Ինչպես սովորեցի շնորհակալ լինել. երկու պատմություն - Mediamax.am

Ինչպես սովորեցի շնորհակալ լինել. երկու պատմություն
2000 դիտում

Ինչպես սովորեցի շնորհակալ լինել. երկու պատմություն


Ես խորապես հավատացյալ մարդ եմ: Իմ ինքնության մեջ ամենամեծ չափաբաժինը, կարծեմ, կազմում է քրիստոնյա լինելը: Այսօր ես հաշտ եմ իմ կրոնի, Աստծո եւ ինքս ինձ հետ, որովհետեւ սովորել եմ շնորհակալ լինել:

Այս վիճակին հասնելու համար տարիներ էին պետք. տարիներ եւ ուրիշներին տեսնելու ունակություն:

Մի օր, տարիներ առաջ, երբ ինձ թվում էր, որ աշխարհը փուլ է եկել, որ կյանքը վերջացել է, որ ես ամենադժբախտ մարդն եմ աշխարհի (մաքսիմալիզմը սարսափելի բան է), դուրս եկա գրասենյակից ու քայլերս ուղղեցի դեպի կարի արհեստանոց, ուր դեռ շաբաթներ առաջ թողել էի զգեստս: Մուտքի մոտ մարդիկ էին հավաքված, չէին կարողանում ներս մտնել: Բոլորից առաջ սայլակով աղջիկ էր՝ մոր հետ. սայլակը ներս չէր մտնում, դուռը նեղ էր:

Աղջիկը զգեստ էր պատվիրել ու դերձակը չէր կարողանում գտնել պատվերը: Աննկարագրելի սիրուն աղջիկ էր, խնամված, երկար մազերով, կոկիկ ձեռքերով:  Կանգնեցի 3-4 րոպե, ուզում էի հասկանալ՝ ինչ է կատարվում ներսում: Հանեցի արեւային ակնոցս, որ ներսը լավ տեսնեմ: Հանկարծ աղջիկը պտտվեց, նայեց դեմքիս, ժպտաց ու ասաց`  «չլացես, ամեն ինչ լավ է լինելու»:

Ամաչեցի, Աստված իմ, որքան ամաչեցի, որ այդքան խեղճ էի այդ պահին, որ այդքան եսասեր էի: Մտածեցի` որքան եմ նեղացրել Աստծուն իմ թուլությամբ, հուսահատությամբ, ինձ այդքան շռայլորեն տրված կյանքի, առողջության, սիրո դիմաց այսքան խեղճությամբ:

Այդ օրը խոստացա այլեւս երբեք ինքս ինձ չխղճալ: Իհարկե, չստացվեց:

Տարիներ ու տարբեր հուսահատությունն անց ընկերուհիներիս հետ կանգնած ենք Հանրապետության հրապարակում: Եկել ենք ժամեր առաջ, որ տեղ զբաղեցնենք` Հռոմի պապի բացօթյա աղոթքը լսելու համար: Առաջին շարքում ենք կանգնել: Քանի գնում` մարդիկ շատանում են, հետեւից սկսում են հրել. առջեւում մետաղյա արգելապատնեշն է, առաջ գնալ չի լինում: Մնացել ենք պատնեշի ու մարդկանց արանքում: Մեկ-մեկ պտտվում, սաստում ենք, որ չհրեն: Ավելի հաճախ ամաչում ենք, չենք ուզում մտնել մարդու ու աղոթքի արանքը, դիմանում ենք: Հանկարծ մի կին մոտեցավ ու հարցրեց՝ «կարո՞ղ եմ  առաջ գալ»: Սկզբում, բնականաբար, ընդդիմացանք: Հանկարծ աչքս ընկավ ձեռքին, որ հաշմված էր: Ասաց՝ «ինձ ուղղակի հենվել է պետք»:

Տեղ տվեցինք, եկավ, կանգնեց առջեւներս: Աղոթքը սկսվեց, հրմշտոցն ավելացավ: Ես աչքի պոչով նայում եմ կնոջը: Ժամանակ առ ժամանակ մյուս ձեռքը բերում է, ուղղում շապիկի վիզը, ծածկում կրծքի մեծ, անփույթ, երկար սպին:

Ես նայում եմ շուրջս, ընկերուհիներիս, որ փորձում են իրենցով զսպել հրմշտոցը, որ կնոջը ոչ ոք չհրի հանկարծ: Նայում ու մտածում եմ` ինչ շռայլ է ինձ հասած օրհնությունը, որ կամ ու առողջ եմ, որ կողքիս իրենք են, սիրելի մարդիկ, կողքիս կամ հեռու, որ նրանց սերն իմ հանդեպ պարզ-սովորական է, իսկական ու չափելի:

Այդ օրը ես հասկացա` խեղճությունն ու հուսահատությունը մեղք են: Քանի դեռ  կանք, քանի դեռ առողջ ենք, ամեն ինչ շտկելի եւ փոփոխելի է: Այդ օրը սովորեցի  ուղղակի ապրել, եթե անգամ դժվար է մեկ-մեկ: Ապրել գոհությամբ ու երախտագիտությամբ, որովհետեւ ինձ տրվածն ավելի շատ է, քան արժանի եմ:

Սոնա Մարտիրոսյանը լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Գերիների ընտրությունը

Փոքր հայրենիքի փոքր տղերքը
Մեր ընտրանին