7 քաղաքացիները` Լենա Նազարյան - Mediamax.am

exclusive
10551 դիտում

7 քաղաքացիները` Լենա Նազարյան

Մեդիամաքս-ը հատուկ շարքով անդրադառնում է «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդին` ներկայացնելով այն մարդկանց, որոնք հավակնում են դառնալ նոր առաջնորդներ:

Լենա Նազարյանը
Լենա Նազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լենա Նազարյանը
Լենա Նազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լենա Նազարյանը
Լենա Նազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս-ը հատուկ շարքով անդրադառնում է «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդին` ներկայացնելով այն մարդկանց, որոնք հավակնում են դառնալ նոր առաջնորդներ:

 

Փաստեր

 

Ծնվել է 1983թ. մարտի 9-ին Երեւանում:

 

Սովորել է ԵՊՀ-ի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում եւ Ժուռնալիստիկայի հայկական դպրոցում, այնուհետեւ` Ժամանակակից արվեստի ինստիտուտում:

 

Աշխատանքային գործունեությունը սկսել է 2005թ.-ին՝ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ում որպես «Հետք» շաբաթաթերթի լրագրող, 2008թ.-ից աշխատել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնում, 2009թ.-ից`«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ում: 

 

2010թ.-ից Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ է:

 

2013թ. նախագահական ընտրությունների հաջորդ օրը մի խումբ ակտիվիստների հետ ընդհատել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության զեկուցողներին եւ ընթերցել նրանց հայտարարությունը բոյկոտող տեքստը:

 

Ամուսնացած չէ:

 

«Ուզում եմ ունենալ ընտրություն, որը չի լինի «չարյաց փոքրագույնը»

 

-Ինչպե՞ս ստացվեց, որ միացաք «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությանը:

 

- Ակտիվ քաղաքացիները միշտ փնտրում են քաղաքական, տնտեսական, մշակութային իրավիճակ փոխելու հնարավորություններ. ոմանք կուսակցության մեջ են համախմբվում, ոմանք տեղավորվում են քաղաքացիական տիրույթում, ոմանք այլ ձեւաչափեր են ստեղծում: «Քաղաքացիական պայմանագրին» իմ միանալն այս որոնողական տրամաբանության մեջ էր. միացա, որովհետեւ շատ կոնկրետ փոփոխություն եմ ակնկալում քաղաքական դաշտում: Ուզում եմ, որ արտահերթ կամ հերթական ՏԻՄ, խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում ես՝ որպես քաղաքացի ունենամ ընտրություն, որը չի լինի «չարյաց փոքրագույնը», որը կառաջարկի ծրագրային լուծումներ, այլ ոչ թե իրավիճակային եւ պոպուլիստական ճառեր:

 

-Կարծում եք,  «Քաղաքացիական պայմանագիրն» ի վիճակի՞ է դառնալ այնպիսի ուժ, որին մարդիկ կվստահեն:

 

- Մարդիկ պետք է իրատես լինեն եւ պահանջեն անհնարը, ոչ թե վստահեն եւ հավատան:  Դրա համար հարկավոր է, որ նրանք մասնակից լինեն բոլոր կարեւոր գործընթացներին, տեսնեն իրենց ներդրումը կայացվող որոշումներում եւ վարվող քաղաքականության մեջ, այսպիսով` վստահեն սեփական ուժերին ու հավատան իրենց իսկ պատասխանատվությամբ արվող փոփոխություններին:

 

- Դուք Թեղուտի պաշտպանության քաղաքացիական խմբի անդամ եք: Կարելի՞ է ասել, որ «Թեղուտի» նախաձեռնությունում ներգրավվածությունը Ձեզ դրդեց մասնակցություն ունենալ նաեւ այլ քաղաքացիական նախաձեռնություններին:

 

- Հիմնականում այս նախաձեռնությունից սկսվեց իմ ներգրավվածությունն այլ քաղաքացիական խմբերում: «Փրկենք Թեղուտի անտառը» մոտ երկու տարվա ընթացքում փոխակերպվեց «Թեղուտի քաղաքացիական պաշտպանության», քանի որ իր մեջ ներառեց ոչ միայն անտառի փրկությունը, այլ նաեւ սոցիալական արդարության, այլընտրանքային տնտեսության, օրինավորության, շրջակա միջավայրի եւ մշակութային ժառանգության պահպանության հարցերը:

 

Թեղուտում մարդիկ մտածում են, որ հանքում աշխատանքը կլուծի իրենց սոցիալական հարցերը, մինչդեռ աշխարհում եւ Հայաստանում փորձը ցույց է տվել, որ հանքերի շրջակայքում ապրող բնակչությունն աղքատ է, նրանք քիչ են վարձատրվում: Ընդ որում, աղքատության ցուցանիշներից է նաեւ աղտոտված շրջակա միջավայրը, քանի որ աղտոտված տարածքում բերքը եւ տունը տնտեսապես արժեզրկված են: Թեղուտում գյուղացիներից խլեցին հողը եւ արդյունքում նրանք զրկվեցին ինքնուրույն կամ համագյուղացիների հետ տնտեսական սուբյեկտ լինելու հնարավորությունից: Նրանցից վերցրեցին հողը եւ տվեցին հանքում խոշոր կապիտալի համար չնչին աշխատավարձով աշխատելու «շնորհը»: Ես հասկացա, որ սա ոչ թե տեղային խնդիր է Թեղուտ գյուղում, այլ՝ համակարգային:

 

- Շատերը Ձեզ հիշում են 2013թ. նախագահական ընտրություններից հետո ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելության եզրափակիչ մամուլի ասուլիսից, երբ մի խումբ ակտիվիստներ ընդհատեցին ասուլիսը եւ ներկայացրեցին իրենց բողոքը խախտումների վերաբերյալ:

 

- Այդ քայլը նախապատմություն ունի: 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ ես եւ ընկերներս դիտորդ էինք Աշտարակ քաղաքում: Ամբողջ օրը ՀՀԿ հանձնաժողովականները հայհոյում, սպառնում եւ վիրավորում էին մեզ (համացանցում տեսագրություններ կան), իսկ գործընկերս կողքի տեղամասում լուսանկարել է քվեաթերթիկներով լցոնված արկղը:

 

Լենա Նազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ակնհայտ էր, որ ընտրությունները կեղծված են: Առավոտյան, երբ տեղամասից վերադարձա տուն, «Բեկում» խմբից իմ ընկերներից մեկն առաջարկեց միասին գնալ «Մարիոթ» հյուրանոց եւ ընդհատել ԵԱՀԿ-ի հերթական լղոզված գնահատականները ընտրություններում «մեկ քայլ առաջ»-ի մասին եւ, ընթերցել ընտրությունների իրական գնահատականը: Իհարկե, եթե չլինեին դահլիճում մեզ միացած մարդիկ, ոչինչ չէր ստացվի:

 

-Ասացիք, որ Հայաստանում ընտրական մեխանիզմը չի գործում,  սակայն «Քաղաքացիական պայմանագիրը» իշխանափոխության միակ ընդունելի տարբերակ է համարում ազատ եւ արդար ընտրությունների կազմակերպումը: Այդ դեպքում ինչպե՞ս է դա հնարավոր:

 

- Իշխանափոխության համար ազատ եւ արդար ընտրությունների կազմակերպումը միակ ընդունելի տարբերակը չէ: «Քաղաքացիական պայմանագրի» տեքստում նշված է նաեւ թավշյա հեղափոխության մասին: Պայմանագրի մասնակիցները համարում են, որ թավշյա հեղափոխության տրամաբանությունը չի հակասում ընտրական իշխանափոխության տրամաբանությանը: Երբ ընտրական իշխանափոխության ճանապարհը չի գործում, թավշյա հեղափոխությունը դառնում է ընտրական իշխանափոխության մեխանիզմը կենդանացնելու եղանակ: Սա տեղի կունենա այն դեպքում, երբ երկրում կստեղծվի այնպիսի քաղաքական իրավիճակ, որի պայմաններում ոստիկանը կանցնի քաղաքացու շարքերը:

 

-Ինչպե՞ս են ընթանում քննարկումները «Քաղաքացիական պայմանագրում» եւ ինչպե՞ս են կայացվում որոշումները:

 

- Որոշումները ընդունվում են կոնսենսուսի միջոցով եւ, քանի որ բոլորն ունեն կառուցողական որոշման հանգելու տրամադրվածություն, քննարկումները արդյունավետ են:

 

- Առաջիկայում  ի՞նչ ակնկալենք Պայմանագրից:  Այս պահին քաղաքացիական ակտիվություն է ծավալված պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ: «Քաղաքացիական պայմանագիրը» պատրաստվո՞ւմ է ինչ-որ կերպ սատարել նմանատիպ նախաձեռնություններին:

 

- Մեր առաջիկա նպատակներից է հրապարակել «Քաղաքացիական պայմանագրի» վերադարձի հիմնադրամի խորհրդի կազմը: Հաջորդիվ, հանդիպումներ են լինելու Պայմանագրի մասնակիցների եւ համակիրների հետ: Մասնակիցները կարող են հանդես գալ մարզերում եւ տարբեր քաղաքներում գրասենյակներ ստեղծելու նախաձեռնությամբ: Բացի այդ, հիմքեր ենք նախապատրաստում համագումարի համար, որտեղ պետք է որոշվի, թե արդյո՞ք «Քաղաքացիական պայմանագիրը» կդառնա քաղաքական կուսակցություն:

 

«Բլից» հարցեր

 

-Չե Գեւառա, թե՞ Մահաթմա Գանդի

 

- Երկուսի համադրությունը:

 

- Համակարծի՞ք եք, որ քաղաքականության մեջ չկան մշտական դաշնակիցներ, այլ կան մշտական շահեր:

 

- Համաձայն եմ, որ մշտական դաշնակիցներ չեն կարող լինել: Համագործակցությունը պետք է լինի կոնկրետ նպատակի շուրջ: Հնարավոր է, որոշ ժամանակ անց դաշնակիցների միջեւ այդ նպատակն այլեւս արդիական չլինի եւ նրանցից յուրաքանչյուրը գնա իր ուղղությամբ:

 

- Բոլոր ժամանակների քաղաքական առաջնորդներից ո՞ւմ կառանձնացնեիք:

 

Լենա Նազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

- Ոչ մի քաղաքական առաջնորդ էլ իդեալական չի եղել: Վերջին տարիներին ինձ դուր էր գալիս Միխեիլ Սահակաշվիլիի գործելաոճը: Լսեցի նրա ելույթը նախագահի նստավայրը թողնելուց առաջ, որի ժամանակ նա կարծես դիմում էր իր երկրի քաղաքացիներից յուրաքանչյուրին: Ինձ դուր եկավ այն, որ երկրի նախագահը օտարացած չէր հասարակությունից:

 

-Ո՞րն է ազատության Ձեր բնորոշումը:

 

- Իմ կարծիքով, ազատությունը ազատագրումն է բոլոր տեսակի վախերից:

 

- Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ապագան առաջիկա հինգ տարիների հեռանկարում:

 

- Այսօր մենք ականատես ենք, թե ինչ միջոցներ են մարդիկ ձեռնարկում իրենց իրավունքների պաշտպանության համար Ուկրաինայում: Նման աշխարհաքաղաքական զարգացումները ազդեցություն են ունենում նաեւ մեզ վրա: Կարծում եմ, որ Հայաստանի առաջիկա հինգ տարիները հագեցած են լինելու տարբեր քաղաքական եւ քաղաքացիական իրադարձություններով:

 

Լենա Նազարյանի հետ զրուցել է Մարիամ Մանոյանը:

Լուսանկարները` Մարիամ Լորեցյան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին