50 գլոբալ հայերը. Սերգեյ Ղազարյան - Mediamax.am

exclusive
24668 դիտում

50 գլոբալ հայերը. Սերգեյ Ղազարյան

Մեդիամաքս-ը շարունակում է «50 գլոբալ հայերը» հատուկ նախագիծը եւ ներկայացնում է հերթական հերոսին՝ Լոնդոնի Կայսերական քոլեջի ֆիզիկական քիմիայի պրոֆեսոր, Քիմիայի թագավորական միության անդամ Սերգեյ Ղազարյանին:

Սերգեյ Ղազարյանը լաբորատորիայում` ուսանողների հետ:
Սերգեյ Ղազարյանը լաբորատորիայում` ուսանողների հետ:

Լուսանկարը` Ս.Ղազարյանի անձնական արխիվից:

Սերգեյ Ղազարյանը
Սերգեյ Ղազարյանը

Լուսանկարը` Ս.Ղազարյանի անձնական արխիվից:

Սերգեյ Ղազարյանը Հաղարծինում:
Սերգեյ Ղազարյանը Հաղարծինում:

Լուսանկարը` Ս.Ղազարյանի անձնական արխիվից:

Ցուցահանդեսի ժամանակ` Թագուհու այցից առաջ:
Ցուցահանդեսի ժամանակ` Թագուհու այցից առաջ:

Լուսանկարը` Ս.Ղազարյանի անձնական արխիվից:

Սերգեյ Ղազարյանը դստեր` Աննայի հետ Էջմիածնում:
Սերգեյ Ղազարյանը դստեր` Աննայի հետ Էջմիածնում:

Լուսանկարը` Ս.Ղազարյանի անձնական արխիվից:


Մեդիամաքս-ը շարունակում է «50 գլոբալ հայերը» հատուկ նախագիծը եւ ներկայացնում է հերթական հերոսին՝ Լոնդոնի Կայսերական քոլեջի ֆիզիկական քիմիայի պրոֆեսոր, Քիմիայի թագավորական միության անդամ Սերգեյ Ղազարյանին:

 

Սերգեյ Ղազարյանը ֆիզիկական քիմիայի պրոֆեսոր է: Ծնվել է Ղազախստանում: Սովորել է Նովոսիբիրսկում, Երեւանում, ապա` Մոսկվայում: 1991թ. հրավեր է ստացել Նոթինհեմի համալսարանից, որտեղ աշխատել է 3 տարի: 1994-1998թթ. աշխատել է Ջորջիայի Տեխնոլոգիական ինստիտուտում (Georgia Tech, Atlanta, USA): 1998թ. կրկին վերադարձել է Մեծ Բրիտանիա` Լոնդոնի Կայսերական քոլեջ (Imperial College London), որը հանդիսանում է աշխարհի ամենահեղինակավոր բուհերից մեկը: Ներկայումս Քիմիական տեխնոլոգիաների դեպարտամենտի պրոֆեսոր է: Սերգեյ Ղազարյանը Քիմիայի թագավորական միության անդամ է (Royal Society of Chemistry):

 

Ծնվել եմ Արեւելյան Ղազախստանում, որտեղ հայրս երկրաբան էր աշխատում: Նա սովորել էր Երեւանում եւ այնտեղից գործուղվել Ղազախստան: Դպրոցական տարիներին ես ցանկանում էի դառնալ ոչ թե գիտնական, այլ օդանավեր նախագծող. ինձ հետաքրքրում էր ինքնաթիռների մոդելներ ստեղծելը: 8-րդ դասարանում հաղթեցի մաթեմատիկայի շրջանային օլիմպիադայում, եւ ինձ հրավիրեցին Նովոսիբիրսկի ակադեմիական քաղաքում գործող ֆիզիկամաթեմատիկական դպրոց, որում դասավանդումն ու ուսուցման պայմանները լավագույնն էին համարվում Խորհրդային Միությունում: Այնտեղ էլ ես ընդունվեցի համալսարան` ֆիզիկայի ֆակուլտետ: Բայց հայրս մշտապես ցանկանում էր վերադառնալ Հայաստան, եւ 3 տարի Նովոսիբիրսկում ուսում ստանալուց հետո ես տեղափոխվեցի Երեւանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետ, իսկ մի քանի ամիս անց Երեւան վերադարձան նաեւ ծնողներս:

 

Ինձ մոտ, ինչը, հավանաբար, բնական է պատանեկան մաքսիմալիզմի համար, շատ ուժեղ հայրենասիրություն կար Հայաստանի նկատմամբ, եւ հենց այդ շրջանում ինքս ինձ համար բացահայտեցի հայոց պատմությունը, գրականությունը, մշակույթը, ճարտարապետությունը: Ես Հայաստանում ապրեցի ընդամենը 4 տարի, բայց մեծապես պարտական եմ դրանց, այդ թվում նաեւ ֆիզիկայից դեպի քիմիա իմ հետաքրքրության աստիճանական անցման համար:  

 

Բացի ուսումնառությունից, Սերգեյը հասցրել է երկու տարի աշխատել Երեւանի Քիմիական ռեակտորների ինստիտուտում:

 

Սերգեյ Ղազարյանը Հաղարծինում:

Լուսանկարը` Ս.Ղազարյանի անձնական արխիվից:

 

Երեւանի համալսարանում հայտնի գրող Ստեփան Կուրտիկյանի որդին ինձ առաջարկեց դիպլոմային աշխատանքը գրել սպեկտրոսկոպիայի թեմայով: Նա կարծում էր, որ դա այն ոլորտն է, որը կիրառելի է ամենուրեք, այդ թվում նաեւ հարակից դիսցիպլիններում: Ես ասպիրանտուրա ընդունվեցի Մոսկվայում եւ այն ավարտելուց հետո ֆիզիկական քիմիայի բնագավառում աշխատանք ստացա ՌԳԱ սպեկտրոսկոպիայի ինստիտուտում: 1991թ. ստացա համատեղ գրանտ ՆԱՏՕ-ի եւ Լոնդոնի թագավորական միության կողմից: Դա առաջին ծրագիրն էր`ուղղված խորհրդային երիտասարդ գիտնականներին Արեւմուտքում աշխատանքի ընդունելուն: Ինձ հրավիրեց գիտական շրջանակներում հայտնի քիմիկոս Մարտին Պոլյակոֆֆը, ով ներկայումս Թագավորական միության փոխնախագահն է: 

 

1991թ. Սերգեյն ընտանիքի հետ միասին երեք տարով տեղափոխվում է Նոթինհեմի համալսարան, որից հետո հրավեր է ստանում Ջորջիայի Տեխնոլոգիական համալսարանից (Ատլանտա):

 

Հրավերն ինձ համար անակնկալ էր, բայց որոշեցի մեկ շաբաթով մեկնել այնտեղ «հետախուզության» եւ համաձայնեցի միայն դրանից հետո:

 

ԱՄՆ-ը բավականին դինամիկ երկիր է, օգնում է փորձ ձեռք բերել եւ սովորեցնում մրցունակ դառնալ: Թեեւ պետք է խոստովանեմ, որ ամերիկյան կենսակերպն այնքան էլ դուր չէր գալիս ինձ ու կնոջս: Այնուամենայնիվ, կարծում եմ, առանց ամերիկյան փորձի ես շատ բանի չէի կարող հասնել այստեղ` Բրիտանիայում: ԱՄՆ-ում աշխատեցի 4 տարի, ապա 1998թ. կրկին վերադարձանք Լոնդոն:

 

Ես մտածում էի, որ մշտական ակադեմիական դիրք ստանալու համար իմ ժամանակն արդեն անցել է, քանի որ Արեւմուտքում նախընտրում են ավելի երիտասարդներին: Եվ չնայած աշխատել էի Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում, բայց դասավանդման փորձ չունեի: Ամերիկայից ես նամակ գրեցի բրիտանացի գործընկերներիս, որին նրանք հաճույքով արձագանքեցին: Ես գրանտային նախագիծ գրեցի (ի դեպ, եւս մեկ անգնահատելի երեւույթ, որն ինձ սովորեցրել է Ամերիկան), եւ մենք ստացանք այն: Լոնդոնում ինձ հնարավորություն ընձեռվեց զբաղվել դասավանդմամբ: Երկու տարի միայն դասավանդում էի, բայց մի քանի տարի անց դարձա պրոֆեսոր: Բացի այդ, հնարավորություն ստացա ուշադրություն դարձնել բազմաթիվ ոլորտների, որոնցով նախկինում չէի զբաղվել, մասնավորապես, սպեկտրոսկոպիայի ուսումնասիրմամբ` քիմիական պատկերներ (chemical imaging) ստանալու տեսանկյունից:

 

Սերգեյ Ղազարյանը լաբորատորիայում` ուսանողների հետ:

Լուսանկարը` Ս.Ղազարյանի անձնական արխիվից:

 

Մոլեկուլները խոսում են իրենց լեզվով, եւ եթե նրանց վրա լույս ուղղես, ապա կարելի է ապակոդավորել այդ լեզուն: Պրոֆեսոր Ղազարյանն ասում է, որ հենց դա է իրեն մշտապես հրապուրել: Հետազոտությունները սպեկտրոսկոպիական մեթոդների ոլորտում օգտագործվում են մանրադիտական մակարդակում նյութերի քիմիական պատկերները ստանալու համար: Այդ մոտեցումը լայնորեն կիրառվում է բազմաթիվ ասպարեզներում` սկսած մատնահետքեր վերցնելուց, մինչեւ կենսաբժշկությունն ու դեղամիջոցները: Բացի այդ, Սերգեյը համագործակցում է Լոնդոնի Ազգային պատկերասրահի գիտնականների հետ, ովքեր ուսումնասիրում են նկարների հնանալու գործընթացները:

 

Ես բազմաթիվ առաջարկներ եմ ստանում տարբեր երկրներից, օրինակ, մի նորաբաց համալսարան ինձ առաջարկում էր գոնե երկու տարով դառնալ ֆակուլտետի դեկան: Ես հրաժարվեցի, բայց մտածեցի, որ եթե, օրինակ, ինձ հնարավորություն ընձեռվեր Հայաստանում ստեղծել իմ լաբորատորիան, ես կհամաձայնեի:  

 

Միշտ հետաքրքիր է դասախոսություններով ճանապարհորդել աշխարհում, հանդիպել նոր մարդկանց: Բայց մեծամասամբ դա բավականին մեծ լարվածություն է պահանջում, քանի որ հաճախ ստիպված ես լինում դասախոսությունը նախապատրաստել ինքնաթիռում: Ակադեմիական կյանքը միայն դասավանդումն ու հետազոտությունը չէ, այլեւ, այսպես կոչված, “public engagement”-ը եւ քոնսալթինգը, գումարած հետազոտական գրանտների ստացումը, մասնակցությունը բազմաթիվ հետազոտական կոմիտեներին ու ֆինանսական գործակալությունների խորհուրդներին:

    

Ինչ վերաբերում է “public engagement”-ին, պրոֆեսոր Ղազարյանը հպարտությամբ է խոսում իր հետազոտական խմբի նվաճումների շնորհանդեսի մասին ամառային գիտական ցուցահանդեսում` նվիրված Լոնդոնի Թագավորական միության 350-ամյա հոբելյանին:

 

Ցուցահանդեսի ժամանակ` Թագուհու այցից առաջ:

Լուսանկարը`Ս.Ղազարյանի անձնական արխիվից:

 

Ընտանիքիս հետ չեմ կարողանում շատ ժամանակ անցկացնել: Առջեւում Զատիկն է (հարցազրույցն անցկացվել է մարտի կեսին - խմբ.), եւ ես ու կինս ինչպես միշտ կգնանք հայկական եկեղեցի:

 

Կայսերական քոլեջից ոչ հեռու կա երկու հայկական եկեղեցի: Մեկը կառուցել է Գյուլբենկյանը, մյուսը՝ ձեռք բերվել Մանուկյան եղբայրների կողմից: Վերջերս ես այնտեղ էի, թեեւ տխուր առիթով. այնտեղ կազմակերպվել էր Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանի հիշատակի երեկոն…

 

Պրոֆեսոր Ղազարյանն ասում է, որ Կարինե Ղազինյանի հետ հանդիպել էր բոլորովին վերջերս` 2012թ. նոյեմբերին, երբ հրավեր էր ստացել մասնակցելու հայ-բրիտանական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Նա խոստովանում է, որ այնքան էլ լավ չէր հասկացել, թե ինչպես է հայտնվել հրավիրվածների թվում, բայց ասում է, որ իր համար դա շատ հաճելի էր: Կարինե Ղազինյանի հանկարծակի մահվան մասին լուրը Սերգեյի համար շատ ցավալի էր…

Սերգեյը երկար տարիներ չէր եղել Հայաստանում: Սակայն վերջին հինգ տարիների ընթացքում եկել է երեք անգամ, զեկույցներ է կարդացել հայաստանյան բուհերում, մասնակցել համաժողովների:

 

Սերգեյի աղջիկը` Աննան, երեք տարի առաջ մասնակցել է “Birthright Armenia” ծրագրին: Երեւանում նա աշխատել է մանկական հիվանդանոցում: Նա մեկնել է նաեւ Լեռնային Ղարաբաղ, որտեղ այցելել է մայրական կողմի իր նախնիների գերեզմանը (Սերգեյի կինը ծննդով Ղարաբաղից է): 

 

Սերգեյ Ղազարյանը դստեր` Աննայի հետ Էջմիածնում:

Լուսանկարը` Ս.Ղազարյանի անձնական արխիվից:

 

Չնայած կյանքիս մեծ մասն անցկացրել եմ Հայաստանից դուրս եւ արտաքնապես այնքան էլ նման չեմ հայի, ինքս ինձ հայ եմ համարում: Ինչո՞ւ: Հավանաբար, այստեղ միահյուսվել են բազմաթիվ տարբեր գործոններ: Կարծում եմ, որ առաջին հերթին Հայաստանի նկատմամբ սերն ու հայրենասիրությունը ժառանգել եմ հորիցս, ով միշտ ինձ համար օրինակ է եղել, եւ ես պարզապես ցանկանում էի նմանվել նրան, թեեւ նա ինձ վրա երբեք ոչ մի ճնշում չի գործադրել: Հետո ծնվեց սերն «Արարատ» ֆուտբոլային թիմի նկատմամբ` դեռ նախքան նրա` բարձունքին հասնելը` 1973 թվականը, երբ նա հաղթեց ԽՍՀՄ առաջնությունում եւ նվաճեց գավաթը: Առհասարակ, ինձ միշտ շատ է հետաքրքրել Հայաստանի հետ կապված ամեն բան:

 

Պրոֆեսոր Ղազարյանը հիշում է Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունը խնձորենու մասին. «Խնձորենու տակ հողը քիչ էր, եւ խնձորները գլորվեցին այլ այգիներ»: Դա աշխարհասփյուռ հայերի մասին է: Սերգեյն ասում է, որ այդ բանաստեղծությունը մանուկ հասակում իր համար ընթերցել է մայրը, եւ նա միանգամայն համամիտ է բանաստեղծուհու հետ. կարեւորը «համն ու գույնը» պահպանելն է:

 

Սերգեյ Ղազարյանի հետ զրուցել է Արամ Արարատյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին