«Լեռնային կղզի». Գիրք-կամուրջ, որ միավորում է հայկական լեռները - Mediamax.am

exclusive
2220 դիտում

«Լեռնային կղզի». Գիրք-կամուրջ, որ միավորում է հայկական լեռները


Լուսանկարը` ArmGeo

Վերելք Արարատ լեռ
Վերելք Արարատ լեռ

Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ArmGeo

Արսար լեռ / Տավուշ
Արսար լեռ / Տավուշ

Լուսանկարը` ArmGeo

Աժդահակ լեռան խառնարանային լիճը
Աժդահակ լեռան խառնարանային լիճը

Լուսանկարը` ArmGeo

Մարաթուկ լեռը՝ Ծովասարից
Մարաթուկ լեռը՝ Ծովասարից

Լուսանկարը` ArmGeo

Մեծ Փարախադեմ լեռ / Արարատի մարզ
Մեծ Փարախադեմ լեռ / Արարատի մարզ

Լուսանկարը` ArmGeo

Սիս լեռը՝ Մասիսից
Սիս լեռը՝ Մասիսից

Լուսանկարը` ArmGeo

Տիգրան Վարագը
Տիգրան Վարագը

Լուսանկարը` ArmGeo

Ծղուկ լեռան գագաթին
Ծղուկ լեռան գագաթին

Լուսանկարը` ArmGeo


Շատերին լեռներ տարած Հայկական աշխարհագրական նախագիծը (Armenian Geographic) 10 տարեկան է: Նախագծի ղեկավար Տիգրան Վարագն ասում է՝ այս տարիներին իրենց հաջողվել է մարդկանց միայն ավանդազրույցներից, գրքերից հայտնի, «միստիկ» լեռները շոշափելի դարձնել, արշավական մշակույթի ձեւավորման մաս դառնալ ու լեռնային երկրում ապրողներին ծանոթացնել սեփական լեռնաշխարհին:

 

10 տարին ամփոփելով մի գրքում՝ Տիգրան Վարագը կազմել է «Լեռնային կղզի. Հայկական լեռնաշխարհ» գիրք-հանրագիտարանը: «Լեռնային կղզին» երկլեզու է (հայերեն, անգլերեն), իսկ բովանդակության կեսից ավելին քարտեզներ են ու լուսանկարներ, որոնք արվել են ArmGeo-ի արշավների ընթացքում:

 

Գրքի, լեռներում քայլելու մշակույթի ու Հայկական լեռնաշխարհի «կիսված» լեռները 100 տարի անց միավորելու մասին Տիգրանը պատմել է Մեդիամաքսին:

 

Էքսպեդիցիոն արշավներն ու «կիսատ» գիրքը

 

Մասնագիտությամբ աշխարհագրագետ եմ, արշավներ գնում եմ դպրոցական տարիքից: Հայկական աշխարհագրական նախագիծը՝ ArmGeo-ն, հիմնել եմ 2012թ.-ին: Այդ տարիներին սկսեցինք «Մերն է» նախագիծը, որով բարձրանում էինք Հայաստանի բոլոր լեռնաշղթաների ամենաբարձր գագաթները: Այս արշավների մեծ մասն էքսպեդիցիոն էր, որովհետեւ բոլորս՝ թե՛ ես, թե՛ հավաքված խումբն առաջին անգամ էինք բարձրանում այս կամ այն գագաթ:

Տիգրան Վարագը Տիգրան Վարագը

Լուսանկարը` ArmGeo

Սարեր կային, որ շատ հետաքրքիր էին ու հետագայում դարձան Հայաստանի հայտնի զբոսաշրջային վայրերից, հիմա բազմաթիվ խմբեր են գնում ու օգտվում մշակված երթուղիներից: Կային նաեւ ոչ այդքան հետաքրքիր գագաթներ, բայց դրանք եւս մենք նկարում էինք, համեմատում մինչ այդ եղած հանրագիտարանային տվյալների հետ ու ճշգրտում դրանք: Միտք առաջացավ, որ հավաքված տեղեկություններն ու լուսանկարները կարելի է միավորել մեկ գրքում, այսպես ստեղծվեց իմ առաջին՝ «Հայաստանի լեռները» գիրքը: Այն Հայաստանի լեռների մասին առաջին երկլեզու (հայերեն, անգլերեն) գիրքն էր ու դրանում տեղ գտած բազմաթիվ տեղեկություններ, լուսանկարներ, նախկինում երբեւէ հրապարակված չէին եղել ու չկային խորհրդային տարիների հայկական աշխարհագրական գրքերում:

 

«Հայաստանի լեռները» գրքում նկարագրված սարերի, երեւի, միայն 10 տոկոսն էր նախկինում հայտնի, մյուսների մասին, լավագույն դեպքում, կար միայն հանրագիտարանային ինֆորմացիա՝ առանց լուսանկարների: Անգլերենով նման տեղեկություն առհասարակ չկար:

Մեծ Փարախադեմ լեռ / Արարատի մարզ Մեծ Փարախադեմ լեռ / Արարատի մարզ

Լուսանկարը` ArmGeo

Գիրքն արժեքավոր էր, բայց իմ պատկերացմամբ ինչ-որ առումով կիսատ, քանի որ դրանում ընդգրկված էին միայն Հայաստանի տարածքում գտնվող լեռները: Հայաստանի սարերն ամբողջական չեն, եթե դրանց նկարագրությունը չես սկսում ամբողջ Հայկական լեռնաշխարհից: Հայաստանի Հանրապետության ներկա տարածքը Հայկական լեռնաշխարհի ընդամենը տասը տոկոսն է կազմում: Մեր պատմության, առասպելների, ավանդազրույցների մեջ հիշատակվող լեռների մեծ մասը դուրս է մնացել Հայաստանի այսօրվա տարածքից ու մնացել Արեւմտյան Հայաստանում: Այնպես որ, որոշեցի ամբողջացնել Հայկական լեռնաշխարհի լեռներն արդեն նոր գրքում:

 

«Լեռնային կղզի»-ն ու սխալներն ուղղելու պատասխանատվությունը

 

Կան աշխարհագրագետներ, որ Հայկական լեռնաշխարհն անվանում են Լեռնային կղզի, քանի որ այն նման է ծալքաբեկորավոր լեռներով շրջապատված կղզու, որը բարձր է հարակից տարածքներից՝ Անատոլիայից, Իրանական բարձրավանդակից: Գրքի համար ընտրեցի այս անվանումը:

Արսար լեռ / Տավուշ Արսար լեռ / Տավուշ

Լուսանկարը` ArmGeo

Այն կազմելիս օգտվել եմ մի քանի աղբյուրից, բայց հիմքում մեր արշավներն են: Հայկական լեռնաշխարհի՝ ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող հատվածում, էքսպեդիցիոն արշավներ նախկինում չեն արվել: Խորհրդային տարիներին Արեւելյան Հայաստանը բավականին լավ ուսումնասիրվել է, իսկ լեռնաշխարհի մյուս մասը մնացել չբացահայտված: Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը գնացել է, քայլել այդ լեռներով: Քարտեզների վրա հիմնվելով՝ գիտնականները մոտավոր տվյալներ են նշել, ու մեր արշավների ընթացքում շատ էին դեպքերը, երբ հանրագիտարանային տվյալները չէին համապատասխանում իրականությանը: Ամենավառ օրինակը Սիփան լեռն է: Դրա բարձրությունը բազմաթիվ աղբյուրներում 4434մ է նշված, այն դեպքում, որ իրական բարձրությունը 4058մ է, այսինքն՝ տվյալների միջեւ կա մոտ 400մ-ի շեղում:

 

Առ այսօր, վերատպվող դասագրքերում շարունակում են նշել սխալ տվյալ: Անցյալ տարի լույս տեսավ Հայկական լեռնաշխարհի քարտեզն ու քանի որ ծանոթ եմ քարտեզագիր Անուշավան Բարսեղյանի հետ, քարտեզում ճշգրտեցինք տվյալները: Կրթության նախարարության ներկայացուցիչների կամ դասագրքերի հեղինակներին անձամբ չեմ ճանաչում, այնպես որ, նույն սխալները վերատպվում են դասագրքից դասագիրք (ժպտում է – հեղ.): Իրականում սա խնդիր է, քանի որ որեւէ մեկը չի ցանկանում իր վրա պատասխանատվություն վերցնել, թարմացնել, ճշգրտել եղած տվյալները: Պարզապես արտագրում են ինֆորմացիան նախկինում եղած աղբյուրներից:

Սիս լեռը՝ Մասիսից Սիս լեռը՝ Մասիսից

Լուսանկարը` ArmGeo

Մեկ այլ խնդիր էլ կա, որի մասին հաճախ եմ խոսում ու անդրադառնում նաեւ գրքում՝ Հայաստանը Կովկասի մաս չէ ու Հարավային Կովկաս ձեւակերպումը սխալ է ճիշտ այնպես, ինչպես Արեւելյան Անատոլիան: Այստեղ էլ բոլոր աշխարհագրագետները համաձայն են, ասում են՝ «այո՛», բայց ոչ մի գրքում այդ մասին չի գրվում: Ըստ իս՝ մարդիկ խուսափում են պատասխանատվություն ստանձնելուց ու խոսելուց այդ մասին:

 

Լեռների միջեւ 100 տարի կտրված կապը

 

Մի անգամ էլ էի գրել, որ այս գրքում տեղ գտած արշավներով մենք, կարծես, վերականգնել ենք Հայկական լեռնաշխարհի երկու՝ արեւելյան ու արեւմտյան կողմերում գտնվող լեռների միջեւ պատմական կապը, որը կտրված էր վերջին 100 տարիներին: Սա պայմանական ժամկետ է՝ նկատի ունենալով մինչեւ Ցեղասպանությունը եղած ժամակաշրջանը, երբ այդ տարածքները հայաբնակ էին:

 

Հայերը շատ կապված էին սարերի հետ, եթե նույնիսկ չէին բարձրանում, ապա պաշտում էին: Ու հիմա՝ 100 տարի անց, հայերի ոտքը նորից կպավ այդ սարերին:

 

ArmGeo-ն հայերի առաջին խումբն էր, որ բարձրացավ Արեւմտյան Հայաստանի շատ լեռներ: Այս վերելքներով մենք փորձեցինք կամուրջ կառուցել Հայկական լեռնաշխարհի՝ Հայաստանի Հանրապետության ու ներկայում Թուրքիայի տարածքում գտնող լեռների միջեւ: Մեր ավանդազրույցներում մեծամասամբ հիշատակվում են հենց Արեւմտյան Հայաստանի լեռները: Պատմություններ կան սիրահար լեռների, քույր-եղբայր, թշնամի սարերի մասին: Դրանց անունները շատերը կարդացել են միայն գրքերում՝ Վարագը, Արտոսը, Գրգուռը, Բարդողը, Ծովասարը, Կապուտկողը եւ Սուկավետը: Ժամանակի ընթացքում շատերի համար այս սարերը դարձել են «միստիկ» մի բան, անուններ երգերից ու գրականությունից, բայց դրանք կան՝ իրական ու շոշափելի: Մենք գնացինք, քայլեցինք այդ սարերում, լուսանկարեցինք ու գրքի միջոցով փորձում ենք փոխանցել այս կապը նաեւ մյուսներին:

Մարաթուկ լեռը՝ Ծովասարից Մարաթուկ լեռը՝ Ծովասարից

Լուսանկարը` ArmGeo

Մեր լուսանկարների մեծ մասում բնության մեջ մարդ կա, այդպես ենք արել, որ ավելի պարզ լինի՝ մարդն ինչ մասշտաբներով է լինում այդ սարի վրա: Ցանկացել ենք նաեւ, որ գիրքը թերթողը պատկերացնի՝ սարը, որի մասին միայն երգերում է լսել, կա հենց այսօր, այսպիսի տեսք ունի ու, օրինակ, Մարաթուկի գագաթին կանգնած է ժամանակակից արշավական հագուստով, ուսապարկով մարդ: Կարծում եմ՝ սա ավելի հողեղեն, իրական ու շոշափելի է դարձնում սարը մարդու մտքում:

 

Արշավական մշակույթի ձեւավորումն ու լեռնային տուրիզմը

 

Հետ նայելով անցած տասը տարիներին՝ կարող եմ միանշանակ ասել, որ սար գնալու մշակույթը շատ է փոխվել: Սա եւ՛ դրական, եւ՛ մի քիչ բացասական կողմեր ունի: Եթե տարիներ առաջ շաբաթ-կիրակի օրերին Երեւանից մոտ 50-60 մարդ էր ուղեւորվում սարեր, հիմա միջինում մոտ 1 000 մարդ է գնում: Բացասականը սարերի մասսայականացման հետեւանքներն են. շատերը սար են գնում առանց կրելու այդ մշակույթը, սխալ հագուստով, զուտ ժամանցի համար: Մի քիչ «բիձու» պես խոսեցի (ծիծաղում է-հեղ.): Նկատի ունեմ՝ մենք, երբ սկսում էինք հանրայնացնել սարերը, հիմքում դնում էինք լեռնային մշակույթը՝ շարքով քայլել, հետեւել որոշակի կանոնների: Հիմա սա շատ է փոխվել: Իհարկե, սար գնալն ինչ-որ սուրբ ուխտագնացություն չէ, ժամանց է, բայց լեռնագնացության շունչն էլ չպետք է կորի: Մյուս կողմից, հիմա այս մշակույթը եփվելու փուլում է ու, գուցե, որոշ ժամանակ անց լրիվ այլ տեսք ստանա:

Վերելք Արարատ լեռ Վերելք Արարատ լեռ

Լուսանկարը` ArmGeo

Հայաստանը նաեւ մեծ ներուժ ունի լեռնային տուրիզմի ոլորտում, բայց մենք մեզ ավելի շատ դիրքավորում ենք որպես կրոնական երկիր: Իհարկե, եկեղեցիները շատ արժեքավոր են ու տպավորիչ, բայց այսօր աշխարհն ավելի շատ դեպի բնություն է գնում: Այստեղ տարիքային նրբություններ էլ կան, եթե ցանկանում ես քո երկիր երիտասարդների բերել, նրանց շատ դժվար է գրավել դասական էքսկուրսիաներով: Նրանք ավելի շատ ցանկանում են գալ, սիրուն տեսարաններով քայլել լեռներում, վրանային գիշերակաց ունենալ:

Ծղուկ լեռան գագաթին Ծղուկ լեռան գագաթին

Լուսանկարը` ArmGeo

Մեր զբոսաշրջության ոլորտում այս ուղղությամբ տեղաշարժ կար մինչեւ 2019 թվականը, հետո եղավ կորոնավիրուսի համավարակը, Արցախյան պատերազմն ու գործընթացը կանգնեց: Հիմա որոշակի զարգացումներ լինում են անհատների, լեռնագնացների, զբոսաշրջային առանձին կազմակերպությունների շնորհիվ: Ազատ թողած ոլորտ է, քեզ ո՛չ օգնում են, ո՛չ խանգարում: Պետական մոտեցում է պետք, որպեսզի հստակեցվի՝ ինչ է կարելի ու ինչ չի կարելի անել լեռներում, ազգային պարկերում:

 

Ում համար է «Լեռնային կղզի»-ն

 

Վերադառնալով գրքին՝ ցանկանում եմ նշել, որ սա ոչ թե ծայրից ծայր կարդալու ու պահարանում դնելու գիրք է, այլ՝ պարբերաբար բացելու, թերթելու, տեղեկություն ստանալու: Մենք լեռնային երկրում ենք ապրում ու լեռներին մարդիկ առնչվում են ամեն օր, կարծում եմ՝ այն կարող է լինել բոլոր ընտանիքներում ու գրադարաններում:

 

«Լեռնային կղզին» լավ նվեր է բնություն սիրող մարդու համար: Անգլերենով նման ինֆորմացիա Հայկական լեռնաշխարհի մասին մինչ այս չի տպագրվել ու գիրքը շատ հարմար է նաեւ արտերկիր ուղարկելու համար, օրինակ՝ դասական հուշանվերների փոխարեն:  

Աժդահակ լեռան խառնարանային լիճը Աժդահակ լեռան խառնարանային լիճը

Լուսանկարը` ArmGeo

Շնորհանդեսից հետո գիրքը հասանելի կլինի գրախանութներում, տպագրել ենք 500 օրինակ: Ամբողջ գործընթացն արել եմ անձնական միջոցներով ու եթե հնարավոր լինի գտնել ֆինանսավորող, պատրաստ եմ վերահրատարակել այն ու բաժանել դպրոցներին, ուսումնական այլ հաստատություններին, ուղարկել մարզեր:

 

Յանա Շախրամանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին