«Իլիական»-ի նոր թարգմանությունը, հայերենի հնարավորություններն ու Հոմերոսի կերպարի առեղծվածը - Mediamax.am

exclusive
2490 դիտում

«Իլիական»-ի նոր թարգմանությունը, հայերենի հնարավորություններն ու Հոմերոսի կերպարի առեղծվածը


Մուրադյանն ու Արամ Թոփչյանը
Մուրադյանն ու Արամ Թոփչյանը

Լուսանկարը` Սամվել Սեւադա

Լուսանկարը` Զանգակ

Լուսանկարը` Զանգակ

Լուսանկարը` Զանգակ


«Զանգակ» հրատարակչությունը լույս է ընծայել անտիկ աշխարհի մեծագույն բանաստեղծ, եվրոպական գրականության սկզբնավորող Հոմերոսի առաջին էպիկական պոեմը՝ «Իլիական»-ը։

 

Հին հունարենից երկը թարգմանել, առաջաբանն ու ծանոթագրությունները գրել են Գոհար Մուրադյանն ու Արամ Թոփչյանը։ Մեդիամաքսը զրուցել է թարգմանիչների հետ։

 

- Մինչ այս թարգմանել եք համաշխարհային գրականության այլ կոթողային գործեր։ Ձեր թարգմանությունները, այս թարգմանությունը մասնավորապես, ենթադրում են գիտական աշխատանք, բարձրակետ թարգմանական աշխատանքի... Ի՞նչ է Ձեզ համար էպիկական այս պոեմի թարգմանությունը։

 

- Նման գրական կոթողների թարգմանությունը մեզ համար պատիվ ու հաճույք է, քանի որ հնարավորություն ենք ունենում ընկղմվելու գրական անմահ գլուխգործոցների անկրկնելի, հեքիաթային աշխարհը, շփվելու բոլոր ժամանակների մեծերի հետ։ Բայց այդ աշխատանքը խիստ պատասխանատվություն է ենթադրում եւ, ինչպես ճիշտ նշեցիք, գիտական մոտեցման խնդիր կա։ Թարգմանիչը պիտի ծանոթ լինի այդ երկերի ընկալման ու մեկնության՝ դարեր շարունակ ձեւավորված ավանդույթին եւ համեմատության համար իր ձեռքին ունենա օտարալեզու կարեւոր թարգմանություններ։

Լուսանկարը` Զանգակ

Իսկ եթե խոսքը վերաբերում է, մասնավորապես, Հոմերոսի պոեմների նման գեղարվեստական անզուգական արժեքներին, հարկավոր է նաեւ հնարավորինս լավ փոխանցել այդ գեղարվեստականությունը։ Այսինքն՝ թարգմանիչը պիտի կարողանա միաժամանակ տարբեր խնդիրներ լուծել եւ ոչ՝ մեկը մյուսի հաշվին, ինչը եւ փորձել ենք անել։

 

- Դժվարություններ, որ հաղթահարել եք «Իլիական»-ը թարգմանելիս... Համատեղ աշխատանքը դյուրացնո՞ւմ է գործը, թե՞ դա էլ ունի իր բարդությունները։

 

-«Իլիական»-ը թարգմանելու համար պետք է նախ հասկանալ Հոմերոսի լեզուն, որը տարբերվում է դասական շրջանի ատտիկյան հին հունարենից եւ՛ քերականական առանձնահատկություններով, եւ՛ յուրահատուկ բառապաշարով։ Դա այսպես կոչված «հոմերոսյան բարբառն» է, որն իր մեջ ներառում է տարբեր բարբառների ու տարբեր ժամանակային շերտերի առանձնահատկություններ։ Այն հասկանալու համար հին հունարենի մասնագետն անգամ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրի։ Հոմերոսի լեզվամտածողությունը նույնպես յուրօրինակ է եւ դրան պետք է ընտելանալ։ Մեր համատեղ աշխատանքը դյուրացնում է գործը, տարիների ընթացքում սովորել ենք միասին ավելի արագ ու արդյունավետ աշխատել։

 

- «Իլիական»-ը մինչ այս արեւելահայերեն հրատարակվել է երկու անգամ՝ Համազասպ Համբարձումյանի (1955 թ.) բնագրային եւ Մկրտիչ Խերանյանի (1987 թ.)՝ գրաբարից ու ռուսերենից թարգմանությամբ։ Ինչո՞վ է առանձնանում Ձեր թարգմանությունը։ Նոր թարգմանությունը նաեւ նո՞ր մոտեցում ու մեկնաբանություն է ենթադրում։

 

- Մեր թարգմանությունն առավելագույն չափով հարազատ է բնագրին, հնարավորության սահմաններում ձգտել ենք նույնիսկ բառացիության՝ ճշգրտորեն պահպանելով տողերի քանակը, որեւէ քիչ թե շատ կարեւոր բառ բաց չթողնելով եւ մեր կողմից ավելորդ բառեր չավելացնելով։ Փորձել ենք նաեւ թարգմանել հնարավորինս պարզ, այսօրվա ընթերցողին հեշտ հասկանալի հայերենով։ Իհարկե, Հոմերոսի էպիկական բարձր ոճի պահանջով, կիրառել ենք նաեւ հնաբանություններ, գրաբարյան բառեր, բայց դա արել ենք չափավոր կերպով։ Գիրքն ունի ընդարձակ առաջաբան եւ մանրամասն մեկնություններ, որոնք գրելիս հաշվի ենք առել Հոմերոսի մասին օտարալեզու նորագույն ուսումնասիրություններ։

 

- Ինչպե՞ս եք հաղթահարել Հոմերոսյան լեզվի, բանաստեղծական մտածողության ու չափի խնդիրը հայերենում։

 

- Լեզվի մասին արդեն խոսեցինք։ Ինչ վերաբերում է չափին, Հոմերոսը եւ նրա հետեւությամբ՝ հետագա հին հույն, նաեւ հռոմեացի լատինագիր բանաստեղծներն էպիկական պոեմներ գրելու համար կիրառել են «հեքսամետր» կոչվող չափը, որը բաղկացած է 6-ական` առաջին երկար (շեշտված) վանկով ոտք ունեցող չափատողերից:

Լուսանկարը` Զանգակ

Քանի որ հայերենում շեշտը վերջնավանկ է, անհնար է որեւէ ծավալուն երկ թարգմանել՝ հեքսամետրը նույնությամբ վերարտադրելով։ Սակայն կիրառել ենք հնարավորինս հարմար համարժեք։ Մեր ավանդական էպիկական բանաստեղծական չափը՝ տասնվեց վանկանի քառանդամ չափատողերով, որն օգտագործվել է արդեն միջնադարում, գեղեցիկ է հնչում եւ բավական մոտ է հեքսամետրին։ Ինչ վերաբերում է Հոմերոսի բանաստեղծական մտածողությանը, ապա հայերենը, իր քերականական ու բառակազմական առանձնահատկություններով, այն վերարտադրելու հրաշալի հնարավորություններ է ընձեռում։

 

- Ծանոթագրություններն ու առաջաբանն ի՞նչ աշխատանք են ենթադրում։

 

- Ծանոթագրություններ ու առաջաբան գրելու համար պետք է ծանոթ լինել զանազան ուսումնասիրությունների, նաեւ հասկանալ` ինչ տեղեկություններ են անհրաժեշտ ժամանակակից ընթերցողին՝ հոմերոսյան էպոսի, նրա պատմական ու բանահյուսական հենքի, հեղինակի, ստեղծման ժամանակի ու հանգամանքների մասին ընդհանուր պատկերացում ստանալու համար, եւ այդ ամենն ամփոփ ներկայացնել առաջաբանում։ Ծանոթագրություններն այլ բնույթ ունեն. արդի մարդու համար անշուշտ անհասկանալի են ինչպես Հոմերոսի ենթադրյալ ժամանակի՝ մ.թ.ա. VIII դարի, այնպես էլ Իլիական պատերազմի (հավանաբար՝ մ.թ.ա. XII դար) շատ իրողություններ, որոնց վերաբերյալ հարկավոր է բացատրություններ տալ։

 

Անհրաժեշտ է լինում նաեւ ծանոթագրել բնագրի խրթին, անհասկանալի հատվածներ։ Այդ աշխատանքի ընթացքում եւ՛ օգտագործում ենք մեր ընդհանուր գիտելիքները, եւ՛ դիմում բառարանների ու մասնագիտական գրականության օգնությանը։

 

- Ի՞նչ չափանիշներ պետք է ունենա գրական ստեղծագործությունը, որ արդիական լինի բոլոր ժամանակներում՝ միաժամանակ պատմելով իր ժամանակի մասին։ Ինչո՞վ է արժեքավոր «Իլիական»-ը։

 

- Դժվար հարց եք տալիս, որը դարեր շարունակ տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել։ Գրական երկը, նախ, պետք է ներկայացնի մարդկային այնպիսի հարաբերություններ, որոնք կհետաքրքրեն ներկա ու ապագա բոլոր սերունդներին։

Լուսանկարը` Զանգակ

Հոմերոսի ընթերցողները զարմանալի բացահայտումներ են անում՝ մեկ անգամ եւս համոզվելով, որ չնայած բազմաթիվ դարեր են անցել, կյանքի պայմաններն ու հասարակությունն անճանաչելիորեն փոխվել են, սակայն մարդու էությունը գրեթե երեք հազար տարի առաջ նույնն է եղել, ինչ այսօր՝ բարու եւ չարի մասին նույն պատկերացումներով, նույն ձգտումներով ու կրքերով, նույն առաքինություններով ու արատներով։ Ուշագրավ է, որ մարդկային բնության հոռի գծերն առավել ցցուն կերպով Հոմերոսը ցույց է տվել օլիմպոսյան աստվածների բարքի ու հարաբերությունների օրինակով։ Գրական երկն անմահ լինելու համար պետք է նաեւ ունենա գեղարվեստական բարձր արժանիքներ, ներկայացնի հետաքրքիր, ինտրիգային սյուժե եւ այլն, եւ այլն։ Այն, որ Հոմերոսի պոեմներն ունեն անմահության համար անհրաժեշտ բոլոր հատկանիշները, ապացուցվել է դարերով։ Ճիշտ է, ճաշակները տարբեր են, եւ շատերն այսօր նախընտրում են կարդալ ժամանակակից թեթեւ, մտքին ոչինչ չասող վեպեր, սակայն իսկական գրականության գնահատողներ միշտ եղել են, կան ու կլինեն։

 

- Ուսումնասիրությունների ժամանակ փորձե՞լ եք պարզել Հոմերոսի կերպարի առեղծվածը։ Ի վերջո, ինչ-ինչ եզրահանգումներ կարող էիք անել նաեւ գործը թարգմանելիս։

 

- Հոմերոսի անձը խորհրդավոր է, նրա մասին ժամանակակիցների տեղեկություններ չկան։ Արդեն հնում եղել են «բաժանարարներ» կոչվող մի խումբ մեկնաբաններ, որոնք «Իլիական»-ն ու «Ոդիսական»-ը վերագրել են երկու հեղինակի։ Այս անհամոզիչ տեսակետը տեղ է գտել որոշ նոր ու նորագույն աշխատություններում։ Նաեւ եղել է այլ տեսակետ, թե Հոմերոսի պոեմները բաղկացած են բանահյուսական ցաքուցրիվ հատվածներից, որոնք ի մի են բերվել մ.թ.ա. VI դարում։ Իսկ մեր կարծիքն այն է, որ չնայած բանահյուսական ակնհայտ հիմքին եւ առանձին խնդրահարույց հատվածների, որոնք կարող են տարբեր բացատրություններ ունենալ, երկու պոեմն էլ աչքի են ընկնում կուռ կառուցվածքով եւ նույն մարդու լեզվամտածողությամբ ու հույժ ինքնատիպ, միայն իրեն հատուկ «ձեռագրով»։ Ուստի միանգամայն անհիմն են դրանք երկու հեղինակի երկեր համարելու փորձերը։ Կիսում ենք այն կարծիքը, որ Հոմերոսը, հավանաբար, եղել է աեդոս՝ թափառական երգիչ։ Նա իր ապրուստը վաստակել է՝ տեղից տեղ գնալով եւ իր ստեղծագործություններից քնարի նվագակցությամբ հատվածներ արտասանելով։ Միգուցե կյանքի վերջում նա կուրացել է (ինչը մտքի ու պայծառատեսության նոր շերտեր է բացել նրա համար) եւ իր պոեմները, գրի առնելու նպատակով, թելադրել ուրիշներին։

 

- «Իլիական»-ին հաջորդելո՞ւ է «Ոդիսական»-ի թարգմանությունը։

 

- «Ոդիսական»-ի թարգմանությունն ընթացքում է։ Արդեն թարգմանել ենք պոեմի մոտ կեսը։ Ընտելացել ենք Հոմերոսի լեզվին ու ոճին, ուստի, չնայած դժվար հատվածներ, իհարկե, դարձյալ հաճախ են հանդիպում, բայց, կարծես, ավելի հեշտ ենք լուծումներ գտնում, քան «Իլիական»-ը թարգմանելիս։ Իսկ «Ոդիսական»-ից առաջ դեռ կլինեն մեր թարգմանությամբ ուրիշ երկերի հրատարակություններ։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին