Դավոսն ու Ամուլսարը՝ միմյանց շատ մոտիկ ու շատ հեռու - Mediamax.am

Դավոսն ու Ամուլսարը՝ միմյանց շատ մոտիկ ու շատ հեռու
6018 դիտում

Դավոսն ու Ամուլսարը՝ միմյանց շատ մոտիկ ու շատ հեռու


Երբ 2018թ. հուլիսի սկզբին գրում էի Լիդիանն ու վարչապետը՝ հին ու նոր Հայաստանների հատման կետում սյունակը, հույս ունեի, որ Հայաստանի խոշորագույն ներդրողի շուրջ ստեղծված իրավիճակը շուտով կհարթվի: Չէի կարող ենթադրել, որ գրեթե ութ ամիս շարունակ $ 400 մլն ներդրման եւ 1 000 աշխատեղի ճակատագրի մասին որոշում կայացնողը լինելու է ոչ թե վարչապետը կամ դատարանը, այլ այն «ակտիվիստները», որոնք 2018թ. հունիսից փակել են դեպի Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհը եւ որոնց դեմ, պարզվում է, ոստիկանությունն անզոր է:

Բարեբախտաբար, ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումին Հայաստանը ներկայացնելու համար Դավոս մեկնել են ոչ թե այդ «ակտիվիստներն», այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Միգուցե Դավոսի «հնաբնակ» ներդրողները վարչապետին ուղղակի կամ անուղղակի կասեն, որ չի կարող հրապուրիչ լինել այն փաստը, որ $ 400 մլն արժողությամբ նախագիծը 8 ամսից ավել մնացել է «օդում կախված» եւ պետք է արագ որոշում կայացնել: Կամ էլ կհուշեն, որ Լիդիանը համապատասխանում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) չափանիշներին (Performance Requirements and Guidance), իսկ ՎԶԵԲ-ին դժվար է «կոռուպցիոն գործարքների» մասնակից համարել:

Առաջարկում եմ վերհիշել այն հայտարարությունները Ամուլսարի մասին, որոնք Նիկոլ Փաշինյանն ու իր թիմի անդամներն արել են 2018թ. հունիսից մինչեւ դեկտեմբեր: Դրանք ներկայացնում եմ առանց մեկնաբանությունների, բացառությամբ մեկի. ցավով պետք է արձանագրեմ, որ տվյալ պարագայում գործ ունենք որոշում կայացնելու անկարողության հետ եւ պետության գործառույթները անհայտ «ակտիվիստներին» զիջելու հետ:

***

Հունիսի 10, 2018, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան

Կառավարությունը մտադիր է ստեղծել որեւէ խումբ կամ հանձնաժողով, որը կքննի, կքննարկի Ամուլսարի հանքի շահագործման հարցը ավելի մանրամասն եւ խորությամբ:

Հունիսի 12, 2018, վարչապետ Նիկոլ Փաշինյան

Ստուգումների համար որոշակի նախապատրաստական աշխատանքներ պետք է տեղի ունենան, հուսով եմ՝ մի քանի օրվա, մեկ շաբաթվա ընթացքում այդ կառուցվածքային փոփոխությունները կարվեն եւ ստուգումները կսկսվեն:

Հունիսի 25, 2018, փոխվարչապետ Տիգրան Ավինյան

Հաշվի առնելով Ամուլսարում ստեղծված իրավիճակը եւ դրա լուծման գործընթացում քաղաքացիական հասարակության լայնամասշտաբ ներգրավվածություն ապահովելու խնդիրը՝ սեղմ ժամկետներում ձեւավորվելու է աշխատանքային խումբ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար պարոն Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ։ Խումբը, որպես հանքաարդյունաբերական ընկերություններում գործող ընթացակարգերի համապարփակ ուսումնասիրության ուրույն, օբյեկտիվ եւ բազմակարծություն ապահովող հարթակ, հնարավորություն կընձեռի արձանագրված իրավիճակի համար մշակել եւ ներդնել հասցեական լուծումներ:

Հունիսի 29, 2018, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան

Ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է տեսչության մարմնի նորանշանակ ղեկավարը, որը պետք է ընդգրկի շահագրգիռ բոլոր խմբերի ներկայացուցիչներին, այդ թվում նաեւ բնապահպաններին, այդ թվում նաեւ այն մարդկանց, ովքեր մեղադրանքներ են հնչեցնում Լիդիանի հասցեին, որպեսզի գնան եւ մենք որպես ազգ, որպես ժողովուրդ, որպես կառավարություն հասկանանք, թե այդ մեղադրանքներից որոնք են եւ ինչքանով են համապատասխանում իրականությանը:

Հուլիսի 1, 2018, վարչապետ Նիկոլ Փաշինյան

Մեր հետագա որոշումները պետք է հիմնված լինեն փաստերի վրա, անհերքելի փաստերի վրա եւ մենք այդ փաստերի հավաքագրման ճանապարհին ահագին առաջ ենք գնացել եւ վերջնական եզրակացությունը կլինի:

Հուլիսի 6, 2018, վարչապետ Նիկոլ Փաշինյան (Ջերմուկում ակտիվիստների եւ Լիդիանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը)

Ինչքա՞ն ժամանակ կարող եք տալ Հայաստանի կառավարությանը ստուգումներ իրականացնելու համար, վստահ լինելու համար, որ ծրագիրը համապատասխանում է բոլոր պահանջներին: Ես տեսա, որ ձեր ընկերությունը հսկայական ներդրումներ է արել, եւ իրավիճակը կարգավորելու համար մեզ անհրաժեշտ են լրացուցիչ տեղեկություններ: Որքա՞ն ժամանակն է ձեզ համար ընդունելի հարցին փաստերի վրա հիմնված լուծում տալու համար:

Հուլիսի 20, 2018, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյան

Ստուգումները երկարացնելու հետ կապված Բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմինը լրացուցիչ 10 աշխատանքային օրվա նախաձեռնությամբ է հանդես եկել, սակայն ուզում եմ տեղեկացնել, որ այս ստուգման գործընթացում իրականում բնապահպանության նախարարությունը անմիջական մասնակցություն չունի, քանի որ դա իրականացնում է տեսչական մարմինը, որը կառավարության ենթակա մարմին է:

Օգոստոսի 7, 2018, փոխվարչապետ Տիգրան Ավինյան

Կոնկրետ «Լիդիան»-ի մասով մենք հատուկ աշխատանքային խումբ ենք ձեւավորել, որտեղ նաեւ ներգրավել ենք միջազգային փորձագետներ, ենթադրում եմ, որ արդեն մյուս շաբաթ այս աշխատանքային խումբը կսկսի իր աշխատանքները եւ կտա իր եզրակացությունը:

Սեպտեմբերի 2, 2018, վարչապետ Նիկոլ Փաշինյան

Բնապահպանական տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել Ամուլսարի հանքավայրում, որի արդյունքները հնարավորություն են տալիս գալ միջանկյալ եզրակացության: Բայց վերջնական եզրակացության համար հարկավոր է իրականացնել միջազգային փորձաքննություն։ Քրեական գործ կա հարուցված։ Եվ Քննչական կոմիտեն պետք է նշանակի փորձաքննություն, եւ կարեւոր է, որ այն իրականացնի միջազգային հեղինակավոր կազմակերպություն, որի արդյունքները ընդունելի լինեն թե Հայաստանի, թե միջազգային հանրության կողմից:

Սեպտեմբերի 7, 2018, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյան

Մի քանի զուգահեռ գործընթացներ են գնում. մեկը բնապահպանության ընդերքի տեսչական մարմնի ստուգումներն էին, սակայն մտահոգությունը, որ նշվում էր, որ տեսչական մարմինը ջրերի վրա ոչ մի բան չէր հայտնաբերել, կենտրոնացել էր բույսի կամ կենդանու վրա, սա իրականում որոշակի ձեւախեղում էր, որովհետեւ կազմակերպությունը դեռեւս չի գործում, շահագործումը չի իրականացնում: Այսինքն, ի սկզբանե պարզ էր, որ ջրերի հարցում որոշակի շեղումներ չեն լինելու:

Նաեւ կա աշխատանքային խումբ, որն իր եզրակացությունը պետք է տա, որտեղ ավելի լայն սպեկտրի մասնագետներ են ներգրավված: Մենք այդ եզրակացությունները կներկայացնենք կառավարությանը, սակայն դրանց բացակայությունը չի տալիս բավարար տեղեկատվություն ՀՀ-ին, որ որոշի, թե ռիսկերը որքանով են կառավարելի, որքանով կառավարելի չեն:

Սեպտեմբերի 15, 2018, վարչապետ Նիկոլ Փաշինյան

Եթե պարզվի, որ նախագիծն անվտանգ է Սեւանի համար, ինչպես նաեւ Ջերմուկի ջրերի եւ ջրային ավազանի համար, մենք, հաշվի առնելով, ստեղծված իրավիճակը եւ մեծ ծավալի ներդրումները, մենք հնարավորություն կտանք, որպեսզի հանքը շահագործվի:  Եթե պարզվի, որ Սեւանի կամ Ջերմուկի ջրահավաք ավազանի համար վտանգ կա, մենք այլ ճանապարհով կգնանք:

Սեպտեմբերի 19, 2018, բնապահպանության նախարարության հաղորդագրությունից

Հայաստան է ժամանել միջազգային «Էլարդ Գրուպ» փորձագետների խումբը՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման նախագծի նախնական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով:

Սեպտեմբերի 30, 2018, վարչապետ Նիկոլ Փաշինյան

Երբ կհիմնավորվի, որ Ամուլսարի հանքի շահագործումը սպառնալիք չի ստեղծում Սեւանի եւ Ջերմուկի ջրային համակարգերի համար, մենք հնարավորություն կստեղծենք, որ այդ հանքը շահագործվի, եթե կպարզվի, որ սպառնալիք է ստեղծում, ես բացառում եմ այդ հանքի շահագործումը: Այս դիրքորոշումը ներկայացուցիչներին էլ եմ ասել, եւ դա շատ հստակ է:

Հոկտեմբերի 18, 2018, փոխվարչապետ Տիգրան Ավինյան

Մենք պատվիրել ենք միջազգային կազմակերպությունից փորձաքննություն, ինչպես նաեւ մենք ինքներս ջրերի փորձաքննություն անցկացնելու ենք մեր լաբորատորիաներում, որի արդյունքում տրված հետազոտության արդյունքներով պարզ կլինի՝ արդյո՞ք կա ռիսկ Սեւանի ու Ջերմուկի ջրերի վրա:

Հոկտեմբերի 24, 2018, վարչապետ Նիկոլ Փաշինյան

Կարծում եմ՝ քրեական գործի ընթացակարգով պետք է հրավիրել այնպիսի հեղինակավոր միջազգային կազմակերպության, որ գա եւ տա եզրակացություն խնդրի վերաբերյալ, եւ այդ եզրակացությունը պետք է պատասխանի բոլոր առաջադրված հարցերին։

Նոյեմբերի 6, 2018, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյան

Միջազգայի փորձագետների ներգրավմամբ եւ նաեւ բնապահպանության նախարարությունը իր կարողությունների շրջանակներում որոշակի հետազոտություններ է իրականացնում: Մենք այս ժամանակահատվածում շատ ակտիվորեն աշխատել ենք, բավական քննարկումներ եւ հետազոտություններ ենք ունեցել եւ այդ ամենը առաջիկայում կներկայացնենք, թե ինչ ենք կատարել:

Նոյեմբերի 9, 2018, բնապահպանության նախարարության հաղորդագրությունից

ՀՀ քննչական կոմիտեի կողմից սույն թվականի նոյեմբերի 8-ին հայտարարվել է մրցույթ՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատման միջազգային անկախ փորձագիտության նախաորակավորման ընթացակարգի վերաբերյալ։

Նոյեմբերի 20, 2018, վարչապետ Նիկոլ Փաշինյան

Ամուլսարի հարցում մինչեւ գարուն կկարողանանք, իսկապես, փաստերի վրա հիմնված որոշումներ կայացնել: Եթե պարզվի, որ այդ նախագիծը ոչ մի վտանգ չի ներկայացնում, մենք կաջակցենք դրա իրականացմանը:

Դեկտեմբերի 2, 2018, վարչապետ Նիկոլ Փաշինյան

Հիմա Ամուլսարի հանքի գործունեության հետ կապված հարուցված է քրեական գործ, որ պարզվի, թե որքանով է շրջակա միջավայրի օգտագործման գնահատականը հավաստի: Մենք միջազգային մրցույթ ենք հայտարարելու եւ բյուջեից գումար չենք խնայելու, որ ընկերությունն իրականացնի քրեական գործով փորձաքննությունը, եւ երբ կլինեն արդյունքները, կհասկանանք:

Դեկտեմբերի 19, 2018, փոխվարչապետ Տիգրան Ավինյան

Ինչ վերաբերում է Լիդիանին. Ամուլսարի հետ կապված մենք այս պահի դրությամբ անցկացնում ենք փորձաքննություն, որպեսզի հասկանանք, թե որքանով է համապատասխանում իրականությանն այն հայտարարությունները, որոնք արվել են տարբեր բնապահպանների կողմից, տարբեր փորձագետների կողմից:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին