Ստեփան Զորյանի 10 իրերը - Mediamax.am

exclusive
5284 դիտում

Ստեփան Զորյանի 10 իրերը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս-ը շարունակում «Հայտնիների 10 իրերը» նախագիծը։ Ներկայացնում ենք հայտնի մարդկանց կյանքից տասը պատմություն, որոնց կրողը անշունչ իրեր են:

 

Գրող, թարգմանիչ Ստեփան Զորյանը կյանքի վերջին տարիներին հաճախ էր վերադառնում իր ծննդավայր՝ Ղարաքիլիսա (Վանաձոր-հեղ.)։ Նրա հայրական տունն արդեն չկար, բայց որդիները Զորյանի համար ամառանոց էին նախագծել եւ կառուցել։ Գրողի ընտանիքը բնակվում էր Երեւանում, բայց ամռան եւ գարնան ամիսներն անցկացնում ամառանոցում, որը տեղացիները «հայոց բերդ» էին անվանել։

Լուսանկարը` Մեդիամաքս

1990 թվականին այստեղ բացվում է Զորյանի տուն-թանգարանը։ Չնայած վերակառուցման որոշակի աշխատանքներ են կատարվել, բայց նախասրահը, աշխատասենյակն ու ննջարանը նույնությամբ պահպանվել են։ Իսկ ամեն սեպտեմբերի 15-ին՝ Զորյանի ծննդյան օրը, թանգարանում բերքահավաք է. թափ են տալիս գրողի տնկած եւ աճեցրած խնձորենիներն ու հյուրասիրում այցելուներին։

 

Թեյի սեղանը

 

Ստեփան Զորյանը 9 քույր ու եղբայր է ունեցել, որոնցից 5-ը, մինչեւ պատանեկության տարիքի հասնելը, մահացել են։ Նրանց մայրը՝ տիկին Եղիսաբեթը, չնայած կրթություն չի ունեցել, բայց ձմռան երկար երեկոները զավակներին հավաքել է իր շուրջը եւ գեղեցիկ պատմություններ պատմել։ Հարեւանները նրան «տիկին Հոմերոս» են կոչել։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երբ նայում եմ իմ կյանքի անցած ճանապարհին, ինձ թվում է, թե իմ կյանքի ամենաուրախ օրերն անցան այս անզարդ ու խարխուլ տնակում, որտեղ ես, ամեն հոգսից ազատ, ամբողջովին իմ սիրած գրքերի հետ էի»,-գրել է Զորյանը։

 

Մորից փոխանցված ավանդույթը նա շարունակել է նաեւ իր տանը։ Ընտանիքի անդամներին հավաքել է թեյի սեղանի շուրջ ու տարբեր պատմություններ պատմել։

 

Գոգոլի երկհատորյակը՝ որպես պատվոգի

 

Ստեփանը տարրական գիտելիքներ ստացել է Զաքար վարժապետի գաղտնի դպրոցում. ցարական կառավարությունն արգելել էր հայկական դպրոցների գործունեությունը։ 2 տարի անց, երբ գաղտնի դպրոցը փակվում է, ստիպված տեղափոխվում է ռուսական դպրոց։ Տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Չոբանյանն ասում է, որ հայրը նրան կանգնեցնում է Վարդան Մամիկոնյանի նկարի առջեւ (Ղարաքիլիսայում բոլոր ընտանիքները, որպես հայրենասիրության խորհրդանիշ, Վարդան Մամիկոնյանի սաղավարտով դիմանկարն ունեին) ու պատգամում, որ ամեն ինչ լավ սովորի, բայց երբեք չմոռանա, որ ինքը հայ է եւ հայոց լեզուն ամենից լավ պիտի սովորի։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ստեփանը սովորում է գերազանց եւ ի նշան բարձր առաջադիմության՝պարգեւատրվում Գոգոլի երկհատորյակով, որն այն ժամանակ ամենալավ մրցանակներից էր՝ պատվոգիր։

 

Թանաքամանն ու գրչածայրը

 

Զորյանը ստեղծագործում էր պատանեկության տարիներից։ Սկզբում գրում էր մատիտով, հետո՝ գրչածայրով։

Լուսանկարը` Մեդիամաքս

Չնայած թանաքով գրելու դժվարությանը՝ գեղեցիկ ձեռագիր է ունեցել։

 

Տառապանքների ամբիոն-գրակալը

 

Ստեփան Զորյանը սիրում էր կանգնած ստեղծագործել։ Իր բարձր հասակին համապատասխան՝ աշխատասենյակի համար փայտե գրակալ-ամբիոն էր պատրաստել տվել, որի առջեւ կանգնած ստեղծագործում էր։

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրակալի վրա լամպն էր, վերեւում՝ Հովհաննես Թումանյանի լուսանկարը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Զորյանի բնորոշմամբ՝ գրակալը եղել է իր տառապանքների լուռ վկան. «Այս է եղել իմ տառապանքի սեղանը, որի կողքին ես ինձ շատ լավ էի զգում, բայց աշխատում էի մերթընդմերթ հանգստանալով»։ Այստեղ է Զորյանն ավարտել իր վերջին պատմավեպը՝ «Վարազդատ»-ը։

 

Գրամեքենան

 

Ստեփան Զորյանը սկզբում մատիտով, հետո գրչածայրով, իսկ կյանքի վերջին տարիներին նաեւ գրամեքենայով էր աշխատում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմա տուն-թանգարան այցելող աշակերտներին են հնարավորություն տալիս գրամեքենայով մի քանի բառ տպել։

 

Կոստյումը, վերարկուն եւ գլխարկը

 

Ստեփան Զորյանը չափազանց կարեւորում էր իր արտաքին տեսքը, միշտ կոկիկ, ճաշակով էր հագնվում։ Տուն-թանգարանի վերջին ձեռքբերումը նրա կոստյումը, վերարկուն եւ գլխարկն են, որ նվիրել են թոռնուհիները։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հագուստները վկայում են, թե ինչքան բարձրահասակ ու թիկնեղ էր գրողը։

 

Ընթերցած վերջին գիրքը

 

Ննջասենյակում՝ մահճակալի կողքի փոքրի սեղանին, թեյի բաժակի, լուսամփոփի ու ակնոցների հետ Զորյանի՝ ամառանոցում ընթերցած վերջին գիրքն է՝ «Կիրովական»-ը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրողը չափազանց կարգապահ էր, եւ դա գալիս էր պատանեկությունից. իր սենյակում՝ լուսամուտի առջեւի փոքրիկ սեղանին, Զորյանը գրքերը դասավորում էր այն հերթականությամբ, որով պատրաստվում էր կարդալ դրանք։

 

Ժամացույցը՝ նվեր մանուկների սիրելի բարեկամին

 

Լիլիթ Չոբանյանն ասում է, որ Զորյանը խուսափում էր մեծարանքից, իր նկատմամբ ուշադրության դրսեւորումներից, բայց հակառակ դրան՝ միշտ արժանանում էր բարձր գնահատականի։

Լուսանկարը` Մեդիամաքս

Թանգարանում է պահվում ժամացույցը, որ գրողի ծննդյան 60-ամյակի առթիվ նվիրել էր «Հոկտեմբերիկ» ամսագրի խմբագրությունը՝ «Մանուկների սիրելի բարեկամ, գրող Ստեփան Զորյանին» մակագրությամբ։

 

Մարտիրոս Սարյանի վրձնած դիմանկարը

 

Մարտիրոս Սարյանը գրողի դիմանկարն արել է 1945 թվականին։ Հետո Զորյանը պատմել է որպես բնորդ իր զգացողությունների ու վարպետի հետ աշխատանքի մասին։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սարյանի բնավորության հիմնական գիծը մեղմությունն էր, նա հանգիստ էր եւ սակավախոս։ Բայց պորտրե նկարելիս՝ փոխվում էր բոլորովին, առջեւը նստած նկարվողի հետ խոսում էր ամեն բանից, տխուր բաներ պատմում կամ այնպիսի հարցեր շոշափում, որ զարմացնի, ծիծաղեցնի եւ դուրս բերի կաշկանդված վիճակից։ Հիմա այս դիմանկարը նկարելիս՝ նա սկսեց խոսել ու հարցեր տալ, պատմել ծիծաղաշարժ դեպքեր։ Ես զարմանում էի նրա եռանդի վրա։ Ինքս խոսք չէի ասում, որ չխանգարեմ նրա կենտրոնացած, դիտողական աշխատանքը։ Իսկ նա իրար ետեւից հարցեր էր տալիս, անեկդոտներ պատմում։ Եվ տեսնելով, որ զսպում եմ ինձ, ասաց՝ քեզ ազատ զգա, կարող ես խոսել, ծիծաղել, ինձ չես խանգարի։ Սարյանը ջանում էր գտնել նկարվող դեմքի, հայացքի, նայվածքի բնական ու բնորոշ արտահայտությունը, ինչը եւ պետք էր իրեն»։

 

Դիմանկարի բնօրինակը 1992 թվականից պահվում է գրողի տուն-թանգարանում։

 

Մահվան վկայականը

 

Թանգարանում պահվող փաստաթղթերի մեջ է նաեւ Զորյանի մահվան վկայականը։ Գրողը մահացել է Երեւանում՝ ընկերներով շրջապատված։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրա վերջին խոսքերն են եղել՝ ապրեցեք գեղեցիկ։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Վահե Հարությունյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին