Թոմաս Մանի վեպը եւ հեղափոխությունը՝ որպես հորմոն հասարակության համար - Mediamax.am

exclusive
1687 դիտում

Թոմաս Մանի վեպը եւ հեղափոխությունը՝ որպես հորմոն հասարակության համար


Դրվագ «Բուդենբրոոկներ» թատերական ներկայացումից
Դրվագ «Բուդենբրոոկներ» թատերական ներկայացումից
Հակոբ Մովսեսը
Հակոբ Մովսեսը

Լուսանկարը` Կարեն Անթաշյան/Գրանիշ

Թոմաս Մանը
Թոմաս Մանը
Թոմաս Ման գրքի շապիկ
Թոմաս Ման գրքի շապիկ

Գերմանացի ականավոր գրող, Նոբելյան մրցանակակիր Թոմաս Մանի «Բուդենբրոոկներ. մի ընտանիքի անկումը» վեպը (1922) առեւտրական տան չորս սերունդների կյանքի նկարագրություն է։ Գերմաներենից թարգմանել է Հակոբ Մովսեսը։ Լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը։ Զրուցել ենք թարգմանչի հետ:

 

- Մանը Նոբելյան մրցանակի արժանացել է ա՞յս վեպի համար։ Առհասարակ, ի՞նչ արձագանք է գտել գիրքը։

 

- Այո, թեեւ բավականին ուշ, սակայն այս վեպի համար։

Թոմաս Մանը Թոմաս Մանը

 

Հետագայում Թոմաս Մանը, իհարկե, ստեղծեց նորանոր գլուխգործոցներ (որոնց շարքում առանձնահատուկ է «Հովսեփը եւ նրա եղբայրները». կուզենայի այն թարգմանված տեսնել հայերեն, որ հայ ընթերցողը պատմության, անցյալի եւ վերջինիս հետ ներկայի կապի ընդլայն գիտակցություն ունենար), սակայն այս վեպը Եվրոպայում լայն տարածում ունեցող «ընտանեկան ժամանակագրության» թերեւս անգերազանցելի մի նմուշ է։ Այն մինչ օրս Եվրոպայում ամենաընթերցվողներից է։

 

- Ձեր թարգմանությամբ՝ «Բուդենբրոոկներ»-ը առաջին անգամ լույս է տեսել 80-ականներին։ Թարգմանությունը վերանայելու, խմբագրելու կարիք կա՞ր։

 

- Ես այն թարգմանել եմ 20- 21 տարեկանում, հիմա երբ նայում եմ՝ շատ դժգոհ չեմ։ Խմբագրական աննշան շտկումներ եմ արել։

 

- Ի՞նչ կարող է տալ առեւտրական տան պատմությունն այսօրվա ընթերցողին՝ բացի ընթերցողական հաճույքից (խորհրդային ընթերցողի ընկալումները գուցե մի փոքր այլ են եղել):

 

- Դա հոգեբանական վեպ է, իսկ այսօրվա կամ երեկվա ընթերցող գոյություն չունի։ Գոյություն ունի ցածր եւ բարձր մակարդակի ընթերցող, իսկ եթե դուք նկատի ունեք հայ ընթերցողին, նրա շառավիղը, հենց թեկուզ միայն մեր երկրում հումանիտար կրթության գրեթե բացակայության պատճառով, ցածր է։

Հակոբ Մովսեսը Հակոբ Մովսեսը

Լուսանկարը` Կարեն Անթաշյան/Գրանիշ

Ինչ վերաբերում է  «խորհրդային» տերմինին, ապա իմաստը, որը դուք դնում եք նրա մեջ, նույնն է․ պարզապես այն ժամանակվա «սոցռեալիզմի» մեթոդիկան փոխարինվել է «սոցէրոտիզմի» մեթոդիկայով, բայց երկու դեպքում էլ անմակարդակ ընթերցողի համար ելակետը «սոց»-ն է։

 

- 100-ամյա ընկերության վերելքի պատմությունը վերածվում է անկման պատմության։ Ո՞րն է գլխավոր պատճառը՝ քաղաքական, տնտեսական պայմանների փոփոխությո՞ւնը, ընտանիքի սխալ հաշվարկնե՞րը, թե՞ ճակատագրի խաղը։

 

- Վեպը ոչ անքան հասարակական, քաղաքական եւ սոցիալական միջավայրի ու դրդապատճառների մասին է, որքան հոգեբանական։ Վեպում ընտանիքի ողջ անկումը տեղի է ունենում նախ եւ առաջ գիտակցության եւ պատկերացումների մեջ։ Տոնին, Քրիստիանը, ի վերջո վեպի՝ ինձ համար անենախոսուն կերպարը՝ Հաննո Բուդենբրոոկը, մինչեւ իրենց տան կործանումը՝ վաղուց կործանված ու մեռած են։

 

- Բուդենբրոոկները նախատիպ ունե՞ն։

 

- Ունեն։ Թերեւս, հեղինակի ընտանիքը։

 

- Թատրոնը, երաժշտությունը, արվեստը համարվում են ավելորդ, անարժեք։ Առեւտրականների այս մոտեցումն ինչո՞վ է բացատրվում։

 

- Հենց առեւտրականությամբ։ Ընդհանրապես հասարակության անկումը (եկեք այսօրվա եզրույթով ասենք՝ կոռուպցիան), սկսվում է ձեր ասած «թատրոնից, երաժշտությունից եւ արվեստից»։

Թոմաս Ման գրքի շապիկ Թոմաս Ման գրքի շապիկ

 

Ավելին՝ երբ դրանք փոխարինվում են իրենց սուրոգատներով, ինչը դեռ հռոմեացի մեծ սատիրիկը կոչել է «հաց եւ թամաշա», միայն թե վերջին բառին այսօր «շոու» են ասում։

 

- «- Է՜, պարոն կոնսուլ, ես արդեն ասացի, մենք հանրապետություն ենք ուզում, ահա թե ինչ ենք ուզում։

- Ա՜յ, քեզ հիմար, բայց առանց այն էլ ախր մեզ մոտ հանրապետություն է։

- է՜, պարոն կոնսուլ, ուրեմն մեզ, եթե այդպես է, ուրիշ բան է պետք»։

 

Սա բնորոշում է հեղափոխություններին սատարող պարզ մարդկա՞նց, որոնց ծերուկ Կրյոգերը «խուժանը» բնորոշումն է տալիս։

 

- Հեղափոխությունները արհեստական լուծումներ են, հեղափոխությամբ կերակրվող հասարակությունները նման են այսօր մեր խանութներում վաճառվող իշխան ձկներին, որոնք կերակրվում են հորմոններով։ Հեղափոխությունը հասարակություններին տրվող հորմոն է։ Գուցե սա է ուզում ասել հեղինակը։

 

-Մանի դիրքորոշումը, քաղաքական հայացքները նկատելի՞ են գրքում, թե՞ նա զուտ վավերագրում է վերնախավի կյանքը, աշխատավոր դասակարգի ըմբոստացումները, նոր դարաշրջանի սկիզբը։

 

- Մանի դիրքորոշումը գոյաբանական է, որի լույսի տակ էլ ձեր ասած բոլոր հասկացությունները մեկնաբանվում են։

 

- Հարուստ առեւտրականի հետ ամուսնությունը Տոնին համարում է իր պարտքը ընտանիքի ու առեւտրական տան հանդեպ, բնավորության այս կամ այն գիծը՝ ընտանիքից ստացած ժառանգություն։ Կարելի՞ է ասել, որ ընտանիքի ավագ դուստրը՝ Տոնին, վեպի ամենաընդգծված ու առանցքային կերպարն է։ Նա ե՛ւ հիացնում է, ե՛ւ հիասթափեցնում։

 

- Նա ապրում է դժբախտության իր բաժինը, որն արդյունք է սնապարծության, ունայնամտության, չնչին բաների ավելորդ խանդավառության... Նրա հակադրությունը Հաննոն է։ Ինձ համար վեպի ողջ ասելիքը կենտրոնացված է այդ փոքրիկ Բուդենբրոոկի մեջ, որը չի ուզում ապրել։

 

- Թոմաս Բուդենբրոոկի չորս ատամների քայքայումը կարծես խորհրդանշում է չորս սերունդների անկման պատմությունը։  «Ինչ տեսք ուներ նա, երբ նրան տուն բերեցին։ Ամբողջ կյանքում փոշեհատիկ անգամ չէիր տեսնի նրա վրա։ Սա ծաղրուծանակ է, սա ստորացում է, որ վերջն ահա այսպես եղավ»։ Սա Տոնիի արձագանքն է։ Թվում է՝ մահն էլ պիտի իրենց անվանը վայել լիներ, բայց «հավասարության» նշան է դրվում։

 

- Այ, տեսնում եք, դուք ձեր ընթերցողական մեկնաբանությունն եք անում, ինչը շատ լավ է. իրոք, դա վեպ է անկասելի վերջի մասին, որը վրա է հասնում, երբ այլասերվում է կյանքը, սերը, զգացմունքը, սնունդը, ընկերությունը, փողը, սեքսը...

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին