Կունդերայի «Անմահությունը». ժամանակակից հասարակության անողոք ախտորոշումը - Mediamax.am

exclusive
2267 դիտում

Կունդերայի «Անմահությունը». ժամանակակից հասարակության անողոք ախտորոշումը


Միլան Կունդերան
Միլան Կունդերան

Լուսանկարը` Escritor Húngaro

Շուշանիկ Թամրազյանը
Շուշանիկ Թամրազյանը

Մեդիամաքսը Շուշանիկ Թամրազյանի հետ զրուցել է Միլան Կունդերայի «Անմահություն» վեպի  (1990) մասին։ Գիրքը լույս է ընծայել  «Անտարես» հրատարակչությունը «Օտար գիր» մատենաշարով։ Ֆրանսերենից թարգմանությունը Շուշանիկ Թամրազյանինն է։

 

- Մեր նախորդ զրույցի ժամանակ ասացիք, որ ժանրային առումով Կունդերան համարվում է թեզ առաջադրող վեպի հեղինակներից մեկը եւ ունի իր հետեւորդները: Այս գիրքը բանաձեւում է «անմահությո՞ւնը», թե՞ մահը, եւ ի՞նչ արձագանք է գտել գրական հանրության շրջանում։ Ի վերջո, սրանք թեմաներ են, որոնց այս կամ այն կերպ անդրադառնում են գրողները։

 

- Վեպի վերնագիրն ի սկզբանե մոլորության մեջ է գցում ընթերցողին. մենք ակնկալում ենք մետաֆիզիկական հավերժության մասին պատմող մի երկ, մինչդեռ Կունդերան անդրադառնում է հանուն փառքի մղվող մրցավազքի տխուր թատերաբեմին, մարդու՝ փառքի տաճար մուտք գործելու մտասեւեռմանը եւ այդ նպատակով գործադրվող անձանձիր ջանքերին, որ երբեմն հանգում են աճպարարության: Մյուս կողմից՝ Կունդերան ցույց է տալիս, թե ինչպես հրապարակային այդ «անմահացման» ճանապարհին հանրությունն աղճատում է մեծ մարդկանց անցած ուղին՝ հաճախ վերածելով այն զավեշտալի անեկդոտի կամ ոչինչ չասող պաստառի... Այսօր մենք Բալզակին չենք պատկերացնում՝ առանց իր առասպելական որկրամոլության կամ պարտատերերի հետապնդումների, Ժերար դը Ներվալին՝ առանց նրան հետեւող ժապավենազարդ ծովային խեցգետնի, բայց իրականում այդ պատկերները, անեկդոտները մեզ ոչինչ չեն ասում գրողի մասին... Իհարկե, հեղինակը հընթացս անդրադառնում է նաեւ Աստվածային Արարչագործությանն ու Նախախնամությանը, Որի հետ վաղեմի վեճ ունի, բայց վեպը բազմաշերտ է: Ինձ համար երկում ամենաարժեքավորը ժամանակակից հասարակության անողոք եւ սթափ ախտորոշումն է, որտեղ Կունդերան անգերազանցելի է:

 

- Իսկ ինչո՞վ է վեպն առանձնանում Ձեզ համար հեղինակի մյուս երկերից:

 

-Ինչո՞վ է առանձնանում... Մի բան կա, որ զարմացրել է ինձ. վեպը մեծ մասամբ գրված է ծաղրական, սարկաստիկ հնչերանգով: Այն վիրտուոզ ծաղրանկարների մի ամբողջ շարք է առաջարկում: Ինչպես միշտ, Կունդերան ծիծաղում է ամենի եւ ամենքի՝ Պոլի, Բրիժիտի, Լորայի, Բերտրան Բերտրանի, Բեռնար Բերտրանի վրա, իրենց իրավունքների համար պայքարող ակտիվիստների եւ հոգու սիրազեղ ասպետների վրա: Եվ ամենից հաճախ դա չարախինդ ծիծաղ է: Եվ, ահա, վեպի վերջին գլուխներում՝ «Թվացույցը» մասում, մեզ ներկայացվում է հերոսներից մեկի խոհը ժամանակակից՝ հաղթարշավող ծիծաղի հասարակության մասին, որ վերածվել է անվերջանալի ծամածռության, ծաղրուծանակի ու միմոսության թատերաբեմի, որտեղ գեղեցիկը դատապարտված է դանդաղ, բայց հետեւողական մի հոգեվարքի... Դա լինում է շատ անսպասելի, որովհետեւ հեղինակն այս տխուր արձանագրությունը վստահում է պատկերների վաճառականին՝ առերեւույթ ամենաանլուրջ կերպարներից մեկին, որին «Ռուբենս» զվարճալի մականունն է տվել: Վերջինս հանկարծ սկսում է խորհրդածել ծիծաղի պարտադիր առկայության մասին ժամանակակից հանրային եւ քաղաքական գործիչների լուսանկարներում՝ ծիծաղի այդ թագավորությունը մտովի համեմատելով դասական գեղանկարչության դիմանկարների հետ, որտեղ գեղեցիկը երբեք չի ծիծաղում... Սա շատ անսպասելի է եւ անձամբ ինձ անակնկալի է բերել, ինչ-որ առումով՝ ցնցել է որպես ընթերցողի, որովհետեւ ամբողջ երկը շեքսպիրյան խեղկատակներից մեկի անվերջանալի մենախոսություն է հիշեցնում, կարդում ես փայլուն ծաղրանկարները եւ ինքդ էլ անձնատուր ես լինում անդիմադրելի ծիծաղին, երբեմն՝ ընդվզում չարախինդ հայացքի դեմ, մինչեւ անսպասելի եւ ըստ էության՝ տխուր այդ արձանագրությունը «Թվացույցի» վերջին գլուխներում. արձանագրություն, որով հեղինակն ասես փշրում է սեփական կառույցը:

 

- Վեպում վեպի ծնվելու մասին պատմելը զուտ գրական հնա՞րք է։

 

-Գրական հնարք, որ Կունդերայի հղացքը չէ: Պատումի եւ իրականության երերուն սահմանը, սահուն անցումները մեկից մյուսին առհասարակ բնորոշ են պոստմոդեռնիստական վեպին եւ առկա են նորագույն վիպագրության մի շարք հեղինակների, ինչպես օրինակ՝ Ֆիլիպ Ռոթի երկերում: Պոստմոդեռնիստներն էլ, իրենց հերթին, այն ժառանգել են բարոկկո արվեստին բնորոշ երկ երկի մեջ, թատրոն թատրոնի մեջ հնարքից, որով մի պահ սասանվում են իրականության եւ մտահղացքի սահմանները: Ի դեպ՝ Կունդերան այս հնարքը կիրառում է նաեւ այլ երկերում, օրինակ՝ «Դանդաղության» մեջ, որտեղ գրողի եւ վերջինիս կնոջ՝ Վերայի երկխոսությունները կամ գրողի ներքին երկխոսությունն իր ստեղծած կերպարների հետ վեպի ամենափայլուն էջերից են: Բայց իմ կարծիքով՝ «Անմահության» մեջ սա ավելին է, քան հնարքը... Հանկարծ ընթերցողին հնարավորություն է տրվում մասնակցելու ստեղծագործական ընթացքին, այսինքն՝ գրողի ամենաիսկական ներքին կենսագրությանը. ինչից ինչ է ծնվում, ինչը ինչի է վերածվում, ինչ դիպաշար է հյուսվում մի շարժումից՝ անձնատուր վիպագրական փոխակերպումների հաջորդական շղթային, ինչպե՞ս են վիպական հերոսները՝ Պոլը, Լորան, միայնակ թափառող աղջիկը, պարբերաբար լքում հեղինակի հորինվածքն ու տեղափոխվում վերջինիս իրական կյանք, հանդես գալիս՝ որպես իրական կերպարներ, որ հանդիպում են հեղինակին, զրուցում, գնում լողավազան: Սա վեպի ամենավիրտուոզ պահերից է, որ պոստմոդեռնիստական վեպի կազմալուծման փայլուն ցուցադրություն չէ սոսկ: Ըստ իս՝ այս ամենի տակ թաքնված մի ուղերձ կա ընթերցողին. եթե ձեզ այդքան հետաքրքրում է գրողի կենսագրությունը, ահա այն: Այն փնտրեք ոչ թե կենսագրական ակնարկների կենցաղային, անեկդոտիկ անցքերում, այլ այստեղ՝ ստեղծագործության ծննդաբանության մեջ, որի բանալիները միայն ինքը՝ հեղինակը, կարող է ձեզ տալ: Բայց այս ամենին նաեւ ծիծաղ է միախառնվում: Ինչպես միշտ, Կունդերան նաեւ զվարճանում է...

 

- Իսկ գուցե պատահակա՞ն չէ, որ գրողը (Կունդերան) հայտնվում է մի վեպում (իր իսկ վեպում), որը հայտնիների ու հասարակ մարդկանց «անմահության» մասին է («Մարդիկ հավասար չեն անմահության առաջ»)։ Ի վերջո, Կունդերան կարող է մտածել նաեւ իր թողած հետագծի մասին։

 

- Իհարկե, որքան էլ Կունդերան ծաղրի անմահանալու խիստ մարդկային փափագը, ինձ թվում է, որ մարդկանց հիշողության մեջ ապրելու, մեր հետքը թողնելու ցանկությունը պարզապես անխուսափելի է: Դրա այլակերպումներն ու չափազանցումներն են, որ հանգեցնում են զավեշտալի կամ տխուր հետեւանքների: Ի՞նչն ենք մենք որոշում հիշել, անմահացնել մի ամբողջ ճանապարհից, որի անմիջական ուղեկիցը չենք եղել. իրականում սա է Կունդերայի հարցը: Բայց առհասարակ ցանկացած մարդ, ըստ իս, գիտակցաբար կամ ենթագիտակցորեն ապրում է իր թողնելիք հետագծի մտապատկերով, եւ ինքը՝ Կունդերան, զերծ չէ դրանից: Եվ ուրեմն՝ չի բացառվում, որ վեպի լուսանցքներում նա արտահայտում է նաեւ իր անհանգստությունը սեփական «հետագծի» հնարավոր այլակերպումների վերաբերյալ, որոնց այնքան սիրով լծվում է հասարակությունը...

 

- Գյոթեն ասում է, որ անմահությունը հավերժ դատավարություն է...

 

-Այո՛, դա Կունդերայի՛ հերոս Գյոթեն է ասում: Խոսքը հետնորդների՝ հասարակությա՛ն ծավալած դատավարության մասին է: Մեծ արվեստագետի մահից հետո հասարակությունը վերջինիս թողած ստեղծագործական ժառանգությամբ բավարարվելու փոխարեն՝ սկսում է գիշակերի ագահությամբ սնվել նրա կենսագրությամբ, փորփրել նրա անձնական պատմությունը, եւ սա վերածվում է անվերջանալի մի «դատավարության»: Այդ դատավարության մասին է խոսում Կունդերան՝ հակադարձելով աստվածաշնչյան Ահեղ Դատաստանի գաղափարին...

 

- Ինչ-որ առումով՝ գրողը հանդերձյալ կյանքը վերածում է վոդեւիլի՞։

 

- Այո, մասամբ... Վեպի սյուժետային գծերից մեկը ծավալվում է անդրաշխարհում, որտեղ Գյոթեն եւ Հեմինգուեյը հանդիպում են իրար՝ իրենց թողած գրական ժառանգության, փառքի, անմահության մասին զրուցելու: Չնայած առերեւույթ կատակային իր հնչեղությանը՝ պատումային այս հենքը շատ կարեւոր է, որովհետեւ դրա միջոցով Կունդերան մի շարք էական հարցեր է հնչեցնում. հասարակության վերաբերմունքն արվեստագետի ստեղծագործական ժառանգությանը, հանրության հավատաքննող հայացքը՝ ուղղված ստեղծագործ մարդու կենսագրությանը: Կունդերան իրեն հատուկ դաժան սարկազմով ցույց է տալիս, թե ինչպես «անմահության» գործարաններում մի ամբողջ հասարակություն արվեստագետի թողած հետագիծը փոխակերպում է անեկդոտիկ պատումների հերթագայության, ինչպես է խեղաթյուրվում մարդու անցած ուղին՝ վերածվելով սենսացիոն փաստերի, կարծրատիպային պատկերների կամ, ի վերջո, պաստառի... Հեղինակին հետմահու դատափետող կամ վերջինիս հետմահու վերադաստիարակությունը ստանձնող կենսագրությունները, նամակագրությունները, որ այսօր էլ այնքան մեծ տարածում ունեն, հասարակության յուրօրինակ վրեժն են արվեստագետից: Պատահական չէ, որ վեպի հերոսներից մեկը մեզ հիշեցնում է, որ այսօր այլեւս ապացուցված է, որ Հեմինգուեյի անփառունակ կենսագրությունը շատ ավելի հետաքրքրական եւ ուսանելի է հասարակության համար, քան նրա թողած գրականությունը: Իմ կարծիքով՝ այդ միտումը նույնքան մարտնչող եւ կործանարար է այսօր, եւ ինձ համար հասկանալի է Կունդերայի զայրագին տխրությունը. այո՛, արվեստագետը մեզ արժանացնում է ամենաթանկ ընծային՝ իր ներքի՛ն կենսագրության զարկերակին, եւ այդ տրոփյունը պետք է փնտրել ոչ թե նրա մասին արվող սենսացիոն բացահայտումների կամ նրա շուրջ հյուսվող անեկդոտների, այլ նրա ստեղծագործությունների մեջ: Պետք է խոսել ոչ թե արվեստագետի մասին, այլ՝ նրա հետ:

 

- Գյոթեի, Բեթհովենի, Մուզիլի, Սոլժենիցինի եւ այլ մեծությունների մասին ակնարկները «միահյուսվում են» երկու քույրերի ու նրանց շուրջ հյուսվող պատմություններին։ Մեկ անմահներն են զրուցում հետմահու, մեկ գրողն է հայտնվում իր վեպում։  Ըստ այդմ՝ ի՞նչ կարող ենք ասել վեպի կառուցվածքի ու ժանրային առանձնահատկության մասին։

 

- Ինչպես միշտ, այստեղ էլ յուրօրինակ մի երկխոսության մեջ են վիպագրությունն ու խոհագրությունը: Խաղացկուն անցումները իրական կերպարների մտացածին երկխոսություններից մտացածին կերպարների իրական երկխոսություններին, որոնք հերթագայվում են գրողի իրողությունը վավերագրող դրվագներով, ի վերջո, հանգում են անսպասելի մի արդյունքի. մեզ ոչ մի րոպե չի լքում գրողի հայացքը, եւ մեր զրույցը ոչ թե հերոսների, այլ իր՝ հեղինակի խոհի հետ է, ինչպես լավագույն խոհագրության դեպքում:

Շուշանիկ Թամրազյանը Շուշանիկ Թամրազյանը

 

Վեպի կառուցվածքային, պատումային, գեղագիտական առանցքը դրվագն է. առաջին հայացքից պատահական թվացող դրվագները ներդաշնակ մի ամբողջություն են կազմում՝ պատառիկից պատառիկ թափառող տարանցիկ լեյտմոտիվների շնորհիվ: Այսպես՝ վեպի առաջին («Դեմքը») եւ նախավերջին («Թվացույցը») մասերն իրար շաղկապված են հայելային անդրադարձումներով. երկուսի լեյտմոտիվն էլ մահն ու «անմահության» մերժումն է: Առաջին մասում հիշատակվում է հերոսուհու հոր մահը: «Թվացույցը» եզրափակվում է հենց իր՝ Անյեսի մահվան լուրով, որն իր հետ հրի է մատնում հերոսի՝ կտավների վաճառականի «կառուցած» ողջ աշխարհը: Հանգույցը փակված է: Երեք հերոսներն էլ՝ թե՛ հայրը, թե՛ Անյեսը, թե՛ «Թվացույցի» զգացական արկածների ասպետը, որ մի ուրույն հակա-Դոն Քիշոտ է, յուրովի մարտահրավեր են նետել «անմահությանը», այսինքն՝ փառքից կառչելու, անմահ հիշատակի արժանանալու մարդկային պատրանքին: Երկու հերոսների՝ իրարից այնքան տարբեր կենսագրությունն էլ տեղակայված է բացասական նշանի ներքո: Եվ, ահա, վերջաբանը («Տարեդարձը»), որտեղ նրանք այլեւս լքել են պատումի հորիզոնը, եզրափակվում է եռակի ծննդյան լուրով. վեպի ծնունդը, որ զուգակցվում է Պոլի թոռնուհու եւ դստեր ծնունդներով: Այդ երեք ծնունդները մեզ թողնում են քաոսային մի աշխարհում, որտեղ գրեթե մարել է մարդկայինի հույսը՝ անմոռուկի աղոտացող պատկերի նման, որ հեռացող գեղեցիկի խորհրդանիշն է:

 

-Խոսեցիք միմյանց հետ շփման եզր ունեցող կերպարներից... Հերոսները կարծես փոխակերպվում կամ բացահայտվում են կարդալու ընթացքում։ Եթե խոսենք կանացի երկու առանցքային կերպարների մասին, ըստ Ձեզ՝ ո՞ւմ կողմն է գրողի համակրանքը՝ Անյեսի՞, որ հարկ է համարում զսպել արցունքները նույնիսկ հոր հուղարկավորության ժամանակ, թե՞ Լորայի, ով ակնոց է կրում ցույց տալու համար, որ թաքցնում է արցունքներից այտուցված աչքերը։

 

-Առհասարակ Կունդերայի գրեթե բոլոր երկերում հեղինակի վերաբերմունքը շատ անողոք է սեփական կերպարների հանդեպ: Նա իր հերոսներին վերաբերվում է՝ որպես ինտելեկտուալ գործիքների, ես կասեի՝ խաղալիքների, որոնց միջոցով իր թեզերն ու փիլիսոփայական փայլուն ընդհանրացումներն է հրամցնում ընթերցողին: Ու չի թաքցնում այդ: «Կեցության անտանելի թեթեւության» գլուխներից մեկում հեղինակն ինքը հիշեցնում է ընթերցողին, որ իր հերոսները ոչ թե կենդանի էակներ են՝ միս եւ արյուն, այլ իր՝ հեղինակի երեւակայության արգասիքը. գործիքներ, որոնց միջոցով ինքը պատրաստվում է յուրօրինակ մի խաղի մեջ ներքաշել ընթերցողին: «Անմահության» մեջ հանդերձյալ կյանքում իրար հանդիպած Գյոթեի եւ Հեմինգուեյի մտացածին երկխոսություններից մեկի ժամանակ Գյոթեն գրչեղբորը հիշեցնում է, որ այդ պահին արտաբերած իրենց խոսքերն ընդամենը հեղինակի քմայքն են, զառանցանքը...

Իհարկե, կերպարաստեղծման այս առանձնահատկությունը ոչ թե Կունդերայի մենաշնորհն է, այլ պոստմոդեռնիզմին բնորոշ վեպի կազմաքանդման դրսեւորումներից մեկը: Այդ իսկ պատճառով ինձ համար դժվար է խոսել Կունդերայի՝ իր կերտած այս կամ այն հերոսի նկատմամբ ունեցած սիրուց: Նա սիրում է իր բանաձեւը, սեփական խոհը, որ դրել է իր ստեղծած հերոսի շուրթերում: Բայց կարծես թե մի բացառություն կա «Անմահության» մեջ: Եվ, իրավացի եք, դա Անյեսն է: Առաջին անգամ Կունդերան կարծես հմայվում է իր կերտած կանացի կերպարով: Վեպի վերջին՝ «Տարեդարձը» մասում հեղինակը հիմնովին ջախջախում է, պարզապես հողին է հավասարեցնում իրեն «կանացի սկզբի» ջատագով համարող Պոլին, եւ ինձ համար դա անսպասելի սիրո խոստովանություն է սեփական հերոսուհուն, երբ ամեն ինչ արդեն ավարտված է: Ինչպես նախորդող՝ «Թվացույցը» մասում հերոսը հանկարծ տարիների խառնակույտից առանձնացնում է վինահարուհու կերպարը, որ նույն ինքը՝ Անյեսն է: Եթե հիշում եք, նույնիսկ Թերեզան «Կեցության անտանելի թեթեւության» մեջ՝ հոգու եւ մարմնի իր անլուծելի երկվությամբ, խույս չէր տալիս անողոք պսակազերծումների, ես կասեի՝ դիահերձումների սկզբունքից: Հեղինակն ամեն ինչ գիտի հերոսուհու մասին, վերջինիս դիտում է որոշակի բարձունքից եւ «դիահերձում է»՝ դանդաղ ու հետեւողականորեն: Անյեսի դեպքում առաջին անգամ է, որ վիպասանը կարծես մի պահ կանգ է առնում սեփական հերոսուհու առջեւ, հրաժարվում է հերթական փայլուն բանաձեւից: Ինչ-որ բան, այնուամենայնիվ, վստահում է լռությանը: Իսկ դա բացառիկ երեւույթ է Կունդերայի վեպերում, որը լռության վիպագիր չէ, այլ՝ փայլուն բանաձեւերի: Ընդ որում՝ Անյեսի հետ ունեցած համախոհությունն այնքան ակնհայտ է ողջ վեպի ընթացքում, եւ նրա հակապատկերին՝ Լորային, ծաղրանկարի վերածելու միտումն այնքան հետեւողական, որ ինչ-որ պահի համակրանքով ես լցվում Լորայի հանդեպ, որ հեղինակի ծաղրանկարային վիրտուոզության զոհն է: Իր վեպերի խոհագրական ծավալայնությունից զատ՝ Կունդերան նաեւ ծաղրանկարի մեծ վարպետ է:

 

- «Անյեսն ուզեց իմանալ՝ աղոթո՞ւմ է հայրը։ «Դա նույնն է, թե էդիսոնին աղոթես, երբ լամպդ փչանում է»,-պատասխանեց հայրը»։ Այս կերպ Կունդերան Աստծո գոյության, նրա հետ հաղորդակցման ի՞ր տարբերակն է վեր հանում։

 

-...Չգիտեմ՝ այդ կերպ ինչ է անում կամ ասում Կունդերան... Անդրադառնում եք վեպի այն դրվագներին, որոնց թարգմանությունն ինձնից ներքին մեծ ճիգ է պահանջել: Դրվագներ, որոնց դեմ չէի կարող ներքին ընդվզում չունենալ: Ես Կունդերայի մասնագետ չեմ, ընդամենը ընթերցող եմ եւ թարգմանիչ, որի խնդիրը հեղինակի տողերին երկրորդ կյանք տալն է լեզվական նոր տիրույթում: Ու թարգմանչի՝ բնագրի հետ ունեցած փոխհարաբերությունը էապես տարբերվում է քննադատի եւ հեղինակի փոխհարաբերությունից... Գալիս է մի պահ, երբ թարգմանչի քննադատ, վերլուծող հայացքը տեղի է տալիս պարզապես տեքստն ապրեցնելու հրամայականի առջեւ: Այնուամենայնիվ, ասեմ, որ առհասարակ Կունդերան սիրում է սադրել իր ընթերցողին, հակաթեզն ընտրել որպես մեկնակետ, ներկայացնել այն պատումի հեղինակի անունից եւ խաղալ իր ընթերցողի հետ, մի քիչ ծիծաղել ընթերցողի միամտության վրա... Նույն գլխում Կունդերան խոսում է նաեւ Աստծո համակարգչից. Արարիչը հեռացել է, եւ մնում է ծրագիրը, որ գործում է անխափան: Վեպը գրվել է 1988 թվականին, երբ մարդիկ դեռ չէին հասցրել այնքան համատարած ու հրապարակավ փոխարինել Աստծուն վերին համակարգչով եւ վերջինիս հրահանգներով... Նորագույն գյուտարարների հանձնախմբերը դեռեւս բացեիբաց չէին ասել արվեստագետին, գրողին. «Քո հոգեբանական նկարագրի հիման վրա իմ ստեղծած նեյրոհամակարգը լիովին կարող է փոխարինել քեզ, ավարտել քո անավարտ երկերը»: Դեռեւս ոչ ոք անթաքույց չէր հայտարարել թարգմանչին. «Մեքենան քեզնից ավելի արդյունավետ ու լավ է թարգմանում»... Այսօր մարդը տառացիորեն պայքարում է իր իսկ ստեղծած մեքենայի դեմ, որին որոշել է ապավինել առավել, քան սեփական ուժերին: Եվ գրեթե բոլոր ոլորտներում մենք ականատես ենք տեխնոկրատիայի հաղթարշավին...

 

- Արդյոք Ձեր հիշատակած մարդու եւ մեքենայի պայքարը մեր ժամանակների մենաշնո՞րհն է։   

 

- Իրավացի եք, շատերն ինձ կհակադարձեն՝ հիշեցնելով, որ այդ պայքարը շատ հին պատմություն ունի: Ճիշտ է, դեռեւս 1829-ին Վիկտոր Հյուգոյի «Մահապարտի վերջին օրը» աննահանջ մի պայքարի պատմություն է մարդու ստեղծագործ սկզբի եւ մահվան մեքենայի միջեւ: Բայց, այնուամենայնիվ, այդ պայքարը չի եղել այսքան մերկապարանոց, նման ընդգրկում չի ստացել: Անցյալ տարի համալսարանում, դասի ժամանակ ուսանողներիցս մեկը՝ մասնագիտությամբ ծրագրավորող մի երիտասարդ, պնդում էր, որ «յուրաքանչյուր համակարգիչ հոգի ունի եւ ուրեմն՝ իրավունք ունի ստեղծագործելու, որովհետեւ ստեղծագործում է մարդուց ավելի լավ», եւ ամենակարեւորը՝ այդ մասին խոսում էր անկեղծ ոգեւորությամբ եւ պարզապես չէր լսում իմ առարկությունները, հավատացե՛ք, չեմ չափազանցնում... Ինչեւէ, գուցե 1988-ին Կունդերան, սադրելով իր ընթերցողին, ուզում է հուշել, թե ինչ է սպասվում մարդուն, եթե Աստծուն սկսեն ընկալել՝ սոսկ որպես վերին մի համակարգողի՝ անփախան գործող իր համակարգչով: Ինչ է սպասվում մարդուն մի հասարակությունում, որտեղ մարդկային կյանքը, մարդու ներքին ուղին կդադարեն, արդե՛ն դադարել են ընկալվել՝ որպես բացառիկ արժեք, որտեղ անհատը հանձնված կլինի արտերեւույթների եւ պատրանքային երեւակումների շքահանդեսներին, որ իրականում դիմազրկման շքահանդեսներն են, որտեղ ավելի ու ավելի հաճախ կջնջվեն սահմանները շոու-բիզնեսի եւ արվեստի միջեւ... Գլխավոր հերոսուհու՝ Անյեսի մտատանջությունը, «աստվածային» համակարգից, այսինքն՝ բանտից փախուստի նրա հուսահատ փորձերը, դեմքի՝ որպես մեր ինքնության սպառիչ բանաձեւի նրա մերժումը հասարակության հաջորդական դիմախեղումների, իմաստախեղումների արդյո՞ւնք են գուցե... Բայց սրանք հարցեր են, որոնք մնում են անպատասխան: Արդյոք Կունդերան համաձա՞յն է Անյեսի հոր դիտարկման հետ, թե՞ ընդամենը ներկայացնում է մեծ տարածում ունեցող հակաթեզը ու դրա ցավալի հետեւանքները հասարակության զարգացման որոշակի փուլում: Երկը չի պատասխանում այս հարցին: Գուցե Կունդերան՝ ինքը, ընդամենը հա՞րց է տալիս իրեն՝ առանց պատասխանի հավակնության: Կամ հավատարիմ մնալով ինքն իրեն՝ խաղո՞ւմ է ընթերցողի հետ. մի՞թե լուրջ ընդունեցիք այն, ինչ ես ասել էի կատակով... Բայց, իհարկե, երբ կարդում ես Կունդերայի մյուս երկերը, ակնհայտ է, որ նա ներքին, անլռելի մի վեճ ունի Աստծո հետ... Սա ոչ մի կերպ հնարավոր չէ չտեսնել, շրջանցել: Անվերջանալի մի ընդվզում, ու երբեմն ես գրեթե պատանեկան, դուրյանական «Տրտունջքը» հիշեցնող մի բան եմ գտնում դրա մեջ, համենայն դեպս՝ այս երկում. «Աստուծո ծաղրն է Աշխարհն ալ արդեն...»: Երբեմն էլ անկեղծորեն ընդվզում եմ ինտելեկտուալ այդ խաղերի դեմ՝ համարելով դա մտքի յուրօրինակ դենդիության դրսեւորում:

 

- Գրքում անմահությունից ոչ պակաս բանաձեւվում է սերը։ Նույնիսկ քննություն-հարցադրում կա՝ նորից ապրելու դեպքում կընտրենք կյա՞նքը, թե՞ կյանքը սիրած մարդու հետ։ Քանզի «սիրելի էակը ձեզ համար ավելին է, քան Արարչագործությունը, ավելին է, քան կյանքը»։ Ստացվում է՝ «Անմահությունը» նաեւ սիրո՞ մասին է։

 

- Այո՛, սիրո եւ սիրո պատրանքի: Սիրո երեւակումներին եւ պատրանքներին՝ Պոլի, Լորայի, Բեռնարի, Ռուբենսի սիրային արկածներին, վեպն անուղղակիորեն հակադրում է Անյեսի եւ կյանքից հեռացած հոր ներքին խոր կապը, որ Անյեսի ապրած միակ ճշմարիտ սերն է: Վեպի վերջին՝ «Տարեդարձը» մասում, հեղինակը շատ նրբագեղ, բարձրարվեստ կերպով վրեժ է լուծում գլխավոր հերոսներից մեկից՝ Պոլից. Պոլն իրեն կանացի էության նվիրյալ է համարում: Նա մի ամբողջ տեսություն է կառուցել իր երկրորդ կնոջ ձեռքի շարժումներից մեկի շուրջ եւ չգիտի, որ դա ընդամենը խղճուկ նմանակումն է վերջինիս մեծ քրոջ՝ իր առաջին կնոջ սիրած ժեստի, մինչդեռ Պոլն իր կյանքի ավելի քան քսան տարիներն է «նվիրել» իր առաջին սիրուն: Իսկ Անյեսի՝ սիրո ընկալման մեջ, այն համառության մեջ, որով նա նախընտրում է սիրելի էակին Արարչից եւ ողջ Արարչագործությունից, ինչպես Ձեր հիշատակած տողերում, գրեթե ռոմանտիկական՝ բայրոնյան, լերմոնտովյան ինչ-որ բան կա... Վեպում սերը եւ մենաստանը դիտարկվում են՝ որպես «աստվածային համակարգչից»՝ այսինքն՝ գոյության համակարգված, կառավարվող եւ կառավարելի բանտից խույս տալու միակ միջոց:

 

- Այո, վեպում խոսվում է նաեւ մենաստանի եւ մենության մասին...

 

- Գիտե՞ք, երբեմն մի ամբողջ երկ ուզում ես թարգմանել ընդամենը մի ճշգրիտ նախադասության համար, մի պատկերի կամ մի քանի տողի համար, որ չես կարողացել մտքիցդ հանել: Թարգմանության ընթացքում, երբ խորանում էին տարաձայնություններս հեղինակի հետ, ինքս ինձ ասում էի, որ երկում կար մի գլուխ՝ մենաստանին, մենաստանի երազային պատկերին նվիրված գլուխը, հանուն որի արժեր այն թարգմանել - եւ այսօր գուցե ավելի, քան երբեւէ: Այդ գլխում, որտեղ հեղինակը անդրադառնում է իմ ամենասիրած վեպերից մեկին՝ «Պարմի մենաստանին», մենաստանը հիշատակվում է ոչ թե որպես կրոնական-եկեղեցական կառույց, այլ փոխաբերություն՝ կենսական այն տիրույթը, որ տրված է անհատին հասարակության հետ իր անհամաձայնությունն արտահայտելու կամ ներքին իր փորձն ապրելու համար: Ըստ Կունդերայի՝ մի հասարակությունում, որտեղ մարդուն զրկել են մենաստանի հնարավորությունից, որտեղ հանրային կարծիքը, տեսախցիկներն ու լուսարձակներն անվերջ կողոպտում են մեզնից կենսական մեր մենությունը, որտեղ մենք մենակ ենք ինքներս մեզ հետ, մնում է մենաստանի «տեսողական խաբկանքը»: Բայց հանուն տեսողական այդ խաբկանքի՝ հերոսուհին ամենաթանկ գինն է վճարում եւ այդպես էլ չի հասնում դրան:

 

- 1988-ին դրանք շատ համարձակ մտքեր են: Ձեր կարծիքով՝ մենության, մենաստանի անհրաժեշտությունը կարո՞ղ է հուզել մերօրյա հասարակությանը, որտեղ հաղորդակցությունը մեծագույն արժեք է, բացարձակ հրամայական։

 

- Հուզել՝ չգիտեմ... Բայց որ այդ հարցադրումներն այսօր էլ կարեւոր են՝ ոչ մի տարակույս...: Այսօր, երբ մենք դարձյալ համաշխարհային մակարդակով ականատես ենք կոլեկտիվ մտածողության զարթոնքին, երբ համակարգը հրճվագին ցինիզմով հաղթում եւ իրեն է ծառայեցնում մարդուն, կարգախոսն ու պաստառը խլացնում են ներապրումն ու ստեղծագործությունը, «արա՛ մեզ հետ, արա՛ մեզ նման, արա՛ ավելի լավ, քան մենք» սկզբունքը հաղթում է անհատական փորձառությանը, հաղորդակցության համահարթեցված բաղադրատոմսերը փոխարինում են օտարի հետ հանդիպման, օտարի ճանաչողության ճշմարիտ փորձին եւ դրա անխուսափելի խոչընդոտներին, նման հարցադրումները մնում են էական, այո՛:

 

- «Քաղաքական գործիչը կախված է լրագրողից։ Իսկ ո՞ւմից են կախված լրագրողները։ Իրենց վճարողներից»։ Գովազդը շուկային է ծառայում, քարոզչությունը՝ գաղափարին... Ի վերջո, երբ գարեջրի գովազդ հեռարձակող ռադիոկայանով խոսվում է մահվան դեմ պայքարի մասին, սա սպառողական-տեղեկատվական հասարակություն մերօրյա՞, թե՞ տարաժամանակյա նկարագիրն է։

 

- Վեպը ցույց է տալիս, թե ինչպես բազմաբարդ, ընդգրկուն գաղափարները պարզունակացվելով, բովանդակազրկվելով՝ վերածվում են քարոզչության, ծառայեցվում են քարոզչամեքենային, մինչեւ դրանց բացարձակ բովանդակազրկումը: Եվ համապատասխանաբար՝ ինչպես մի հասարակությունում, որտեղ գաղափարախոսություններն այլեւս սպառել են իրենց, գովազդը գրեթե քարոզչության դեր է կատարում՝ բազմաբարդ, անհարթ իրականությունը փոխարինելով իրականության հարթեցված եւ կառավարելի պատկերով: Վեպում ներկայացվող պատկերն այնքան նման է մերօրյա իրողությանը, որ է՛լ ավելի մեծ է զարմանքդ, երբ անդրադառնում ես այն փաստին, որ այդ տողերը գրվել են դեռեւս 1988-ին: Անձամբ ես սարսափախառն հրճվանքով էի կարդում հեռուստալրագրությանը, ռադիոյին եւ «պատկերաբանությանը» (հեղինակի նորաբանությունը) նվիրված էջերը... ինչպես են «այլմոլորակայինների» հարթ դեմքերով եւ անհորանջ ժպիտներով «պատկերաբանները» պահանջում հաղորդավարի կամ բանախոսի խոսքն ընդմիջել կատակներով եւ վոդեւիլային ռեպլիկներով՝ անսալով հաղորդակցության ինտերակտիվ ձեւաչափերին: Ինտերակտիվ. մի բառ, որ այսօր հնչում է ամեն քայլափոխի, եւ հաճախ մարդիկ չգիտեն, թե իրականում ինչ են ուզում ասել այդ բառով: Վեպը ցույց է տալիս՝ ինչպես է ամեն ինչ ամենուրեք վերածվում ժամանցային միմոսության...

 

- Ի՞նչ կասեք թարգմանության ընթացքի մասին։    

 

-...Կասեմ, որ հեշտ չէր: Ներքին մեծ լարում էր պահանջում ինձնից: Սա դժվար է բացատրել, որովհետեւ լեզվական առումով՝ Կունդերան դժվար թարգմանվող հեղինակ չէ: Գրում է հստակ, մատչելի լեզվով, որ զերծ է զարդարանքներից եւ շարահյուսական լաբիրինթոսներից: Բայց կան մի քանի ներքին հանգամանքներ, որոնք կարող են բարդացնել թարգմանական ընթացքը: Առաջինին մի անգամ արդեն անդրադարձել եմ. վեպը նախ գրվել է չեխերեն, ապա թարգմանվել ֆրանսերեն: Սակայն ֆրանսալեզու հրատարակությունը (1990) նախորդել է չեխերենին: Առհասարակ ինձ համար մերժելի են միջնորդ լեզվից արվող թարգմանությունները: Ինձ թվում է, որ ցանկացած թարգմանչի համար դա ենթադրում է թերի, ոչ լիարժեք հարաբերություն բնագրի հետ, իսկ դա տխուր, ինչ-որ առումով՝ հոգեմաշ փորձ է: Բայց Կունդերայի դեպքում փոքր-ինչ այլ է իրադրությունը. նա իր բոլոր երկերի հեղինակային իրավունքները վստահել է Գալիմար հրատարակչությանը, որին դիմելը պարզապես անխուսափելի ընթացակարգ է: Բացի դրանից՝ Կունդերան այն բացառիկ հեղինակներից է, որը ցանկացել է մինչեւ վերջ վերահսկել թարգմանական գործընթացը: Նրա ֆրանսալեզու հրատարակությունների անվանաթերթին մշտապես հանդիպում եք «Վերանայված եւ սրբագրված է հեղինակի կողմից: Թարգմանությունն ունի բնագրի արժեք» գրությանը: Բայց, միեւնույն է, թարգմանչին չի կարող չհետապնդել բնագրի լեզվի մեղեդայնությունը՝ որպես հնչյունական սեւեռուն մի պատկեր: Տարիներ առաջ՝ «Կեցության անտանելի թեթեւությունը» թարգմանելիս, ինձ արդեն իսկ հանգիստ չէր տալիս այդ միտքը, եւ ես գրեցի հեղինակին՝ այդ առիթով ունեցած մտատանջություններս հայտնելու, ինչ-որ առումով զգուշացնելու համար... «Դանդաղությունը», օրինակ, որ դարձյալ ես եմ թարգմանել, միանգամից գրվել է ֆրանսերեն, եւ դա մեծ թեթեւություն էր, հավատացե՛ք, որովհետեւ ես ազատագրված էի մյուս՝ մայրենի լեզվի սեւեռուն մտապատկերից...

 

Մի ուրիշ դժվարություն՝ Կունդերան փայլուն բանաձեւերի, դիպուկ ձեւակերպումների հեղինակ է, որը հեգնական ժպիտով աֆորիզմների մի ամբողջ շտեմարան է հրամցնում համացանցային մեջբերումների սիրահար ըներցողին: Սա մի գրվածք է, որի պարագայում շատ կարեւոր է դառնում թարգմանության մեջ նույնքան հատու, արդյունավետ ձեւակերպումների հանգելը:

 

Եվ, վերջապես, ներքին, այս անգամ զուտ հոգեբանական դժվարությունն այն էր, որ վեպի որոշ մասեր կամ առանձին մտքեր, դրույթներ պարզապես չէին համապատասխանում այդ ամիսների իմ ներապրումին, մի տեսակ քննություն չէին բռնում... Օրինակ՝ հիշում եմ՝ «սքանչելի այդ ճոճքը քնի եւ արթնության միջեւ. պահ, որն իմ մեջ փարատում է ծնված լինելու ափսոսանքը» ֆրազը թարգմանելիս (ֆրազ, որ իր՝ Կունդերայի խոհն է), ստիպված եղա ընդհատել աշխատանքս. արգելքը, ընդվզումը ներքին էին, ես չէի կարող դա թարգմանել, հատկապես այդ օրերին: Նույն ընդվզումը «Աստծո համակարգիչը» բառակապակցությանը բախվելիս. չափազանց ծանր էր, անելանելի: «Թվացույցը» գլուխը՝ դրվագային հերոսներից մեկի զգացական դեգերումների մասին, ներքին ուժերի գերլարումով եմ թարգմանել, եւ շատ զարմացա, երբ արդեն ավարտուն տարբերակը բարձրաձայն ընթերցելիս զգացի, որ իր սրաթռիչ ընթացքով, ընդմիջումներով եւ անսպասելի անկումով՝ այդ դրվագը թաքուն մի երաժշտականությամբ է օժտված, այնուամենայնիվ, մեծ արվեստով է գրված: Բայց, իհարկե, ինձ համար դժվար է որեւէ երկ թարգմանել՝ մտքում անվերջ վիճաբանելով հեղինակի հետ: Իսկ Կունդերայի հետ ներքին վեճն անվերջանալի էր... Միակ բացառությունը «Դանդաղությունն է», որը թարգմանելիս ինձ չէր լքում Միլոշ Ֆորմանի ֆիլմերի նյարդային, խենթ ծիծաղի զգացողությունը...

 

- Ի՞նչն է Ձեզ պակասում Կունդերայի վեպերում:

 

- ...Շատ երկար կարող եմ պատասխանել այս հարցին, բայց քանի որ Միլոշ Ֆորմանի ֆիլմերը հիշեցի, կփորձեմ ասել մի քանի բառով. ինձ պակասում է հնդկացու լռությունը: Հիշո՞ւմ եք «Թռիչք կկվի բնի վրայով» երկի էկրանացումը, հնդկացու անխորտակ լռությունը... ժամանակ առ ժամանակ հրաժարումը փայլուն բանաձեւումներից եւ դիպուկ ընդհանրացումներից՝ հանուն ուրիշ, անձեւակերպելի մի բանի... Բայց, իհարկե, սա իմ անհատական ապրումն է, եւ գուցե անպատեհ է նման բան ակնկալել փայլուն վիպասան-խոհագրից:    

 

Արմինե Սարգսյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին