Աննալների դպրոցի փորձառությունն ու առաջադրած հարցերի արդիականությունը - Mediamax.am

exclusive
2526 դիտում

Աննալների դպրոցի փորձառությունն ու առաջադրած հարցերի արդիականությունը


Սմբատ Հովհաննիսյանը
Սմբատ Հովհաննիսյանը

Պատմական գիտությունների թեկնածու Սմբատ Հովհաննիսյանի հետ զրուցել ենք նրա «Աննալների դպրոցը եւ պատմության գրության կերպերը» մենագրության մասին։ Գիրքը նվիրված է 20-րդ դարի արեւմտյան պատմագիտության մեջ բեկում մտցրած ֆրանսիական Աննալների դպրոցի պատմությանը։ Լույս են ընծայել «Սարգիս Խաչենց» եւ «Փրինթինֆո» հրատարակչությունները։

 

- Մենագրության մեջ փորձել եք համապարփակ ներկայացնել Աննալների դպրոցի չորս սերնդի ներկայացուցիչներին ու նրանց հայեցակարգերը։ Ձեր անդրադարձը պայմանավորված է աննալականների՝ պատմագիտության մեջ թողած հետագծի կարեւորությա՞մբ, թե՞ մեր պատմագիտության մեջ եղած բացերով։

 

- Ձեր հարցի մեջ արդեն կա պատասխանի ուրվագիծը․ թե՛ պատմագիտության ունեցած կարեւորությունը եւ թե՛ մեր պատմագիտության մեջ եղած բացը նկատի ունենալով, բայց եւ չհավակնելով այդ բացերը սպառիչ ներկայացնելուն, թեպետ մենագրությունը ամփոփում է Դպրոցի ամբողջ տեսական ժառանգությունը։ Միեւնույն ժամանակ՝ հայ պատմագիտական միտքը վերարժեւորելու ներքին ցանկությամբ, այսինքն՝ մի կողմից՝ հասկանալու, թե ինչ է կատարվել ցայժմ աշխարհում, մյուս կողմից՝ հասկանալու, թե մեր պատմագիտությունը որտեղ է։ Մեր դեպքում հատկապես կարեւոր է աննալականների պայքարը պատմագիտության մեջ հաստատված այն ձեւի կամ բովանդակության դեմ, որտեղ գերակշռում էր քաղաքական պատմությունը։ Մի բան, որը «զարմանալիորեն» մինչ օրս դեռ ակտիվ է հայ պատմագիտության մեջ, ընդ որում՝ հենց Աննալների դպրոցի կողմից քննադատված քաղաքական պատմությունը եւ ոչ թե 20-րդ դարի վերջերի, այսպես կոչված, «վերադարձած քաղաքական պատմությունը»։ Եվ հարկ է նկատի ունենալ Դպրոցի ջանքերը՝ զարգացնելու նոր, ավելի խնդրակենտրոն-մարդակենտրոն պատմական գրություն՝ սերտ համագործակցելով այլ հասարակական եւ հումանիտար, անգամ բնական գիտությունների հետ, ակտիվացնելով միջգիտակարգային համագործակցությունը, որը մեզանում եւս պակասում է: Այդպիսի համագործակցությունը կարող է բերել մեծ հաջողությունների, ընդլայնել պատմության տիրույթը՝ ներկայացնելով նոր թեմաներ, նոր սկզբնաղբյուրներ եւ նոր հարցադրումներ:

Սմբատ Հովհաննիսյանը Սմբատ Հովհաննիսյանը

 

Բանն այն է, որ անցյալի իրականությունը ներառում է ոչ միայն պատերազմները, մեծ մարդկանց (թագավորներ, զորավարներ եւ այլն), քաղաքականությունը եւ պետությունները, այլեւ տնտեսական ասպեկտներ, ինչպիսիք են հողի սեփականությունը, գյուղատնտեսությունը, առեւտուրը, սոցիալական ասպեկտներ, ինչպիսիք են ազնվական-ավատատերերը, գյուղացիները եւ բանվորները, նրանց աստիճանակարգային հարաբերությունները, մշակութային ասպեկտներ, ինչպիսիք են առտնին կյանքը (առօրեականություն), կրոնականությունը, մտայնությունը եւ այլն, եւ այլն: Մի խոսքով՝ պատմական իրականությունը շատ ավելի բարդ է, քան զուտ քաղաքական հարցերը:

 

Այսպիսով՝ Աննալների դպրոցի փորձառությունը հատկապես կարեւոր եմ համարում, քանի որ այս Դպրոցի առաջադրած հարցերը հույժ արդիական են նաեւ մեր օրերում եւ փոխում են մեր պատկերացումներն անցյալի եւ այն մասին, թե ինչպես ենք մենք հասել այստեղ: Մի բան, որին անհնար է հասնել մեկ եւ անգամ մեկ տասնյակի հասնող հետազոտություններով:

 

 - Նշում եք․ «Հայ պատմագետների ճնշող մեծամասնությունը համեմատաբար մեկուսացած է մնացել հետարդիական շրջադարձից հետո պատմական գիտելիքների կարգավիճակի շուրջ ծավալած բանավեճերից․․․»։ Ինչո՞վ է պայմանավորված այս բացը։

 

- Նախ 19-րդ դարի վերջին- 20-րդ դարի սկզբին հայ պատմագիտական միտքը զբաղված էր բոլորովին այլ թեմաներով եւ հիմնականում չէր հաղորդակցվում համաշխարհային պատմագիտական տեսական մտքի հետ։ Գերակայող էին քաղաքական պատմությունը, իրադարձային պատմությունը՝ իրողություններ, որոնց ժխտմամբ, իսկ ապա վերարժեւորմամբ պատմական ասպարեզ մտան աննալականները։ Հետո արդեն խորհրդային անցյալն է, որը «զարմանալիորեն» դեռ շարունակվում է։ Իսկ եթե ինչ-ինչ բաներ արվել են, ապա այնքան քիչ, որքան կաթիլը ծովում։ Էլ չեմ ասում այն, որ արվածը հետագայում չի վերարժեւորվել․․․ Համալիր վերարժեւորում չկա։ Ընդ որում՝ հայ պատմագիտական միտքը չի վերարժեւորվել ոչ միայն հայկականի համատեքստում, այլեւ համաշխարհայինի։ Այնինչ վերարժեւորմամբ հնարավոր կլինի նաեւ բացերի մոտավոր քարտեզագրումն անել։ Բանն այն է, որ երբեմն էլ, մանավանդ մեր օրերում, արվում են բաներ, որոնցից տեղյակ չեն ոչ միայն հարակից գիտակարգերի մասնագետները, այլեւ հենց նույն գիտակարգի ներկայացուցիչները։

 

Իսկ ընդհանրապես եղած բացերը լրացնելու լավագույն ճանապարհը պատմագիտական բազմաթիվ տեքստերի թարգմանությունն է, քանի որ եթե անգամ ունենանք շատ մասնագետներ, միեւնույն է՝ այդ բացը հնարավոր չէ լրացնել մեր ուժերով։ Հարկավոր են համաշխարհային մտքի լավագույն ստեղծագործությունների թարգմանություններ, որոնցով եւ՛ բացը հնարավոր կլինի ինչ-որ կերպ լրացնել, եւ՛ պատմագիտական բարդ իրողությունները մտածելի դարձնել հայերեն։ Այդպես, միայն այդպես հնարավոր կլինի պատմությունը որպես որոշակի ժամանակի յուրացում, այլ ոչ թե անփոփոխ հարաբերությունների ամբողջություն ըմբռնելը:

 

- Աննալականներն առաջնորդվում էին փոխակերպության անհրաժեշտությամբ։ Փոխակերպման ու «գիտական մտքի հեղաբեկման» անհրաժեշտությունը պայմանավորված է աշխարհում տեղի ունեցող խոշոր տեղաշարժերո՞վ։

 

- Մեծ հաշվով դրանք փոխպայմանավորված իրողություններ են․ փոխակերպումն ու փոխակերպության անհրաժեշտությունը տանում են նոր տեղաշարժերի, եւ հակառակը։ Եվ, թերեւս, փոխակերպման այդ ճկունությամբ էլ պայմանավորված էր Դպրոցի տեւականությունը մինչեւ Բեռնար Լըպտի, որի անժամանակ մահվամբ Դպրոցի այլացումը դարձավ անհնար։ Վերջինս աննալական վերջին խոշոր տեսաբան էր, որը 1989-1996 թթ․ ներմուծեց «քննադատական շրջադարձի» նախագիծը՝ յուրօրինակ վերականգնողական ազդակ, որը մնաց անավարտ։

 

Այստեղ հարկ եմ համարում նշել, որ Դպրոցը, ինչպես շատերն են թյուրիմացաբար կարծում, բնավ էլ չէր ընթանում ինչ-որ նախապես մշակված «կաղապարի» համաձայն։ Իրականում Աննալների դպրոցում առկա են տարասեռ շերտեր, շեշտադրումներ, հետաքրքրություններ եւ անգամ հակադրություններ։ Խմբում մի քանի սերունդներ են ներգրավված ՝ միաժամանակ չնույնանալով, չհամընկնելով միմյանց: Այսինքն՝ Աննալների դպրոցը միատարր խումբ չէ, այլ ներքուստ ավելի բազմազան։ Մի բան, որը Դպրոցի ներկայացուցիչներին, հետեւաբար եւ Դպրոցին անընդհատ այլանալու հնարավորություն էր տալիս։ Պատահական չէ, որ սկսած հիմնադիր հայրերից՝ Ֆեւրից եւ Բլոկից, աննալականները «դպրոց» եզրույթի փոխարեն նախընտրում էին կիրառել «շարժումը»։ Ես իմ մենագրության մեջ, հետեւելով ավանդույթին, կիրառել եմ «Աննալների դպրոց» ձեւակերպումը, բայց հարացույցի իմաստով, քանի որ Դպրոցը համագործակիցների եւ համախոհների մի ինքնօրինակ ցանց էր, որտեղ գնահատվում էր յուրաքանչյուրի անհատական տարբերությունը։

 

- «Անցյալի ու ներկայի երկխոսությունը» ենթադրում է նոր ժամանակից բխող մոտեցում կամ հայացք պատմական անցյալի՞ն։ Ստացվում է՝ պատմությունը շարունակ վերարժեւորելու կարի՞ք ունի։ Օրինակ՝ 2020-ից հետո փոխվե՞լ են մեր պատմագիրների առջեւ դրված խնդիրները։  

 

- Բանն այն է, որ պատմությունն անընդհատ այլացման մեջ գտնվող գործընթաց է, հետեւաբար պատմագիտությունն էլ անընդհատ այլացման մեջ գտնվող գիտակարգ է: Ուստի որպեսզի մենք իսկապես հասկանանք արագ փոփոխությունները, որոնց ականատեսն ենք այսօր, եւ մեկնաբանենք դրանք, մենք պետք է հաստատենք հեռացող անցյալի, ներկայի եւ արագ ձեւավորվող ապագայի փոխկապակցվածությունը: Ե՛վ գիտության, եւ՛ տեխնոլոգիայի մեջ յուրաքանչյուր նորարարություն կառուցված է անցյալի գյուտերի ու տեսությունների հիման վրա, նոր զարգացումները հիմնվում են հների վրա եւ այդպես շարունակ: Այստեղից էլ՝ պատմության անընդհատ վերարժեւորման անհրաժեշտությունը եւ պատմության հույժ կարեւոր լինելը։ Մանավանդ որ վերջինս կարող է օգնել մեզ մոտարկել ընթացիկ իրադարձությունների արդյունքները, սահմանել մեր ինքնությունը, տալ մեզ ավելի լավ պատկերացում տարբերությունների մասին, ի վերջո, հասկանալ փոփոխությունները: Եվ այս դիտանկյունից կարող եմ պնդել, որ այո՛, 2020-ից հետո փոփոխվել են մեր պատմագիտության առջեւ դրված խնդիրները․ հին մոտեցումներով այլեւս անհնար է առաջ գնալ, ուղղակի անհնար է։ Մանավանդ եթե ուզում ենք հասկանալ, թե ինչ էր կատարվել եւ ինչ կատարվեց մեզ հետ եւ էլ ինչ կարող է կատարվել։

 

- Գրքում ասվում է, որ Անրի Բերրի պատմական համադրությունը թույլ է տալիս մարդուն պարզաբանել «եւ՛ իր ծագման, եւ՛ ապագայի առեղծվածը»։ Պատմական փաստերի ընդգրկունությունը, իրադարձությունների արտաքին եւ ներքին նկարագրությունները, պատճառականության որոնումն ապահովագրո՞ւմ են հանրությանը անցյալի սխալների կրկնությունից։

 

- Հակառակ դեպքում պատմագիտության անհրաժեշտությունը չէր լինի։ Հատկապես երբ պատմաբանները ոչ միայն պատմում, այլեւ քննադատում են այն հասարակությունները, որտեղ ապրում են, անգամ կասկածի տակ են դնում մարդկանց բարոյականությունն ու էթիկական արժեքները։ Նրանք պետք է անընդհատ եւ միշտ ոչ միայն վերակառուցեն, այլեւ կասկածի տակ դնեն պատմության ըմբռնման ստատուս քվոն՝ գոյություն ունեցող պայմաններն ավելի ու ավելի խորը հասկանալու, այդպիսով՝ վաղվա օրվան ավելի մերձենալու կամ նույնիսկ վաղվա օրը հիմնարկելու համար:

 

Իսկ ինչ վերաբերում է կրկնություններին, ասեմ, որ պատմության մեջ կրկնություններ չկան։ Պատմությանը հատուկ են միտումները, որոնք եւ ուսումնասիրում է պատմագիտությունը։ Եվ այդ ուսումնասիրությունները միտված են մի կողմից՝ դրանք կառավարելի դարձնելուն, մյուս կողմից՝ դրանց միջոցով ցանկալի սցենարներ մշակելուն։ Մեկ անգամ էլ ասեմ՝ պատմությունը չի կրկնվում, կրկնվում են մարդկանց մշակած սցենարները, բայց անգամ այդ կրկնության մեջ գերակայող են մնում միտումները։ Հետևաբար` պատմությունը սովորեցնում է մեզ միշտ հաշվի առնել անցյալի իրադարձությունները՝ մանեւրելու համար ներկայում եւ ապագայում, այդպիսով՝ խուսանավել պարտադրված կրկնությունից: Ուստի անգամ այդ կրկնության մեջ այլընտրանքն անխուսափելի է։ Պատմագիտությունն այդ առումով նաեւ այդ այլընտրանքները տեսնելու եւ վերարժեւորելու արվեստ է։ Եվ այդ ճանապարհին ոչ միայն հնարավոր չէ դասեր քաղել չափազանցված, կեղծ հայրենասիրական հանդերձավորմամբ մատուցված պատմությունից, այլեւ այն նույնիսկ վտանգավոր է եւ կործանարար։

 

Ընդհանրացնելով կարող եմ ասել, որ անցյալի ուսումնասիրությունը թերեւս առաջին քայլն է ապագա «կրկնություններից» խուսափելու համար, քանի որ այդ հետազոտությունները մեզ հնարավորություն կտան կանխարգելման կամ գոնե մեղմացման արդյունավետ միջոցներ գտնել: Պատմության քննադատական ըմբռնումը մեզ նաեւ հնարավորություն է տալիս մտածելու, որ եթե անգամ չկարողանանք ամբողջությամբ կանխել աղետը, բայց կկարողանանք գոնե նվազեցնել դրա հավանականությունը: Մի խոսքով՝ պատրաստ կլինենք ապրելու դրանց հետ։

 

- Ֆեւրն ասում էր, որ «Աննալները փոխվում են, քանի որ նրանց շուրջ փոխվում է ամեն ինչ՝ մարդիկ, իրերը, միով բանիվ՝ աշխարհը»։ Ըստ այդմ՝ որո՞նք են 21-րդ դարի պատմագրության մարտահրավերները։

 

- Հարկավ, հարցի պատասխանը կարող է տարբերվել քսաներորդ դարի պատմաբանների, այդ թվում՝ այդ փուլում աննալականների տված պատասխաններից։ Մանավանդ եթե խոսքը հայ պատմագիտության մասին է, որը միանգամից հայտնվել է քաղաքակրթական ճեղքվածքներում՝ հետխորհրդայինի, հետգաղութայինի եւ հետարդիականի միջեւ։  Հետեւաբար հայ պատմագիտության առջեւ ծառացած մարտահրավերները նաեւ տարբեր են համաշխարհային պատմագիտական մտքի առջեւ ծառացած մարտահրավերներից։

 

Ապագայի ոչ մի պատմաբան չի կարող այլեւս շրջանցել միջգիտակարգային համակցությունները, միջգիտակարգայնությունը․ նա պետք է լինի նաեւ գրագետ տնտեսագետ, հոգեբան, մարդաբան, սոցիոլոգ, աշխարհագրագետ, քաղաքագետ, իրավաբան եւ այլն: Ինչպես նաեւ պատմաբանները չպետք է լինեն անցյալից վերցված առանձին խնդիրների վերլուծաբաններ, այլ շարժման մեջ գտնվող աշխարհները (օրինակ՝ այնպիսի բարդ, անկանխատեսելի եւ անցողիկ աշխարհներ, ինչպիսին մերն է) ներկայացնող մեկնաբաններ: Պատմաբանը պետք է նորովի պատմի այն պատմությունը, թե ինչպիսին է եղել անցյալի այս կամ այն աշխարհը, ինչպես այն դադարեց լինել այն, ինչ կար, կամ ինչպես այն մարեց եւ տարրալուծվեց ուրիշ աշխարհների մեջ եւ այլն։ Առօրեական չնչին թվացող մանրուքից մինչեւ ամենավեհ իրողությունների համադրումն օգնում են հասկանալու, թե ինչպես ենք մենք դարձել այնպիսին, ինչպիսին կանք՝այդպիսով ընդլայնելով մեր անմիջական փորձառության սուղ շրջանակը:

 

Մի խոսքով, չնայած առկա բարդագույն մարտահրավերներին՝ այդուամենայնիվ պատմության անհրաժեշտությունն այսօր անբեկանելի է․ դեռ շատ հեռու է այն դարը, երբ կարելի կլինի ապրել առանց պատմության։

 

- Պատմագրի լեզվի, մատուցման ձեւի, ոճի մասին չխոսեցինք։ Ասում էիք՝ պատմագրությունը գիտական արձակ է․․․

 

- Ոճն ինքնին ձեւի ու բովանդակության ինքնօրինակ համակցություն է, որտեղ լեզուն հույժ կարեւոր է։ Պատմաբանի լեզուն պակաս կարեւոր չէ, քան ստեղծագործական այլ լեզուները։ Մանավանդ որ պատմագիտությունը գնալով նմանվում է առասպելական կենտավրոսին, որը միավորում է ներհակ իրողություններ։ Ինձ համար պատմագիտության ոճը մի կողմից՝ երկիմաստություն է, որը միաժամանակ հաղորդում է տեղեկույթ-իմաստ եւ ինտելեկտուալ բավականություն, մյուս կողմից՝ կրկնակի տեսարան, որը բացված է թե՛ ճշմարտությանը, թե՛ գեղեցկությանը։ Ահա թե ինչու պատմագիտությունը բազմիցս մերժվել է իբրեւ գիտություն եւ ավելի շատ համարվել է արվեստ։ Մինչդեռ իրականում պատմությունը թե՛ արվեստ է, թե՛ գիտություն, եւ դա նրա առանձնահատկություններից ամենաուշագրավն է։ Այն կարող է օգտագործել այլ հասարակական, հումանիտար եւ անգամ բնագիտական գիտությունների մեթոդները, բայց եւ մնալ պատմագիտություն։ Այն կարող է օգտագործել վարկածներ, տեսություններ եւ մոդելներ ճիշտ այնպես, ինչպես մյուս գիտակարգերն են անում, բայց եւ պահպանել այնպիսի որակներ, որոնցով այն գիտություն է եւ միաժամանակ արվեստ: Ի վերջո պատմությունն այն ամենն է, ինչ եղել է անցյալում, կա եւ կարող է լինել։ Եվ այդու՝ պատմությունը եւ ոճը միմյանցից անբաժան են, պատմություն պատմել-գրելն արդեն իսկ ենթադրում է ոճ։

 

Այսպիսով՝ մենագրությունս էլ ունի բավականին ոճական լուծումներ, դիցուք՝ նախադասությունների կառավարում, հռետորական միջոցների կիրառում, պատումի ռիթմ, բառերի կամ եզրույթների վերաիմաստավորում եւ այլն:

 

- Ի՞նչ աշխատանք է պահանջել մենագրությունը՝ ժամանակի, հետազոտությունների, դժվարությունների հաղթահարման առումով։

 

- Ամենադժվար խնդիրը թեմայի վերաբերյալ գրականություն հայթայթելն էր։ Երբ սկսեցի զբաղվել Աննալների դպրոցի տեսական ժառանգությամբ, բացի մի քանի ռուսերեն հոդվածներից եւ խորհրդային-մարքսիստական գաղափարաբանությամբ գրքերից, ուրիշ ոչինչ չկար ձեռքիս տակ։ Համացանցն էլ այդ ժամանակ (2006/2007 թթ․) դեռ նոր էր լցվում թեմային առնչվող նյութերով։ Իսկ աննալականների հրատարակվող հանդեսի (LesAnnales) էլեկտրոնային համարները վճարովի էին եւ բավականին թանկ, մինչդեռ այսօր դրանք հասանելի են եւ անվճար։

 

2007 թ․ հնարավորություն ունեցա լինել Ստրասբուրգում եւ Կլեբերի գրախանութից երկու տասնյակից ավելի գրքեր գնեցի։ Դրանք Աննալների դպրոցի (Դոսսի, Բյուրգիերի եւ այլոց) մասին գրքեր էին կամ դպրոցի ներկայացուցիչների (Բրոդել, Լը Գոֆֆ, Դյուբի եւ այլն) գրքերից։ Հարկավ, խնդիրը դրանով չլուծվեց․ մինչեւ գրքի լույսընծայումը գրքեր էի պատվիրում Ամազոնից՝ եղած բացերը հնարավորինս լրացնելու համար։

 

Հետազոտության ոչ պակաս դժվար կողմերից էր եւ այն, որ հարկ էր մանրակրկիտ կերպով ուսումնասիրել հեղինակներից յուրաքանչյուրի մոտեցումները, դրանց կերպափոխությունը ժամանակի ընթացքում։ Էլ չեմ ասում դրանք միմյանց համադրելը։ Գումարած նաեւ տեսական ինչ-ինչ հարցերի վերաբերյալ ֆրանսիացի, ամերիկացի, գերմանացի, անգլիացի եւ այլ պատմագետների քննադատությունները։

 

- Նշում եք, որ սույն հետազոտությունը չի հավակնում լինել ո՛չ բացառիկ, ո՛չ էլ սպառիչ։ Ենթադրվում են մասնագիտական քննարկումներ եւ Աննալների դպրոցին առնչվող նո՞ր հետազոտություններ։

 

- Երկուսն էլ, քանի որ Աննալների տեսական բազան այնքան հարուստ է, որ մի քանի տասնյակ հետազոտությունների շրջանակում իսկ հնարավոր չէ դրանք պարառել, էլ ուր մնաց սպառիչ վերլուծել-ներկայացնել։ Ավելի հստակ՝ այո, նոր հետազոտություններ սպասվում են։ Մտածում եմ Դպրոցի մի քանի ներկայացուցիչների մասին մենագրություններ գրել, դիցուք՝ Ֆեւրի, Բլոկի եւ Բրոդելի։ Բայց դա զուգահեռաբար․ քանի որ այս մենագրության մեջ, թեկուզ ընդհանրականորեն, արդեն ինչ-որ բան արված է, հարկավոր է նաեւ արդի պատմագիտական այլ խնդիրներ եւս վերամտածել ու մտածել հայերեն։

 

- Մինչ այս անդրադարձել էիք Աննալների պատմագիտական դպրոցի հիմնադիր հայրերից մեկի՝ Մարկ Բլոկի «Պատմության պաշտպանական, կամ Պատմաբանի արհեստը» անավարտ կոթողային աշխատությունը։ Ո՞րն է լինելու Ձեր հաջորդ աշխատանքը։

 

- Ճիշտն ասած՝ դժվար է ասել, թե որը կլինի հաջորդը, սակայն «Սարգիս Խաչենց» եւ «Փրինթինֆո» հրատարակչությունների հետ արդեն առանձնացրել ենք մի քանի գրքեր եւ մի քանի նախագծեր, որոնք հույս ունեմ, որ առաջիկա տարիներին հնարավոր կլինի կենսագործել։

 

Դպրոցի ներկայացուցիչների մենագրություններից ընթացքի մեջ են Ժակ Լը Գոֆֆի ստեղծագործություններից երկուսը, ինչպես նաեւ Ֆիլիպ Արիեսի ստեղծագործություններից մեկը։ Երկու դեպքում էլ գործ ունենք հույժ կարեւոր եւ արդիական տեքստերի հետ, որոնց անհրաժեշտությունը հայ պատմագրության մեջ եւս կա, մանավանդ իբրեւ հետազոտական հարացույցի։ Հեռանկարում հատկապես շատ կուզենայի, որ հրատարակվեին Լյուսիեն Ֆեւրի, ինչպես նաեւ Ֆերնան Բրոդելի տեսական հոդվածների ժողովածուները։

 

Եվ, հարկավ, շատ կուզենայի, որ Աննալների դպրոցից զատ այլ պատմագետների աշխատություններ եւս թարգմանվեն հայերեն, որ հանկարծ տպավորություն չստեղծվի, թե Աննալների դպրոցից զատ, պատմագիտության մեջ այլ նշանակալի իրադարձություններ տեղի չեն ունեցել։ Այդպիսի բազմազանության ապահովմամբ, կարծում եմ, հնարավոր կլինի նաեւ հող նախապատրաստել հայ պատմագիտական մտքի վերարժեւորման, ինչպես նաեւ թարմացման համար։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին