Արամ Խաչատրյանի 10 իրերը - Mediamax.am

exclusive
15889 դիտում

Արամ Խաչատրյանի 10 իրերը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Ա.Խաչատրյանի տուն-թանգարանի արխիվից

Լուսանկարը` Ա.Խաչատրյանի տուն-թանգարանի արխիվից


Մեդիամաքս-ը ներկայացնում է նոր հատուկ նախագիծ՝ «Հայտնիների 10 իրերը»: Փորձելու ենք ներկայացնել հայտնի մարդկանց կյանքից տասը պատմություն, որոնց կրողը անշունչ իրեր են:

 

Արամ Խաչատրյան՝ համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտոր, ԽՍՀՄ ազգային, ժողովրդական արտիստ: Ծնվել է 1903 թվականի հունիսի 6-ին՝ Քոջորիում (Թիֆլիս), մահացել՝ 1978 թվականի մայիս 1-ին՝ Մոսկվայում:

 

Արամ Խաչատրյանի անձնական իրերի մի մասը պահվում է երեւանյան տուն-թանգարանում, որին կոմպոզիտորը միայն էսքիզներով հասցրեց ծանոթանալ.

 

«Արտաքինից այն շատ գեղեցիկ էր ու համոզիչ… Նախագիծն, ընդհանուր առմամբ, ինձ դուր եկավ եւ ես կուզենայի հաստատել այն»:

 

Արամ Խաչատրյան, 29 հունվարի, 1978թ., Մոսկվա

 

1.Ռոյալը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արամ Խաչատրյանի բազմաթիվ նշանավոր ստեղծագործություններ են ծնվել գերմանական «Լյուդներ» ռոյալի վրա, որը նրա որդին՝ Կարեն Խաչատրյանը նվիրել է տուն-թանգարանին: Մոտ 40 տարի մեծ կոմպոզիտորի մատների ու այս ռոյալի ստեղների շփումով են հնչեղություն ստացել նրա հանճարեղ գործերը: Այս ռոյալի վրա է ծնվել Արամ Խաչատրյանի «Յոթ ֆուգա եւ ռեչիտատիվ» շարքը: Սա Արամ Խաչատրյանի 6 ռոյալներից մեկն է, որի վրա միշտ դրված է եղել մոր նկարը: Արամ Խաչատրյանը մեծ հուզմունքով է միշտ խոսել մոր մասին, ում գեղեցիկ ձայնով հնչած ժողովրդական երգերը հետագայում մեծ ազդեցություն պետք է թողնեին իր ստեղծագործական ուղու վրա:

 

2.Թանաքամանն ու գրիչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արամ Խաչատրյանի տանը մասունքի նման պահվում էին թանաքամանն ու գրիչը: Խաչատրյանի ամենասիրած իրերից էին, քանի որ դրանցով նա 1944 թվականին գրել էր Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Պետական օրհներգը: Թանաքամանը կոմպոզիտորի մոտ է եղել մոտ 20 տարի, հետագայում նա բազմաթիվ գրիչներով էր ստեղծագործում, բայց այս մեկն իր մշտական տեղն ուներ: Խաչատրյանը սովորաբար դաշնամուրի մոտ փորձում էր գլխում եղած նոտաները հավաքել, ապա դրանք հանձնում էր հարեւանությամբ դրված սեղանի վրայի թղթին: Այսօր էլ գրողի տուն-թանգարանում ռոյալի կողքին սեղանն է, որի վրա առանձնանում են կանաչ թանաքամանն ու սուր ծայրով գրիչը:

 

3.Խորովածի գոգնոցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երջանիկ Կարախանյանն Արամ Խաչատրյանի երեւանյան երկրպագուներից մեկն էր: Խաչատրյանի ամեն այցի ժամանակ նա իր տանը խնջույք էր կազմակերպում: Խաչատրյանը սիրում էր խորոված ուտել: Մի անգամ կոմպոզիտորը Կարախանյանին զգուշացնում է, որ խորովածը նախօրոք չպատրաստի:

 

-Այս անգամ ուզում եմ Նորքի ձեր այգիներում խորովածն իմ ձեռքով պատրաստել: Թեեւ իմ ամառանոցում հաճախ եմ խորոված անում, բայց կուզեի նաեւ երեւանյան այգում պատրաստել, եւ դուք կտեսնեք, թե ինչ լավն է իմ խորովածը:

 

Կարախանյանի տանն այդ օրը շատ արվեստագետներ էին հավաքվել, նա ոչ մեկին չէր հայտնել, թե ինչ է որոշել Խաչատրյանը: Երբ բոլորը պատրաստվում են նստել ճաշի, Կարախանյանը խնդրում է սպասել, մինչեւ վարպետն իր ձեռքով պատրաստի խորովածը: Այն, որ մեծ մաեստրոն պետք է խորոված պատրաստեր, զարմացնում է բոլորին: Կարախանյանը Արամ Խաչատրյանին է տալիս իր կնոջ գոգնոցը: Խաչատրյանը կապում է այն ու խորովածը շարում կրակին: Բոլորը շրջապատում են Խաչատրյանին ու հետաքրքրությամբ հետեւում: Այդ օրը Խաչատրյանի պատրաստած խորովածը ճաշակեցին Լուսինե Զաքարյանն ու Խորեն Պալյանը, Սիլվա Կապուտիկյանը, Վերա Հակոբյանը, Գեւորգ Աճեմյանը եւ այլ անվանի մտավորականներ:

 

Կարախանյանների ընտանիքը գոգնոցը պահել էր այն վիճակում, որ Խաչատրյանն էր թողել խորովածը պատրաստելուց հետո. մինչ օրս դրա վրա խորովածից մնացած հետքեր կան:

 

4.Նամակը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջութակահար եւ դիրիժոր Պավել Կոգանի ծնողներին ուղղված նամակն ավելի քան 60 տարվա վաղեմություն ունի: Հունիսի 6-ին Արամ Խաչատրյանը նշում էր իր ծննդյան 50 ամյակը, իսկ Լեոնիդ Կոգանի ու Ելիզաբետա Գիլելսի ընտանիքում զավակ էր լույս աշխարհ եկել: Արամ Խաչատրյանին ուղղված շնորհավորական նամակին հաջորդել էր հայ կոմպոզիտորի պատասխանը, որում գրել էր, որ նրանք իրենից առաջ են ընկել, եւ ինքն էր ուզում առաջինը շնորհավորել Պավելի լույս աշխարհ գալը: Մինչեւ 60 տարեկան դառնալը Պավել Կոգանը պահում էր նամակն իր մոտ, եւ միայն իր 60-ամյակին ու Արամ Խաչատրյանի 110-ամյակին այն հանձնեց կոմպոզիտորի տուն-թանգարան:

 

5.«Ա» տառով փողկապը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արամ Խաչատրյանը Երեւանում ներկա եղավ Գեւորգ Աճեմյանի Պատանի ջութակահարների անսամբլի համերգին: Այդ օրը պատանիները կատարեցին հատվածներ կոմպոզիտորի «Սպարտակ» բալետից: Խաչատրյանը հիացած էր նրանց կատարումով, շատ ազդված: Երբ օդանավակայանում Աճեմյանը հրաժեշտ էր տալիս նրան, Խաչատրյանը դեռ կատարման ազդեցության տակ էր: Երբ գրկախառնվում էր Աճեմյանի հետ, գլխում մի միտք ծագեց: Նա հանեց իր փողկապը, որի վրա իր անվան առաջին՝ «Ա» տառն էր, եւ Աճեմյանին առաջարկեց փոխանակել փողկապները: Արամ Խաչատրյանը տեղում կապեց փողկապը, որն Աճեմյանը հետագայում միայն հանդիսավոր օրերին էր կրում:

 

6.Մաշված ճամպրուկները 

Լուսանկարը` Մեդիամաքս

1965 թվականին Արամ Խաչատրյանը մեկնում է Թեհրան հյուրախաղերի: Այնտեղ նա հանդիպում է Մոսկվայում իր հետ ուսանած էմմա Ղազարյանի ընտանիքին, որը տեսնելով կոմպոզիտորի խորհրդային եւ մաշված ճամպրուկները, նոր եւ ավելի տարողունակ ճամպրուկ է նվիրում: Խաչատրյանը թողնում է հները, որպեսզի դուրս նետեն, իսկ իրերը տեղավորում նորի մեջ: Ընտանիքը երկար տարիներ խնամքով պահում է Խաչատրյանի մաշված ճամպրուկներն ու տարիներ անց դրանք հասնում են Երեւան:

 

7.Հողաթափերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինչպես շատ ընտանիքներում, Խաչատրյանի տանը եւս ընդունված էր, որ տանը կոշիկները պետք է հանել: Մի անգամ Խաչատրյանի տուն հյուր է գնում կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը: Երբ Միրզոյանը հանում է կոշիկները, Խաչատրյանն ուրիշ հողաթափեր չի գտնում եւ նրան առաջարկում է հագնել իրենը: Հաջորդ օրը, երբ Միրզոյանը պատրաստվում էր գնալ, Արամ Խաչատրյանը նրան է նվիրում այդ հողաթափերը: Մոտ 25 տարի Էդուարդ Միրզոյանն իր տանը պահում էր դրանք:

 

8.Սեղանի ծածկոցը

Լուսանկարը` Մեդիամաքս

1977 թվականին Արամ Խաչատրյանը ճաշի էր հրավիրված Անգլիայի հայկական եկեղեցու առաջնորդի տանը: Կոմպոզիտորը հայկական ճաշատեսակներ էր շատ սիրում, եւ ուր էլ գնար, խնդրում էր, որ իրեն դրանցով հյուրասիրեն: Նույնը նաեւ այս անգամ էր: Ճաշելիս նա խնդրել է իրեն գոգնոց կամ ինչ-որ մեծ անձեռոցիկ տալ, տանտիրուհին թիկնեղ Խաչատրյանին համար ոչինչ չի գտնում, եւ տալիս է իր ասեղնագործած սեղանի ծածկոցը: Այս ծածկոցը եւս Խաչատրյանի օգտագործելուց հետո չէր լվացվել: Այն Հայաստան է բերել տանտիրուհին՝ այդ օրը վավերացրած մի լուսանկարի հետ:

 

9.Գաղտնի կտավը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պարսկահայ գեղանկարիչ Էդմոն Այվազյանը, ով 1970-ականներին ապրում էր Լոնդոնում, Խաչատրյանի լոնդոնյան վերջին այցելության ժամանակ ցանկություն է հայտնում նկարել կոմպոզիտորին: Նա գոնե մեկ ժամ է խնդրում տրամադրել, սակայն Խաչատրյանը խիստ զբաղված էր, մերժում է: Հայ բարերար Ասատուր Գզելյանը, ով ուղեկցում Խաչատրյանին, Էդմոն Այվազյանին գաղտնի հրավիրում է փորձին: Մոտ մեկ ժամ անկյունում նստած էսքիզներ անելուց հետո, նկարիչը կտավն ավարտում է տանը: Արամ Խաչատրյանը հետագայում տեսնում է նկարն ու հավանում, խնդրում է իրեն նվիրել: Նկարիչը հրաժարվում է՝ հիշեցնելով, որ նա իրեն մեկ ժամ չկարողացավ տրամադրել: Հետագայում Այվազյանը Գզելյանին եւ Խաչատրյանին նվիրում է այս կտավի կրկնօրինակները, իսկ բնօրինակը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ին: 1984 թվականի հունվարի 23-ին՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի բացման օրը, Վեհափառը թանգարանին է նվիրում կտավը, որն ուղարկում է Գրիգոր Խանջյանի հետ: 

 

10.Վերջին ֆրակը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արամ Խաչատրյանը համերգներով հանդես է եկել 50-ից ավելի երկրներում: Նրա զգեստապահարանում ֆրակների քանակը դժվար է հստակ ասել: Վերջին շրջագայության ընթացքում մաեստրոյի կրած ֆրակը՝ աքսեսուարների (ճարմանդներ, ժամացույց) հետ միասին տարիներ անց որդին փոխանցեց նրա երեւանյան տուն-թանգարանին: Վերջին հեղինակային համերգը 1977 թվականի հոկտեմբերին էր՝ Հավայան կղզիներում՝ Հոնոնոլոյում: 

 

Արամ Խաչատրյանի թանգարանի հասցեն է՝ Զարոբյան 3

Հեռախոսահամարները՝  (+37410) 58 94 18, 58 01 78

Կայքը՝ www.akhachaturianmuseum.am

 

Հեղինակ՝ Մարի Թարյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին