«Շշմելու գործ». Թոմաս Փինչընի «անթարգմանելի» վեպը թարգմանվել է հայերեն - Mediamax.am

exclusive
2565 դիտում

«Շշմելու գործ». Թոմաս Փինչընի «անթարգմանելի» վեպը թարգմանվել է հայերեն


Արտաշես Էմինը
Արտաշես Էմինը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` «Անտարես»


«Անտարես» հրատարակչությունը ներկայացնում է ամերիկյան պոստմոդեռնիզմի ականավոր ներկայացուցիչ Թոմաս Փինչընի «Ձգողության ծիածանը» մեծածավալ վեպը։ Թարգմանությունը Արտաշես Էմինինն է։ Նրա բնորոշմամբ՝ վեպը վաստակել է XX դարի գրականության խորհուն կոթողներից մեկի համբավը։

 

- «Ձգողության ծիածանը» հրատարակվել է 1973-ին (վերահրատարակվում է գրեթե ամեն տարի), 1976-ին կարդացել եմ ու արդեն այն ժամանակ որոշեցի, որ պետք է թարգմանեմ։ Գտա ու կարդացի նաեւ մինչ այդ տպագրված Փինչընի գործերը։ Նա մինչ օրս` 10 տարին մեկ նման մի վեպ է հանձնում հրատարակիչներին, թեեւ ինքնությունը, հասցեն հայտնի չէ ոչ ոքի։

 

- Շրջանառվել է նրա երիտասարդության տարիներին (1950-ականներին) արված մի լուսանկար, ձայնն էլ հնչել է մուլտսերիալում։

 

- Այո, «Սիմփսոններ» մուլտսերիալում եւ մի տեսանյութում կա, բայց ոչ ոք չգիտի՝ նա ո՞ր մեկն է։ Իսկ լուսանկարում նավաստու համազգեստով աղոտ մի դեմք է երեւում, որ այդքան էլ պարզ չի՝ թե ով է։

 

- Մարքեթինգային քա՞յլ է, թե Փինչընին բնորոշող վարքագիծ։

 

- Դժվար մարքեթինգային հնար լինի, որովհետեւ դրա կարիքը չունի, տարբեր լեզուներով հարյուր հազարներով տպագրվում է։ Անգամ գիտական եռամսյա հանդես կա, նվիրված բացառապես նրա ստեղծագործություններին։ Խմբագիրներից մեկը Վեսլիյան համալսարանի պրոֆեսոր Խաչիկ Թոլոլյանն է (ԱՄՆ)։

 

- Թոմաս Փինչընը ծնվել է 1937-ին Նյու Յորքում: Սովորել է կիրառական ֆիզիկա, երկրորդ կուրսում թողել համալսարանը եւ անցել ծառայության ԱՄՆ նավատորմում: 1957-ից հետաքրքրվել է անգլիական գրականությամբ: Կենսագրական այս տվյալները մի քանի տեղ հանդիպեցի։ Հստա՞կ են։

 

- Հստակ կարող է լինել այն դեպքում, երբ համեմատես ձեռքդ ընկած մարդու հետ, բայց եթե մարդը չկա, ո՞ւմ հետ համեմատես, իմանաս՝ հստակ է, թե ոչ։

 

- «Ձգողության ծիածանից» հետո երկար ժամանակ չի գրել։ Սպառե՞լ է նյութը, ասելիքը, էներգիան, ի վերջո։

 

- Տասը տարուց ավելի գիրք չի հրատարակել, չգիտենք՝ գուցե գրել է, գուցե՝ չէ։ Չեմ պատկերացնում մի մարդ այնքան էներգիա ունենա, որ այդ գրքի տեսքով դրսեւորվի, ու սպառի իրեն։

Լուսանկարը` «Անտարես»

Այդ գիրքն ասես մի մարդու գրած չլինի. մի մարդ պետք է կատարելապես ծանոթ լինի ամերիկյան, անգլիական, գերմանական, ռուսական, սովետական, լատինամերիկյան, եվրոպական, միջին արեւելյան մշակույթին, պատմությանը, լեզուներին։ Նման մարդ կա՞, գումարած՝ տաղանդի գերադրական աստիճանը՝ հանճարին մոտեցող։

 

- Իսկ այդ ծավալի գրքի թարգմանության համար որքա՞ն ժամանակ պահանջվեց։

 

- Ժամանակը ճշգրիտ գիտեմ՝ 12 տարի, բայց ազատ պահերին եմ թարգմանել, եթե առավոտից երեկո միայն դրա թարգմանությամբ զբաղվեի, կտեւեր մեկ ու կես տարի։

 

- Ինչո՞ւ որոշեցիք անդրադառնալ հենց այդ գործին։

 

- Անթարգմանելի էր թվում, ուստի որոշեցի թարգմանել։ Մարզիկներն ամեն անգամ ծանրաձողի քաշն ավելացնում են, այլապես մկանը չի աճի։ Նույնն էլ թարգմանչի ուղեղն է։ Այսինքն, որ «ուղեղդ չժանգոտի», մարտահրավերներ ես դեմ տալիս։ Դժվար տեղերը հաղթահարելով, մեծ բավականություն ես ստանում։ Սրա գերմաներեն թարգմանողը Նոբելյան մրցանակակիր է…

 

- Կնշեք դժվարություններ, որ բնորոշ էին հենց այս գործի թարգմանությանը։

 

-  100-ից ավել բառ եմ հորինել, անգամ այդ բառերն առանձին ցանկով գրել եմ։ Տեքստի մեջ բանաստեղծություններ կան. գոյություն ունեցող երգերի հիման վրա նոր բառեր է գրել։ Պետք էր գտնել այդ երգերի մեղեդիները։ Այնպես եմ թարգմանել, որ այդ մեղեդիով հայերեն տողերը հնարավոր է երգել…

 

- «Ձգողության ծիածանը»  ռուսերեն չի՞ թարգմանվել։

 

- Թարգմանվել է, ավելին՝ դեռ 1976-ին ինքս էի որոշել ռուսերեն թարգմանել։ Ես հայ իրականության մեջ, ուստի նաեւ համաշխարհային, միակն եմ, որ գրականություն է թարգմանում եւ հրատարակում երեք լեզուների՝ հայերենի, անգլերենի եւ ռուսերենի միջեւ, բոլոր վեց ուղղություններով։ Որոշել էի ռուսերեն թարգմանել, որովհետեւ դա անհամեմատ հեշտ է հայերեն թարգմանելուց, մանավանդ անգլերենից (ռուսերենը, ինչպես եւ անգլերենը, տիրություն անող չունի, ուստի այն կարող ես ճկել, թեքել, բռնանալ ի շահ թարգմանության։ Օտարազգիները յուրացրել են այդ լեզուներն ու ծռմռել։ Մինչդեռ, օրինակ՝ ֆրանսիական ակադեմիան ֆրանսերենի պահապանն է)։ Բայց հետո Խորհրդային Միությունը փլուզվեց, հաց վաստակելու խնդիր առաջացավ, գրական թարգմանության ժամանակ չմնաց։

Արտաշես Էմինը Արտաշես Էմինը

Լուսանկարը` անձնական արխիվից

Երբ այդ հարցը քիչ թե շատ սրությունը կորցրեց, ռուսերեն թարգմանությունն արդեն սկսել էին մի մարդ ու կին, ստիպված ավելի դժվար ճանապարհով գնացի. սկսեցի թարգմանել հայերեն։ Ընթացքում իրենց թարգմանությունը լույս տեսավ, ես աչքի անցկացրեցի, բազմաթիվ սխալներ, վիպակներ ու վատ թարգմանված տեղեր գտա, քննական վերլուծություն գրելու փոխարեն՝ բարեհոգաբար իրենց նամակ հղեցի, թե էսպիսի բան կա, ուղարկե՞մ ձեզ, պատասխանեցին, որ գիրքը հազիվ են տպագրել, հայտնի չէ՝ երբ կվերահրատարակվի, պետք չէ նեղության քաշել։ Մի քանի տարի անց նամակ եկավ ամուսիններից, որոշվել էր վեպը վերահրատարակել, ինձ հիշել էին։ Ուղարկեցի, ուղղումները ներառեցին ու երկրորդ հրատարակության վերջում էլ հատուկ նշեցին իմ անունը։

 

- Ընթերցողի համար դժվար չէ՞ կարդալ այս գիրքը։

 

- Գրական երկ կարդալն առհասարակ դժվար է։

 

- Քննադատներն ասում են, որ դժվարանում են հետեւել հերոսներին եւ սյուժեին։

 

- Քանի որ սյուժե են փնտրում, մինչդեռ սա պոստմոդեռնիստական, հետարդիկական ուղղության սառցահատն է, այսինքն՝ գրականության մեջ պոստմոդեռնիզմի առաջին դրսեւորումը։

 

- «Ձգողության ծիածանը» առաջադրվել է երեք մրցանակի. Ֆոլքների անվան գրական մրցույթի, Ազգային գրքի մրցանակաբաշխության դափնեկիր է, Պուլիտցերյան մրցանակը չեն տվել, քանի որ խորհրդի անդամները վեպը համարել են «անընթեռնելի» եւ «անպարկեշտ»։ Ի՞նչ կասեք այս մասին։

 

- Տվել են ու հետ վերցրել (կարդինալ Աղաջանյանին Հռոմի պապ ընտրելու պատմության պես)։ Չեն հասցրել լուրը հրապարակել։ Այդ նույն մարդիկ հաճույքով Ջոյս են ընթերցել, որը բազմապատիկ անընթեռնելի է։ Անսովոր է դիտվել այդօրինակ գրականությունը, հանճարի նման պոռթկում թերեւս չէին սպասում։

 

- Հետո ինքն է որոշ մրցանակներից հրաժարվել։

 

- Ինչպես Սարոյանը, որ հրաժարվեց Պուլիտցերյան մրցանակից։

 

- Վեպի գործողությունը ծավալվում է Երկրորդ աշխարհամարտի ավարտի եւ հետպատերազմյան առաջին տարիներին: Կարո՞ղ ենք ասել, որ այն պատերազմի հետեւանքների մասին է։

 

- Պատերազմից ամեն ինչ երեւակվում է․լավն էլ, վատն էլ, մարդկային գոյության նողկալի կողմերն ու նաեւ բարձր թռիչքները, պատերազմը լակմուսի պես ամեն ինչ բացահայտում է։

 

Գերմանացիք Անգլիայի վրա բալիստիկ հրթիռներ են արձակում։ Չգիտես ինչու հրթիռներն ընկնում են այնտեղ, ուր ամերիկյան էքսպեդիցիոն զորքի մի սպա նախօրեին անգլուհիների հետ գիշեր էր անցկացրել։ Այդպես խորհրդավոր կերպով սկսում է գիրքը…

 

- Փինչընը գուժում է, որ քաղաքակիրթ աշխարհը միտված է կործանմա՞ն։

 

- Այս վեպն ու նրա հայտնի «Էնթրոպիա» պատմվածքը դարակազմիկ են։ «Էնթրոպիան» թերմոդինամիկայի եզր է, նշանակում է՝ ջերմային մահ։ Այլ կերպ ասած՝ ամեն բան վաղ թե ուշ անշարժանալու է։

 

- Չե՞ք կարծում, որ եթե որակյալ գրականությունն ազդեր իրականության վրա, պատերազմներ չէին լինի։

 

- Դոստոեւսկին լա՞վ է ազդել, թե՞ վատ։ Որ որակյալ գրականություն է, անհերքելի է, բայց ազդեցության տեսակետից՝ երկիմաստ։ Համենայնդեպս նրա ընթերցողների կողմից մի քանի սպանություն ավելացել է։

 

- Մենք նորից պատերազմ ապրեցինք։ Կարո՞ղ ենք ասել, որ այս վեպը այսօր էլ ավելի արդիական է մեզ համար։

 

- Լավ գրականությունը պատմական անցքերին համաքայլ չէ եւ դրանց չի խարսխվում, ռուսերեն ասած՝ «вещь в себе» է, այսինքն՝ ինքնաբավ արժեք է, գեղագիտական հաճույք է պատճառում։ Մոդեռնիզմը պնդում էր, թե գաղափարն ամեն ինչ կփրկի (մինչ այդ կարեւորն Աստված էր, հետո՝ մարդը) պոստմոդեռնիզմը անհամաձայնություն է հայտնում այդ մտքին, ավելի ապագաղափարականացված ուղղություն է, ավելի գեղագետ, որովհետեւ գրկաբաց ընդունում է բոլոր նախորդող ոճերն ու ուղղությունները։ Մոդեռնիզմը հերքում է նախորդած ամեն ինչը, սա հակառակը՝ բոլոր ուղղություններն, այդ թվում՝ մոդեռնիզմն ընդունում է, մարսում եւ ի մի բերում։ Այս գործում միայն ոճերի բազմազանությունն ինչ ասես արժի, էլ չասած՝ մնացածը… Կարճ ասած՝ շշմելու գործ է, մի քիչ դժվարամարս, բայց ընթերցասեր մարդու համար նման հասկացողություն չկա։

 

- Հետմոդեռնային էպոս, ամենամեծ հակապատերազմական վեպ, հանրագիտարանային հոգեբանական ուղեւորություն, կիբերփանքի «Հին Կտակարան»… գրքին վերաբերող բնորոշումներն այսքանով չեն ավարտվում… նշվածների հետ համամի՞տ եք։

 

- Երբ նոր շերտ ես բացում գրականության մեջ, բոլորը սկսում են փորփրել՝ պահածոյի տուփի պես բացելով հետարդիականության կափարիչը։ Ինչ վերաբերում է «հակապատերազմական վեպ»-ին, ցանկացած գրվածք, եթե նողկանք է առաջացնում պատերազմի նկատմամբ, հակապատերազմական է։ Այդքանով կարելի է համաձայնել։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին