Րաֆֆու 10 իրերը - Mediamax.am

exclusive
24135 դիտում

Րաֆֆու 10 իրերը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս-ը շարունակում է «Հայտնիների 10 իրերը» հատուկ նախագիծը: Ներկայացնում ենք տասը պատմություն հայտնի մարդկանց կյանքից, որոնց կրողը անշունչ իրեր են:

 

Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան)՝ հայ գրող, վիպասան, հրապարակախոս, հասարակական գործիչ։

 

Ծնվել է 1835թ.-ին՝ Պարսկաստանի Սալմաստի գավառի Փայաջուկ գուղում, մահացել՝ 1888թ. ապրիլի 25-ին՝ Թիֆլիսում: Րաֆֆու գրչին են պատկանում «Սամվել», «Դավիթ Բեկ», «Սալբի», «Ջալալեդին», «Խենթը», «Կայծեր» «Խաչագողի հիշատակարանը» եւ այլ արժեքավոր գործեր:

 

Րաֆֆու անձնական իրերը պահվում են Եղիշե Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում: Գրողի ամբողջական արխիվը պահպանվել է կնոջ՝ Աննայի շնորհիվ, ով ամուսնու մահից հետո Թիֆլիսից մեկնել է Լոնդոն եւ իր հետ տարել ողջ արխիվն ու նյութերը:

 

1. Մոր նկարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Րաֆֆին ծնվել է հարուստ ազնվականների ընտանիքում, որը 13 զավակ ուներ: Գրողի ընտանիքի մասին պատմող իրերից մեր օրեր է հասել մոր նկարը: Այն տեղադրված է դեղին, արտաքինից սեւացած շրջանակում: Շրջանակը բուսական նաշխերով, կապույտ եւ կարմիր քարերով է զարդարված:

 

2. Խալաթն ու ճամպրուկը

Լուսանկարը` Մեդիամաքս

Րաֆֆու տնային խալաթը պարսկական նուշի նախշերով, մուգ կարմիր եւ մուգ կանաչ գույներով կարպետահյուս կտորից է: Այն ունի նարնջագույն թելերից հյուսված գոտի: Խալաթը պահպանվել է գրողի հարսի՝ Ալեքսանդրայի մոտ: Ալեքսանդրա Կորմիկը 1956թ.-ին մի քանի իրերի հետ այն նվիրել է թանգարանին:

 

Հայոց Եկեղեցական խորհրդի ջանքերով Գրականության եւ արվեստի թանգարան է հասել նաեւ Րաֆֆու՝ կաշվե, մաշած ճամպրուկը:     

 

3. Ծխախոտատուփը

Լուսանկարը` Մեդիամաքս

Րաֆֆին իր հուշագիրների մեջ մնացել է որպես մոլեռանդ ծխող եւ թեյի սիրահար: Ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում այս ծխախոտատուփը նրա ամենահավատարիմ ուղեկիցներից մեկն է եղել: Թանգարանում պահվող ծխախոտատուփի վրա հունական դիցաբանության թեմայով պատկերներ են: 

 

4. Ծխամորճը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հուշագիրները պատմում են, որ Րաֆֆին ծխում էր եւ թեյ վայելում տրոպիկական ծաղիկներով շրջապատված սենյակում: Գեղեցիկի մեծ սիրահար վիպասանի սենյակում արմավենիներ կային, դրանք պարսկական թախտի շուրջ էին դրված: Այդ թախտին նստած էլ Րաֆֆին վայելում էր թեյն ու ծխեցնում ծխամորճը: Գորշ, փայտյա ձխամորճը ներկա է եղել գրողի բազմաթիվ ստեղծագործությունների «ծնունդին»:

 

5. Կաղամարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կաղամարը (թանաքաման) Րաֆֆուն նվիրել են Վանում 1885 թ.-ին հիմնված հայկական առաջին՝ Արմենական կուսակցության անդամները:

 

Կաղամարը բաղկացած է գրչատուփից եւ մելանատուփից: Գրչատուփի ողջ երկարությամբ փորագրություն կա. «Ի վայելումն մեծ եւ անմահ վիպասան Րաֆֆիին՝ Վանի Արմենականներից, 1985թ.»:

 

Ընծայականի շուրջը զարդանաշխեր են փորագրված: Մելանատուփը տերեւի նման կապարիչ ունի: Կաղամարը երկար ճանապարհ է անցնել. վերջին երկիրը, ուր հայտնվել էր գրողի անձնական իրը, Ֆրանսիան էր, որտեղից էլ հասել է Երեւան:

 

6. Մոմակալը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ 1891թ.-ին Րաֆֆու այրին երեխաների հետ տեղափոխվում է Անգլիա, որոշ կենցաղային իրեր, այդ թվում՝ մոմակալը, ի պահ է տալիս Ստեփան Տեր-Իսրայելյանի մոտ: Թիֆլիսի Կենտրոնական գրավաճառանոցի տնօրեն եւ հրատարակիչ Ստեփան Տեր-Իսրայելյանի հետ Րաֆֆու ընտանիքը մոտ է եղել: 93 տարի անց թիֆլիսցի գրավաճառի որդին Րաֆֆու անձնական իրերը նվիրել է Գրականության եւ արվեստի թանգարանին:

 

7. Մաֆրաշը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մաֆրաշն անկողինը պահելու համար է նախատեսված: Այն կարպետահյուս աշխատանք է՝ գործված բրդյա թելերից: Այս ցուցանմուշը եւս թանգարանին է հասել Տեր-Իսրայելյանների ընտանիքի շնորհիվ: 

 

8. Ցորեն չափելու ամանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կենցաղային այս առարկան Րաֆֆու ընտանիքում օգտագործել են ցորեն չափելու համար: Այն մեծ բռնակով գավաթի է նման: Ամանի հետ միասին թանգարանում պահվում են նաեւ նրանց տանն օգտագործված այլ կենցաղային իրեր:

 

9. Ափսեն ու սկուտեղը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ափսեն ու սկուտեղը Րաֆֆու տանը հաճախ կազմակերպվող հյուրասիրությունների անբաժան մասն էին: Րաֆֆու տան խոհարարը՝ Պարսկաստանից նրա հետ Թիֆլիս եկած Գրիգորը, հայտնի էր իր շատ համեղ փլավներով: Նուշով, քիշմիշով, ղավուրմայով, ձվաձեղով փլավները ճաշակելու հնարավորություն իր մտերիմների համար Րաֆֆին հաճախ էր ընձեռում: Փալվները մատուցվում էին այս ափսեում:

 

Հնդկական ոճի զարդանախշերով սկուտեղը թանգարանին է նվիրել Րաֆֆու որդու՝ Արամի կինը: Թանգարանում կազմակերպվող միջոցառումների ժամանակ աշակերտներին հնարավորություն է տրվում վիպասանի սիրելի՝ պարսկական քաղցրավենիքներն ու թեյը համտեսել այս սկուտեղից:

 

10. Ձեռագիրն ու ակնոցը

Լուսանկարը` Մեդիամաքս

10-հատորյակ ձեռագիր գեղարվեստական ստեղծագործություններ թողած վիպասանի արխիվը նրա որդու կինը՝ Ալեքսանդրա Կորմիկը ուղարկում է Հայաստան: Իրերը սնդուկներով հասնում են Մոսկվա, որտեղից էլ պետք է բերվեին Երեւան: Առեղծվածային պայմաններում 10 հատոր ձեռագրերն անհետանում են, Երեւան է հասնում միայն «Ձայն տուր, ով Ծովակ» բանաստեղծության երեք քառատողը: Թանգարանում պահվում են Րաֆֆու ձեռագիր նամակները, հոդածները, բայց գեղարվեստական ստեղծագործություններից միայն այս երեք քառատողն է:  

 

Քառատողի վրա դրված է վիպասանի ակնոցը, որը նա կրում է հայտնի լուսանկարներում:

 

Գրականության եւ արվեստի թանգարանի հասցեն է՝ Արամի 1

Հեռախոսահամարը՝ (+ 374 10) 52-06-11

Կայքը՝ http://gatmuseum.am

 

Հեղինակ՝ Մարի Թարյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին