«Նրանց ժամանակը». «սպիտակ խալաթով զինվորների» պատմությունները - Mediamax.am

exclusive
1702 դիտում

«Նրանց ժամանակը». «սպիտակ խալաթով զինվորների» պատմությունները


Լուսանկարը` Ռուզաննա Բագրատունյանի արխիվից

Լուսանկարը` Ռուզաննա Բագրատունյանի արխիվից

Լուսանկարը` Ռուզաննա Բագրատունյանի արխիվից

Լուսանկարը` Ռուզաննա Բագրատունյանի արխիվից

Լուսանկարը` Ռուզաննա Բագրատունյանի արխիվից

Լուսանկարը` Ռուզաննա Բագրատունյանի արխիվից

Լուսանկարը` Ռուզաննա Բագրատունյանի արխիվից

Լուսանկարը` Ռուզաննա Բագրատունյանի արխիվից

Լուսանկարը` Ռուզաննա Բագրատունյանի արխիվից


Լույս է տեսել «Նրանց ժամանակը» գիրքը, որը նվիրվում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին։

 

Գիրքը նախաձեռնել ու կազմել է «Կինոաշխարհ» կայքի խմբագիր Ռուզաննա Բագրատունյանը։ Ստվարածավալ այս ժողովածուում մեկտեղվել են Արցախյան գոյամարտի տարիներին (1991-1994թթ.) վիրավոր զինվորներին բուժօգնություն ցուցաբերած բժիշկների, բուժքույրերի եւ բուժակների մասին պատմությունները։

 

Բուժաշխատողները Հայաստանից են, Արցախից եւ Սփյուռքից։ Հարցազրույցները վարել են Նաիրա Փայտյանը, Սոնա Մարտիրոսյանը, Ռուզաննա Բագրատունյանը։

Լուսանկարը` Ռուզաննա Բագրատունյանի արխիվից

Գրքի տպագրությանը աջակցել են սփյուռքահայ լուսահոգի բարերար Գրիգոր Քյուրքչյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Լույս է ընծայել «Եռանկյուն» սոցիալ-մշակութային կազմակերպությունը։

 

Մեդիամաքսի զրուցակիցը Ռուզաննա Բագրատունյանն է։ Նրա ձեւակերպմամբ՝ «սպիտակ խալաթով զինվորները» հրամանատարներից, ազատամարտիկներից ոչ պակաս ներդրում են ունեցել հաղթանակի կերտման մեջ։

 

-2017-ին լույս տեսած «Նրանք նկարում էին պատերազմը» գրքում տեղ են գտել Արցախյան պատերազմի 1991-1994 թթ կինովավերագրողների հետ արված հարցազրույցները։ «Նրանց ժամանակը» «Վավերագրողների» շարունակությո՞ւնն է։

 

- Չեմ կարող ասել, որ շարունակությունն է ու այդպես նախատեսել էի, բայց նախորդ գրքի ձեւաչափը որոշ առումով պահպանվել է։

 

- Ինչպե՞ս ծագեց ռազմաճակատ մեկնած բուժաշխատողների պատմությունները միավորելու գաղափարը։

 

- Ընկերներիցս մեկը՝ օպերատոր Միքայել Ղազարյանը մի պատմություն պատմեց պատերազմական օրերից, թե ինչպես հայ բժշկուհուն գիշերով ադրբեջանցիները գալիս-տանում են, որ մի հղի կնոջ ծանր բարդություններով ծննդաբերությունն ընդունի։

Այդ օրը երկար խոսեցինք այդ պատմության ու էլի ուրիշ բաների մասին, եւ Միքայելն ասաց, որ լավ կլինի՝ օպերատորների օրինակով մի գիրք էլ բժիշկների մասին ունենանք… Երկար մտածում էի դրա մասին։ Պատերազմի մասին պատմությունները ծանր են եւ՛ պատմողի, եւ՛ լսողի ու գրի առնողի համար։ Բայց, ի վերջո, որոշեցի կյանքի կոչել գաղափարը։

Լուսանկարը` Ռուզաննա Բագրատունյանի արխիվից

Գրքի վրա աշխատանքներն սկսվել են 2018-ի աշնան վերջերին։ Արցախում ծանոթացա Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի նախկին պետ, վիրաբույժ, գնդապետ Սամվել Գեւորգյանի հետ։ Նա ինձ օգնեց՝ տրամադրելով բուժաշխատողների նախնական ցուցակը, քանի որ ոչ մի պետական կառույցում չկար լիարժեք տեղեկություն այն մասին, թե ովքեր են այդ տարիներին եղել ռազմաճակատի առաջին գծում, բուժօգնություն ցուցաբերել դաշտային եւ հիմնական հոսպիտալներում։

Լուսանկարը` Ռուզաննա Բագրատունյանի արխիվից

Եղա Ռազմական բժշկության նորաբաց թանգարանում, որտեղ մի հսկայական ցուցակ էր ձգվում պատի երկայնքով, հարյուրավոր անուններ, բայց դրանցից իրականում քանի՞սն էին եղել Արցախում… Դա կարեւոր հարց է։ Ոչ ոք չգիտի։ Դրանք այն ժամանակ հայաստանյան հիվանդանոցներից գործուղվածների ցուցակներն էին, որոնցից քչերն էին մեկնում ռազմաճակատ։ Հետեւաբար, ստույգ թիվ չկա, բայց կա հիշողությունը նրանց, ովքեր այդ տարիներին մի բռունցք դարձած՝ իրար փոխարինելով գիշեր ու ցերեկ աշխատել են, դաշտային պայմաններում վիրահատություններ արել ու կյանքեր փրկել։ Գրքում զետեղված 116 բուժաշխատողների ցանկը համալրվել է պատմությունից պատմություն, զրույցից զրույց։

Լուսանկարը` Ռուզաննա Բագրատունյանի արխիվից

2019-ին բազում անգամներ եղել եմ Արցախում (Մարտակերտ, Ասկերան, Մարտունի, Հադրութ, Շուշի)։ Հանդիպել եմ բոլորին մեկ առ մեկ։ 2020-ին համավարակի պատճառով աշխատանքներն ընդմիջվեցին, հետո սկսվեց պատերազմը, հետո անհուսության ու կատարվածի հետ համակերպվելու տեւական շրջանը։

Լուսանկարը` Ռուզաննա Բագրատունյանի արխիվից

Ավելի ուշ հասկացա, որ պիտի ավարտին հասցնեմ այն, ինչ սկսել էի արդեն, ավելին՝ ինձ պարտավորված էի զգում այդ մարդկանց առաջ։ 2021-ին ավարտեցինք Հայաստանից Արցախ գնացած բուժաշխատողների հարցազրույցները։ 2022-ի մարտին գիրքն արդեն պատրաստ էր տպագրության։

 

- Գնահատականի, ուշադրության արժանացե՞լ են այդ մարդիկ։ Եվ ի՞նչ կարող է տալ այս առումով «Նրանց ժամանակը» գիրքը։

 

- Զրույցների ընթացքում թե՛ բժիշկների, թե՛ բուժքույր-բուժակների պատմություններում նկատելի էր այդ զգացումը, որ իրենք բավարար ուշադրության չեն արժանացել, չեն գնահատվել։ Բայց հաջորդ վայրկյանին էլ իրենք իրենց կարծես ուղղում էին ու ասում. «Աստված չանի, որ պետք լինի, էսօր էլ պատրաստ ենք նույնը անել, առանց մտածելու»։

 

- Գրքի նախաբանում նշվում է, որ բուժաշխատողների պատմությունները հաճախ խաչվում են։ Փորձե՞լ եք ճշտել-համադրել դեպքերը, թվականները, անունները։ Հավանաբար նաեւ հետազոտական աշխատանք է ենթադրում այս գրքի ստեղծումը։

 

- Ճշտելու եւ համադրելու առաքելությունը թողնենք մասնագետներին։ Ես փորձել եմ մեկ ժողովածուում ընդգրկել նրանց, ովքեր շարունակաբար աշխատել են ռազմաճակատի առաջին գծում եւ հոսպիտալներում։

Լուսանկարը` Ռուզաննա Բագրատունյանի արխիվից

Ամեն մի զինվորի կյանքի համար պայքարած նվիրյալ հերոսներին ժողովուրդը չի ճանաչում։ Պատերազմից հետո նրանք ընդհանրապես մոռացության մատնվեցին՝ չարժանանալով անգամ պարզ շնորհակալության։

 

- Գուցե կան արժանավորներ, որ ինչ-ինչ պատճառով դո՞ւրս են մնացել այս գրքից։

 

- Երեք տասնամյակների հեռուներից արցախյան առաջին պատերազմում բուժօգնություն ցույց տված բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին գտնելը դյուրին չէր։ Նրանց մի մասն այսօր ապրում է Արցախից ու Հայաստանից դուրս, իսկ մի մասն էլ կամ զոհվել է պատերազմի տարիներին, կամ մահացել պատերազմից հետո։

Լուսանկարը` Ռուզաննա Բագրատունյանի արխիվից

Կան անուններ, որոնց գտնել չի հաջողվել. նրանց հետքերն, այսպես ասած, կորել են, ոմանք տարբեր պատճառներով խուսափել են հարցազրույցից, մի մասն էլ արդեն ողջ չէ։ Յուրաքանչյուր բուժաշխատողի պատմությանը կից զետեղված են նրա կենսագրական տվյալները, որոնք ավելի շատ խորհրդանշական են, քան հանրագիտարանային։

 

- Մինչ գրքի լույս աշխարհ գալը մենք նոր պատերազմ ապրեցինք՝ ոչ հաղթական ավարտով, դա որեւէ կերպ անդրադարձե՞լ է գրքի բովանդակության վրա, շեշտադրումների։

 

- Ոչ, ոչինչ չի փոխվել գրքում, ինչը չենք կարող ասել մեր հոգիների մասին, ամեն ինչ տակնուվրա եղավ, մեր ապրածի ուղիղ կեսը զրոյացավ։

 

- Նոր պատերազմի ուրվագիծը կանխորոշո՞ւմ էր գիրքը։

 

- Պատերազմով անցած մարդիկ կանխատեսել են, զգուշացրել, որ պատերազմը չի ավարտվել։ Աշոտ Ադամյանի խոսքն եմ մեջբերում. «Իմ պատերազմը դեռ չի վերջացել, իմ պատերազմը կվերջանա այն ժամանակ, երբ Արցախի հարցը վերջնական լուծում ստանա ու իրական խաղաղություն հաստատվի»։

Լուսանկարը` Ռուզաննա Բագրատունյանի արխիվից

Կամո Ամիրյանն իր հերթին զգուշացնում էր․ «Ոչ ոք չգիտի՝ ե՞րբ եւ ո՞ր սերնդի ժամանակ կավարտվի պատերազմը, դրա համար էլ պետք է պատերազմին միշտ պատրաստ լինենք»…

 

-Ինչպիսին են նրանք՝ պատերազմ տեսած բուժաշխատողները։

 

- Նրանք պայծառ ու լուսավոր մարդիկ են, բոլորը՝ առանց բացառության։

 

- Ի՞նչ տպաքանակով է հրատարակվել գիրքը, ի՞նչպես է այն տարածվելու։

 

- 300 օրինակ է տպագրվել։ Նվիրելու եմ իմ գրքի հերոսներին, իսկ մնացածը՝ դեռ չգիտեմ։ Փորձելու եմ ուղարկել արտերկրի հայագիտական կենտրոններին, գրադարաններին։ Եթե մի փոքր մաս էլ վաճառվի, գումարը կուղղեմ գրքի անգլերեն թարգմանությանը։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին