Ունամունոյի «խոստովանությունը», Կայենն ու «Աբել Սանչեսը» - Mediamax.am

exclusive
1779 դիտում

Ունամունոյի «խոստովանությունը», Կայենն ու «Աբել Սանչեսը»


Միգել դե Ունամունոյի արձանը
Միգել դե Ունամունոյի արձանը

Լուսանկարը` Մանոլո Սանչեզո

Ռուզաննա Պետրոսյանը
Ռուզաննա Պետրոսյանը

Իսպանացի գրող, փիլիսոփա, հասարակական գործիչ Միգել դե Ունամունոյի «Աբել Սանչես կամ մի տառապանքի պատմություն» վեպը երկու ընկերների ողբերգական պատմություն է։ «Իմ խեղճ Խոակին Մոնեգրոն». իր հերոսի մասին ասում է Ունամունոն՝ ներկայացնելով աստվածաշնչյան Աբելի ու Կայենի իր տարբերակը։

 

Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը՝ ԵՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Պետրոսյանի թարգմանությամբ։ Մինչ այդ ներկայացվել էին Ունամունոյի «Մառախուղը», «Քրիստոնեության հոգեվարքը եւ խրատական երեք նովել» գրքերը։

 

Ռուզաննա Պետրոսյանի հետ զրուցել ենք «Աբել Սանչես կամ մի տառապանքի պատմություն» վեպի մասին։

 

- Գիրքը վերնագրված է «Աբել Սանչես», թեպետ առանցքում Կայենի, տվյալ դեպքում` Խոակին Մոնեգրոյի կերպարն է։ Գուցե որովհետեւ Կայենի մասին «ամեն բան» ասված է, իսկ Ունամունոն փորձում է բացահայտել Աբելի՞ն։

 

- Չեմ կարծում, որ վեպը գրելիս Ունամունոյի նպատակը Աբելի կերպարի վերհանումն էր, ճիշտ հակառակը, կարծում եմ` կենտրոնում Կայենն է, որի բացասական կերպարը գրողը փորձում է այլ կողմից կամ նորովի ներկայացնել` ստիպելով ընթերցողին կարեկցել եւ գթալ նրան: «Աստվածաշնչում» մենք այդպես էլ չենք իմանում` ի վերջո Կայենը զղջա՞ց արարքի համար, թե՞ մնաց անդրդվելի, իսկ վեպում Ունամունոյի Խոակինը նույնիսկ խոստովանություն է գրում` հուսալով, որ գոնե դուստրը կհասկանա իրեն եւ կների:

 

- Խոակին Մոնեգրոյին, սակայն նա չի արդարացնում։ «Իրենց բոլոր անհաջողությունները վերագրում են այլոց նախանձին, մինչդեռ իրենք են նախանձ»։

 

- Ունամունոյի համոզմամբ` նախանձը հատուկ է ոչ միայն իսպանացիներին, այլեւ բոլորին, ովքեր այն որպես ժառանգություն ստացել են Կայենից: Ահա թե ինչու վեպում Ունամունոն փորձում է արդարացնել Խոակինին, որովհետեւ համոզված է, որ նախանձողը մեղավոր չէ, որ նախանձում է: Այդ դեպքում ո՞վ է մեղավոր. հավանաբար ուրիշները, նրանք, ովքեր իրենց հաջողություններով մեր մեջ նախանձ են հարուցում: Վեպում Խոակինը հարցնում է Աբելին. «Ինչու՞ էր Աստված բարեհաճ Աբելի մատուցած նվերների հանդեպ, մինչդեռ Կայենի զոհաբերությունները գրոշի արժեք չունեին նրա համար»: Աբելը պատասխանում է. «Գուցե որովհետեւ Աստված ի սկզբանե Կայենի մեջ տեսնում էր ապագա եղբայրասպանի»: Ունամունոն եզրակացնում է. «Հետեւաբար այդ Աստված էր, որ Կայենին նախանձ դարձրեց»: Նախաէքզիստենցիալիստական նման եզրահանգմամբ` Ունամունոն Կայենին ներկայացնում է որպես ողբերգական էակի, որն ամենեւին էլ նախանձ չէր ծնվել, ճիշտ հակառակը, նրան դարձրել էին այդպիսին:

 

- Խոակինը, Աբելը, Էլենան, Անտոնիան ծայրահե՞ղ կերպարներ են, թե՞ տիպական։

 

- Բնականաբար տիպական են Աբելի եւ Խոակինի (Կայենի) կերպարները, որոնց միջեւ պայքարն առավել սրվում է Էլենայի պատճառով, քանզի երկուսն էլ սիրում են նույն կնոջը, սրանով Ունամունոն ակնարկում է Հին Հունաստանի Հեղինեին (իսպաներեն` Էլենա), որի պատճառով ծագեց Տրոյայի պատերազմը: Ունամունոյի կերտած աստվածաշնչյան հերոսներին կարելի է տեսնել նաեւ «Երկու մայր» խրատական նիվոլայում, որտեղ Ունամունոն ներկայացնում է հոգեվարքի մեջ կեղեքվող Ռաքելին, դոն Խուանին եւ Բերտային, որոնց ճանաչում ենք դեռ Գիրք Ծննդոցից. Լաբանի կրտսեր դստերը` Ռաքելին, Լիային (նիվոլայում` Բերտային) եւ Հակոբոսին:

Ռուզաննա Պետրոսյանը Ռուզաննա Պետրոսյանը

 

«Մորաքույր Տուլան» վեպը պատմություն է մի երիտասարդ աղջկա մասին, որը, մերժելով իր բոլոր երկրպագուների սերը, մնում է միայնակ` խնամելու մահացած քրոջ զավակներին` այդպիսով նախընտրելով Կույս Մայր դառնալ նրանց համար: Սույն կերպարին Ունամունոն նույնացնում է Սուրբ Մարիամի հետ, քանզի Տուլան եւս պետք է Կույս Մայր դառնա, միայն թե երկրային կյանքի վրա եւ ոչ երկնքում: Վեպում Ունամունոն օգտագործում է նաեւ Աբիսագ Սունամիթայի եւ Դավթի մահվան տեսարանը, որտեղ Աբիսագն իր համբույրներով եւ գրկախառնություններով օրորում է հոգեվարք ապրող Դավթին, ինչպես վեպում, երբ Տուլան իր գրկում ջերմացնում է մահվան մահճում հոգեվարքող տղամարդուն, որը մահացած քրոջ ամուսինն է:

 

-1924-ին Ունամունոյին վտարել են հայրենիքից բռնապետության դեմ ելույթների համար։ Ունամունոն այս վեպով առաջնահերթ փորձում է աստվածաշնչյան պատմության մեկնության իր տարբերա՞կը ներկայացնել, թե՞ պատկերել Իսպանիայում տիրող  քաղաքական իրավիճակն ու մթնոլորտը։

 

- Այո, «Աբել Սանչես» վեպը հեղինակի համար իմաստավորվում է նաեւ հայրենիքից արտաքսված մարդու ապրումներով: Անդրադառնալով վեպը գրելու շարժառիթին` Ունամունոն շեշտում է, որ այս վեպը գրել է հատկապես այն ամենից հետո, ինչ տեսել է իսպանական քաղաքացիական պատերազմի ժամանակ, երբ բազմաթիվ իսպանացիներ կռվում, պայքարում էին մարտադաշտում, բայց ոչ հանուն հայրենիքի, այսինքն` միասնական Իսպանիայի, այլ սեփական փառքի»:

 

- «Ոչ, ես չեմ հավատում մարդու ազատությանը։ Իսկ նա, ով չի հավատում ազատությանը, ազատ չէ»։ Գուցե նաեւ սա վեճ է, որ գրողն ունի Արարչի հետ։ Գուցե «Խոստովանությունը» անմիջականորեն առնչվում է հեղինակին։

 

- Առհասարակ Ունամունոյի ստեղծագործություններում թե՛ հեղինակը, թե՛ գլխավոր հերոսը նույն մարդն է, նույնիսկ այն դեպքում, երբ ստեղծագործության մեջ նրանցից յուրաքանչյուրը ներկայանում է այլ անունով կամ դերակատարմամբ: Ունամունոն հաճախ նշում է, որ իր այս ստեղծագործությունը կարելի է նաեւ խոստովանություն համարել, որտեղ մարդասպանը պատմում է գործած հանցանքի մասին:

 

- «Ամենամեծ նախանձը եղբայրների միջեւ է»։ Սա աքսիոմա՞ է։

 

- «Աբել Սանչես» վեպում իրավամբ նախանձը եղբայրների միջեւ է, մինչդեռ Ունամունոն նախանձի թեման զարգացնում է նաեւ «Մարքիզ դե Լումբրիա» խրատական նիվոլայում, միայն թե այս անգամ պատերազմն ընթանում է երկու քույրերի` Կառոլինայի եւ Լուիսայի միջեւ: Լուիսան, ինչպես Աբելը, չափազանց բարի է, բոլորը սիրում են նրան: Հայրը` մարքիզ դե Լումբրիան, դստերը կնության է տալիս գեղեցկադեմ Տրիստանին` Կառոլինային հեռացնելով հայրենի քաղաքից: Տարիներ անց կատաղի զայրույթից չարացած աղջիկը վերադառնում է տուն եւ վրեժխնդիր լինում բոլորից:

 

- «Աստված չարասցե, որ քո մեջ տարբեր ծնողների արյուններ կռվեն»․․․ Աբելի որդու ու Խոակինի դստեր ամուսնությունը ակնարկ չէ՞ այն մասին, որ ամեն մարդու մեջ կա թե՛ մեկը, թե՛ մյուսը։

 

- Ունամունոյի կարծիքով` յուրաքանչյուրի մեջ կարելի է նախանձի տարրեր գտնել, վերջինս չի թաքցնում, որ Խոակինի կերպարի մեջ տեսնում է նաեւ սեփական անձը, իսկ երկու եղբայրների միջեւ պայքարի գաղափարը վերցրել է ոչ միայն «Աստվածաշնչից», այլեւ իր եւ հարազատ եղբոր` Ֆելիքսի միջեւ շարունակական բախումներից. «Մենք միայն ատում, նողկում ենք այն ամենից եւ բոլոր նրանցից, ովքեր նման են մեզ, իսկ այն ամենի հանդեպ, ինչը կապ չունի մեզ հետ կամ քիչ է նման, անտարբեր ենք: Ցավալի է, երբ նախանձը, մեծամտությունն ու ագահությունը ջնջում են մերձավորի հանդեպ սերդ»:

 

- «Ատիր մերձավորիդ, ինչպես ինքդ քեզ»։ Քանզի ապրեցի ատելով ինքս ինձ, որովհետեւ այստեղ բոլորս ենք ատում իրար։ Բայց․․․ բերեք երեխային»։ Սակայն ո՛չ երեխան, ո՛չ սիրող կինը, ո՛չ հավատը նրան չեն փրկում․․․

 

- Հիրավի ողբերգական է Խոակինի ճակատագիրը: Նա ստիպված է պայքարել նախանձի դեմ, որը ժառանգել է, վերեւում ինչ-որ մեկը որոշել է նրա փոխարեն: Ատելության եւ նախանձի ծանրությունը հաղթահարելու համար վերջինս փորձում է սփոփանք գտնել եկեղեցում, բայց ավաղ չարացած եւ դիվահար հոգին չէր կարող քրիստոնեական հավատ դավանել, քանզի քրիստոնյա Աստծու փոխարեն իր ներսում Սատանա է ծնել:

 

Իր տառապանքների եւ ապրած կյանքի մասին Խոակինը գրում է «Խոստովանություն»` հույսով, որ դուստրը մի օր կկարդա եւ կկարեկցի հորը: Վեպի գլխավոր թեման վեր է հանվում վերջում, երբ մահվան մահճում Խոակինը հրամայում է իր մոտ բերել թոռնիկին, քանզի վերջինս միակ անմեղ էակն է, որը դեռ զուրկ է բանականությունից, հետեւաբար կարող է ներել իրեն եւ չի հարցնի, թե ինչու է այդքան չար եղել, այդքան վատ ապրել, ատել իր մերձավորներին, իսկ մնացած մարդիկ բոլորն էլ ապրում են ատելության մեջ, մեկն ատում է ընկերոջը, մյուսը` եղբորը, մյուսը` հարազատին:

 

- Ի՞նչ կասեք թարգմանչական գործընթացի մասին։ Թարգմանելու ընթացքո՞ւմ է բացվում գրքի ենթաշերտերը, թե՞ լավ թարգմանության համար նախ պետք է ուսումնասիրել- հասկանալ՝ ինչ է փորձել ասել հեղինակը։

 

- Լավ թարգմանելու համար առաջին հերթին թերեւս թարգմանչական ձիրք է պետք եւ մեծագույն սեր` արածդ գործի հանդեպ, հետո արդեն կարեւոր է ճանաչել թարգմանվող երկի հեղինակին, ինձ համար կարեւոր է նաեւ բնագրին հավատարիմ մնալը: Ունամունոյին շատ լավ եմ ճանաչում, մի մոռացեք` իմ «պապիկն» է:

 

Արմինե Սարգսյան

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին