50 գլոբալ հայերը. Լիլի Սահակյան - Mediamax.am

exclusive
28410 դիտում

50 գլոբալ հայերը. Լիլի Սահակյան

Լիլի Սահակյանը հաճախել է Երեւանի թիվ 62 ռուսական դպրոց, որտեղ 7 տարի բացարձակ գերազանց սովորելուց հետո ինքնակամ տեղափոխվել է թիվ 139 անգլիական թեքումով հայկական դպրոց:

Լիլին աշխատանքային ուղեւորություններից մեկի ժամանակ (Ավստրալիա, Սիդնեյ):
Լիլին աշխատանքային ուղեւորություններից մեկի ժամանակ (Ավստրալիա, Սիդնեյ):

Լուսանկարը` Լ. Սահակյանի արխիվից:

Լիլի Սահակյանն իր ուսանողի հետ վերջինիս թեկնածուական թեզի պաշտպանության օրը
Լիլի Սահակյանն իր ուսանողի հետ վերջինիս թեկնածուական թեզի պաշտպանության օրը

Լուսանկարը` Լ. Սահակյանի արխիվից:

Դոկտոր Սահակյանի ղեկավարությամբ աշխատող ուսանողները ներկայացնում են իրենց հետազոտությունների արդյունքները
Դոկտոր Սահակյանի ղեկավարությամբ աշխատող ուսանողները ներկայացնում են իրենց հետազոտությունների արդյունքները

Լուսանկարը` Լ. Սահակյանի արխիվից:


Հոգեբանության բնագավառում ճանաչված գիտնական Լիլի Սահակյանը, ով այժմ դասավանդում եւ գիտահետազոտական գործունեություն է ծավալում ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի համալսարանի (UNCG) հոգեբանության ֆակուլտետում, ծնվել եւ մեծացել է Հայաստանում:  Նա հիշողության մասնագետ է ճանաչողական հոգեբանության ոլորտում եւ գիտական աշխարհում հայտնի է որպես կամավոր մոռացության կոնտեքստի տեսության հիմնադիր:

 

Լիլի Սահակյանը հաճախել է Երեւանի թիվ 62 ռուսական դպրոց, որտեղ 7 տարի բացարձակ գերազանց սովորելուց հետո ինքնակամ տեղափոխվել է թիվ 139 անգլիական թեքումով հայկական դպրոց:

 

Երբ սկսվեց Արցախյան շարժումն, ինձ մոտ մեծ ցանկություն առաջացավ տեղափոխվել հայկական դպրոց: Ինչ-որ տեղ մտավախություն կար, որ փոփոխությունը բարդ կլինի, քանի որ բոլոր առարկաներն անցել էի ռուսերեն լեզվով: Ի զարմանս ինձ, տեղափոխությունը շատ հարթ անցավ: Երկու տարի անց դպրոցն ավարտեցի էքստեռնով, ոսկե մեդալով: Շատ էի սիրում ֆիզիկան, երկրաչափությունն ու հանրահաշիվը: Շատ սիրել եմ նաեւ երաժշտությունը: Ժամանակին նույնիսկ մտածում էի կոնսերվատորիա ընդունվելու մասին: Սակայն մասնագիտության ընտրությունը պայմանավորվեց 1988թ. երկրաշարժով` հոգեբանների կարիքը մեծ էր: Ընդունվեցի Երեւանի պետական համալսարանի հոգեբանության, սոցիոլոգիայի եւ փիլիսոփայության ֆակուլտետ: Այնտեղ գերազանց սովորեցի երեք տարի եւ չորրորդ տարում մասնակցեցի ուսանողների փոխանակման ծրագրի: ԵՊՀ-ից միակն էի, ով շահեց դրամաշնորհ ԱՄՆ-ում ուսումը շարունակելու համար` մեկ տարով:

Լիլին Փենսիլվանիայի Սլիփփերի Ռոք համալսարանում մեկ տարի փայլուն առաջադիմությամբ սովորելուց եւ բակալավրի կոչում ստանալուց հետո կանգնում է ընտրության առջեւ` վերադառնալ Հայաստա՞ն, թե՞ընդունել համալսարանի ղեկավարության առաջարկը եւ ուսման ծախսերն ամբողջությամբ ծածկող կրթաթոշակով շարունակել ուսումը նաեւ մագիստրատուրայում:

 

Բավական էր մեկ տարի ԱՄՆ-ում սովորեի հոգեբանություն, որպեսզի գիտակցեի, թե ինչքան սակավ էր մեկ տարվա գիտելիքները, նույնիսկ, եթե այդ մեկ տարում հաջողվել է ստանալ բակալավրի աստիճան: Գնացել էի մի երկրից, որտեղ հոգեբանությունը նոր գիտություն էր, ի տարբերություն ֆունդամենտալ գիտությունների, որով թեկուզ եւ դժվարությամբ, դեռ հնարավոր էր արտասահմանում մրցակցել համարժեք բնագավառների հետ: Իմ առջեւ բացվեց հազվագյուտ հնարավորություն շարունակել ուսումը մագիստրատուրայում: Սլիփփերի Ռոք համալսարանը ինձ տրամադրեց կրթաթոշակ, որն ամբողջությամբ փակում էր իմ ուսման վարձը: Նախընտրեցի գիտելիքներն ընդլայնելու ուղին: Մագիստրոսի կոչումը ստացա խորհրդատվական  հոգեբանության բնագավառում: Թեզը նվիրված էր սթրեսային եւ տագնապային վիճակներում հիշողության խնդիրներին:  Այն ավարտելուց հետո զգացի, որ հիշողության առանձնահատկությունների գիտական ուսումնասիրությունները ինձ շատ են գրավում, եւ որոշեցի հետբուհական կրթությունը նվիրել դրանց ավելի մանրակրկիտ ուսումնասիրմանը: 1997 թ-ին ընդունվեցի Ֆլորիդայի պետական համալսարան (Florida State University) եւ խորացա ճանաչողական հոգեբանության բնագավառի մեջ: 2002 թ-ին այդ բնագավառում ստացա գիտությունների դոկտորի կոչում:

 

Լիլի Սահակյանը Ֆլորիդայի պետական համալսարանում դոկտորի գիտական կոչումը ստանալիս: 

Համալասարանի հոգեբանության ֆակուլտետն իր շրջանավարտներին արժանացնում է մեծ պատվի, նրանց անվամբ մակագրված աղյուսը “Փառքի արահետում” տեղադրելով:

Լուսանկարը` Լ. Սահակյանի արխիվից:

Դոկտոր Լիլի Սահակյանի հոդվածները տպագրվել են միջազգային հանդեսներում եւ ներկայացվել են միջազգային բազմաթիվ կոնֆերանսներում ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Իսպանիայում, Անգլիայում եւ այլ երկրներում:

 

Դոկտորի կոչում դեռ չէի ստացել, երբ ինձ հրավիրեցին Իսպանիա` մասնակցելու հիշողության միջազգային կոնֆերանսի, որը կազմակերպվում է 5 տարին մեկ: Մինչ այդ տեսությունս ներկայացրել էի ԱՄՆ-ում կայացած տարբեր կոնֆերանսներում: Ինձ արդեն ճանաչում էին, եւ աշխատանքը հետաքրքրություն էր առաջացրել գիտական շրջանակներում: Դա գիտական ճանապարհի սկիզբն էր: Դոկտորի  աստիճան ստանալուց հետո աշխատանք ստացա Գեյնսվիլ քաղաքում գտնվող Ֆլորիդայի համալսարանում, որտեղ 2 տարի դասավանդելուց հետո տեղափոխվեցի Տամպա քաղաքում գտնվող Հարավային Ֆլորիդայի համալսարան:

Լիլի Սահակյանի տեսական մոտեցումները հիմնված են լաբորատոր հետազոտությունների վրա, եւ իրենց կիրառումն են գտնում նաեւ պրակտիկ կյանքում: Նրա գիտահետազոտական աշխատանքները նվիրված են կամավոր մոռացության եւ մտապահման գործընթացների ուսումնասիրմանը երիտասարդ եւ ծերունական տարիքում: Հարցազրույցի ընթացքում նա մի քանի պրակտիկ խորհուրդներ է տալիս` ինչպես յուրացնել եւ մտապահել նոր գիտելիքները:

 

Լիլի Սահակյանն իր ուսանողի հետ վերջինիս թեկնածուական թեզի պաշտպանության օրը:

Լուսանկարը` Լ. Սահակյանի արխիվից:

 

Մեր բոլոր գործողությունների հիմքում ընկած են բարձրագույն իմացական գործընթացները եւ ճանաչողական հոգեբանության սկզբունքները: Ինչպե՞ս կառուցել պարապմունքների գրաֆիկը, որպեսզի այն առավելագույնս արդյունավետ լինի, թե՛ գիտության, թե՛ երաժշտության, թե՛ սպորտի բնագավառներում: Ինչպե՞ս կառուցել դասախոսությունը, որպեսզի ուսանողն այն լավ ընկալի եւ կարողանա մտապահել: Ուսումնական գործընթացում ցանցացած գիտելիք ի՞նչ հաճախականությամբ քննել կամ թեստավորել: Վերջին փորձերը ցույց են տալիս, որ թեստերը հանդիսանում են  ոչ միայն գիտելիքների ստուգման միջոց, այլեւ նպաստում են այդ գիտելիքների երկարատեւ ամրապնդմանը: Որպես հիշողության մասնագետ, կարող եմ խորհուրդ տալ ինչ-որ  նոր նյութ սովորելիս բազմաթիվ անգամ այն կարդալու փոխարեն, փորձեք այդ նյութը ինքնուրույն վերարտադրել: Ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ վերարտադրության ժամանակ գիտելիքը շատ ավելի կայուն է դառնում եւ ամրապնդվում է: Վերարտադրման գործընթացն իրականում հեշտ չէ, կարդալու դեպքում առաջանում է խաբկանք, որ ամեն ինչ յուրացվել եւ մտապահվել է, բայց վերարտադրելիս հաճախ հակառակ համոզմանն ենք հանգում: Բացի այդ, շարունակ պետք չէ պարապել միեւնույն առարկան, որոշ ժամանակ հետո պետք է ընդմիջում անել, զբաղվել այլ գործերով եւ նորից վերադառնալ ուսումնասիրման նյութին: Հիշողությունը լավացնելու մեթոդներից մեկն էլ սովորելու կոնտեքստը (միջավայրը) փոփոխելն է: Ավելի արդյունավետ են այն պարապմունքները, որոնք տեղի են ունենում փոփոխվող պայմաններում, քան միեւնույն միջավայրում:

 

Դոկտոր Սահակյանի ղեկավարությամբ աշխատող ուսանողները ներկայացնում են իրենց հետազոտությունների արդյունքները:

Լուսանկարը` Լ. Սահակյանի արխիվից:

 

Բոլորին հայտնի է, որ հիշողությունը թուլանում է տարիքի հետ: Սակայն հիշողության ոչ բոլոր ասպեկտներն են փոխվում տարիքի հետ: Մեծահասակներին եւ, հատկապես, նրանց, ովքեր վախենում են Ալցգեյմերի հիվանդությունից եւ ծերունական թուլամտությունից, կարեւոր է իմանալ, թե հատկապես ի՞նչն է փոխվում եւ ի՞նչը` ոչ: Ծերունական կենսապրոցեսները անխուսափելի են գլխուղեղում, սակայն հնարավոր է այդ պրոցեսները ինչ-որ չափով դանդաղեցնել` ակտիվ կյանք վարելով: Հիշողությանը նպաստում են ուղեղի մարզումները, օրինակ, խաչբառերը, որոնք ստիպում են անընդհատ մտածել: Ընդհանուր առմամբ, ուղեղը պետք է դիտարկել որպես մի մկան, որը մշտական մարզումների եւ զարգացման կարիք ունի: 

Մեր հերոսն ունի մի շարք հետաքրքիր նախասիրություններ: Տիրապետում է դաշնամուրին, կիթառին, ստեղծագործում եւ երգում է: Նա շատ է սիրում լողը:

 

Այն երկու ժամը, որ ես անց եմ կացնում ջրի մեջ, իմ ամենաարդյունավետ եւ մտածելու պտղաբեր ժամերն են, երբ ինձ ոչինչ չի շեղում` ոչ հեռախոսազանգերը, ոչ էլեկտրոնային նամակները, կողմնակի խոսակցությունները եւ ընդհատումները: Լիովին կարող եմ կենտրոնանալ այն գիտական պրոբլեմի վրա, որով այդ պահին զբաղվում եմ:

 

Շատ եմ սիրում շրջագայել: Մինչեւ մարդ չի շրջագայում, նոր հորիզոններ չի բացահայտում, չի կարող իր երկիրն օբյեկտիվորեն գնահատել, նրա լավն ու վատը տեսնել, նպաստել նրա բարգավաճմանը:

 

Լիլի Սահակյանն ասում է, որ առաջին անգամ շատ ծանր էր հարմարվել օտար երկրում: Ճիշտ է, նա հաճախ չի այցելում Հայաստան, սակայն հոգեւոր կապի մեջ է հայրենիքի հետ:

 

Իմ մեկնելու ժամանակահատվածը համընկավ Հայաստանի էներգետիկ եւ տնտեսական ճգնաժամի հետ, երբ ընտանիքի եւ հայրենիքի հետ կապի միակ միջոցը` հեռախոսը, շատ թանկ ու հազվագյուտ հաճույք էր` հովհարային անջատումների պատճառով: Դրան գումարվեց այն հանգամանքը, որ հայտնվել էի Փենսիլվանիա նահանգի այնպիսի մի քաղաքում, որտեղ ոչ մի հայ չկար: Այնտեղ մեր ազգը ճանաչեցին ինձանով: Բոլոր դժվարությունները հաղթահարելիս ակամա հիշում էի փիլիսոփայության ամբիոնի վարիչ Էդուարդ Հարությունյանի խոսքերը: Նա ինձ ճանապարհելիս ասաց. «Լիլի ջան, այսօրվանից դու զինվոր ես գրվում: Քեզ ճանապարհում ենք որպես զինվոր եւ հուսով ենք` գեներալ կվերադառնաս»:

 

ԱՄՆ-ում ապրում եմ արդեն 18 տարի, հաճախ չեմ այցելում Հայաստան, որովհետեւ ծնողներս բնակվում են Մոսկվայում, սակայն հոգեւոր կապը հայրենիքի հետ անփոփոխ է մնացել: Հաճախ հոգնած օրս ավարտում եմ Պարույր Սեւակ ընթերցելով կամ Բաբաջանյան, Խաչատուրյան, Կոմիտաս նվագելով: Ամուսնուս սովորեցրել եմ հայերեն, որպեսզի տանը առիթ լինի հայերեն խոսելու:

 

Դոկտոր Սահակյանի հետազոտական լաբորատորիայի անդամները  Հյուսիսային Կարոլինայի համալսարանում:

Լուսանկարը` Լ. Սահակյանի արխիվից:

 

Հաջորդ ամառ պլանավորել եմ գալ Հայաստան: Կուզեի օգտակար լինել Հայաստանում հոգեբանական կադրերի պատրաստման գործում, հայ ուսանողներին ինչ-որ ձեւով փոխանցել գիտելիքներս, նրանց մոտեցնել միջազգային չափանիշներին: Հույս եմ փափագում, որ ԵՊՀ-ն կարձագանքի այդ ցանկությանը եւ կնպաստի այդ ծրագրերի իրականացմանը: Ցավոք, երբեմն դրսում կրթված կադրերին Հայաստանում մտավախությամբ են ընդունում, նրանց մեջ մրցակից են տեսնում եւ ոչ թե հայրենիքի հզորացման աղբյուր:

Անդրադառնալով այն հարցին, թե իրեն արդյո՞ք համարում է «Գլոբալ հայ», Լիլին ասում է.

 

Չգիտեմ, թե դուք ի՞նչ ի նկատի ունեք «Գլոբալ հայ» ասելով: Գլոբալ բառը շատ բազմիմաստ է: Եթե խոսքը վերաբերում է նրան, թե ես գլոբալ ճանաչում ունեմ գիտական աշխարհում, ապա կարող եմ միարժեք ասել` այո: Պարադոքսն այն է, որ ամենաքիչը ինձ ճանաչում են հայրենիքում, եթե ընդհանրապես ճանաչում են: Հեշտ չէր մի երկրում, որտեղ հոգեբանությունը ամենազարգացած գիտությունն է աշխարհում, ինքնահաստատվել գիտության մեջ եւ նոր խոսքը բերել: Իմ աշխատանքները տպագրվել եւ ներկայացվել են ոչ միայն գիտական շրջանակներում, այսինքն` ամսագրերում եւ կոնֆերանսներում, այլեւ ընդգրկվել են հիշողության դասական դասագրքերի մեջ, որով սովորում եւ կրթվում է ուսանողների նոր սերունդ ոչ միայն ԱՄՆ-ում, այլ տարբեր երկրներում, ներառյալ` Անգլիայում: Այս ցուցանիշներից ելնելով` ես ինձ գլոբալ եմ համարում, եւ քանի որ ազգությամբ հայ եմ, այդ երկու հասկացությունները բնականորեն իրար հետ կապակցվում են: Գտնում եմ, ով անհամեստություն կլիներ որեւէ մեկը ինքն իրեն «գլոբալ» անվաներ: Գլոբալությունը ինքնուրույն չի որոշվում:  

 

Լիլի Սահակյանի հետ զրուցել է Մարիամ Մանոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին