Ակնհայտորեն ինչ-որ չարաբաստիկ երեւույթներ են կատարվում Թուրքիայի աշխարհիկ հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նոր ղեկավարի շուրջ: Վերջերս Քեմալ Քըլըչդարօղլուն նկատել էին վեր բարձրացող շարժասանդուղքն իջնել փորձելիս: Այս “սխալ քայլքի” մասին լուրն կայծակի արագությամբ տարածվեց համացանցում: Այս ամենից հետո էլ, նա Թուրքիայի արեւելյան նահանգում գտնվող Վան լիճն անվանեց ծով: Այս ամենին հաջորդիվ, Քըլըչդարօղլին, ով ընդդիմանում էր կառավարության առաջադրած ոգեշունչ սահմանադրական փոփոխությունների նախագծի փաթեթին, չկարողացավ քվեարկել սեպտեմբերի 12-ի հանրաքվեում, քանի որ իր կուսակցությունը ձախողել էր իր անունը գրանցելու գործում: Այս ամենից զատ, իրեն վարկաբեկողները վստահորեն հաստատեցին, որ Քըլըչդարօղլին երբեք չի կարող հավասարազոր հակառակորդ լինել խարիզմատիկ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նրա պահպանողական Արդարություն եւ Զարգացում (ԱԶ) կուսակցության համար:
Քեմալիստական հին գվարդիայի հետ կարճատեւ եւ սուր պայքարի արդյունքում Քըլըչդարօղլու կուսակցության առաջնորդի դերում հայտնվելը ենթադրում էր կուսակցության կարգավիճակի բարելավում: Սակայն, խորհրդարանական ընտրություններից երեք ամիս առաջ իրականացված հարցումները ցույց են տալիս, որ ԱԶ կուսակցությունը առաջ է Ժողովրդահանրապետական կուսակցությունից եւ հավակնում է ստանալ ընտրողների ձայների 46 տոկոսը: Այդ նույն
Հարցումները կանխատեսում են, որ ԺՀԿ-ն կկանգնի 26 տոկոս արդյունքի վրա, փաստորեն, 2007 թվականի ընտրություններում հավաքած 21 տոկոսից շատ քիչ առավելությամբ: Համընդհանուր տարածում գտած կարծիքն այն է, որ ութ տարիների տնտեսական աճն ու ժողովրդավարական բարեփոխումները կվերահաստատեն ԱԶ կուսակցությանը ղեկավարման երրորդ միանձնյա ժամկետին: Եթե Ազգայնական շարժում կուսակցությունը չկարողանա հավաքել քվեների նվազագույն 10 տոկոսը, ինչպես եւ կանխատեսում են որոշ հետազոտություններ, ապա ԱԶ կուսակցությունը կունենա բավարար հզոր մեծամասնություն` առանց Ժողովրդահանրապետական կուսակցության աջակցության նոր Սահմանադրություն գրելու եւ այն անցկացնելու համար:
Կանխատեսվող սցենարը բավականին անհանգստացնող է բոլոր նրանց համար, ովքեր հայտարարում են, որ ընդդիմության կողմից չսաստվող Էրդողանը գնալով ավելի ավտորիտար հակումներ է ձեռք բերում: Ամենակարեւոր հարցն այն չէ, թե արդյոք Քըլըչդարօղլին կկարողանա հաղթել Էրդողանին` նա չի կարող: Հարցն այն է` կկարողանա նա լինել բավարար ազդեցիկ` որպես հիմնական ընդդիմության առաջնորդ:
Անցած տարվա մայիսից, կուսակցության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո, 63 ամյա Քըլըչդարօղլին իրականացրեց շրջադարձային փոփոխություններ: Նա հայտարարեց, որ համակարծիք է համալսարանում իսլամական գլխաշորեր կրելու արգելքի վերացմանը: Հետագայում նա չմասնակցեց հոկտեմբերին Հանրապետության օրվան նվիրված նախագահ Աբդուլահ Գյուլի կողմից կազմակերպված ընդունելությանը, պատճառաբանելով, թե գեներալները, ովքեր համաձայն չէին առաջին տիկնոջ գլխաշոր կրելու հանգամանքին, որոշել էին չմասնակցել ընդունելությանը: Քըլըչդարօղլին հանդես եկավ Քրդական աշխատավորական կուսակցության մարտիկների համաներման գաղափարի պաշտպանությամբ, սակայն օրեր անց ետ կանգնեց իր հայտարարությունից: Նա դեռեւս պետք է հստակորեն արտահայտի իր դիրքորոշումները կարեւոր խնդիրների շուրջ: Քըլըչդարօղլին խարիզմատիկ չէ, սակայն ձայներ հավաքելու համար նա ունի երկու հստակ առավելություն. անապակ հեղինակություն եւ բարյացակամություն:
Օբամայի ստվերները
Քըլըչդարօղլին Ալեվի փոքրամասնական հոսանքի անդամ է (Ալեվիները հայտնի են Իսլամի իրենց ազատական մեկնաբանմամբ. նրանք Ռամադանի շրջանում ոչ պահք են պահում, ոչ էլ աղոթում մզկիթներում): Նա սերում է սովորական մի ընտանիքից, որը բնակվել է Թունջելիում` ընդարձակ ալեվիական եւ քրդական նահանգում Թուրքիայի հարավ-արեւելքում` հայտնի իր բողոքական համբավով: Ասում են, որ նրա մայրը էթնիկ հայ է (իր կինը, մորական կողմից զարմուհին, ըստ էության եւս կիսով չափ հայ է): Ինձ հետ հարցազրույցի ժամանակ Քըլըչդարօղլին նշեց, որ նա քուրդ չէ, բայց թուրքմենական ցեղից է, որը ներգաղթել է Իրանից դարեր առաջ: Իր ընտանիքը դեռեւս խոսում է “Զազակի” անվանմամբ հայտնի քրդական բարբառով:
Այս խառը ծագումը համեմատականներ է առաջացնում նախագահ Օբամայի հետ: Թերեւս,Օբամայի նման, ԺՀԿ առաջնորդը խուսափում է իր ծագման հետ կապված շեշտադրումներից, սակայն, չնայած դրան, նրան հաջողվել է հարթել իր ուղին դեպի թուրքական բյուրոկրատիա, որտեղ զբաղեցրել է որոշ ազդեցիկ պաշտոններ: Կրթությամբ տնտեսագետ Քըլըչդարօղլին բարձրացել է Ֆինանսների նախարարության տարբեր աստիճանակարգերով եւ, մինչ 1999 թվականին քաղաքականություն մուտք գործելը, արդեն իսկ հասել էր Սոցիալական անվտանգության գործակալության ղեկավարի պաշտոնին:
Իմ տպավորությունն այնպիսին է, որ Քըլըչդարօղլու մեղմ վարվելաձեւը սխալ պատկերացում է ստեղծում նրա անսասան վճռականության մասին, ինչը հատկապես հայտնի դարձավ, երբ կուսակցական վերջին համաժողովից նա դուրս թողեց հին գվարդիականներին: Անտեսելով պահպանողականների սուր քննադատությունը, Քըլըչդարօղլին մարդու իրավունքների գծով համարձակ քուրդ իրավաբան Սեզգին Թանրըքուլուն նշանակեց կուսակցության փոխնախագահի պաշտոնում: Չնայած նրան, որ Քըլըչդարօղլին նախընտրում է քրդական հարցը ավելի շուտ ձեւակերպել որպես սոցիալ-տնտեսական, քան էթնիկ խնդիր, վերջին շաբաթներին նա հայտարարեց, որ խրախուսում է քրդերենի ուսուցումը որպես երկրորդ լեզվի եւ, ի վերջո, նաեւ դասավանդումը քրդերենով:
Նա ցանկանում է խորհրդարան մտնելու ազգային նվազագույն շեմը իջեցնել մինչեւ 6 տոկոս: Քըլըչդարօղլին նաեւ խոսում է հաշտեցման հանձնաժողովի հիմնման մասին, որը կոչված կլինի զբաղվելու քրդական ապստամբությունների հետեւանքով առաջ եկած խնդիրների լուծմամբ: Ի վերջո, ի տարբերություն Ազգայնական շարժում կուսակցության, նա չի նշանառում ԱԶ կուսակցությանը` կառավարական պաշտոնյաների եւ Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ, բանտարկված Աբդուլահ Օջալանի գաղտնի բանակցությունների համար:
Շրջադարձ դեպի արեւմուտք
Երբ ԱԶ կառավարությունը համաձայնեց համահունչ քայլել ՆԱՏՕ-ի ծրագրերին` ստեղծելու այսպես կոչված հակահրթիռային պաշտպանական վահանը, ԺՀԿ-ի արձագանքը չնչին էր: Նույնը տեղի ունեցավ, երբ Վիկիլիքսը հրապարակեց ԱՄՆ դեսպանության փաստաթղթերի շարքը, որտեղ նշվում էր որ ԱՄՆ-ն օգտագործել է թուրքական բազաները մահմեդական “ահաբեկչական կասկածյալներին” բացահայտելու համար: Եթե կուսակցության ղեկին լիներ Քըլըչդարօղլու նախորդ Դենիզ Բայկալը, հաստատակամորեն բաց չէր թողնի ոչ մի հնարավորություն քարկոծելու ԱԶ-ին:
Արեւմտյան դիվանագետները հաստատում են, որ ԺՀԿ-ն Քըլըչդարօղլու օրոք երկարատեւ մենությունից ի վերջո դուրս է գալիս: Նա նշանակեց արդյունավետ մարդկանց արեւմտյան դեսպանատների հետ համագործակցելու համար: Քըլըչդարօղլին տարբեր այցեր կատարեց եվրոպական երկրներ`ջերմորեն արտահայտվելով Եվրոպական Միությանը Թուրքիային անդամագրվելու վերաբերյալ: Հաշվի առնելով այն, որ Քըլըչդարօղլին այնքան էլ վարժ չի տիրապետում արտաքին հարաբերություններին եւ չի խոսում ոչ մի օտար լեզվով, նա որպես իրեն խորհրդականներ ընտրեց գրագետ ատլանտիստներ եւ նախկին դեսպաններ Օսման Կորութուրքին եւ Ֆարուք Լողողլուն: Քըլըչդարօղլին նաեւ մեծ դեր է հատկացնում կանանց: Ժողովրդահանրապետական կուսակցության 80 անդամներից բաղկացած գործադիր կոմիտեի 21 անդամները կանայք են:
Նախընտրական ռազմավարություն
Ունի՞ արդյո՞ք ԺՀԿ-ն նախընտրական ռազմավարություն: Կուսակցական պաշտոնյաները խոստանում են, որ մինչ մարտ կբացահայտեն ծրագրային փաստաթղթերի մի ամբողջություն,ինչից հետո նրանց ռազմավարությունը պարզ կդառնա:Սակայն ներքին թշնամությունը սպառնում է խափանել Քլեչդարօղլու կողմից ամրագրված որոշ կարեւոր պաշտոններ, հատկապես քրդերի հետ կապված: Կկարողանա արդյո՞ք նա դիմադրել: Հարցի տրամաբանական շարունակությունը հանդիսանում է այն, թե արդյոք Քըլըչդարօղլին կկարողանա հետ վարժեցնել իր կուսակցությանը բանակից տարիներ շարունակ գոյություն ունեցող կախվածությունից եւ բռնել իրավամբ անկախ գործելու ուղղությունը: Այն որ Քըլըչդարօղլին իր ելույթներն ու խոսքերը չի համեմում Աթաթուրքին ուղղված հղումներով, կամ էլ իսլամիստական գերակայության տեսլականներով, սպասվող փոփոխությունների հուսալի նախանշաններ են:
Խնդիրն այն է, որ Քըլըչդարօղլիի ձայնը թույլ լսելի է եւ քիչ ազդեցիկ: Նա ավելի հաստատակամ է թվում, երբ խոսում է տնտեսության, եւ հատկապես աշխատավոր դասակարգի խնդիրների մասին: Քըլըչդարօղլին խոստացել է աղքատության սահմանված մակարդակից ավելի ցածր կարգավիճակ ունեցող 17 միլիոն թուրքերին ապահովել տանիքով: Սակայն,այս ամենից զատ, ինչպես ցույց են տալիս վերջին հետազոտությունները, նա դեռեւս աշխատելու շատ տեղ ունի: Եվ սա այն պատճառով,որ ԱԶ կուսակցությունը գործում է այնքան հաջող (այս տարի կանխատեսվում է տնտեսական 5 տոկոս աճ), առավել լավ կազմակերպված է եւ նաեւ առավելություն ունի իշխանություն լինելու առումով: Կարեւոր է նաեւ նշել, որ Էրդողանը ժամանակակից Թուրքիայի ամենափայլուն քաղաքական գործիչներից մեկն է:
Քըլըչդարօղլուի կառավարելու հետ կապված հաջորդ փորձարկումը առաջ կգա այն ժամանակ, երբ կկազմվեն հունիսի խորհրդարանական ընտրությունների թեկնածուական ցուցակները: Առանցքային թիրախ է հանդիսանում քրդական մեծամասնական շրջանը (բացառությամբ Ադիյաման եւ Արդահան նահանգների),որտեղից ԺՀԿ-ն 2007 թվականի ընտրություններում չկարողացավ ձեռք բերել նույնիսկ մեկ մանդատ: Եթե ընտրություններում ԺՀԿ-ն հավաքի ընտրողների 25 տոկոսից պակաս ձայներ, հաստատ առաջ կգա կուսակցական առաջնորդության հետ կապված նոր պայքար: Ի լրումն պետք է ավելացնել, որ այն ամենը, ինչ նրա մասին առ այսօր գիտեն թշնամիներն ու ընկերները այն է, որ Քեմալ Քըլըչդարօղլին ավելին է, քան թվում է առաջին հայացքից:
Ամբերին Զամանը The Economist պարբերականի Թուրքիայի թղթակիցն է:
Copyright 2011. “On Turkey” Series. The German Marshall Fund of the United States. All rights reserved.
Մեդիամաքսը ունի բացառիկ իրավունք Հայաստանում հայերեն եւ անգլերեն լեզուներով ներկայացնել ԱՄՆ Մարշալի Գերմանական Հիմնադրամի (German Marshall Fund of the U.S.) ‘Թուրքիայի մասին’ շարքի հոդվածները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: