսօր:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին