Ալեքսանդր Սպենդիարյանի 10 իրերը - Mediamax.am

exclusive
10214 դիտում

Ալեքսանդր Սպենդիարյանի 10 իրերը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս-ը շարունակում է «Հայտնիների 10 իրերը» հատուկ նախագիծը: Ներկայացնում ենք տասը պատմություն հայտնի մարդկանց կյանքից, որոնց կրողը անշունչ իրեր են:

 

Ալեքսանդր Սպենդիարյան (Սպենդիարով)`հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ: Ծնվել է 1871թ. նոյեմբերի 1-ին՝ Ղրիմի Կախովկա ավանում, մահացել՝ 1928թ.՝ Երեւանում: 

 

Կրթությամբ իրավաբան Սպենդիարյանի հայտնի ստեղծագործություններից է «Ալմաստ» օպերան, որի վերջին գործողության գործիքավորումը չի հասցրել ավարտել:

 

Ալեքսանդր Սպենդիարյանի անունով է կոչվում Երեւանի Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնը։

 

Կոմպոզիտորի տուն-թանգարանը հիմնադրվել է Սպենդիարյանի դստրերի՝ Մարինա եւ Տատյանա Սպենդիարովաների Հայաստան այցից հետո: Սպենդիարյանի նկատմամբ ջերմ վերաբերմունք տեսնելով՝ նրանք ցանկություն են հայտնել հոր երեւանյան բնակարանը վերածել տուն-թանգարանի:

 

1. Անձնագիրը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սպենդիարյա՞ն, թե՞ Սպենդիարով: Հանճարի ազգանվան շուրջ տարիներ ձգվող վեճը պարզաբանելու է գալիս նրա հայկական անձնագիրը, որը ստացել է 1925թ.-ին: Անձնագրից պարզվում է, որ Սպենդիարյանը նախընտրել է «եւ-եւ» տարբերակը: Անձնագրի հայերեն էջում կոմպոզիտորի ստորագրությունը Սպենդիարյան է, իսկ ռուսերենում՝ Սպենդիարով:

 

2. Անվանական սպասքը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սպենդիարանների տանն օգտագործվող սպասքը այսօր պահվում է նրա տուն-թանգարանում: Սպասքն անվանական է եւ իր վրա կրում է մեծ կոմպոզիտորի անուն-ազգանվան սկզբնատառերով դրոշմակնիք: Ընտանեկան սպասքի վրա դրոշմված «Ա.Ս.»-ն նաեւ տուն-թանգարանի խորհրդանիշն է:

 

3. Զարդատուփն ու նամակը

Լուսանկարը` Մեդիամաքս

Զարդատուփը ծառայում էր որպես նամակների ու լուսանկարների պահոց: Խնամքով իրար վրա շարված նամակների արանքում նաեւ սիրելի կնոջ՝ Վարվառա Մազիրովայի՝ 1915թ. փետրվարի 5-ին գրած նամակն էր: Կոմպոզիտորի կինը նրան հաջողություն էր մաղթում ՝ Սիմֆերոպոլում կայանալիք  համերգում: Ի պատասխան՝ Սպենդիարյանը նամակ է ուղարկում կնոջը, որով շնորհակալություն է հայտնում երկտողի համար: Պատասխան նամակում կոմպոզիտորը նաեւ տեղեկացնում է, որ կնոջ երկտողը, որպես թալիսման, ծոցագրպանում պահած բեմ է բարձրացել եւ հաջողությամբ ղեկավարել համերգը:

 

4. Սպենդիարոֆոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

1905թ. Ալեքսանդր Սպենդիարյանը Միխայիլ Լերմոնտովի «Երեք արմավենի» բանաստեղծության հիման վրա գրում է համանուն սիմֆոնիկ ստեղծագործությունը: Առկա երաժշտական գործիքները չեն կարողանում ամբողջությամբ արտահայտել այս ստեղծագործության պատկերայնությունն ու գունեղությունը: Ալեքսանդր Սպենդիարյանի մոտ մտահղացում է առաջանում յուրատեսակ հնչողությամբ երաժշտական գործիք ստեղծել, որը կվերարտադրեր անապատով անցնող քարավանի զանգակների ղողանջը:

 

1905թ. Սիմֆերոպոլում, Ալեքսանդր Սպենդիարյանի պատվերով ծնված գործիքը կաշվե գոտուց եւ տասներկու բրոնզե զանգակներից է բաղկացած։ Ալեքսանդր Սպենդիարյանի ուսուցիչ, ռուս մեծանուն կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը երաժշտական գործիքին տալիս է «Սպենդիարոֆոն» անունը: Այն Ալեքսանդր Սպենդիարյանի հետ «ճամփորդել» է բոլոր եվրոպական քաղաքներով, որտեղ հնչել է «Երեք արմավենի»-ն:

 

5. Դաշնամուրը

Լուսանկարը` Մեդիամաքս

1926թ. օգոստոս ամսին Սպենդիարյանը շոգենավով Ղրիմից գալիս է Հայաստան: Կոմպոզիտորը Երեւանում՝ Նալբանդյան 29 (այժմ 21) հասցեի նորակառույց շենքում բնակարան էր ստացել: Նա այնքան ոգեւորված էր նոր բնակարանով, որ որոշում է Սուդակի ամառանոցից Երեւան տեղափոխել իր՝ 1800-ականներին արտադրված C. BECHSTEIN դաշնամուրը: Այն Սպենդիարյանի ստեղծագործական արարումների վկան է, որը երեւանյան բնակարանում հաճախ էին հնչեցնում նաև կոմպոզիտորի ընկերները:

 

Ռոմանոս Մելիքյանը, ով որոշ ժամանակ կոմպոզիտորի հետ ապրել է նրա բնակարանում, իր հուշերում պատմում է, թե ինչպես էր Սպենդիարյանն ամեն առավոտ վաղ արթնանում, թեյ պատրասում, իսկ հետո երկուսով նստում էին դաշնամուրի մոտ, եւ Ռոմանոսն Ալեքսանդրին ծանոթացնում էր հայ հանճար Կոմիտասին:

 

6. «Այ վարդ» ռոմանսի ձեռագիր նոտաները

Լուսանկարը` Մեդիամաքս

Մոսկվայի կայսերական համալսարանում ուսանելու տարիներին Ալեքսանդր Սպենդիարյանը եղբոր՝ Լեոնիդի հետ հաճախ էր լինում հայերի հավաքույթներում:  1894թ. նման հավաքներից մեկին ներկա էր նաեւ գրող Ալեքսանդր Ծատուրյանը, ով ընթերցում է իր «Այ վարդ» բանաստեղծությունը: Ալեքսանդր Սպենդիարյանը շատ է հավանում բանաստեղծությունն ու խնդրում է ռուսերեն տառերով գրել հայերեն բառերը: Նա խոստանում է խոսքերի հիման վրա երաժշտություն գրել: Հաջորդ երեկոյին արդեն հյուրերը լսում էին նոր ռոմանսը: «Այ վարդը» Սպենդիարյանի առաջին անդրադարձն էր հայ պոեզիային: Կոմպոզիտորն այն նվիրում է իր ուսանողական տարիների սեր Վարվառա Էբեռլեին, ով հանճարի ռոմանսների առաջին կատարողն էր:

 

7. Սիգարները

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսանդր Սպենդիարյանը շատ էր սիրում սիգար ծխել: Կոմպոզիտորի ուսանող Սերգեյ Շաթիրյանը պատմել է, որ նվագախմբի հետ պարապելու ժամանակ, երբեմն, բորբոքվում էր, ձեռքը մեկնում առաջին ջութակների կոնցերտմեյստերին ու պորտսիգարի տուփից շտապ երկու գլանակ վերցնում: Մեկը ծխում էր, մյուսը՝ պահում ականջի հետեւում:

 

«Ոչ մի րոպե չկանգնեցնելով նվագախումբը, նա չափ էր տալիս՝ գլանակի մնացորդով»,- հիշել է ուսանողը:

 

8. Պայուսակը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պայուսակը Ալեքսանդր Սպենդիրայանը նվեր է ստացել 1926թ.-ին՝ իր ստեղծագործական գործունեության 25-ամյակի առթիվ: Նվերը Երեւանի պետկոնսերվատորիայի ուսանողներից է:

 

Ի դեպ, Սպենդիարյանն առաջինն էր, ում 1926թ. շնորհվում է Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսորի կոչում:

 

9. Գունավոր մատիտները

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսանդր Սպենդիարյանի աշխատասենյակում միշտ կարելի էր գունավոր մատիտներ գտնել: Կոմպոզիտորի արխիվի ձեռագիր եւ տպագիր նոտաների վրա հաճախ հանդիպում են գունավոր մատիտներով արված նշումներ: Նա բծախնդրորեն էր վերաբերվում իր ստեղծագործություններին եւ ուղղումներ էր կատարում անգամ տպագրվելուց հետո:

 

Գունավոր մատիտները մեկ այլ կիրառություն եւս ունենում էին: Դրանք անհրաժեշտ էին լինում այն ժամանակ, երբ իր աշխատասենյակ էր մտնում փոքր դուստրը՝ Մարիան: Ալեքսանդր Սպենդիարյանը դստերն էր տալիս մատիտները, որպեսզի նա նկարի ու չխանգարի իրեն:

 

10. Ժամացույցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մոսկվայի կայսերական համալսարանում ուսանելու տարիներին Սպենդիարյան եղբայրներին ամեն ամիս հայրը պատկառելի գումար էր ուղարկում: Գումարը, սակայն, չէր բավականացնում, քանի որ եղբայրներն օպերային թատրոնի ներկայացումների տոմսեր ոչ միայն իրենց, այլեւ ընկերների համար էին գնում: Այս էր պատճառը, որ Աֆանասի Սպենդիրյանցի՝ որդիներին նվիրած ոսկե ժամացույցները հաճախ էին հայտնվում գրավատանը: 

 

Թանգարանում ցուցադրվող «Պավել Բուրե» ժամացույցը Ալեքսանդր Սպենդիարյանը հաճախ էր կրում: Ժամացույցի սլաքները կանգնած են 02:10-ի վրա. դա այն ժամն է, երբ դադարեց բաբախել կոմպոզիտորի սիրտը:

 

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հասցեն է՝ Նալբանդյան 21

Հեռախոսահամարը՝ (+374 10) 521299

Կայքը՝ www.spendiaryanmuseum.am

 

Հեղինակ՝ Մարի Թարյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին