Կաֆկայի երկերի վերացականությունն ու նամակները՝ իբրեւ մեծ խիզախում - Mediamax.am

exclusive
1954 դիտում

Կաֆկայի երկերի վերացականությունն ու նամակները՝ իբրեւ մեծ խիզախում


Արքմենիկ Նիկողոսյանը
Արքմենիկ Նիկողոսյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Կաֆկա հինգհատորյակ
Կաֆկա հինգհատորյակ

Լուսանկարը` Անտարես


Ֆրանց Կաֆկայի երկերի հնգհատորյակն ամբողջացրել է Կաֆկայի` Ֆելիցա Բաուերին, Մելինա Եսենսկային, հորը եւ Մաքս Բրոդին գրած նամակների ժողովածուն։ Գերմաներենից թարգմանել է Կառլեն Մատինյանը։

 

Հնգհատորյակը է ներկայացնում «Անտարես» հրատարակչությունը, որի գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ զրուցել է Մեդիամաքսը։

 

- Ի՞նչ սկզբունքով է կազմվել Կաֆկայի երկերի հնգհատորյակը։ Գործերի ո՞ր մասն է հայ ընթերցողին ներկայացվում առաջին անգամ։

 

- Հաշվի առնելով, որ Ֆրանց Կաֆկայի երկերի նախորդ հրատարակությունները շատ ջերմ են ընդունվել հայ ընթերցողի կողմից, եւ միեւնույն ժամանակ կա շարունակվող հետաքրքրություն նրա ստեղծագործության հանդեպ, որոշեցինք հայերեն ներկայացնել նրա գրեթե ամբողջ գրական ժառանգությունը, մանավանդ որ՝ ծավալով այդքան էլ մեծ չէ: Իհարկե, նախորդ թարգմանություններն էլ են ընդգրկվել, հատկապես առաջին հատորում՝ Կաֆկայի պատմվածքների՝ Արա Առաքելյանի կատարած թարգմանությունները: Բայց կարեւոր եմ համարում նշել, որ բազմաթիվ նոր պատմվածքներ են ընդգրկվել, ամբողջացվել է «Օրագրերի»՝ Արա Առաքելյանի նախորդ թարգմանությունը, առաջին անգամ հայ ընթերցողին ներկայացվել են նամակները: Ինչ վերաբերում է վեպերին, ապա Կառլեն Մատինյանի թարգմանությամբ առաջին անգամ հայերեն լույս տեսավ Կաֆկայի «Ամերիկա» վեպը, իսկ ահա «Կերպարանափոխություն» վիպակը, «Դղյակը» եւ «Դատավարություն» վեպերը նախորդ հրատարակությունների թարգմանիչը՝ Սամվել Մկրտչյանը, հարկ համարեց նորից թարգմանել:

 

Հատորյակների սկզբունքը հետեւյալն է՝ ըստ ժանրերի ներկայացնել Ֆրանց Կաֆկայի ստեղծագործությունը, ինչպես նաեւ, որպես այդ գործերը ինչպես հարկն է ըմբռնելու եւ մեկնաբանելու հենք՝ ներկայացնել նաեւ էպիստոլյար ժանրերը՝ օրագրերն ու կարեւորագույն նամակները:

 

- Ձեւավորումը տպավորիչ է։ Գրքի կազմի գույնն ու տրամադրությունը բնորոշո՞ւմ, թե՞ հակադրվում է Կաֆկայի էությանը։

 

- Շնորհակալություն, իսկապես մեծ ջանք է թափվել, եւ երկար ենք մտածել ու աշխատել: Մտահղացումը Արմեն Մարտիրոսյանինն է, իրականացումը՝ Վիտալի Ասրիեւինը: Ասեմ ձեզ՝ շատերը չեն հավանել, որովհետեւ գուցե իր գրականության ներշնչմամբ՝ Կաֆկային հիմնականում պատկերացնում են սեւ ու մռայլ գույների մեջ, եւ, այսպես ասած՝ գունեղ ու պայծառ Կաֆկան խորթ է թվում: Այնինչ, կարծում եմ՝ Կաֆկայի ձգտումը հենց այդ պայծառությունն է, որին չհասնելու պատճառով է նրա գրականությունն արտաքուստ այդքան մռայլ:

Կաֆկա հինգհատորյակ Կաֆկա հինգհատորյակ

Լուսանկարը` Անտարես

Ուստի, այսպես ասեմ՝ ձեւավորումը Կաֆկայի գրականության այդ ձգտումը տեսնողների համար բնորոշում է գրողի էությունը, չտեսնողների համար՝ հակադրվում: Մյուս կողմից՝ երկու մոտեցումներն էլ մեզ համար ընդունելի են, այդ պատճառով էլ ընտրեցինք հենց այդ տարբերակը:

 

- Գրքի սեղմագրում ասվում է, որ նամակները Կաֆկայի գրականության օրգանական շարունակությունը կարող են համարվել։ Հատկանշական է, որ նամակներում եւս առկա են հոռետեսությունը, ես-ի պարտությունն ու ոչնչացումը, ինչպես որ երկերում։

 

- Ընդհանրապես՝ էպիստոլյար ժանրերը շատ առումներով կարող են յուրաքանչյուր գրողի գրականության օրգանական շարունակությունը համարվել, պայմանով, թե որքանով են այդ տարածությունում նրանք անկեղծ ու, այսպես ասեմ՝ անվախ: Պահել օրագիր ու գրել այդպիսի՝ երբեմն ինքնաոչնչացման հասնող նամակներ ու, ըստ ամենայնի, քաջ գիտակցելով, որ դրանք ընթերցվելու են մի օր ու շատ ֊շատերի կողմից, ուղղակի անկեղծության գերադրական աստիճան է եւ մեծ խիզախություն: Ուստի, այդ օրգանականությունը Կաֆկայի դեպքում եւ բնական է, եւ անխուսափելի: Մյուս կողմից՝ զգացվում է, որ նա, որքան էլ արտաքուստ անփույթ (հատկապես՝ օրագրերում), այնուամենայնիվ, ոճական եւ ասելիքային խնամքով է գրել իր օրագրերն ու նամակները, անգամ՝ «Գլուխս ցավում է» տիպի մտքերը: Այս հանգամանքն էլ դեր է խաղում այդ օրգանականությունը տեսնելու մեջ: Եվ այդ փոխկապակցվածությունը խոսում է հետեւյալի մասին՝ Կաֆկան չի կեղծում իր գրականության մեջ, իր համոզմունքների ու գաղափարների մեջ, եւ մյուս կողմից՝ այդ համոզմունքներն ու գաղափարները կենսափորձով են հաստատված: Իսկ եթե մի փոքր ավելի ընդհանրական նայենք հարցին՝ Կաֆկան տեղով գրականություն է՝ իր կերպարով, արարքներով, հարաբերությունների կառուցման ու խզման ձեւով: Նույնիսկ կարող էր ոչ մի տող գրած չլինել՝ ինքը գրականություն է, եւ անգամ այդ դեպքում կարող էր մեծ ազդեցություն թողնել: Այդ առումով՝ խնդրանքը՝ ոչնչացնել իր ստեղծագործությունները, իմ կարծիքով, իզուր ջանք էր գրականությունից դուրս մղվելու, եւ ըստ ամենայնի՝ Մաքս Բրոդը հենց դա է հաշվի առել ընկերոջ խնդրանքը չկատարելիս:

 

- Ֆելիցային գրած նամակում Կաֆկան ասում է, որ գրասենյակի ու գրականության գործերը անհամատեղելի են, մեկը խորք է տանում, մյուս՝ մակերես, ու շարունակ վերուվար ես անում։ Իսկ գուցե պարտադրված աշխատանքը կենսափո՞րձ է, որն իր արտահայտությունն է գտնում ստեղծագործություններում։

 

- Անշուշտ, բայց մի վերապահումով: Ոչ թե պարտադրված աշխատանքը, այլ Կաֆկայի ներքին հակվածությունը այդպիսի աշխատանքին: Հատկապես օրագրերում վկայագրված բազմաթիվ դրվագներ այդ են հուշում՝ անընդհատ ներքին մղումով լինել այնտեղ, որտեղ անհամատեղելիության գործոն կա, անընդհատ ձգտել հարաբերումի, շփումի, անգամ՝ սիրահարության այն մարդկանց հետ, որոնք անհամատեղելի են Կաֆկայի էությանն ու բնավորությանը:

Արքմենիկ Նիկողոսյանը Արքմենիկ Նիկողոսյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Իսկ Կաֆկայի հատկապես վեպերը հենց այդ մասին են: Եթե ուշադիր կարդանք, նրա հերոսները մշտապես հայտնվում են մի կետում, որտեղ դեռ կա հետդարձի հնարավորություն: Բայց նրանք միշտ շարունակում են առաջ գնալ, որովհետեւ նրանց գրավում է այդ անհամատեղելիության աբսուրդը, այդ տանջանքը նրանց դուր է գալիս՝ անկախ վերջնական ելքից: Իսկ ելք, ինչպես գիտենք, Կաֆկայի գործերում կարծես թե միշտ չկա: Նրա որոշ գործերի անավարտությունն էլ այդ ֆենոմենի դրսեւորումն է:

 

- Նամակներից մեկում Կաֆկան ասում է, որ «Դատավճիռը» անհնար է մեկնաբանել։ …Պատմությունը գերհագեցած է վերացականություններով, որոնք բացահայտման ենթակա չեն»։ Այս կերպ նա պարզապես խուսափո՞ւմ է բացահայտել իր գրվածքի շերտերն ու առնչությունները սեփական անձի հետ։

 

- Կաֆկայի հոգեբանական անկայության պատճառներից մեկն էլ, իմ կարծիքով, դա է՝ մշտապես մտածել, որ ինչ-որ բան այնպես ես վերացականացրել, որ դժվար բացահայտելի է, բայց մյուս կողմից՝ դա նաեւ չափազանց բացահայտ է: Գուցե խուսափում էր, բայց դա նրան չի հաջողվել: Ամեն դեպքում՝ օրագրերն ու նամակները գալիս են առարկայաբար ի ցույց դնելու այն ամենը, ինչը նա իր գրականության մեջ փորձել է վերացականացնել:

 

-Հորը գրած նամակում ասում է․ «Սեփական ոչնչությանս գիտակցումը, որը հաճախ տիրում է ինձ…, զգալի չափով քո ազդեցության արդյունքն է»։ Իրականում, Կաֆկայի կոնֆլիկտը հոր հե՞տ էր, թե՞ միջավայրի, ժամանակաշրջանի, իրականության, հրեականության, ի վերջո, ինքն իր հետ։

 

- Իմ կարծիքով՝ նախեւառաջ իր հետ, բայց այդ «իր հետ»-ը ձեր թվարկած մյուս հանգամանքների հանրագումարն է: Հանրահայտ խոսք կա, չէ՞, Կաֆկայի մասին՝ ազգությամբ հրեա էր, ծնվել էր Չեխիայում, ապրում էր Ավստրիայում, գրում էր գերմաներեն… Այստեղ այդ ամբողջ կոնֆլիկտը կա, եթե հարցին շատ խորքային նայենք:

 

- Մաքս Բրոդին գրած նամակներում տեսնում ենք, որ իրականում նա սիրում էր կյանքը։ «Սարսափելի կերպով վախենում ես մահանալուց, քանի որ դեռ չես ապրել»։ «…Կարող էի ապրել, բայց չեմ ապրում…»։ «Այն ինչ ինձ խաղ էր թվում, պարզվեց՝ իրականություն է։ Գրելով չկարողացա փրկվել։ Ամբողջ կյանքում մեռնում էի, իսկ այժմ կմեռնեմ իրականում»։

 

- Ես էլ միշտ այն տպավորությունն եմ ստացել, որ նա շատ էր սիրում կյանքը, բայց իր պատկերացրածը, իր ուզածը: Նա կյանքի իր պատկերացումն ուներ, որ տարբեր էր բոլորից, եւ այդ պատճառով էլ ծնվում էին այն անթիվ֊-անհամար խնդիրներն ու կոնֆլիկտները, որ կային նրա կյանքում: Անընդհատ դժգոհելը, անընդհատ քննադատելը հենց դրա՝ կյանքը սիրելու, բայց այդպես էլ իր ուզած կյանքը չապրելու եւ չտեսնելու մղումից է:

 

- Գերմանալեզու գրականության մեջ նրա գործերը աշխարհում ամենաընթերցվողներն են։ Ի՞նչն է հատկապես գրավում ընթերցողին։

 

- Կարծում եմ՝ գրավում է նախեւառաջ Կաֆկայի՝ աշխարհը, մարդկանց, կյանքը, նույնիսկ տներն ու տանիքները այլ կերպ տեսնելու եւ դրա մասին պատմել համարձակվելու, չեմ վախենա ասել՝ մոլեգին կիրքը: Ուղղակի անհնար է Կաֆկա կարդալ եւ հաջորդ օրը նույն կերպ ու նույն հայացքով նայել իրերին ու երեւույթներին: Նա բացահայտում է գոյություն ունեցող, բայց դժվար, անհնարինության աստիճան դժվար տեսանելի գույներ, ձեւեր, հարաբերություններ, շփումներ, եւ հետո քեզ է օգնում այդպես տեսնել: Դա ճիշտն ասած՝ բնավ չի հեշտացնում ընթերցողի կյանքը, ավելին՝ ծանրացնում է: Բայց գուցե մեր մեջ էլ, ինչպես Կաֆկայի մեջ, ներքին մղում կա դեպի անհամատեղելիությունները: Ու դրանով ենք գրավվում:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին