«Ես մինչ քեզ»` երկու տարբեր աշխարհներում - Mediamax.am

exclusive
11027 դիտում

«Ես մինչ քեզ»` երկու տարբեր աշխարհներում


Ջոջո Մոյեսը՝ ձախից
Ջոջո Մոյեսը՝ ձախից

Լուսանկարը` Library Foundation of Los Angeles

Ջոջո Մոյեսը
Ջոջո Մոյեսը

Լուսանկարը` Library Foundation of Los Angeles

Տաթեւիկ Մանուկյանը
Տաթեւիկ Մանուկյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


«Զանգակ» հրատարակչությունը Մերի Դալլաքյանի թարգմանությամբ լույս է ընծայել Ջոջո Մոյեսի «Ես մինչ քեզ» («Me before you») վեպը: Բրիտանացի գրող, լրագրող Ջոջո Մոյեսը հեղինակել է մի շարք վեպեր, երկու անգամ արժանացել Ռոմանտիկ գրողների ասոցիացիայի մրցանակին: «Ես մինչ քեզ» վեպը նրա ամենահայտնի ստեղծագործությունն է: Երիտասարդ հաջողակ գործարարը հայտնվում է հաշմանդամի սայլակին: Քսանվեց ամյա Լուիզան դառնում է նրա խնամակալը: Թվում է՝ օգնության կարիք ունի պատահարի զոհ դարձած գործարարը՝ Ուիլը: 

 

Մեդիամաքսի զրուցակիցը գրքի լեզվական խմբագիր Տաթեւիկ Մանուկյանն է:

 

- New York Times-ի գրախոսն ասել է. «Երբ ես ավարտեցի նովելը, չէի ուզում վերանայել այն, ես ուզում էի նորից կարդալ»: Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները:

 

- Գիրքն առաջին հերթին գեղեցիկ եւ հուզիչ սիրավեպ է, որը շոշափում է խորքային հարցեր։ Կարդալիս իսկապես դժվար է կտրվել տողերից. գիրքը ջիղ առ ջիղ սկսում է հոսել միջովդ մինչեւ վերջին էջը եւ ստիպում զգալ ու մտածել... ընդհուպ կարելի է բարձրաձայն ծիծաղել, արցունքներ գլորել, զգալ անհամբեր սպասումի թրթիռը, ափսոսանքի կսկիծը, հավատի երջանկությունը, նվիրումի հիացմունքը, քնքշանքի ժպիտը։

 

Այս ամենը հաջողվել է Մոյեսին։

 

- «Ես մինչ քեզ» գիրքը բավականին հայտնի է, դրական արձագանքների է արժանացել: Իսկ չկա՞ն վերապահումներ, քննադատություններ: Ուիլը, ով մեծապես գրավում է  ընթերցողի համակրանքը, իր կյանքն ավարտում է էֆթանազիայի ճանապարհով շվեյցարական կլինիկայում, որտեղ ծանր կամ մահամերձ հիվանդներին օգնում են ընտրելու, այսպես ասած, արժանապատիվ մահը: Պատահական չէ, որ գրքի վերջում հեղինակը շնորհակալություն է հայտնում գործակալին ու հրատարակչին, ովքեր գիրքն ընկալել են այնպես, ինչպես  կա՝ որպես սիրային պատմություն: Բայց եւ այնպես հարց է առաջանում՝ գիրքն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց համար:

 

- Այո′, գիրքն առաջին հերթին սիրային պատմություն է`բավականին հայտնի. դասվում է շատ գնված գրքերի շարքին՝ ավելի քան 8 միլիոն օրինակ, հետեւաբար՝ շատ քննարկված. կարծիքները գերազանցապես դրական են։ Եվ իսկապես, կարդալիս սկսում ես մտածել ոչ սովորական, ոչ ամեն օր հանդիպող երեւույթների մասին։ Սկսում ես վերաիմաստավորել կյանքդ. հերոսուհու հետ վերագնահատել անգամ մաքուր օդի բոլոր զգայական հաճույքները վայելելու վայրկյանները։ «Երբ ասես օդապարիկից դուրս ես շպրտվում միանգամայն մի նոր կյանք կամ էլ այնպես ես դեմ առնում մեկ ուրիշի կյանքին, ասես դեմքով սեղմված լինես պատուհանի ապակուն, ստիպված ես լինում եւս մեկ անգամ մտածել, թե իրականում ով ես դու»։

Տաթեւիկ Մանուկյանը Տաթեւիկ Մանուկյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Անսովոր իրավիճակում հայտնված Լուիզայի աշխարհընկալումը փոխվում է, իսկ Ուի՞լը։ Այս բազմաթիվ հարցերի հետ մեկտեղ ես էլ եմ մտածել այդ ուղղությամբ. արդյոք ինչ ազդեցություն կունենա գիրքը նույն իրավիճակում հայտնված մարդկանց վրա։ Իսկ գուցե հակառակ այս ամենի՝ մարդը սկսի գնահատել ապրելու եւ արարելու հնարավորությունը․ չէ՞ որ Ուիլը կարող էր անել այնքան բան, որքան հողի վրա ամուր քայլող շատ մարդիկ չեն կարող:  Նրան դժվար էր համեմատությունը ներկայում եւ անցյալում ունեցած կարողությունների միջեւ։ Կյանքը նվեր է. բոլորն ունեն ընտրության հնարավորություն՝ գոհունակությամբ ընդունելու այդ նվերը կամ ոչ։ Ես համաձայն չեմ Ուիլի ընտրության հետ, բայց դա տեսակ է, որին ճանաչելը մտահորիզոն է ընդլայնում:

 

- Գրքի հենց սկզբում  սոցիալական խնդիրներ են վեր հանվում: Բայց կարծես մատնանշվում է նաեւ ելքը... Ոչ թե փորձում ես երկիրն ու կարգերը փոխել, այլ ինքդ քեզ:

 

- Գիրքը շատ հետաքրքիր է հերոսների հոգեբանական նկարագրերի բազմազանությամբ։ Իրադարձությունները տեղի են ունենում փոքրիկ բնակավայրում՝ ամրոցի երկու կողմերում՝ երկու տարբեր աշխարհներում: Ընդ որում՝ թե՛ Լուիզայի, թե՛ Ուիլի հարազատները առանձնանում են իրենց խնդիրներով, հոգսերով, երազանքներով ու ձգտումներով։ Եվ հենց այդ սոցիալական խնդիրն է, որ որոշիչ է դառնում հետագա իրադարձությունների համար: Սա պատմություն է ձգտումների մասին։

 

- Այս գրքում կարելի է գտնել նաեւ «Ինչպե՞ս պետք է վերաբերվել սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց» հարցի պատասխանը:

 

-Իհարկե, շատ պատկերացումներ եւ կարծրատիպեր կարող են փոխվել, իսկ կենցաղային դժվարությունների մասին, այո′, որոշ գիտելիքներ ստանում ենք։ Իսկ ամենակարեւորը այն էր, որ Ուիլի գոյությունը բավական էր, որ Լուիզան ամենաերջանիկը զգար: Վերջինս կոտրում է միտքը, որ քայլել չկարողացող մարդուն կարելի է այլ կերպ վերաբերվել. նա ցույց է տալիս, որ Ուիլը կարող է նույնքան ցավեցնել կամ երջանկացնել. սա արդեն վերաբերմունք է ձեւավորում։ Եվ եթե մեկը զրկված է քայլելու կարողությունից, մյուսն էլ զրկված կարող է լինել ոչ տեսանելի կարողությունից, օրինակ՝ գեղեցիկը տեսնելու։ Ո՞րն է ավելի խնդրահարույց։ Նայած, թե ում ինչ է պետք. Լուն նախընտրում է Ուիլին։

 

- «Պետք է որդուս լուռ ասեի, որ ամեն ինչ փոխվում է, աճում կամ մահանում է, սակայն կյանքը, այնուամենայնիվ, շարունակվում էր», - մտածում է Ուիլի մայրը: Գիրքն ավարտվում է, ու հասկանում ես, որ կյանքն իսկապես շարունակվում է: Հեղինակը ջանացել է, որ վերջաբանն ավելի շատ լուսավոր լինի, կյանքով լի, քան տխուր: Մահվան տեսիլքը ցրվում է:

 

-Կարդալուց հետո հոգումդ մնում է մի շատ ջերմ, սիրուն ու բարի մասնիկ:  Պատմության ամբողջ ընթացքում առաջանում է համակրանք Ուիլի ու Լուի հանդեպ, մի կողմից՝ պայծառ ու յուրահատուկ աղջիկ, որը թեեւ միշտ ապրել էր փոքրիկ քաղաքում, բայց վառ անհատականություն էր, մյուս կողմից` հաջողակ երիտասարդ գործարար, որի համար շատ փոքր էին այդ քաղաքի սահմանները, հանդիպում են` միմյանց համար դառնալով բացահայտում։

Ջոջո Մոյեսը Ջոջո Մոյեսը

Լուսանկարը` Library Foundation of Los Angeles

Չնայած Ուիլի որոշմանը՝ գիրքն ընթերցվում եւ ավարտվում է դրական հույզերով, որը հեղինակը կարողացել է փոխանցել նաեւ շնորհիվ գրելաոճի:  Կոլորիտով, լավ հումորով, գեղեցիկ նկարագրություններով, կենդանի խոսակցական լեզվով է շարադրել հեղինակը, որն էլ իր հերթին թեթեւություն է հաղորդում վեպին: 

 

Փորձել ենք հարազատ մնալ բնագրին․թարգմանչուհին  կարողացել է շատ դիպուկ ու պատկերավոր արտահայտություններով, մակդիրներով ու դարձվածքներով համեմել հայերեն տեքստը։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին