Երկու տարբեր ես-երի մեջ ապրող Կալվինոյի «Երկատված վիկոնտը» - Mediamax.am

1574 դիտում

Երկու տարբեր ես-երի մեջ ապրող Կալվինոյի «Երկատված վիկոնտը»


Իտալո Կալվինոն
Իտալո Կալվինոն

Լուսանկարը` Ugo Mulas

Իտալո Կալվինոն
Իտալո Կալվինոն

Լուսանկարը` Ulf Andersen


«Անտարես»-ը հրատարակել է իտալացի հանրահայտ արձակագիր ու լրագրող Իտալո Կալվինոյի «Երկատված վիկոնտը» վեպը։ 17-րդ դարում թուրքերի դեմ  կռվելիս թնդանոթի արկից երկատված վիկոնտի զարմանահրաշ պատմության մասին Մեդիամաքսը զրուցել է գրքի թարգմանիչ Բագրատ Ավետիսյանի հետ։

 

- Կալվինոյի այլաբանական, հետաքրքրաշարժ վեպում բարձրացված հարցերը՝ անձի երկվություն, բարի ու չարի հավասարակշռություն, անհատի դերը հասարակության մեջ, արդիական են բոլոր ժամանակներում։ Ինչո՞ւ է գրողը «դիմում» «նախնիներին։

 

- Նախնիների, առհասարակ, անցյալի տարրն այս վեպում մի քանի բացատրություն կարող է ունենալ: Անդրադառնալով համաշխարհային գրականության մեջ բազմիցս արծարծված թեմաներին՝ անձի երկվություն, բարու եւ չարի հակադրում ու համադրում, ինքնաճանաչում, ինքնության ճգնաժամ եւ օտարացում՝ հեղինակն «ուղեւորվում» է անցյալ՝ կարծես այդ հարցերի ակունքները պարզելու, դրանց գաղտնիքը բացահայտելու եւ այդտեղ թաքնված ճշմարտությունները վեր հանելու:

 

Նախնիները դառնում են այդ ճշմարտությունները կրող, բուռն ու անկեղծ անհատներ: Այդ անցյալը, իհարկե, կատարյալ չէ. այն բռնի է, դաժան ու արյունոտ, բայց միեւնույն ժամանակ անկեղծ է, պարզ ու անմիջական, զերծ ներկայի սեթեւեթանքներից ու ծուղակներից: Անցյալի այդ յուրօրինակ ընկալմանն են նպաստում նաեւ վեպում վառ արտահայտված ֆանտաստիկ տարրերը. այսպես, հենց ինքը՝ գլխավոր հերոսը՝ երկու կես եղած վիկոնտը, ապրում է իրարից անջատ, երկու տարբեր ես-երի մեջ, որ մարմնավորում են նրա բարի եւ չար էությունները: Անցյալը միշտ խորհրդավոր է, կախարդական: Եվ հենց այդ մոգականության շնորհիվ է այն հավերժանում եւ դառնում հաղորդակից ներկայի հետ:

 

- «Երկատված վիկոնտը» իտալացի գրողի «Մեր նախնիները» եռագրության առաջին գիրքն է, մինչ այդ հայերեն էր թարգմանվել եռագրության երկրորդ՝  «Ծառաբնակ Բարոնը» վեպը։ Ենթադրաբար եռագրության գրքերն ընդհանուր գիծ ունեն, շարունակում կամ լրացնում են իրար:

 

- Գրքերն ընդհանուր գծեր, հատկանիշներ, անշուշտ, ունեն, սակայն եռագրությունն ի սկզբանե որպես այդպիսին մտածված չի եղել: Սրանք իրարից անկախ, ինքնուրույն ստեղծագործություններ են, որ կարող են ընթերցվել առանց որեւէ պարտադիր հերթականության:

Կալվինոն հետագայում է որոշել հրատարակել դրանք մեկ գրքի մեջ՝ «Մեր նախնիները» վերնագրով, ինչը պայմանավորված է եղել երեք գրքերի միջեւ ընդհանրություններով թե՛ ժանրային, թե՛ թեմատիկ-բովանդակային մակարդակներում:

 

Գլխավոր ընդհանրությունը, կարծում եմ, ֆանտաստիկ տարրն է, որից մեծ հաշվով բխում է գործողության ընթացքը, սյուժեի զարգացումն ու հանգուցալուծումը: Սակայն մյուս կողմից այն այլաբանական նշանակություն ունի: Ֆանտաստիկան այստեղ գաղափար է մարմնավորում. այսպիսով՝ վիկոնտը, որ կիսվել է թնդանոթի արկից, եւ ապրում է երկու տարբեր ես-երի մեջ, բարոնը, որ ամբողջ կյանքն անց է կացնում՝ ծառին փռված, ասպետը, որ գոյություն չունի, այլ ընդամենը շարժվող, կենդանի զրահ է, բոլորն անհավանական էություններ են, գերբնական, կախարդական, եւ մարմնավորում, այլաբանորեն ներկայացնում են մարդու ինքնության զարմանահրաշ դրսեւորումները, փոխակերպումները:

 

Մյուս ընդհանրությունը պատմական տարրն է: Երեք վեպերի իրադարձությունները տեղի են ունենում պատմական անցյալում: «Վիկոնտ» -ի մեջ 17-րդ դարն է պատկերված, «Ծառաբնակ Բարոնը» վեպում՝ 18-րդ դարը, իսկ «Անգոյ ասպետը» վերաբերում է վաղ միջնադարին: Սակայն սրանցից եւ ոչ մեկը հավակնություն չունի պատմավեպ լինելու: Կալվինոն պատմական տարրն օգտագործում է զուտ ֆոնային նշանակությամբ՝ իրադարձությունները արժանահավատ դարձնելու եւ դրանով ընթերցողին «խաբելու» նպատակով, բայց միեւնույն ժամանակ հեղինակը պահպանում է այն գիտակցումը, որ ամեն ինչ մտացածին է, հորինված, պատմությունը՝ եւս: Այս վեպերը մեծ հաշվով հեքիաթներ են, որտեղ պատմությունն ամբողջությամբ ձուլված է հեքիաթին: Սրանով պայմանավորված՝ կարծում եմ, պատմական տարրն այստեղ պսեւդո-պատմական է:

 

- Կալվինոն իտալացի ամենաշատ թարգմանված հեղինակներից մեկն է։ Հատկապես ի՞նչն է գրավում ընթերցողին՝ գեղարվեստակա՞ն ոճը, հետաքրքիր պատո՞ւմը, թե՞  բարձրացված հարցերը։

 

- Իմ համոզմամբ նշված բոլոր հատկանիշներն էլ այս հեղինակին գրավիչ են դարձնում: Կալվինոյի ոճը գունագեղ է, լեզուն՝ պատկերավոր, սակայն մեծամասամբ պարզ, առանց բառային չարաշահումների եւ ավելորդ խճճումների: Պատումը, սյուժեն նույնպես դինամիկ են՝ լի անակնկալներով, շրջադարձերով: Արծարծված թեմաները խորն են, հուզիչ, առկա են փիլիսոփայական շեշտադրումներ: Կալվինոյի ուշ շրջանի վեպերը՝ «Անտեսանելի քաղաքներ», «Եթե ձմռան մի գիշեր մի ճանապարհորդ», շատ ավելի բարդ են, հագեցած ներտեքստային համակցումներով, լեզվաոճական խաղերով, լեզվափիլիսոփայական հարցերի հետազոտությամբ, գրականության դերի եւ նշանակության քննմամբ, իսկական «տեքստային դետեկտիվներ», որ մշտապես եղել են ակադեմիական ուշադրության կենտրոնում: Հուսանք՝ մի օր սրանք նույնպես կթարգմանվեն հայերեն:

 

- Ի վերջո, ի՞նչ ոճի հեղինակ է Կալվինոն։ Գիրքը կարդալիս մի տեսակ ուզում ես, որ վիկոնտը վերափոխվի, բարի վերջաբան ես ակնկալում։ Կարծես հեքիաթ լինի մեծերի համար։

 

- Կալվինոն համատեղում է հումորայինը փիլիսոփայականի հետ, հեքիաթայինը՝     իրականի, զվարճալին՝ լրջի: Նա երբեք մեկ ուղղությամբ չի գնում: Այս եւ եռագրության մաս կազմող մյուս վեպերը հավասարապես կարող են հուզել թե՛ մեծերին, թե՛ պատանիներին: Նրա գրչին հատուկ երկդիմությունները արտահայտված են նաեւ վեպի վերջաբանում: Վիկոնտի համար ամեն ինչ բարեհաջող է ավարտվում, որ հիշեցնում է հրաշապատում հեքիաթների երջանիկ ավարտը, սակայն ինչ-որ բան կարծես կիսատ է մնում: Երջանկությունը լիարժեք չի լինում եւ խորհելու տեղիք է տալիս:

 

- Գյուղատնտեսն (թեեւս կիսատ է թողել գյուղատնտեսի մասնագիտությունը) ու հեղափոխականը, կարծում եմ, երեւում են գրքում։ Գուցե նաեւ դրանո՞ւմ է նրա արձակի ինքնատիպությունը։

 

- Կարծում եմ՝ հեղափոխականը առավել վառ արտացոլված է «Ծառաբնակ բարոնը» վեպում, որտեղ որոշ հերոսներ ապստամբություն են կազմակերպում, սակայն այն տապալում են, ավարտին չեն հասցնում: Գյուղատնտեսը նույնպես այդ վեպում է ավելի վառ երեւում՝ «ծառային», բուսական իրականության մեջ նոր աշխարհի կերտմամբ: Իսկ «Վիկոնտի» մեջ հեղափոխականը թեթեւակիորեն արտահայտված է բորոտների եւ հուգենոտների կերպարներում:

Իտալո Կալվինոն Իտալո Կալվինոն

Լուսանկարը` Ulf Andersen

Սակայն սրանք պայքարող հեղափոխականներ չեն, ապստամբներ չեն, այլ «խռովված», մեկուսի ապրող համայնքներ, իրենց ինքնությանը գերի: Հեղինակը երկուսին էլ պատկերել է ուռճացված, ծայրահեղացված. այսպիսով՝բորոտները խիստ սանձարձակ են, հուգենոտները՝ չափազանց խստաբարո, մոլեռանդ: Սա հեղինակի ծաղրն է՝ ուղղված ինքնության բեւեռացված դրսեւորումներին, ծայրահեղական պահվածքին:  

 

- Վիկոնտի ամբողջանալուց հետո կյանքը դռնում է ավելի լավը, բայց հիասքանչ բարեկեցության դարաշրջան այդպես էլ վրա չի հասնում։ Սրանում հասարակական-քաղաքական շեշտադրում եմ տեսնում․ «...բայց պարզ է, որ մի վիկոնտը, թեկուզ ամբողջական, բավական չէ, որպեսզի աշխարհը դառնա կատարյալ»։

 

- Խնդիրն առավելապես համամարդկային-փիլիսոփայական է, իսկ վերը նշված հատվածը խոսում է կատարելության հասնելու անհնարինության մասին: Սակայն քաղաքական երանգներ, անշուշտ, առկա են: Վիկոնտը տիրակալ է, որ բարդ, հակասական հարաբերությունների մեջ է իր հպատակների հետ: Նրա չար կեսը անտանելի, դաժան բռնապետ է, բոլորին ահաբեկում է, փշերի վրա է պահում, իսկ բարի կեսը՝ արդարամիտ, սրտացավ, սակայն նա էլ իր չափազանց բարությամբ է սկսում հոգնեցնել, դառնում է կպչուն, դոգմատիկ, իր տեսակի մեջ բռնապետ, չար կեսից էլ ավելի անտանելի: Երկու կեսերի միացումը, իհարկե, հավասարակշռություն է բերում, բայց ոչ լիակատար արդարություն: Այսինքն՝ ոչ մի տիրակալ կատարյալ չէ, արդարության մարմնացում չէ եւ բոլորի կողմից սիրված լինել չի կարող:

 

- Վիկոնտի երկատված կեսերը միանում են սիրո՞ շնորհիվ։

 

- Այո՛, սերն այն կետն է, որտեղ այս երկու ծայրահեղ էությունները պետք է որոշիչ մարտի բռնվեն, սակայն այդտեղ ոչ ոք չպետք է հաղթի, երկուսն էլ պետք է պարտվեն, քանի որ սիրո առաջ անզոր են: Այս կարեւոր մարտին, որից հետո երկատված կեսերը միանում են իրար, նրանց դրդում է աղջկա տոկունությունը, խորամանկությունը, խիզախությունը եւ իմաստությունը:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին