Չարենցի կրակոցն ու հուշերը՝ ուղղիչ տնից - Mediamax.am

3359 դիտում

Չարենցի կրակոցն ու հուշերը՝ ուղղիչ տնից


Լուսանկարը` Օգտագործված է Ալեքսանդր Սադոյանի գեղանկարը

Գոհար Չարենցը
Գոհար Չարենցը
Արմեն Սարգսյանը
Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` Եսայի Դուրմուզյան


Չարենցի՝ հակասական եւ բուռն կյանքում հիշարժան է 1926 թվականի սեպտեմբերի 5-ի երեկոն, երբ նա Մարիանա Այվազյանի դեմ մահափորձի պատճառով հայտնվում է Երեւանի ուղղիչ տանը։

 

«Սիրահարված էի, ցանկություն ունեի նրա հետ ամուսնանալ, առաջարկություն արեցի, մերժեց, որից դրդված՝ ցանկացա նրան սպանել եւ մահափորձ կատարեցի...»,-հարցաքննության ժամանակ խոստովանում է գրողը։

 

«Երեւանի ուղղիչ տունը» հեղինակի բանտարկության փորձառությունն է։ «Վերնատուն» հրատարակչությունը գիրքն ընդգրկել է «Անհատներ» մատենաշարում։ Հրատարակվել է հանրամատչելի ծանոթագրություններով։

 

Մեդիամաքսի հետ զրույցում գրքի խմբագիր, գրող, գրականագետ Արմեն Սարգսյանը նշեց, որ «Անհատներ» շարքում ընթերցողին ներկայացվում են իսկապես անհատականություններ, գրականության պատմության մեջ անժամանցելի արժեք ունեցողներ․ իսկ Չարենցն այդպիսիններից է:

 

- Վահրամ Փափազյանն ասում էր, որ «Չարենցն այն երեւույթներից է, որոնց մոտից անտարբեր անցնելը նախ մեղք է, եւ հետո, վերջապես, հանցանք»։ Շարքը հիմնականում ներկայացնում է կենսագրականներ, ինքնակենսագրականներ: Այդպիսի հրատարակություն է «Երեւանի ուղղիչ տունը»: Բանն այն է, որ Չարենցի ստեղծագործական համայնապատկերում գերակշռող է պոեզիան եւ ... «Երկիր Նաիրին»: Չարենցյան բոլոր հրատարակություններում ասես ստվերվել է «Ուղղիչ տունը»: Այն մշտապես լույս է տեսել «Երկիր Նաիրիի» հետ նույն հատորում: Հիշենք խորհրդային հրատարակությունները: Բայց այս Չարենցը բոլորովին այլ է: Նա այստեղ պատմող է, լեզվին խաղ տվող է, ժամանակի բարբառները մի տեքստում ներկայացնող է, մարդկային հարաբերությունների վերլուծման վարպետ է, ինքնաճանաչողության դրդող հոգեբան է, ինքնակենսագիր է, վավերագրող եւ շատ այլ գործավարություններ կրող մտածող է: Եվ ահա այս ամենը հաշվի առնելով՝ որոշեցինք ուշադրություն բեւեռել այս վեպին՝ ընթերցողին ներկայացնելով աշխատած մի հրատարակություն:

 

Պատահական չէ նաեւ լուսանկարի՝ այս գանգրահեր պատանու ընտրությունը: Մենք Չարենցին գիտենք այլ լուսանկարներով, սա արխիվային մի բան էր, որ վերամշակվեց, արդիականացավ ու այս տեսքը ստացավ: Ասեք, որ գեղեցիկ մի երիտասարդ է: Ու մի բան էլ. այս լուսանկարում թեեւ առավել երիտասարդ է, քան բանտային տարիքը, բայց երեսունին գնացող ընթացքի վրա է:

 

- Վեպը գրել է 1927-ին՝ բանտից դուրս գալուց քիչ ժամանակ անց։ Սա գեղարվեստական հուշապատո՞ւմ  է, թե փաստագրական վիպակ։ Ի՞նչն է առանձնահատկությունն այս գործի։

 

- Լեհ գրող Օլգա Տոկարչուկն իր «Նոբելյան բանախոսության» մեջ ասում է.

 

«Ժանրաբաժանումը ստեղծագործությունը իսպառ զրկում է ինքնատիպությունից, առանց որի արվեստը պարզապես կդադարի գոյություն ունենալուց: Լավ գիրքը իր ժանրային պատկանելության մասին մեկնաբանություններ տալու կարիք չունի: Ժանրերի բաժանումը գրականության առեւտրայնացման արդյունք է, եւ վերաբերմունքն էլ նրա հանդեպ ձեւավորվում է՝ վաճառքի ապրանքի բրենդինգի ու թիրախավորման ամբողջ փիլիսոփայությունը հաշվի առնելով, ինչպես որ կապիտալիզմի արդյունք մյուս արտադրանքները»:

Արմեն Սարգսյանը Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` Եսայի Դուրմուզյան

Եվ այստեղ շատ մեծ ճշմարտություն կա: Չարենցն ինքն էլ անուն չի դրել: Թեեւ սկզբնապես վերնագրել է «Հիշողություններ Երեւանի ուղղիչ տնից»: Բայց եթե հիշողություններ է ասում, գիրքը չի դառնում հուշագրություն, ըստ իս: Որովհետեւ իքննակենսագրությունը եւս հիշողությունների տրցակ է, գրառումների համախումբ: Եվ բոլորովին կարեւոր չէ, թե ինքնակենսագրությունը մե՞կ, տա՞սը, թե հիսուն տարվա ժամանակագրություն է ներկայացնում, դրանից չի փոխվում տեքստի տեսակը: Ուստի չվիճելով՝ թողնենք ընթերցողի դատին: Ինքս կարծում եմ, որ սա ինքնակենսագրություն է:

 

- Չարենցի այս ստեղծագործությունն ի՞նչ արձագանք է գտել ժամանակին, եւ արդյոք գրաքննության արդյունքում ստիպված չի եղել որոշ նրբերանգներ շրջանցել կամ թողնել տողատակերում։

 

- Անշուշտ խորհրդային իրականությունը եւ գրաքննությունը թելադրում էին իրենց կանոնները, որոնց ենթարկվել էր պետք, եթե ուզում էիր հրատարակվել: Գրաքննության թիրախում էին գրականությունը, կինոն եւ մնացյալ արվեստները: Հիշում ենք, թե որքան դժվարությամբ էին ֆիլմերի սցենարները հաստատվում Մոսկվայում, ինչ կրճատումներ պետք է արվեին, ինչ ցնցող տեսարաններ դուրս մնային: Եվ այդ ամենը երբեմն այնքան էր ռեժիսորին ու սցենարիստին հեռացնում կինոյից, որ նրանք երբեմն հրաժարվում էին այդ տեսքով երեւան բերել ստեղծագործությունը: Չարենցի պարագան շատ հեռու չէ այդ իրականությունից, որովհետեւ որքան էլ նա գովերգել է «Մեծ Հոկտեմբերը», մեծարել Լենինին, փառաբանել «Համաշխարհային հեղափոխություն», նկարագրել «Աշխարհի կենտրոն Մոսկվան», այնուամենայնիվ, դրանք երբեք չեն բավարարել իշխանություններին, որ Չարենցը դառնա յուրային-բանաստեղծ, եւ արդյունքում նա մշտապես եղել է խորհրդային գրաքննիչների ուշադրության կենտրոնում՝ ենթարկվելով հետապնդումների ու ռեպրեսիաների:

 

Գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը մի առիթով ասաց, որ Չարենցն այնքան դրական լույսով է ներկայացնում ուղղիչ տունը, որ ուզում ես գնալ-ապրել: Ասվածում կա ճշմարտություն, իհարկե, բայց, ախր, Չարենցին ոչինչ չէր մնում անելու հարմարվելուց բացի: Ահա թե նա ինչպես է ներկայացնում այս հանգամանքը վեպում. «Այն հասարակությունը, ուր ես ընկել էի,– արտաքին աշխարհից կտրված, առանձնացված մի հասարակություն էր, որի մեջ, բացի ընդհանուր սոցիալական օրենքները՝ պե՛տք է որ նշանակություն ունենային եւ մի շարք այլ, սպեցիֆիկ օրենքներ, որ բխում էին Ուղղիչ Տան պայմաններից: Այդտեղ պետք էր որ լինեին զուտ-կալանավորական, դրսի աշխարհում ոչ մի նշանակություն չունեցող շահեր, որոնց իբր վերնաշենք՝ պիտի գոյություն ունենային կալանավորական՝ ներքին-կենցաղային հասկացողություններ ու բարոյական նորմեր: Ինձ ամենից առաջ հարկավոր էր ծանոթանալ այդ հասկացողություններին ու նորմերին, որպեսզի ես հնարավորություն ունենայի մուտք գործել դեպի այդ հասարակության սիրտը, հավասար անդամ դառնալ այդ հասարակության, թափանցել նրա էության խորքը եւ հասկանալ նրա հոգեբանությունը…»:

 

- «Ես նրանց այդտեղ էլ թողի, այդ երեք փոքրիկ «խուժաններին» - Ուղղիչ Տան վերջին օրերիս երեք այդ իմ փոքրիկ ընկերներին – իմ երեք եղբայրներին...»։ Չարենցը փորձում է լուսավոր դրվագո՞վ փակել բանտային կյանքի նկարագիրը՝ գրելով փողոցից փրկված խուժանների մասին։ Բայց մյուս կողմից, չէ՞ որ փողոցում հայտնված այդ փոքրիկները կարող են հետագայում դառնալ ուղղիչ տան բնակիչները։

 

- Ուղղիչ տունը, իհարկե, դրախտ չէ: Հետևաբար` այստեղ դրախտի դռներ չեն փակվում: Որքան էլ սկզբից մինչեւ վերջ կա հարմարվողականության, հանդուրժողականության, ընտելանալու նոտան, այնուամենայնիվ վեպում տիրական են ձանձրույթը, անքուն գիշերները, կսկիծը, վախը: «Երեւակայեցեք, որ այնքան էլ ուրախ մտքեր չեն կարող շրջագայել մարդուս ուղեղում, երբ նա իրերի այս կամ այն բերումով ընկած է Ուղղիչ Տուն, փակված չորս պատերի մեջ, ստիպված է ապրել լյումպեն ռեցիդիվիստների շրջանում, իսկ Ուղղիչ Տնից մի քանի քայլ անդին երեւում են գերեզմանատան քարերը, ուր մի փոքրիկ հողաբլրի ներքո հանգչում է քո ամենասիրած մարդու, հերոսական բարեկամի, քո կնոջ, ընկերոջ աճյունը…»,- գրում է Չարենցը: Եվ ի վերջո, երբ գալիս է գիշերը, «կալանավորներն ամենից ավելի խորն են զգում ազատազրկման ամբողջ դառնությունը…»: Գրողը դառը, բայց եւ ինչ-որ իմաստով հետաքրքիր փորձառության էջ է փակում իր կյանքում, որը ստիպեց նրան ավելի լավ ճանաչել մարդկանց, ավելի մոտից, չխաբվել աչքերին, ինչպես հենց ինքն է բնութագրում:

 

- Ինքն իրեն գրեթե չի ներկայացնում գրքում, բայց մենք տեսնում ենք Չարենցին, նրա հայացքը։

 

- Չարենց պատմողն է, գործողությունների մասնակիցը ամբողջ գրքում: Չարենցն է, որին սկզբում չեն վստահում, խուսափում են նրանից, բայց ներս թողնում դեպի իրենց խոսակցություններ, անձնական կյանք, մտատանջություններ, վեճեր: Ահա գրողը ինչ է ասում այս առիթով. «Պիտի ասեմ, որ վաղուց արդեն, Ուղղիչ Տուն մտնելուս հենց առաջին օրից, ես նկատել էի այդ վերապահ, համարյա թշնամական վերաբերմունքը դեպի «ինտելիգենտները»: Սակայն անվստահության ու թշնամանքի նման հատու արտահայտության ես առաջին անգամ էի հանդիպում: Պարզ էր, որ ի՛նձ էլ չէին վստահում, իբրեւ «ինտելիգենտի»»: Զարմանալի է, որ «Երեւանի ուղղիչ տունը» վեպում Չարենցը որեւէ կերպ չի անդրադառնում այնտեղ հայտնվելու պատճառների մասին, չի խոսում կրակոցից, հարցաքննություններից, սա մի փոքր կասկածելու տեղիք է տալիս, ստիպում է մտածել դարձյալ մեծ գրաքննիչի ծանր ձեռքի մասին: Իսկ գուցե անձնական պատճառներ կան: Չգիտեմ: Դատավարության արխիվային նյութերը եւս տարընթերցումների տեղիք են տալիս, քանի որ նախընթաց շատ դեպքեր կան, որ հանգեցրել են ուղղիչ տանը: Դե կարծում եմ, որ պետք էլ չէ շատ խոսել, թողնենք ընթերցողն ինքը փնտրի-գտնի տողատակերը:

 

Չարենցն ասել է, որ ինքն այս հարցը կլուծի քրեական սկանդալով

 

Բանաստեղծի թոռը՝ Գոհար Չարենցը կարծում է, որ այս ստեղծագործության մասին խոսելիս պետք է հեռվից գալ։

 

-1923-ից Ղարաբաղյան հարցն է առաջ գալիս, Չարենցը շատ էր խոսում դրա մասին, նույնիսկ ասում է, որ իր դեմ մահափորձ են արել Հրազդան գետում լողանալիս։

Հետո (1925) Մյասնիկյանի ողբերգական մահը, Եսենենի մահը կամ ինքնասպանությունը. այս ամենը կուտակվում է ու մեծ ազդեցություն ունենում նրա հոգեվիճակի վրա։ 1925-ին Չարենցը մեկնում է Եվրոպա, վերադառնում է նոր գաղափարներով ու Կոմկուսի այն ժամանակվա առաջին քարտուղար Աշոտ Հովհաննիսյանին խնդրում՝ հանել իրեն կուսակցության շարքերից։ Մերժում ստանալով՝ սպառնում է հարցը լուծել քրեական սկանդալով: Դրան գումարվում են անքնությունը, վախերը, մղձվանջները։ 1926-ի սեպտեմբերի 5-ին Աբովյան փողոցում, Չարենցը ատրճանակի կրակոցով վիրավորում է Մարիանա Այվազյանին։ Նպատակը սպանելը չէր. մի կրակոցը վրիպում է, մյուսը՝ թեթև վնասվածք պատճառում։

 

- Եթե հաշվի առնենք վարկածը, որ Չարենցի դրդապատճառները պայմանավորված են եղել քաղաքական հանգամանքներով, գիրքն ա՞յլ տեսակետից պետք է նայել։ Մարիանա Այվազյանի դեմ մահափորձի պատմությունն արդյո՞ք մղվում է երկրորդ պլան։

 

- Չեմ կարծում, կրակոցի պատմությունը սովորական դեպք չէ ու մարդկանց միշտ էլ հետաքրքրելու է։ Իհարկե, շարժառիթներն ուրիշ են․հոգեկան ծանր վիճակն է մղել դրան։ Եթե դա չաներ, գուցե ուրիշ մի բան աներ, բայց կրակոցի արդյունքում ստեղծվեց այս գիրքը։

Գոհար Չարենցը Գոհար Չարենցը

 

Կարող ենք ասել՝ հուշ, հուշագրություն։ «Երեւանի ուղղիչ տունը» վերնագիրն ինձ համար կիսատ է։ «Հիշողություններ Երեւանի ուղղիչ տնից»․ դա արդեն դառնում է փաստավավերագրական։ Կարող է՝ ինչ-որ գեղարվեստական մաս կա, ինչ-ինչ ավելացումներ կան, որովհետեւ նա գրող է, բայց կասկածից դուրս է, որ ամբողջը գրված է փաստերի հիման վրա։

 

- Չարենցը գրում է՝ ի՞նչ պիտի մտածեն այս գիրքս կարդալիս իմ կալանավոր ընկերները, իմ բարեկամները՝ Լազգին, Բենժամենը, Համոն, Օսը, Եֆիմ Բրավելմանը, Բաղդոն։ Խոսքը թերեւս իրական կերպարների մասին է։ Ու նրանց բոլորի, անգամ ծանր հանցանք կատարած մարդասպանների մասին խոսում է բարեկամաբար։

 

- Այդ կերպարներն, այո, բոլորը իրական մարդիկ են, հետո են դարձել կերպար։ Եվ հետաքրքիր է Չարենցի վերաբերմունքը. երեւի դա գալիս էր նրա ներսից, որովհետեւ էությամբ շատ լավատես մարդ էր, այնպիսին չէր, ինչպես շատ անգամ ներկայացնում են։ Այո՛, ողբերգական էր նրա կյանքը, բայց մինչեւ կյանքի վերջը մնացել է լավատես, ամեն վատի մեջ էլ լավն է տեսել, նույնիսկ մարդասպանների մեջ մի փոքր լուսավոր նշույլ, որ եղել է, դա է վերցրել։

 

- Իր անսահման տխրությունը, հետո նաեւ կնոջ կորստի ցավը գուցե մեղվո՞ւմ էր այլոց կյանքին հետեւելու, ապրումակցելու շնորհիվ։

 

- Դժվար է հասկանալ, թե Չարենցն ինչ էր զգում, ինչ էր մտածում, մեզ մնում է միայն ենթադրություններ անել։ Գուցե դա գոյատեւելու ձև էր։ Սկզբում, երբ նա մտնում է ուղղիչ տուն, իր համար սարսափելի վայր էր դա, հետո է կամաց-կամաց փոխում վերաբերմունքը։ Նայել մարդկանց, տեսնել՝ ով ինչ է անում, ինչպես է աշխատում, գուցե դա ուժ էր տալիս, որ կարողանա ապրել այդտեղ։ Իսկապես դժվար է ասել, բայց այն, որ նա մռայլ, սեւ պատերի մեջ տեսել է լավը, դա փաստ է։

 

- «Հիշում եմ՝ Ուղղիչ Տուն մտնելուց երկու ամիս հետո, երբ մի անգամ, կնոջս ճանապարհ դնելիս, հսկիչն ինձ թույլատրեց անցնել դարբասից եւ հինգ քայլ գնալ – ամբողջ աշխարհը կարծես ինձ նվիրեցին: Ուրախությունից ես համբուրում էի իմ սեփական մատները եւ, կնոջս հեռանալուց հետո, երկա՜ր դեռ նայում էի ճանապարհին...»։ Սա կալանավայրից ազատվելո՞ւ, թե՞ առհասարակ ազատության մասին է...

 

- Չարենցն ասում է, անում է մի բան, մնացածը թողնում է ձեզ, դուք պիտի մտածեք, վերլուծեք։ Կարծում եմ, որ այո, դա իսկապես այն ազատությունն էր, որ այդքան հրապուրում էր նրան։ Էութամբ նա շատ ազատ մարդ էր, հակառակ դեպքում չէր լինի, օրինակ, Մարիանայի հետ կապված դեպքը։ Նա ձգտում էր ազատության, հիշեք՝ ինչպիսի ժամանակներում էր ապրում եւ պատկերացրեք նրա տառապանքը։

 

- Ի՞նչ զգացիք առաջին անգամ կարդալով այս գիրքը։

 

-Կարդացել եմ մեծ հաճույքով, մի շնչով, որովհետեւ դա տարբեր է մյուս գործերից։ Իհարկե, նրա բոլոր գործերը տարբերվում են, բայց այս գրքով կարծես ապացուցում է, որ կարող է գրել այնպիսի հրաշալի վեպ, ինչպիսին «Երկիր Նաիրին», կարող է նաեւ այսպիսի գործ գրել։ Ինչ-որ ինքը ուզի, հանճարի ուժով կարող է անել եւ արեց։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին