Ռոբերտո Արլտի անփույթ ոճն ու «Շան կյանքը» - Mediamax.am

exclusive
2735 դիտում

Ռոբերտո Արլտի անփույթ ոճն ու «Շան կյանքը»


Ռոբերտո Արլտը
Ռոբերտո Արլտը

Լուսանկարը` Ideas de Izquierda

Լուսանկարը` Radio Grafica

Կառա Չոբանյանը
Կառա Չոբանյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Ռոբերտո Արլտի «Կատաղած Խաղալիք» վեպը (1926 թ.) համարվում է քրեավեպ, դետեկտիվ պատմություն, էքսպրեսիոնիստական դրամա, չափազանցված հուշագրություն:

 

2020 թվականի ապրիլի 26-ին լրացավ Ռոբերտո Արլտի 120-ամյակը: «Հանիրավի մոռացության մատնված արգենտինացի պոստմոդեռնիստ գրողի այս ֆանտասմագորիկ գործը հաջողությամբ մրցում է Կորտասարի, Մարկեսի եւ Օնետտիի ստեղծագործությունների հետ»,- գրում է Kirkus Reviews-ը :

 

«Ռոբերտո Արլտը հետմահու ճանաչվել է Արգենտինայի ժամանակակից վեպի հիմնադիրներից, որի մասին անթաքույց հիացմունքով է խոսել Խուլիո Կորտասարը»,- վկայում է The New York Review Of Books-ը:

 

Ռոբերտո Արլտի «Կատաղած Խաղալիք» վեպը հայ ընթերցողին ներկայացնում է «Վերնատուն» հրատարակչությունը: Իսպաներենից թարգմանել է Կառա Չոբանյանը: Կազմը ձեւավորել է Լիլիթ Ալթունյանը: Արգենտինացի գրողի ինքնակենսագրական բնույթ ունեցող վեպը նաեւ ժամանակի վկայություն է:

 

Մեդիամաքսը զրուցել է Կառա Չոբանյանի հետ:

 

- Վեպի իրադարձությունները զարգանում են մի ժամանակաշրջանում, երբ ներգաղթի մեծ հոսք կար դեպի Արգենտինա, ոչ միայն եվրոպական երկրներից, այլեւ ասիական՝ գերմանացիներ, իտալացիներ, հրեաներ, թուրքեր, արաբներ, եւ այլն, նաեւ մեծ անհավասարություն կար տեղացիների ու ներգաղթյալների միջեւ: Վերջիններս հասարակության ցածր, արհամարհված խավն էին կազմում եւ ստիպված էին մաքառել, բազում դժվարությունների միջով անցնել՝ գոյատեւելու, ուսում ստանալու, արժանապատիվ աշխատանք ունենալու, հասարակության մեջ բարձրանալու, տեղացիներին հավասարվելու համար:

 

- Արգենտինական հասարակության իրականությունը պատկերող այս վեպը ի՞նչ աղերսներ ունի այսօրվա կյանքի հետ, այսօրվա աշխարհի (ոչ միայն արգենտինական): 21-րդ դարում ինչ-որ բան փոխվե՞լ է:

 

- Ավելի քան հարյուր տարի է անցել այդ ժամանակաշրջանից, մի քանի սերունդ է փոխվել, բազում փորձությունների միջով է անցել Արգենտինան՝ ռազմական մի քանի հեղաշրջումներից, ութամյա բռնապետությունից մինչեւ ժողովրդավարություն, եւ բնականաբար, Արլտի Արգենտինան եւ այսօրվա ժողովրդավար Արգենտինան նույնը չեն: Այդ օրերին իրենց գերմանացի, իտալացի, հրեա համարող ներգաղթյալների սերունդներն այսօր իրենց լիարժեք արգենտինացիներ են համարում:

Կառա Չոբանյանը Կառա Չոբանյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Բայց ասածս ամենեւին չի նշանակում, թե այսօր չկան ներգաղթյալներ ոչ միայն Արգենտինայում, այլեւ ամբողջ աշխարհում, եւ չկա այլեւս այդ անհավասարությունը տեղացիների ու ներգաղթյալների միջեւ: Կա եւ, կարծում եմ, որ միշտ էլ լինելու է, պարզապես 21-րդ դարի զարգացած արդյունաբերություն ունեցող եւ ժողովրդավար երկրներում խտրականությունն ու անհավասարությունն այն աստիճանի սուր չեն արտահայտվում, ինչպես 20-րդ դարասկզբի քաոսային, խայտաբղետ ազգաբնակչությամբ Արգենտինայում:

 

- Արլտը սկզբում իր վեպը վերնագրել է «Շան կյանք»: Գիրքը նաեւ ինքնակենսագրական բնույթ ունի: Այնտեղ ավելի շատ շեշտադրվում է «շան կյա՞նքը», թե՞ ելքը, ձգտումը բարձրանալու հատակից, ավելին՝ լինելու մեկը, ում անունը հետագիծ կթողնի մահվանից հետո:

 

- Եթե հեղինակը վեպի ամբողջ ընթացքում ոչ միայն նկարագրում է իր ապրած «շան կյանքը», այլեւ սկզբում հենց այդպես էլ վերնագրել է վեպը, ակնհայտ է, որ շեշտը դրված է այդ կյանքի վրա, բայց վեպի առաջին իսկ տողերից ակներեւ է դառնում նաեւ ձգտումը: Չլիներ այդ ձգտումը, թերի տարրական կրթություն ստացած, դպրոցից վռնդված պատանին չէր զբաղվի ինքնակրթությամբ, իսկ մենք տեսնում ենք, թե ինչպես է նա կլանում գրքերը, եւ ոչ միայն գեղարվեստական, այլեւ պատմական ու մաթեմատիկական: Այդ ձգտումն այնքան մեծ է, որ հերոսը սկզբում նույնիսկ խտրականություն չի դնում հատակից բարձրանալու ուղիների միջեւ, նրա համար կարծես միեւնույն է՝ ավազակ դառնալով կբարձրանա, թե գյուտարար:

Լուսանկարը` Radio Grafica

Եվ ի՜նչ մեծ հուսահատություն է ապրում, երբ կարծում է, թե գտնվել է ելքը՝ ռազմական ավիացիայի դպրոց ընդունվելով, իսկ հետո հանիրավի հեռացվում, ու փորձում է ինքնասպան լինել: Աստիերը ոչ մի կերպ չի հաշտվում այն բոլոր նվաստացուցիչ, ստրկական աշխատանքների հետ, որ կատարում է: Նա աշխատում է զուտ տանջահար մորն օգնելու եւ քրոջ ուսման վարձը վճարելու համար՝ շարունակելով այլ երազանքներ ու ձգտումներ ունենալ, բայց ելքն այդպես էլ չի գտնվում: Արսենիո Վիտրիի վերջին խոսքերով, թե Աստիերին կօգնի, կաշխատի գործ գտնել նրա համար, ընդամենը հույսի անորոշ շող է ծագում: Սակայն ընդամենը չորսամյա կրթություն ստացած, բայց գրադարաններում ինքնակրթվելով հռչակավոր գրող դարձած Ռոբերտո Արլտն իր կյանքով է ապացուցել, որ երբ կա մեծ ձգտում եւ ձիրք, հատակից բարձրանալու ելք կգտնվի անպայման:

 

- Գրքի առաջաբանում նշել եք, որ  չնայած գրողի հաջողություններին եւ մեծաքանակ ընթերցողներին՝ակադեմիական շրջանակներում քննադատվում էին նրա ուղղագրական, քերականական, շարահյուսական սխալները, անփույթ ոճը, որին, ի պաշտպանություն իրեն, գրողը սովորաբար ասում էր, թե ինքը քերականություն չի գրում, այլ մտքեր: Ինչո՞վ է պայմանավորված լեզվական այդ «առանձնահատկությունը»:

 

- Նրա թեման քաղաքի հատակն է, նրա ստորին խավը, ժանրը՝ գրոտեսկը եւ տրագիֆարսը, լեզուն՝ բանվորական արվարձանների բռի եւ աղավաղված խոսքը: Այդ գործերը շնչում են այնպիսի կենսականությամբ, որ շատ հազվադեպ է դարի արգենտինական գրականության մեջ, նրա սխալների, չհղկված խոսքի հետեւից երեւան է գալիս արգենտինական նոր հասարակության իրականությունը:

 

Հիմա Ռոբերտո Արլտը համարվում է Արգենտինայի ժամանակակից գրականության հիմնադիր գրողը, որը նախանշել է այդ գրականության թեման, լեզուն եւ գրող-դարաշրջան կապը:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին