Ափդայքի «թաքնված» վեպը, ֆեմինիզմն ու ինքնախաբեությունը - Mediamax.am

exclusive
1885 դիտում

Ափդայքի «թաքնված» վեպը, ֆեմինիզմն ու ինքնախաբեությունը


Արտաշես Էմինը
Արտաշես Էմինը

Լուսանկարը` անձնական արխիվից

Ափդայքի բանաստեղծությունների Գևորգ Էմինին մակագրած գիրքը
Ափդայքի բանաստեղծությունների Գևորգ Էմինին մակագրած գիրքը

«Անտարես» հրատարակչությունը Արտաշես Էմինի թարգմանությամբ լույս է ընծայել Ջոն Ափդայքի «Ս» վեպը (1988), որն ըստ թարգմանչի՝ամերիկացի գրողի թաքնված գանձերից է։ Ափդայքը Պուլիտցերյան մրցանակի կրկնակի դափնեկիր է, երեք տասնյակից ավելի վեպերի հեղինակ: Արտաշես Էմինից  հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է բացատրվում գրքի «թաքնված» լինելը եւ ինչու որոշեց այն ներկայացնել հայ ընթերցողի դատին։

 

- Քննական գրականության մեջ այս վեպի մասին որեւէ անդրադարձ ինձ չի պատահել…Այն թարգմանելու որոշումս պայմանավորված էր մի քանի գործոնով։

 

Նախ, որպես սկզբունք, նախընտրում եմ թարգմանել գրքեր, որ ռուսերեն չկան, բացի այդ՝ հայերին վերաբերող անդրադարձ կա գրքում, եւ երրորդ՝ իսկապես գեղարվեստական արժեք ունեցող գիրք է: Դժվար էր պատկերացնել, որ տղամարդ հեղինակը կարող է այդ աստիճան թափանցել կնոջ ներաշխարհը, ինչն, ըստ իս, հաջողվել է։

 

Կար նաեւ անձնական նկատառում՝ Ափդայքն այցելել է Հայաստան, ծանոթ է եղել հորս, տանը կա նրա բանաստեղծությունների Գեւորգ Էմինին մակագրած գիրքը։ Ունի նաեւ Հայաստանին նվիրված երեք բանաստեղծություն։

Ափդայքի բանաստեղծությունների Գևորգ Էմինին մակագրած գիրքը Ափդայքի բանաստեղծությունների Գևորգ Էմինին մակագրած գիրքը

 

«Ս»-ն կարդացել եմ 80-ականների վերջին, երբ արդեն ամուսնացած էի, եւ որոշեցի թարգմանել։ Մեր լեզվամտածողությունն առանձնապես չի հարստացնում այս վեպը, պարզապես ինձ դուր եկավ մեզ համար անսովոր նամակագրային ոճը, դեր խաղացին նաեւ վերոնշյալ նկատառումները։

 

- Հերոսուհու՝ Սառայի նամակների միջոցով է, որ ծանոթանում ենք գրքում ծավալվող իրադարձություններին, կարծիք կազմում թե՛ նամակագրի, թե՛ հասցեատերերի մասին։ Շատ միակողմանի մոտեցում չէ՞։

 

- Այդ իրավունքը կանայք համարյա ամենուր վաղուց են վաստակել՝ իրենց տեսանկյունն առաջ մղելու։ Շատ ցայտուն կերպար է հերոսուհին եւ, չնայած իր թերություններին, խոսքն ուժեղ կնոջ մասին է։

 

- Գիրքը տեղեկություններ է տալիս էզոթերիկ ուսմունքների մասին, միաժամանակ բացահայտում կրոնական խարդավանքները, «անապատում հանգիստ գտնելու» գինը։ Ի՞նչն է այստեղ առանցքայինը։

 

- Էզոթերիկ շաղախը պարզապես ընդգծում է XX դարի ութսունականների ամերիկյան բարքերն ու կենսակերպի թերություններից մեկը․ համատարած իմաստազրկության ֆոնին իմաստ խոստացող կամ անգամ ակնարկող ցանկացած բան նրանց շատ ավելի գրավիչ է թվում, ուստի, առանձնապես չխորանալով, երկրպագում են մակերեւույթայինից առավել որեւէ դրսեւորում։

 

- Կրոնական եզրույթներն ինչպե՞ս եք թարգմանել։

 

- Չեմ թարգմանել, տառադարձել եմ պարզապես։

 

- Իսկ, առհասարակ, ծանո՞թ էին գրքում ներկայացված կրոնական գաղափարները, բառապաշարը։

 

- Ես 14 տարեկանում մի քանի ամիս զբաղվել եմ յոգայի մարմնական ուսմունքով, ինչի անդրադարձերը մինչ օրս վայելում եմ։

Արտաշես Էմինը Արտաշես Էմինը

Լուսանկարը` անձնական արխիվից

- Սառան իր համար նոր աշխարհ է ստեղծում, միաժամանակ փորձում է կարգի բերել հինը։ Հատկանշական է, որ նրա՝ անգամ նախկին ամուսնուն հասցեագրված նամակներում ակնհայտ է հոգատարությունը։

 

- Ինքնըտինքյան ենթադրվում է, որ որոշակի պատասխանատվության զգացումը զուտ մարդկային դրսեւորում է, անկախ անձնական հանգամանքներից։ Ինքս հիմա նույն վիճակում եմ։

 

- Ծնող-երեխա հարաբերություններին է նաեւ անդրադառնում վեպը։ Այսպիսի ուշագրավ միտք-եզրագանգման ես հանդիպում․ «Երեխաները մեզ տրված են որպես հրաշք՝ գեյզերի, ապակե երկնաքերի կամ Վերմոնթի աշնանային թխկիներով լեռների պես եւ մենք չէ, որ պետք է նրանց կերտենք, մեր գործը նրանցով հիանալն է։ Երկրպագել եւ սիրել»։

 

- Նայած զավակի տարիքին, երեւի մինչեւ 7-8 տարեկան (դժվար է գիծը ճշգրիտ քաշել, անհատական է) նրանց հարկ է ուղղորդել՝ հիանալով հանդերձ։ Հետո, բանական որոշակի մակարդակի հասնելով, նրանք իրավունք են վաստակում որոշումներ ընդունել, որոնք միշտ չէ, որ մեզ դուր են գալիս։  Տվյալ դեպքում ցայտուն ընդգծված է այդ հանգամանքը։

 

- Բուդդայական պաշտամունքով տարված նոր անգլիացի հարուստ տնային տնտեսուհին, ի վերջո, հասնո՞ւմ է «փրկության»։

 

- Ինձ թվում է՝ ոչ, բայց տվյալ դեպքում ուժի մեջ է մի հին ասացվածք՝ կարեւորը ոչ թե նշանակետն է, այլ ուղին։ Ճանապարհն ինքնին արժեք է համարվում։

 

Ապահով կյանքը մարդուն զրկում է ապրելու, պայքարելու ազդակներից, ձգտելու բան ասես չի մնում։  Լճացման դեմ պայքարելու ձեւը շարժումն է, ուղղությունն այնքան էլ կարեւոր չէ, թեեւ դրականը նախընտրելի է։

 

-«Մազալու ա, չէ՞, որ դրախտը միշտ անցյալում ա կամ ապագայում ու ոչ երբեք՝ հենց հիմա»։ Ի՞նչ կասեք սրա մասին։

 

- Պահը վայելելու անկարողութունն է՝ բոլորին հատուկ, թեեւ տվյալ դեպքում՝ միտքը ձեւակերպելուց իսկ երեւում է, որ Սառան ինքն իրեն ուղղորդում է դեպի գնահատելը։

 

- «Նա ինքնախաբեության եւ ֆեմինիզմի սքանչելի մարմնացում է»: Գրքի հերոսուհու մասին նման մեկնաբանության եմ հանդիպել։ Համամի՞տ եք։

 

- Ցանկացած գաղափարախոսություն ինքնախաբեության բաղադրիչ ունի։ Եթե կորցնում ես քննական մոտեցումը քո անձի եւ մտքերի հանդեպ, «շիտակ» ուղի է երաշխավորված դեպի ինքնախաբեություն։

 

Ֆեմինիզմն այդ վեպը գրելու տարիներին թափ էր առնում, թեեւ դեռ չէր հասել մերօրյա ծայրահեղություններին։ Ամեն շարժում, գաղափարախոսություն միշտ ծնում է եւ ողջամիտ հետեւորդների եւ սանձարձակ ծայրահեղականների։ Այն վեպը, որ հիմա եմ թարգմանում, Ջոն Ըրվինի «Աշխարհն ըստ Գարփի», դրան ավելի հանգամանալից է անդրադառնում։

 

- Արհատին՝ կես հայ, կես հրեա կրոնական առաջնորդին չանդրադարձանք։

 

- Չեմ ուզում ընթերցողին զրկել բացահայտելու հաճույքից…Բավական է ասել, որ այդ կերպարի նախատիպարը Օրեգոն նահանգի տխրահռչակ աշրամի գուրու Ռաջնիշն է (իր հերթին Գուրջիեւի ուսմունքից շատ բան փոխառած), որը, խույս տալով ամերիկյան արդարադատությունից, մեր օրերում հայտնի է Օշո անվամբ։

 

Արմինե Սարգսյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին