Մարտիրոս Սարյանի 10 իրերը - Mediamax.am

exclusive
27106 դիտում

Մարտիրոս Սարյանի 10 իրերը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Հայտնիների 10 իրերը» հատուկ նախագիծը: Ներկայացնում ենք տասը պատմություն հայտնի մարդկանց կյանքից, որոնց կրողը անշունչ իրեր են:

 

Մարտիրոս Սարյան` հայ մեծ նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի անդամ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ նկարիչների միության նախագահ։

 

Ծնվել է 1880թ.-ի փետրվարի 29-ին` Նոր-Նախիջեւան քաղաքում, մահացել`1972թ.-ի մայիսի 5-ին` Երեւանում:

 

Մարտիրոս Սարյանի անձնական իրերը պահվում են նրա տուն-թանգարանում, որը նորոգումից հետո վերաբացվել է ս.թ. նոյեմբերին: 

 

«Շատ ուրախ եմ, որ Երեւանը կառուցվում է եւ վերածվում մայրաքաղաքի։ Ես նույնպես երազում եմ կառուցել մի տնակ ու արվեստանոց, նույնիսկ մի առանձին փոքրիկ պատկերասրահ իմ գործերի համար»,- այս մասին Մարտիրոս Սարյանը գրել է 1927թ.-ին`  արվեստաբան Ռուբեն Դրամբյանին ուղղված իր նամակներից մեկում:

 

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը Երեւանում բացվել է 1967թ.-ին` նկարչի կենդանության օրոք: Թանգարանի շենքը բաղկացած է 1932թ. կառուցված երկհարկանի առանձնատնից եւ 1967թ.-ին կառուցված եռահարկ պատկերասրահից: Սարյանի տան հատակագծի հեղինակն է Ալեքսանդր Թամանյանը, թանգարանային հատվածը կառուցվել է Մարկ Գրիգորյանի նախագծով: Վերանորոգման եռամյա աշխատանքներից հետո 2016թ.-ի նոյեմբերի 8-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը վերաբացվեց:

Լուսանկարը` Մեդիամաքս

1. Էսկիմոսի արձանիկը

 

1960-ականների առաջին կեսին, երբ «խռուշչովյան ձնհալի» տարիներն էին եւ «երկաթե վարագույրը» որոշ չափով բարձրացել էր, Խորհրդային Միություն, նաեւ Հայաստան, սկսեցին այցելել շատ հայտնի դեմքեր՝ գրողներ Ջոն Սթայնբեքը, Ջոն Ապդայկը, Վիլիամ Սարոյանը, նկարիչ Ռոքուել Քենտը, օսքարակիր կինոբեմադրիչ Ուիլիամ Ուայլերը եւ այլք: Այդ թվականներին անհնար էր գալ Հայաստան եւ չայցելել Մարտիրոս Սարյանին:

 

Ռոքուել Քենտը մոտ 50 կտավ նվիրեց Խորհրդային Միությանը, այդ թվում՝ Հայաստանի Ազգային պատկերասրահին:

 

Երկար տարիներ Մարտիրոս Սարյանի արվեստանոցում ձեռքը ճակատին դրած Էսկիմոսի փոքրիկ արձանիկ կար: Մուգ գույնի մարմարից եւ բավական ծանր արձանիկի պատմությունը հայտնի դարձավ արխիվն ուսումնասիրելու ժամանակ, երբ գտնվեց մի լուսանկար, որում Քենտն է` ձեռքին էսկիմոսի արձանիկը բռնած` ինչ-որ բան է պատմում Սարյանին, իսկ նրա դիմաց՝ սեղանի վրա, դրված է այն տուփը, որի մեջից հանվել է արձանիկը: Պարզ դարձավ, որ դա Ռոքուել Քենտի նվերն  է Սարյանին:

Լուսանկարը` Մեդիամաքս

2. Ջոն Սթայնբեքի ընծայագրով գիրքը

 

Պուլիտցերյան մրցանակակիր եւ Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, ամերիկացի գրող Ջոն Սթայնբեքը բնորդել է Մարտիրոս Սարյանին: Սթայնբեքի դիմանկարը, սակայն անավարտ է, քանի որ գրողը քիչ ժամանակ ուներ եւ նկարն արվել է ընդամենը 20 րոպեում: Այդ օրվա վավերագրերն են գրողի ընծայագրով գիրքը եւ լուսանկարը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջոն Սթայնբեքը Հայաստան էր եկել տիկնոջ հետ: Նրանք Սարյանի ճաշասենյակում նստած են եղել սեղանի շուրջ: Այդ սենյակում կախված էր Վիլյամ Սարոյանի դիմանկարը, ինչին անտարբեր չմնաց ամերիկացի գրողը: Նա կնոջն ուրախացած ասել է. «Տես, Մարի, մեր Վիլյամի դիմանկարն է: Հիմա ես նրան կարող եմ ասել, որ Սարյանն ինձ էլ է նկարել»:

Լուսանկարը` Մեդիամաքս

3. Չարենցի դիմանկարն ու նվերը 

 

Մարտիրոս Սարյանի թանգարանում պահվում է Եղիշե Չարենցի բանաստեղծությունների հատընտիրը, որը գրողն ընծայել է նկարչին: Այդ ընծայագրում Չարենցը շնորհակալություն է հայտնում Սարյանին` իրեն անմահացնելու համար: Գրքում զետեղված է Սարյանի վրձնին պատկանող Չարենցի դիմանկարը, որն, ի դեպ, կիսով է տպագրվել, քանի որ կան պատկերներ (եգիպտական դիմակ, գլխաշորը), որոնց մեջ ժամանակի համար անընդունելի սիմվոլիզմ էին նկատել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Սարյանի մի քանի կտավներ կրակին մատնվեցին Ստալինյան բռնապետության տարիներին: Դրանք այն հայրենասեր ու ազգանվեր գործիչների դիմանկարներն էին, որոնց Խորհրդային Միությունում ճանաչեցին «ժողովրդի թշնամի», ոմանց գնդակահարեցին, իսկ ոմանց` աքսորեցին Սիբիր: Որոշում էր կայացվել այդ դիմանկարները հանել պատկերասրահից եւ այրել: Խարույկ էին պատրաստել հենց պատկերասրահի բակում եւ այրել կտավները, որոնց մեջ պետք է լիներ նաեւ Չարենցի դիմանկարը: Բարեբախտաբար, այս կտավը ոչ թե Հայաստանի պատկերասրահում էր, այլ Գրականության եւ Արվեստի թանգարանում, որի աշխատակից Նշան Մուրադյանը, իր կյանքը վտանգելով, կարողացել էր թաքցնել կտավը նկուղում: 20 տարի անց միայն հայտնի դարձավ, որ Սարյանի այս գլուխգործոցը փրկված է:

Լուսանկարը` Մեդիամաքս

Սարյանի արխիվում գտնվել է նաեւ այն մետաքսե ծաղկազարդ գլխաշորը, որի ֆոնի վրա արված է Չարենցի դիմանկարը: Այսօր այն, թեեւ մաշված եւ գունաթափված, տեղ է գտել թանգարանի ցուցադրության մեջ:

Լուսանկարը` Մեդիամաքս

4. Եգիպտական դիմակը

 

Մարտիրոս Սարյանի կտավների շնորհիվ հանրահայտ դարձած եգիպտական դիմակը նրա սիրելի առարկաներից էր եւ պատահական չէր հայտնվում կտավներում: Այս դիմակը նկարիչը իր հետ բերել էր 1911թ-ին` Եգիպտոսի ճամփորդությունից: Սարյանն իր հետ բերել էր բազմաթիվ դիմակներ, ինչպես նաեւ փոքրիկ արձանիկներ՝ ուշեբտիներ, որոնք Եգիպտոսում դրվել են մահացած մարդկանց հետ, որպեսզի վերջիններիս ծառայեին այլ աշխարհում: Այդ ամբողջ հավաքածուն Մարտիրոս Սարյանը նվիրաբերել է Ազգային պատկերասրահին, որտեղ այժմ ցուցադրվում են, սակայն առանց հիշատակություն, որ դրանք Սարյանի նվերն են:

 

Նկարիչն իրեն է պահել միայն դիմակը, որը պատրաստված է արմավենու փայտից: Դիմակը խորը ճաք ունի, որն առաջացել է փայտի չորանալու հետեւանքով: Սարյանի հայտնի` 1915թ.-ին արված նատյուրմորտի կենտրոնական մասում այս դիմակն է պատկերված: Այն նաեւ տեղ է գտել 1933թ.-ին արված` «Ինքնադիմանկար եգիպտական դիմակով» կտավում, ինչպես նաեւ թոռնուհու` Կատարինեի դիմանկարում, «Իմ ընտանիքը» նկարում, որը Տրետյակովյան պատկերասրահում է ցուցադրվում:

Լուսանկարը` Մեդիամաքս

5. Արեւելյան չարոխները

 

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում եգիպտական դիմակի կողքին ցուցադրվում են արեւելյան կանաչ չարոխները: Դրանք նկարիչը նույնպես օգտագործել է 1915թ.-ի նատյուրմորտի մեջ:

Լուսանկարը` Մեդիամաքս

6. Թուրքմենական խալիները

 

1934թ.-ին Մարտիրոս Սարյանը Թուրքմենիայի հրավերով ռուս նկարիչների հետ մեկնեց Աշխաբադ` կտավին հանձնելու այս երկրի առանձնահատկությունները եւ Թուրքմենիայի Հանրապետության 10-ամյակին նվիրված ցուցահանդեսին մասնակցելու:

 

Սարյանը շատ ուրախ էր Միջին Ասիա ճամփորդելու այս հնարավորության համար, քանի որ 1928թ.-ին Ֆրանսիայից վերադառնալուց հետո, այլեւս իրավունք չուներ դուրս գալ Խորհրդային Միությունից: Իսկ նա երազում էր ճամփորդել եւ արևելյան մոտիվներով ու էթնիկ յուրահատկություններով նկարների նոր շարքեր ստեղծել: Աշխաբադը նրան տվեց այդ հնարավորությունը: Սարյանը շատ ոգեւորված էր, ինչը երեւում է նրա` Աշխաբադից գրված նամակներում:

 

Նրան շատ էին դուր գալիս թուրքմենական վառ գույներով նուրբ ու բարակ, մետաքսի պես փափուկ գորգերը: Աշխաբադից նկարիչն իր հետ բերեց թեքինական մի քանի գորգ: Այժմ դրանցից մնացած մի քանի նմուշ կարելի է տեսնել Սարյանի արվեստանոցում:

Լուսանկարը` Մեդիամաքս

7. Մոլբերտները, վրձիններն ու ներկապնակները

 

Սարյանի արվեստանոցում են պահվում նրա երկու մոլբերտները, որոնց վրա նկարիչը ստեղծել է իր կտավների մեծ մասը: Դրանք նկարիչը գնացքով բերել է Ֆրանսիայից:

Լուսանկարը` Մեդիամաքս

Քանի որ խորհրդային տարիներին, ինչպես այդ ժամանակ էին բնորոշում, ամեն ինչ «դեֆիցիտ» էր, Սարյանը Ֆրանսիայից էր բերել նաեւ ներկապնակներն ու վրձինները: Նրա բազմաթիվ ներկերը պահպանվում են տուն-թանգարանում, ինչպես որ նա թողել էր: Սարյանի արվեստանոցում կարելի է տեսնել նույնիսկ ներկերի լուծույթներ ու լաքեր:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մոլբերտների, ներկերի ու վրձինների կողքին կարելի է տեսնել նաեւ այն խալաթը, որը նկարչի հագին է եղել աշխատելիս:

Լուսանկարը` Մեդիամաքս

8. Ուրարտական սափորները

 

Սարյանի տանը պահվող հին սափորները երկար ժամանակ առանձնակի ուշադրության չէին արժանանում: Սակայն Հայաստանում թանգարանային գործի հիմնադրի տանն այդ սափորները հենց այնպես չէին հայտնվել: Մարտիրոս Սարյանն էլ, ինչպես հետագայում պարզվեց, թողել էր հուշումներ իր ունեցած բոլոր իրերի պատմությունների վերաբերյալ: Երկար տարիներ այդպես դրված սափորների մեջ եւս կար նման հուշում, որի մասին թանգարանում անգամ չէին էլ կռահում: Եվ ահա մի օր սափորի մեջից գտնվեց թղթի մի կտոր` Սարյանի ձեռագրով գրված. «Մ.թ.ա. 10-7-րդ դարերի այս սափորներն ինձ նվիրել է Բորիս Պիոտրովսկին Կարմիր Բլուրի պեղումներից»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Թանգարանի ցուցադրության մեջ կան նաեւ լուսանկարներ, որոնցում Մարտիրոս Սարյանն է Կարմիր Բլուրում եւ ուսումնասիրում է դեռ կիսով չափ հողի մեջ թաղված սափորները: Մյուս լուսանկարում Բորիս Պիոտրովսկին` սափորը բռնած խոսում է Սարյանի հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս

9. Սուրճի բաժակները

 

Տուն-թանգարանի վերանորոգումից հետո այցելուների համար առաջին անգամ բացվեց նաեւ հուշային մասը` Սարյանի ճաշասենյակը, ննջարանը, որդու՝ Ղազարոս Սարյանի աշխատասենյակը: Այստեղ ցուցադրված են նաեւ կենցաղային իրեր:

 

Սպասքապահարանում դրված սուրճի բաժակներն այդպես էլ կշարունակեին համարվել միայն կենցաղային իր, եթե դրանց պատմությունը վավերագրած լուսանկարները չլինեին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այդ լուսանկարներից մեկում 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից Դմիտրի Շոստակովիչն է նստած սեղանի մոտ` սուրճ խմում Սարյանի հետ: Այս լուսանկարում Սարյանի ու Շոստակովիչի սուրճի բաժակները տարբեր են, եւ սրանք երկուսն էլ այժմ ցուցադրվում են նկարչի տուն-թանգարանում:  

 

Ի դեպ, կինոբեմադրիչ Լաերտ Վաղարշյանի՝ Սարյանի մասին նկարահանած ֆիլմում եւս կան կադրեր, որոնցում նկարիչն ու կոմպոզիտորը սուրճ են խմում: Ֆիլմն այժմ ցուցադրվում է տուն-թանգարանում:

Լուսանկարը` Մեդիամաքս

10. Բրոնզե մարդուկը

 

Մարտիրոս Սարյանը շատ ուշադիր եւ հոգատար հայր էր եւ գիտակցում էր, որ երեխաներին միշտ պետք է քաջալերել: 1960թ.-ին Սարյանն ավագ որդուն` Սարգսին նվիրում է Բրոնզե մարդուկի արձանիկ, որի հետ ուղերձ է գրում: Սարգսին ուղերձում դիմում է արձանիկը եւ հորդորում` «պայքարիր, եղիր ուժեղ եւ միշտ կհաղթես»:

 

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հասցեն է՝ Սարյան 3

Հեռախոսահամարը՝ (+ 374 10) 58 05 68

Կայքը՝ http://sarian.am/

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին