Սիրանույշի 10 իրերը - Mediamax.am

exclusive
4982 դիտում

Սիրանույշի 10 իրերը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս-ը շարունակում է «Հայտնիների 10 իրերը» հատուկ նախագիծը: Ներկայացնում ենք տասը պատմություն հայտնի մարդկանց կյանքից, որոնց կրողը անշունչ իրեր են:

 

Սիրանույշ (Մերոպե Գանթարճյան)՝ դերասանուհի: Ծնվել է 1857 թ. մայիսի 25-ին՝  Պոլսում, մահացել՝ 1932 թ. հունիսի 10-ին՝ Կահիրեում:

 

Սիրանույշը համարվում է հայ բեմի թագուհին: Նրա կերտած դերերիցն են՝ Համլետ («Համլետ»), Մարգարիտ Գոթիե («Կամելիազարդ տիկինը»), Մեդեա («Մեդեա»), Կրուչինինա («Անմեղ մեղավորներ»), Պորցիա («Վենետիկի վաճառականը»), Թերեզա («Քույր Թերեզա»), Իշխանուհի («Հին աստվածներ»), Ռուզան («Ռուզան»), Մարգարիտ («Ամուսիններ») եւ այլն:

 

Սիրանույշի անձնական իրերը պահվում են Եղիշե Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում: Անձնական իրերի բավական մեծ արխիվ է պահպանվել, սակայն դրանց հետ կապված ոչ շատ պատմություններ են հասել մեր օրեր:

 

1. Համլետի գլխարկը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սիրանույշը միակ դերասանուհին էր, ով Շեքսպիրի «Համլետ» ողբերգության մեջ մարմնավորեց Համլետի կերպարը: Բեմում տղա հերոսի մարմնավորելու նրա որոշումը շատերի մոտ էր զարմանք առաջացրել, նրան համոզում էին, որ հրաժարվի այդ մտքից: Սակայն Սիրանույշն անկոտրում էր եւ պնդում էր, որ ասելիք ունի:

 

Ժամանակակիցների վկայությունների համաձայն՝ բեմ բարձրացած Սիրանույշն այնքան վարպետությամբ էր խաղում դերը, որ հանդիսատեսն անգամ չէր կռահել, որ տղամարդու հագուստի հետեւում կին է: Եվ միայն նուրբ ձայն է մատնել, որ Համլետի դերը կին է խաղում: Թանգարանում պահվում է Սիրանույշի Համլետի գլխարկը՝ սեւ, թավշյա փետուրներով:

 

2. Մազափունջը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սիրանույշի մազափունջը Երեւան է հասել Կահիրեից: Թե ինչպես է նա կտրել 14 սմ երկարությամբ մազափունջն ու պահպանել, հայտնի չէ: Մոտ 8 տասնամյակ պահպանված մազափունջը դերասանուհուց մնացած ամենավառ մասունքներից մեկն է:

 

3. Բեմական կոշիկներն ու գոտին

Լուսանկարը` Մեդիամաքս

Սիրանույշի բեմական կոշիկները սպիտակ կտորից են: Նա խնամքով է կրել դրանք, եւ, չնայած թեթեւ մաշվածությանը, մինչեւ օրս լավ տեսք ունեն: Կոշիկները զարդարված են մոխրագույն, տարբեր չափերի ուլունքներով:   

 

Մետաղյա գոտին հաճախ է զարդարել Սիրանույշի իրանը, այն դերասանուհու ամենից հաճախ կիրառած իրերից է:

 

4. Սուրճի բաժակները

Լուսանկարը` Մեդիամաքս

Թանգարանում պահվում են Սիրանույշի սուրճի բաժակները, որոնք դերասանուհու եւ նրա մտերիմների երեկոյան հավաքների վկաներն էին: Սուրճի վեց բաժակները նուրբ բռնակ եւ զարդանախշեր ունեն: Թանգարանին հանձնելու ժամանակ բաժակներից մեկը ճաքված է եղել, հետագայում այն վերականգնել են:

 

5. Պայուսակը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դերասանուհու սիրելի իրերից էր պայուսակը: Այն ոսկեգույն կտորից է, ներքեւում հայելի ունի:

 

6. Հովհարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սիրանույշի ժամանակակիցների վկայությունների համաձայն՝ նա քմահաճ կին էր եւ որոշ տարօրինակություններ ուներ: Դերասանուհին սիրում էր մոլագար կանանց դերեր փորձել պատուհանի մոտ նստած: Պատմում են, որ հարեւանները նրան խելագար կնոջ հետ են շփոթել: Այդ փորձերի ընթացքում դերասանուհու ձեռքին հաճախ կարելի էր տեսնել պլաստմասե հովհարը:

 

7. Ձեռնոցներն ու թաշկինակը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թանգարանում պահվում են դերասանուհու կաշվե սպիտակ, երկար ձեռնոցները: Այս իրը եւս Երեւան է հասել Կահիրեից, որտեղ Սիրանույշն անցկացրել է իր կյանքի վերջին տարիները:

 

Սիրանույշի մետաքսից սպիտակ թաշկինակի վրա երկու չինացի է պատկերված, եզրերից այն մելանագործ է:

 

8. Բրգաձեւ հուշանվերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բրգաձեւ արծաթյա հուշանվերը Սիրանույշին են նվիրել Վանում: Այն պահվել է Չիլիում, դերասանուհու թոռան՝ Պարույր Կիրակոսյանի մոտ: Երեւան է հասել 1971թ.-ին:

 

9. Մատանին

Լուսանկարը` Մեդիամաքս

Սիրանույշի մատանին թանգարանին է նվիրել դերասան Վահրամ Փափազյանը: Նա պատմել է, որ մատանին գողացել է դերասանուհու գրիմանոցից, որպեսզի Սիրանույշից հուշ ունենա: Տարիներ անց էլ, հետագա սերունդներին այդ հուշը փոխանցելու համար, նա որոշել է մատանին հանձնել թանգարանին:

 

10. Գրիմատուփը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սիրանույշը, ըստ տարածված կարծիքի, ողբերգական դերասանուհի է դարձել անձնական դրամաների պատճառով: 30 տարեկանում ամուսնուն լքելուց հետո նա ամբողջությամբ նվիրվել է բեմին: Նրա վերջին բեմելը կամելիազարդ տիկնոջ՝ Մարգարիտ Գոթիեի դերով էր։

 

Թանգարանում պահվում է դերասանուհու գրիմատուփը՝ այն պարագաներով, որոնք Սիրանույշը թողել էր վերջին բեմադրությունից հետո:

 

Գրականության եւ արվեստի թանգարանի հասցեն է՝ Արամի 1

Հեռախոսահամարը՝ (+ 374 10) 52-06-11

Կայքը՝ http://gatmuseum.am

 

Հեղինակ՝ Մարի Թարյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին