7 քաղաքացիները` Սասուն Միքայելյան - Mediamax.am

exclusive
8567 դիտում

7 քաղաքացիները` Սասուն Միքայելյան

Մեդիամաքս-ը հատուկ շարքով անդրադառնում է «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդին` ներկայացնելով այն մարդկանց, որոնք հավակնում են դառնալ նոր առաջնորդներ:

Սասուն Միքայելյանը
Սասուն Միքայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սասուն Միքայելյանը
Սասուն Միքայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սասուն Միքայելյանը
Սասուն Միքայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս-ը հատուկ շարքով անդրադառնում է «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդին` ներկայացնելով այն մարդկանց, որոնք հավակնում են դառնալ նոր առաջնորդներ:

 

Փաստեր

 

Ծնվել է 1957 թ. նոյեմբերի 7-ին Հրազդանում:

 

Սովորել է Չարենցավանի Գրիգոր Մագիստրոսի անվան համալսարանում եւ  Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում:

 

1976-1978 թթ. ծառայել է խորհրդային բանակում:

 

1988 թ. կազմավորել եւ ղեկավարել է «Սասուն» երկրապահ ջոկատը:

 

1996-1999 թթ. եղել է Հրազդանի քաղաքապետ:

 

1999-2007 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի 2-4 գումարումների պատգամավոր:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

 

«Ցանկացած գիտակից քաղաքացի պետք է իր ուսերին վերցնի իր բաժին բեռը»

 

- Ինչպե՞ս առաջացավ «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության գաղափարը:

 

- Քաղաքացիական պայմանագրի գաղափարն առաջ եկավ հանրապետությունում տիրող բացասական մթնոլորտի պատճառով: Նիկոլ Փաշինյանի եւ մնացած մասնակիցների հետ քննարկումներից հետո եկանք այն եզրակացության, որ նման նախաձեռնության անհրաժեշտություն կա:

 

1988թ.-ից սկսած մենք երկար ու դժվարին ճանապարհ ենք անցել, մշտապես ձգտելով արդարության հասնել: Մենք այս Հայաստանը չէինք ուզում:  Հաղթանակած ժողովրդին նման ապրելակերպ վայել չէ: 1999թ. հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո մեր երկիրն այլ ուղղությամբ ընթացավ: Եկավ մի ժամանակ, երբ հասկացանք, որ լիովին խաբված ենք, քանի որ երկրի ղեկին կանգնած քաղաքական որոշ ուժեր այլ նպատակներ էին հետապնդում:

 

Որպես նոր ձեւավորվող եւ երիտասարդ ուժ, որի մասնակիցները բոլորն էլ քաղաքացիական կամ քաղաքական հարթակներում պայքարի մեջ են, պետք է փորձենք հայանպաստ գործունեություն ծավալել: Ճիշտ է, դեռեւս քաղաքական ուժ չենք, բայց եթե առաջիկա համաժողովի ժամանակ որոշվի, որ կուսակցական ուղղությամբ ենք ընթանալու, կփորձենք մտնել արդար քաղաքական պայքարի մեջ:

 

Մեր գործունեությունն ուղղված է լինելու հայրենիքի եւ  պետականության ամրապնդմանը: Մեր ձեւաչափը տարբերվում է , քանի որ մենք կարեւորում ենք ժողովրդի որոշումները եւ լսում ենք ժողովրդի ձայնը: Մենք պետք է կարողանանք ժողովրդի մեջ հավատ ներշնչել մեր հանդեպ:

 

- Ինչպե՞ս եք պատրաստվում ներշնչել այդ հավատը:

 

- Քաղաքացիական պայմանագրի կառավարման խորհրդի բոլոր անդամներն էլ ճանաչված են` ոմանք քաղաքական դաշտում, ոմանք էլ քաղաքացիական հարթակում: Մեզանից յուրաքանչյուրն էլ որոշակի ժամանակահատվածում պայքարի մեջ է եղել` հանուն արդարության: Ես հավատում եմ մեր հնարավորություններին:

 

Սասուն Միքայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Երկրում պետք է նմանատիպ մի շարժում ծնվեր, այլ տարբերակ չկար, քանի որ գործող բոլոր ուժերը հուսախաբ են արել հասարակությանը: Յուրաքանչյուր համապետական ընտրություններից հետո ժողովուրդը հայտնվում է ավելի վատ վիճակում, քան առաջ էր:

 

Խնդիրն այն է, որ հավատ ու վստահություն չկա, քանի որ իշխանությունները իրենց «խարխուլ շինությունը» կառուցել են կեղծիքի հիման վրա: Մենք կփորձենք հավատ ներշնչել մեր նոր ձեւաչափով: Իմ կարծիքով, այսօր հանրությունն ավելի պատրաստ է ընդունել մեզ, քան 2008թ. մարտին:

 

-Ինչո՞ւ եք կարծում, որ հանրությունն այսօր ավելի պատրաստ է փոփոխությունների: Ի՞նչ նախադրյալներ եք տեսնում:

 

- Ցանկացած գիտակից քաղաքացի պետք է իր ուսերին վերցնի իր բաժին բեռը` կին, թե տղամարդ, ծեր, թե երիտասարդ, քանի որ վիճակը օրհասական է: Երկրի ապագայի եւ իր ընտանիքի մասին մտածող ցանկացած մարդ պետք է պատասխանատվություն ստանձնի իր երկրի համար: Միայն համախմբվածության միջոցով կարելի է հասնել մեր առջեւ ծառացած խնդիրների լուծմանը:

 

- Վերջերս լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ Ազատամարտիկների միություն ստեղծելու նպատակ ունեք: Այդ միությունը «Քաղաքացիական պայմանագրի» գործունեության հետ որեւէ կապ ո՞ւնի:

 

- Ես չեմ ստեղծում այդ միությունը, ես պարզապես ազատամարտիկներից մեկն եմ: Ազատամարտիկների միությունը ձեւավորվում է «դաշտային հրամանատարների» կողմից: Մենք պարզապես համախմբվել ենք ազատամարտիկներով եւ ուզում ենք ավելի հզորացնել մեր կառույցը: Ազատամարտիկները պատմություն են կերտել, հաղթանակ են պարգեւել ժողովրդին, ազատագրել են երկրի սահմանները: Չի կարելի արհամարհել երկրի պատմությունը կերտողներին:

 

Այդ միությունը «Քաղաքացիական պայմանագրի» հետ ոչ մի կապ չունի: Պարզապես այսօր ցանկացած հայ պետք է պայքարի իշխանափոխության համար:

 

-Որո՞նք են լինելու իշխանափոխությանն ուղղված քայլերը:

 

- Մենք գործունեություն ենք ծավալելու Պայմանագրի հիմնարար փաստաթղթի շրջանակներում: Առաջին հերթին, պետք է իրազեկենք հանրությանը մեր մասին, այցելելով մարզեր եւ հանդիպումներ ունենալով հետաքրքրված քաղաքացիների հետ: Պետք է փորձենք կանգնեցնել արտագաղթը:

 

Մեր յոթնյակի յուրաքանչյուր անդամ ինչ-որ բնագավառում ակտիվ գործունեություն է ծավալում: Մեր որոշումները կայացվում են կոնսենսուսով, եւ բոլորս էլ գիտակցում ենք դրանց կարեւորությունը: Մենք կփորձենք մեր գործերով վստահություն ձեռք բերել, որովհետեւ մեզ միայն երկրի ապագան է հետաքրքրում, այլ նպատակներ չենք հետապնդում:

 

«Բլից» հարցեր

 

- Չե Գեւառա, թե՞ Մահաթմա Գանդի

 

- Չե Գեւառան, իհարկե, ավելի սրտամոտ կերպար է: Բայց մեր պարագան այլ է, մենք պետք է այլ միջոցներով պայքարենք մեր երկրի համար:

 

- Համակարծի՞ք եք, որ քաղաքականության մեջ չկան մշտական դաշնակիցներ, այլ կան մշտական շահեր:

 

- Եթե այդ շահը լինի ի փառս երկրի, ապա` այո:

 

- Բոլոր ժամանակների քաղաքական առաջնորդներից ո՞ւմ կառանձնացնեիք:

 

- Ի դեմս սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի շատ լավ առաջնորդներ ունեինք: Նրանց համագործակցությունը մեծ հաջողություն կբերեր մեր երկրին:

 

-Ո՞րն է ազատության Ձեր բնորոշումը:

 

Սասուն Միքայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

- Ազատությունը գիտակցում ես անազատության մեջ, ճաղավանդակից այն կողմ: Ես անցել դրա միջոցով: Ազատությունը շատ մեծ արժեք է: Հարկավոր է մեր ժողովրդին ազատ ապրելու հնարավորություն տրվի: Եթե քաղաքացին չի կարողանում ազատ արտահայտվել, ուրեմն, կարելի է ասել, նա կալանավայրում է գտնվում: Այս պահին ես մեր երկիրը կհամեմատեի կալանավայրի հետ:

 

-Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ապագան առաջիկա հինգ տարիների հեռանկարում:

 

- Պայծառ:

 

Սասուն Միքայելյանի հետ զրուցել է Մարիամ Մանոյանը:

Լուսանկարները` Մարիամ Լորեցյան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին