Ինչպես խուսափել անցյալի կրկնությունից - Mediamax.am

Ինչպես խուսափել անցյալի կրկնությունից
5639 դիտում

Ինչպես խուսափել անցյալի կրկնությունից


Ինչն էինք մենք մերժում

Ավարտվեց մեր կյանքի եւս մեկ տարին՝ լի հեղափոխական իրադարձություններով, աննախադեպ հանրային ցնցումներով, հույսով, ոգեւորությամբ, եւ առաջին հիասթափություններով։ Շատերս այսօր մեզ հարց ենք տալիս՝ ինչ տեղի ունեցավ մեր երկրում, ինչը փոխվեց մեր կյանքում, ուր են տանում մեզ այս փոփոխությունները, ու ինչպես մենք կարող ենք նրանց վրա ազդել։ Արդեն երեք տասնամյակ, մենք որպես պետություն եւ հանրություն, որոնման մեջ ենք՝ կառավարման եւ կեցության այն սկզբունքների ու ձեւերի, որոնք կապահովեն Հայաստանի եւ հայության լիարժեք կենսագործունեությունն ու կայուն զարգացումը, եւ այսօր ամբողջ սրությամբ կանգնած ենք նորից այդ ընտրության առաջ՝ տեսնելով թե հսկայական հնարավորություններ, եւ թե ահագնացող մարտահրավերներ։

Սկսած 1988 թվականից, երբ մենք միասնաբար ոտքի կանգնեցինք մեր ազգային եւ մարդկային արժանապատվության համար, մեր երկիրը տաս տարին մեկ հայտնվում է քաղաքական ցնցումների մեջ, ու այս տասնամյա շրջափուլը արտահայտությունն է  այն խորքային ճգնաժամի, որում մենք գտնվում ենք արդեն վաղուց։ Որպես հինավուրց ազգ, որը հետնորդն է վիթխարի քաղաքակրթական եւ մշակույթային ժառանգության, մենք բնականորեն համարում ենք, որ արժանի ենք ապրել առավել զարգացած երկրներին համաքայլ, առավել եւս, որ շատերս, մեկնելով վաստակի այդ երկրներ, այնտեղ հաջողության ենք հասնում ու համոզվում, որ մեր մասնագիտական եւ գործնական որակներով չենք զիջում այլոց։ Սակայն մեր սեփական երկրում, անկախությունից ի վեր, կյանքը շատերի համար վերածվել էր միապաղաղ ու դժնդակ գոյատեւման, եւ ելքը չէր երեւում։  Մեր մեջ վերջին տարիների ընթացքում անսպառ դժգոհություն էր կուտակվել, եւ չէր լքում անհուսության ու աներեւույթ դատապարտվածության զգացումը՝ համատարած գործազրկություն եւ ամեն տարի շարունակվող արտագաղթ, արտոնյալ հարուստների նեղ շրջանակի ցոփ կյանք՝ ավանդական հայկական կենսակերպի քայքայման ֆոնին, հակառակորդի աճող հոխորտանք եւ ագրեսիա, մեր աճող խեղճություն ու կրավորականություն, շղարշված համատարած խաբկանքով եւ իմիտացիայով։ Ակնհայտ էր, որ մենք մտել էինք դանդաղ քայքայման շարունակական շրջափուլի մեջ, եւ ամեն տարի հալումաշ ենք լինում, մինչեւ մեր հավաքական ուժերը հատեին այն կրիտիկական սահմանը, որից հետո սկսվում է անկախության անդառնալի կորուստը, եւ օտարի «փրկարար» իշխանության տակ ապրելու հերթական անփառունակ շրջանը։

Մենք պետք է ընդվզեինք ինքներս մեր դեմ, եւ Սերժն ընդամենը առիթ էր՝ մերժելով նրա իշխանության երկարաձգումը, մենք մերժում ենք մեր սեփական կրավորականությունը, խղճի ու ճշմարտության հետ անվերջանալի փոխզիջումները, մեր անընդունակությունը կարգի բերել մեր պետությունը, եւ վճռականորեն կանգնել զարգացման ու առաջընթացի ուղու վրա։ Մենք համարյա միահամուռ նախորդ գարնանը մերժեցինք Սերժին, եւ նա էլ հեռացավ, թերեւս ինքն էլ գիտակցելով, որ հեռանալով՝ ճանապարհ է բացում երկրի նորացման համար, միաժամանակ նաեւ հասկանալով, որ այդ նորացման բանաձեւը դեռ հայտնի չի, ու հետագա զարգացումները կարող են եւ նոր մարտահրավերներ բերել, եւ կտրուկ սրել հները։ Ի պատիվ մեզ բոլորիս, այս անցումը եղավ անարյուն՝ ի տարբերություն նախորդ ցնցումների, հեղափոխությունը ոչ մի զոհ եւ ոչ մի կողմից չտարավ, ու դա հույս ծնեց, որ մեջ արդեն ինչ-որ մի կարեւոր բան փոխվել է, եւ մենք այս անգամ մեզ տրված պատմական հնարավորությունը ավելի արդյունավետ կօգտագործենք։

Ինչը մենք դեռ չենք կարողացել մերժել

Մերժելով Սերժին, եւ պահի ոգեւորության տակ որպես նոր առաջնորդ ընտրելով Նիկոլին, մենք սակայն դեռ չենք փորձում առերեսվել մեր իրականության խորքային խնդրի հետ՝ ինչու մեր երկրում մենք մինչեւ հիմա չեն կարողացել կառուցել ավելի արդյունավետ պետություն, ավելի կենսունակ հասարակություն, ավելի մրցունակ եւ ուժեղ տնտեսություն՝ կարծես ունենալով դրա համար անհրաժեշտ հավաքական մարդկային որակները։ Ինչու այն պետական համակարգը, որը ձեւավորվել էր մեր երկրում եւ բաղկացած էր մեր իսկ համաքաղաքացիներից, համատարած թաղվել էր կոռուպցիայի եւ պարապության մեջ, եւ ինչու հիմա այն պետք է մեկ հրաշագործ փրկչի (նույնիսկ եթե նա բացարձակ ազնիվ եւ նպատակասլաց լինի) կախարդանքով հանկարծ դառնա թափանցիկ, մարդակենտրոն եւ արդյունավետ։ Ի՞նչն է խանգարում մեր զարգացմանը, ի՞նչու է մեր հանրային միջավայրը ծնում այն ախտերը, որոնք կաշկանդում եւ հուսալքում են մեզ։  

Այս հարցերը, թերևս, միարժեք պատասխաններ չունեն, եւ եղած բացատրություններն էլ գնում են դեպի պատմության վաղնջական շրջանը, երբ մենք կորցրեցինք մեր կայսրությունը, եւ դարձանք այլ ուժի կենտրոնների ձեռքին կռվախնձոր՝ աստիճանաբար կորցնելով մեր ներքին դիմադրողականությունը եւ պետություն կառավարելու համակարգային ռեսուրսները։ Դարերի ընթացքում, ապրելով իրար փոխատեղող նվաճողների ստորացուցիչ լծի տակ, մենք ձեւավորեցինք բազում կրավորական որակներ՝ հարմարվողականություն, պետության եւ օրենքի նկատմամբ խուսափողականություն, կենտրոնացում սեփական «ես»-ի եւ ընտանիքի նեղ բարեկեցության վրա, հաճախ ի հաշիվ նաեւ սեփական եւ կամ այլոց ազատության եւ արժանապատվության։ Մեր ազգային-ազատագրական պայքարը, զգալի չափով նաեւ այս որակների տարածվածության պատճառով, չբերեց ցանկալի հաղթանակի, եւ ավարտվեց համազգային ողբերգությամբ՝ ազգի զգալի հատվածի ֆիզիկական ոչնչացմամբ եւ հայրենազրկմամբ, մնացածների ցրմամբ, եւ կամ ապազգային կոմունիստական պետության մեջ կաշկանդված գոյությամբ։ Ու թեեւ մեր հասարակության մեջ այս կրավորական որակներին նաեւ մշտապես հակադրվում էին ազատատենչությունը, հայրենասիրությունը, ազնվությունը, ստեղծարար ոգին, իրականությունն այն է, որ անկախություն ստանալուց հետո, ցավալիորեն հենց կրավորական որակները աստիճանաբար գերակշռեցին պետական կառավարման համակարգի ներսում եւ մերձ-պետական բազմաթիվ ոլորտներում, եւ դարձան այդ համակարգի կարծրացած արժեհամակարգն ու կենսակերպը, որի ազդեցության տակ էլ պետության ինստիտուտները կորցրեցին իրենց հիմնական գործառույթների զգալի մասը, եւ ի վերջո դարձան տարբեր արտաքին խաղացողների, եւ կամ ներսի օլիգարխիկ կլանների սպասավոր։

Այսօր, երբ մենք փորձում ենք թոթափել անցյալի բեռը եւ ապագայի ուղի ընտրել,  պետք է գիտակցենք, որ հեղափոխությունն ընդամենը փշրել է համակարգային բուրգի գագաթը, սակայն նրա ներսում գտնվող մեր հարյուր հազարավոր համաքաղաքացիներ, զգալի չափով, շարունակում են ապրել ու գործել նույն կրավորական արժեքային կաղապարներում՝ շարունակում են կաշառք վերցնել կամ հովանավորել սեփական մասնավոր գործերը, զբաղվել պետական գործունեության իմիտացիայով, սիրաշահել օտարներին եւ թաքնված առաջ մղել նրանց շահերը։ Ցավոք, այլ կերպ լինել չէր էլ կարող, քանի որ մարդիկ, եւ առավել եւս համակարգերն ու հասարակություններն արագ չեն փոխվում։ Կամ այս կաղապարները աստիճանաբար իրենց շոշափուկներով կներթափանցեն հեղափոխական գործընթաց (եւ արդեն ներթափանցում են), կպարուրեն այն տարբեր կողմերից, եւ կվերադարձնեն մեզ ի շրջանս յուր, կամ էլ մենք կգտնենք նոր խորքային մոտեցումներ՝ փոխելու մեր պետության ներսում ձեւավորված դոմինանտ արժեհամակարգը, ազնվացնելու եւ մաքրագործելու այն, եւ դրանով ճանապարհ բացելու լիարժեք զարգացման համար։

Ինչպես է դա ստացվել այլոց մոտ

Մենք առաջին երկիրը չենք, որը բախվում է գաղութային անցյալից մնացած կրավորական արժեհամակարգի եւ նրա տոքսիկ ազդեցությունից ազատվելու խնդրին։ Կան բազմաթիվ երկրներ, որոնք այդպես էլ չեն կարողացել լուծել այդ գերխնդիրը, եւ մնացել են թաղված կոռուպցիայի, հետամնացության եւ հուսալքության մեջ՝ բավական է նայել Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, կամ Հարավ-Արեւելյան Ասիայի քարտեզին, նախկին Խորհրդային Միության մեր բախտակիցներից շատերն էլ նույն փակուղու մեջ են այսօր։ Սակայն կան երկրներ, որոնք ոչ միայն կարողացել են ազատվել նվաճողների լծից, այլեւ հաղթահարելով նրանց թողած «արժեհամակարգային անեծքը», այսօր իրենց զարգացման մակարդակով գերազանցել են նախկին տիրակալներին։ Այդպիսի երկրների թվում են, ի թիվս այլոց, Հարավային Կորեան, Իռլանդիան եւ Ֆինլանդիան, եւ այս երկրների ոչ վաղ պատմությունը բազմաթիվ հետաքրքիր զուգահեռներ ունի մեզ հետ։ Հարավային Կորեան առավել հետաքրքիր օրինակ է, քանի որ նրա հյուսիսային հատվածը, մնալով կոմունիստական իշխանության տակ, ժամանակի ընթացում դարձավ աշխարհի առավել մռայլ բռնատիրություններից մեկը, այն դեպքում, երբ հարավային մասը, անցնելով ավտորիտար կառավարման մի քանի փուլերի միջով, կարողացավ ի վերջո դառնալ դինամիկ տնտեսությամբ, առաջադեմ եւ ժողովրդավար երկիր։

Կորեան բռնազավթվել եւ գաղութացվել էր Ճապոնիայի կողմից 1910 թվականին, եւ նրա բնակչությունը գաղութային շրջանում ենթարկվել է սոսկալի շահագործման եւ ստորացման։ Գաղութային լծից ազատվելուց հետո, 1945 թվականին, բացարձակ թշվառության հասցված  երկիրը բաժանվեց խորհրդային եւ ամերիկյան օկուպացիոն զոնաների, իսկ հետագայում, 1950 թվականին, երկրի երկու հատվածների միջեւ սկսվեց արյունալի քաղաքացիական պատերազմ, ամերիկյան եւ չինական զորքերի լայնածավալ ներգրավմամբ, որը հանգեցրեց երկրի անդամահատմանը, եւ երկու, իրարից խիստ տարբեր, պետությունների առաջացմանը։ 1961 թվականին, պատերազմի ավարտից մի քանի տարի անց, Հարավային Կորեայում հաստատվեց գեներալ Փարք Չունգ-հիի ավտորիտար իշխանությունը, որը հենվում էր օլիգարխիայի եւ բանակի պահպանողական շերտերի վրա։ Այն սկզբնական շրջանում հաջողություն ուներ՝ ավելին, թեեւ խիստ սահմանափակված էին քաղաքական ազատությունները, երկիրը ակտիվորեն տնտեսապես զարգանում էր, մասնավորապես, օգտվելով ԱՄՆ տնտեսական եւ քաղաքական աջակցությունից։ 1979 թվականին գեներալ Փարքը զոհվեց դավադիր մահափորձի արդյունքում, եւ նրան փոխարինեց գեներալ Չուն Դու-հվանը, որը իրականացրեց ռազմական հեղաշրջում, ֆիզիկապես վերացրեց հիմնական հակառակորդներին, դաժանորեն ճնշեց ընդդիմությանը, եւ հաստատեց ռազմական դիկտատուրայի շատ ավելի կոշտ տարբերակ։ Սակայն դրանից տառացիորեն 16 տարի անց նույն այս սարսափազդու դիկտատորը դատարանի կողմից դատապարտվեց ցմահ բանտարկության, իսկ դեռեւս 1987 թվականին, տեղի տալով հասարակության եւ արտաքին գործընկերների աճող ճնշմանը, նա ստիպված էր հայտարարել սահմանադրական փոփոխությունների մասին, որով նախատեսվում էին ուղղակի նախագահական ընտրություններ։ Թեեւ այդ ընտրություններում ոչ մեծ առավելությամբ հաղթեց իշխող ռեժիմի ներկայացուցիչ Ռոհ Թայ-վուն, նա եւս ստիպված եղավ հանրության ճնշման տակ շարունակել ժողովրդավարական բարեփոխումները, եւ արդեն հաջորդ ընտրություններին, նախագահ ընտրվեց ընդդիմության ներկայացուցիչ Քիմ Յունգ-սամը, այսպիսով վերջ դնելով երկրում մոտ 30 տարի տեւած ավտորիտար իշխանությանը։ Մեկ անգամ հրաժարվելով դիկտատուրայից, Հարավային Կորեան էլ երբեք նրան չվերադարձավ, եւ դարձավ Ասիայի առավել զարգացած եւ ժողովրդավարական երկրներից մեկը։

Այս պատմությունը, թերեւս, անհավանական զուգահեռներ է դրսեւորում Հայաստանի հետ, որում ավտորիտար կառավարման շրջանը եւս հաջորդել է պատերազմին, տեւել է համարյա երեսուն տարի, անցել է երեք նախագահների իշխանության միջով, եւ զուգորդվել է շարունակական ռազմական ագրեսիայի սպառնալիքով՝ ուստի հետաքրքիր է հասկանալ, թե ինչը թույլ տվեց Հարավային Կորեային, ռազմական դիկտատուրայի անկումից հետո, հաղթահարել «արժեհամակարգային անեծքը», եւ շարունակել վերընթաց զարգանալ ժողովրդավարական ճանապարհով։

Առանցքային էր այստեղ նոր սահմանադրությունը, որը թույլ տվեց հավասարակշռել իշխանության տարբեր թեւերին, եւ ձեւավորել մրցակցային քաղաքական համակարգ։ Օրինակ, երկրի նախագահը այդ սահմանադրությամբ ընտրվում է ընդամենը մեկ հնգամյա ժամկետով, եւ չի կարող վերընտրվել։ Խորհրդարանում ներկայացված են հինգ կուսակցություններ, որոնցից ոչ մեկը չունի գերակշիռ դիրք, ուստի կառավարությունը ստիպված է կառավարել կոալիցիաների եւ փոխհամաձայնության միջոցով։ Սահմանադրական դատարանը ունի անկախության բարձր մակարդակ, եւ վերջին տասնհինգ տարիների ընթացքում չեղարկել է խորհրդարանի կողմից ընդունված ավելի քան 400 օրենք, ինչպես նաեւ ինպիչմենտի է ենթարկել կոռուպցիայի մեջ մեղադրվող, ընտրված նախագահ Փարք Գյունգ-հիին (նախկին նախագահի դստերը), իսկ դատական համակարգն էլ լիարժեք անջատված է գործադիր իշխանությունից։ 

Երկրորդ կարեւոր գործոնը համալսարանական համակարգն էր։ Հարավային Կորեան, նույնիսկ դիկտատուրայի տարիներին, հսկայական ներդրումներ կատարեց՝ ձեւավորելու առաջնակարգ համալսարաններ, դրանց ուսանողները արդյունքում դարձան թե երկրի ապագա տնտեսական եւ հասարակական էլիտան, եւ գլխավորեցին նույն դիկտատուրայի դեմ պայքարը։ Այսօր Հարավային Կորեայի հինգ համալսարաններ մտնում են աշխարհի լավագույն երկու հարյուր համալսարանների ցուցակի մեջ, իսկ համալսարանական շրջանավարտների թվով (ավագ դպրոցն ավարտողների մոտ 70%-ը) երկիրը աշխարհում առաջատարներից է։

Երրորդ կարեւոր գործոնը ուրբանիզացիան էր։ Հարավային Կորեայի տարածքը մեծ չի, սակայն բնակչության խտությունը աշխարհում ամենաբարձրերից է (500 բնակիչ մեկ քկմ վրա), մինչ ինդուստրիալ շրջանում դա համատարած չքավորության եւ խեղճության հիմնական պատճառներից էր, քանի որ ընտանիքների մեծ մասին հող չէր հերիքում։ Ինդուստրալիզացիան բերեց բնակչության համատարած հոսք դեպի քաղաքներ, եւ նոր միջավայրում քաղաքաբնակների երկրորդ սերնդի մոտ արդեն սկսեց ձեւավորվել նոր մշակույթ եւ արժեքներ՝ ավելի ազատ, տեղեկացված, լայնախոհ եւ նախաձեռնող։ Այս քաղաքաբնակ երիտասարդ սերունդն էր, որ գլխավորեց ժողովրդավարության համար պայքարը, եւ շարունակեց այն դիկտատուրայի անկումից հետո էլ՝ պարբերաբար դուրս գալով փողոց։

Չորրորդ գործոնը, որը սերտ շաղկապված է նախորդների հետ, բաց եւ մրցակցային տնտեսություն է։ Թեեւ դիկտատուրայի օրոք երկրի ներսում մրցակցությունը սահմանափակ էր եւ տնտեսությունը կենտրոնացած էր խոշոր օլիգարխիկ կոնգլոմերատների (չեբոլների) ձեռքում, այս կոնգլոմերատները ստիպված էին դաժանորեն մրցակցել արտահանման շուկաներում՝ ճապոնական եւ ամերիկյան ընկերությունների հետ։ Սա զարգացրեց խիստ մրցակցային, վերջնարդյունքի միտված գործելաոճ չեբոլների ներսում, եւ արդյունքում ձեւավորեց միջազգայնորեն մրցունակ, աշխատասեր, կրթված, եւ կոռուպցիան մերժող միջին խավի կորիզը, որը տնտեսության հետագա ազատականացման արդյունքում, արագ շարունակեց աճել, եւ դարձավ գերակշռող։ 

Այս եւ մի շարք այլ գործոնների համակցությունը բերեց նրան, որ մեկ անգամ ազատվելով դիկտատուրայից, հարավկորեական հասարակությունը շարունակեց հետեւողականորեն ազատվել նաեւ դրան սնող կրավորական արժեհամակարգի բեռից, եւ կառուցել ազատ, ժողովրդավարական, դինամիկ, միեւնույն ժամանակ անվտանգ, մարտունակ եւ խորապես ազգային պետություն։ Այս ընթացքում Հյուսիսային Կորեայից եկող ռազմական վտանգը չվերացավ, սակայն եւ այն այլեւս երբեք պատճառ չդարձավ, որպեսզի զինվորականները զավթեն իշխանությունը, հիմնավորելով այն երկրի անվտանգությամբ, եւ այսօր աշխարհի առավել ռազմականացված երկրներից մեկը դարձել է նաեւ առավել ժողովրդավարականն ու արագ զարգացողը։

Ինչու մենք դեռ Հարավային Կորեա չենք

Այն ամենը, ինչ հնարավորություն տվեց Կորային կանգնել զարգացման արագընթաց ուղու վրա եւ երբևիցե չվերադառնալ ավտորիտար կառավարման, դեռեւս պետք է իրականություն դարձնել Հայաստանում։ 

Մեր գործող սահմանադրությունը, ցավոք, մշակված էր շատ կոնկրետ նպատակով՝ ապահովել Սերժ Սարգսյանի կառավարման սահուն երկարաձգումը։ Երկարաձգումը չստացվեց, սակայն սահմանադրությունը մնաց։ Այս սահմանադրությամբ, փաստացի, օրենսդիր իշխանությունը ստորադասված է գործադիրին, վարչապետն ունի «դիկտատորական» լիազորություններ, իսկ ընտրողները, համապետական ընտրություններում ընտրում են ոչ այնքան Ազգային ժողով, որքան հենց այդ «դիկտատորին»։ «Խորհրդարանական» կոչվող սահմանադրությամբ, խորհրդարանը փաստացի չունի գործադիր իշխանության վերահսկման համարյա ոչ մի իրական լծակ, բացի վարչապետին հրաժարական պարտադրելուց, որն էլ, սակայն, կարող է լինել շատ հազվագյուտ, համատարած ժողովրդական ընդվզման պայմաններում, ոչ թե նորմալ քաղաքական գործընթացի արդյունքում։ Դատական իշխանությունը, այս սահմանադրությամբ թեեւ փաստացի անջատվել է գործադիրից, իրականում շարունակում է մնալ նրա քողարկված ճնշման տակ, հաշվի առնելով Ոստիկանության եւ ԱԱԾ նկատմամբ հանրային որեւէ վերահսկողության բացակայությունը։  Եթե դա էլ քիչ էր, նոր իշխանությունը պարբերաբար շրջանառության մեջ է դնում «Անցումային արդարադատության» մարմիններ ստեղծելու մասին վիճելի թեզը, որը վերջնականապես կարող է խարխլել դատական համակարգի, թեկուզ ձեւական, անկախությունը, եւ այն եւս ենթարկել գործադիր իշխանությանը։  Վերջապես, երկրի նախագահը չի ընտրվում ուղղակի բնակչության կողմից, եւ չունի բավարար լիազորություններ՝ հակազդելու գործադիր իշխանությանը, նույնիսկ այն դեպքերում, երբ այն գնում է ակնհայտ հակապետական կամ հակաժողովրդավարական քայլերի։

Իր հերթին, մեր համալսարանական համակարգը, երեսուն տարի շարունակվող անտարբերության եւ թերֆինանսավորման արդյունքում, զգալի հետընթաց է ապրել։ Այսօր Հայաստանը չունի առաջնակարգ համալսարաններ, այն պահպանված կղզյակներն էլ, որոնք որակյալ կրթություն են ապահովում, չափերով սահմանափակ են՝ պատահական չի, որ բազմաթիվ առաջատար մասնագիտությունների պահանջարկը երկրում չի բավարարվում, իսկ ավագ դպրոցների լավագույն շրջանավարտներից շատերն էլ շարունակում են կրթությունը արտասահմանում։ Իր ներկայիս վիճակում, համալսարանական համակարգը դեռեւս չի կարող հանդիսանալ երկրում հետագա բարեփոխումների լոկոմոտիվ, եթե հենց նրա ներսում կտրուկ բարեփոխումներ չսկսվեն արդեն հիմա։

Հայաստանում նաեւ ցածր է իրական ուրբանիզացիայի մակարդակը։ Մեր երկրում 100 000-ից մեծ բնակչությամբ քաղաքներում ապրում է բնակչության ընդամենը 40%-ը։ Երկրի բնակչության եւս 30% ապրում է բնակավայրերում, որոնք միայն պայմանականորեն կարելի քաղաքային անվանել, քանի որ դրանք չունեն բավարար զարգացած արդյունաբերական եւ հանրային ենթակառուցվածք, գործազրկության եւ աղքատության մակարդակը ամենաբարձրն է այստեղ, եւ բնակչության զգալի մասն էլ իր գոյատեւումը ապահովում է պետության կամ արտագնա աշխատանքի հաշվին՝ գործոններ, որոնք բնավ չեն նպաստում քաղաքացիական ինքնագիտակցության բարձրացմանը։  Նմանապես, երկրում զբաղված աշխատուժի ընդամենը 4-5%-ն է աշխատում առաջատար արտահանող ընկերություններում, եւ մասնակցում  միջազգային մրցակցությանը, թեեւ այս թիվը վերջին տարիներին կայուն աճում է։

Այս ամենը հուշում է, որ մեր մոտ տեղի ունեցած հեղափոխության արդյունքները դեռ շատ փխրուն են, եւ կարող են ամեն պահ շրջվել, եւ ոչ այդքան բացահայտ «հակահեղափոխության», որքան հենց հեղափոխական ուժերի համակարգային սերտաճման, եւ աստիճանական տարալուծման արդյունքում, ինչպես դա արդեն մեկ անգամ տեղի է ունեցել մեր երկրում, երբ ժողովրդավարական ընտրություններում հաղթանակած ՀՀՇ-ն աստիճանաբար տարալուծվեց պետական համակարգի մեջ, եւ վերաճեց ավտորիտար իշխանության։ Երկրում տեղի ունեցած վերջին խորհրդարանական ընտրությունները, այս իմաստով, արդեն իսկ մտահոգիչ նշաններ են տալիս։ Երբ նախորդ իշխանության բազմաթիվ ուժային ֆիգուրներ, հեշտորեն փոխելով գույները, նույն հավատարմությամբ աշխատեցին նոր «հեղափոխական» իշխանության համար, իսկ իշխանության կողմից իրականացրած հոգեբանական եւ ադմինիստրատիվ ճնշումը հանգեցրեց նրան, որը Ազգային ժողով չանցավ եւ ոչ մի իրապես ընդդիմադիր քաղաքական ուժ, սկսեց պարզ դառնալ, որ հեղափոխական նպատակահարմարության լոզունգների ներքո, «նոր» իշխանությունը եւս սկսում է կանգնել «հին» փորձված ուղղու վրա, եւ մենք կարող ենք հերթական անգամ կրկնել անցյալը։

Ինչպես խուսափել անցյալի կրկնությունից

Թեեւ Հարավային Կորեայի օրինակը շատ ոգեւորիչ է, բազմաթիվ են նաեւ օրինակները, երբ օլիգարխիայի եւ կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգներով իրականացրած հեղափոխություններն ի վերջո բերել են տրամագծորեն հակառակ արդյունքի, դրա դասական օրինակներն են Կուբան եւ Վենեսուելան, եւ բնականաբար, նույն Կորեայի հյուսիսային հարեւանը, որը կոռուպցիայի եւ քաղաքացիական ազատությունների մակարդակով վատթարագույնն է աշխարհում, չնայած հենվում է հպարտ հեղափոխական քաղաքացիների  «անվերապահ» աջակցության վրա։ Աշխարհում իրականացված բազմաթիվ հեղափոխությունների փորձի վերլուծությունը հուշում է, որ դրանք կարող են բերել ինչպես ժողովրդավարական զարգացման եւ առաջընթացի, այնպես էլ հեղափոխական դիկտատուրայի ու ճահճացման, եւ տարբերությունը կախված է հենց վերը նշված գործոններից՝ որքանով է սահմանադրությունը ապահովում իշխանության թեւերի իրական բաժանում եւ հակակշիռներ, որքանով է հասարակության առաջադեմ հատվածը դիմադրում գործադիր իշխանության ու դրա ուժային կառույցների կողմից իշխանության մնացած թեւերի եւ ընդդիմության նկատմամբ կիրառվող ճնշմանը, որքանով են համալսարաններն ու խոշոր մասնավոր ընկերությունները անկախ իշխանությունից եւ պատրաստ որպես ազատ մտքի կենտրոններ ծառայել, որքանով է ազատ եւ մրցակցային մամուլը, եւ որքանով է բնակչությունը կրթված եւ լայնախոհ, ու պատրաստ սառը դատողությամբ գնահատել իշխանության գործողություններն, այլ ոչ թե տրվել նրա մանիպուլյատիվ հնարքներին։  

Հայաստանի բնակչությունը, որն անցած տարի հաջողությամբ իրականացրեց ավտորիտար իշխանության հեռացման խնդիրը, այսօր կանգնած է նոր մարտահրավերի առաջ՝ թույլ չտալու ավտորիտար իշխանության քողարկված վերադարձը, եւ շարունակելու ընթանալ  ժողովրդավարական զարգացման, տնտեսական եւ հասարակական առաջընթացի ճանապարհով։ Այս ճանապարհին, կան մի քանի առանցքային խնդիրներ, որոնց լուծման վրա պետք է կենտրոնանալ առաջիկա տարիներին՝

Սահմանադրական բարեփոխումներ՝ Մեր սահմանադրությունը պետք է հիմնավորապես բարեփոխել՝ հավասարակշռելու իշխանության տարբեր մարմինների լիազորությունները։ Մասնավորապես, Ազգային ժողովում սահմանադրական մեծամասնության շեմը պետք է բարձրացնել պատգամավորների 3/5-ից 2/3-ի, չեղարկել կայուն մեծամասնության մասին արհեստածին դրույթը, սահմանափակել վարչապետի լիազորությունները ուղղակի նշանակումների մասով, փոխարենը նախարարների, ուժային կառույցների ղեկավարների եւ դեսպանների նշանակումը իրականացնել ԱԺ հանձնաժողովների համաձայնությամբ, եւ ընդարձակել ընդդիմության վերահսկողական լիազորությունները։ Ցանկալի է նաեւ զինված ուժերի գերագույն հրամանատարությունը վերաենթարկել երկրի նախագահին, որպեսզի ճգնաժամային իրավիճակներում երաշխավորվի նրանց քաղաքական չեզոքությունը եւ մարտունակությունը, ինչպես նաեւ վերադարձնել նրան օրենսդրական վետոյի իրավունքը։ Վերջապես, պետք է սահմանադրությամբ պարզեցնել համապետական հանրաքվեների անցկացման հնարավորությունները, եւ երկրի համար առանցքային որոշումները ընդունել քաղաքացիների անմիջական կամաարտահայտության միջոցով։

Ընտրական բարեփոխումներ՝ այժմ, երբ երկրի կառավարման մեջ առանցքային դեր են ստանձնում կուսակցությունները, կարեւոր է հավասարեցնել նրանց ստարտային հնարավորությունները, եւ իրական մրցակցային դաշտ ստեղծել նրանց միջեւ։  Անհրաժեշտ է բարեփոխել կուսակցությունների մասին օրենսդրությունը, իրապես սահմանափակել առանձին կուսակցությունների կողմից միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողությունը, մյուս կողմից երաշխավորվելով ընտրություններին մասնակցած եւ նվազագույն շեմը անցած կուսակցություններին արդյունավետ պետական աջակցություն։ Միաժամանակ, անհրաժեշտ է բարեփոխել ընտրական օրենսդրությունը, անցնել լիարժեք համամասնական կամ լիարժեք մաժորիտար ընտրական համակարգի, տեխնիկապես նվազագույնի հասցնել ընտրակեղծիքների հնարավորությունը, եւ իջեցնել ԱԺ անցնելու ընտրական շեմը`խրախուսելու բազմակարծությունը, եւ նոր կուսակցությունների ի հայտ գալու հնարավորությունները։

Ադմինիստրատիվ բարեփոխումներ։ Մեր պետական կառավարման համակարգը եւ ուժային կառույցները պետք է դառնան շատ ավելի ճկուն, արագաշարժ, արդյունավետ եւ մարդակենտրոն։ Դրա համար բավարար չի նվազեցնել նրանց թվակազմը՝ շատ ավելի կարեւոր է, որ արդյունքում ձեւավորվող կառույցները իրական ազդակներ ունենան ծառայելու քաղաքացու եւ երկրի շահերին, անտեղ աշխատող մասնագետները ստանան համարժեք վարձատրություն եւ ունենան որակավորման բարձրացման համարժեք հնարավորություններ, նշանակումները կատարվեն՝ ելնելով գործնական որակներից, եւ ոչ թե քաղաքական նպատակահարմարությունից, մասսայաբար օգտագործվեն ժամանակակից թվային եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների տրամադրած հնարավորությունները։ Այն աշխատակիցներն էլ, որոնք այսօր ազատվում են կրճատումների արդյունքում, պետք է դառնան պետական հոգածության առարկա, հնարավորություն ստանան վերապատրաստման եւ իրենց տեղը գտնելու մասնավոր հատվածում։  

Կրթական բարեփոխումներ՝ մեր կրթական համակարգը պետք է դաստիարակի ազատ եւ արժանապատիվ քաղաքացի, սեփական դատողություններ անելու ընդունակ, տարբեր մանիպուլյատիվ ազդեցություններից, հոտային բնազդներից եւ ցանկացած պարտադրանքից զերծ։ Մեր համալսարանները պետք է պատրաստեն առաջնակարգ մասնագետներ, որոնք պատրաստ են ոչ միայն հաջողության հասնել իրենց նեղ ոլորտներում, այլ եւ առաջնորդեն երկրի վերափոխման գործընթացը։ Այս բարեփոխումը առավել դժվարն է լինելու, քանի որ սկզբից պետք է բարեփոխել այն տասնյակ հազարավոր մանկավարժներին, որոնք դաստիարակում են մեր երեխաներին։ Նախորդ իշխանությունների օրոք, ցավոք, մենք ուսուցչին սկսել էինք վերաբերվել մնացորդային սկզբունքով՝ զրկելով նրան համարժեք վարձատրությունից, հանրային ստատուսից, եւ լավագույնս իր կարողությունները բացահայտելու ազդակներից։ Այսօր մենք պետք է ազատենք ուսուցչի ստեղծագործական ներուժը, որպեսզի նա օգնի մեր երեխաներից ազատ, պատասխանատու եւ հասուն քաղաքացիներ դաստիարակել։ Դրան զուգահեռ, պետք է գերազանցության կենտրոններ զարգացնել համալսարաններում, դա հնարավոր է միայն համալսարանները իշխանության պարտադրանքից ազատելու, եւ տնտեսության եւ հասարակության հետ մերձեցնելու ճանապարհով։ Վերջապես, կարեւոր է նաեւ բանակը վերափոխել ապագա քաղաքացուն կրթող եւ ազգային ոգով դաստիարակող կառույցի, զինակոչիկները զինվորական ծառայությանը զուգահեռ պետք է անպայման ինքնազարգացման հնարավորություններ ստանան։ 

Տնտեսական բարեփոխումներ՝ մեր տնտեսությունը աշխատանքի միջազգային բաժանման մեջ դեռեւս չնչին դեր ունի, սակայն վերջին տասնամյակում նրա մի շարք ճյուղեր՝ սննդի եւ թեթեւ արդյունաբերությունը, բարձր տեխնոլոգիաները, տուրիզմը, պրոֆեսիոնալ ծառայությունները, սկսել են հաջողությամբ միջազգային ասպարեզ դուրս գալ։ Ապագա տնտեսական զարգացումը տեղի է ունենալու այդ ոլորտներում եղած ներուժի հետագա ծավալման միջոցով, դա, իր հերթին, կձեւավորի բարեկեցիկ, պատասխանատու եւ երկրին արմատապես կապված միջին դաս, որը իր ներկայությամբ եւ քաղաքացիական ակտիվությամբ կդառնա ժողովրդավարական զարգացման կարեւոր շարժիչը (ինչպիսին եւ եղել է մինչ այսօր)։  Տնտեսական բարեփոխումների տրամաբանությունը առանձին քննարկում է պահանջում, սակայն դրանց հիմքում պետք է լինի շուկաների ազատականացումը, պետության աջակցությունը արագ զարգացող, նորարական ոլորտներին (վերականգնվող էներգետիկա, օրգանական գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաներ, ռազմարդյունաբերություն, եւ այլն), միջազգայնորեն մրցունակ, խոշոր եւ միջին ազգային ընկերությունների առաջխաղացումը, եւ առաջադեմ ազգային կապիտալի համակենտրոնացումը Հայաստանում՝ դա նաեւ հիմք կստեղծի կայուն տնտեսական զարգացման, եւ սեփական մրցակցային առավելությունների արդյունավետ իրացման համար։ 

Սոցիալական բարեփոխումներ՝ Հայաստանում իրատեսական չէ իրականացնել արագացված ուրբանիզացիա, եւ թերեւս դա պետք էլ չի, սակայն կարեւոր է, որ ցանկացած բնակավայրում ապրող քաղաքացի առավելագույնս օգտվի հանրային բարիքներից, առաջին հերթին գիտելիքից եւ տեղեկատվությունից։ Այսօր արդեն կարելի է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ՝մասնավորապես, բարձրացնել համայնքային կառավարման մարմինների լիազորությունները եւ թափանցիկությունը, խրախուսել համայնքներում ձեռնարկատիրական գործունեությունը եւ անհատական նախաձեռնությունը, ուղղել պետական բյուջեի զգալի մասը՝ Երեւանից դուրս գտնվող համայնքների զարգացմանը, աջակցել ինքնազբաղված եւ գործազուրկ բնակչությանը՝ ձեռք բերելու ժամանակակից մասնագիտություններ եւ աշխատանք, սոցիալական աջակցության մեխանիզմները դարձնել ավելի ճկուն՝ խրախուսելու մասնագիտական վերապատրաստումը եւ ինքնակրթությունը՝ այն հաշվարկով, որ աղքատության շեմից ցածր գտնվող քաղաքացիների աճող զանգվածն իրական ազդակներ ստանա՝ ներգրավվելու աշխատանքային գործունեության մեջ, եւ արդյունքում դառնա քաղաքականապես ավելի գիտակից եւ պատասխանատու։

Այս խնդիրների համախումբը թերեւս լրիվ չէ, եւ բնականաբար, յուրաքանչյուր ընթերցող կարող է ավելացնել իր պատկերացրած կարեւոր խնդիրները։ Սակայն կարեւոր է մի տեղից սկսել, եւ չսպառել հեղափոխության արդյունքում առաջացած դրական էներգիան միայն անցյալի անարդարությունների դեմ պայքարում։ Ժողովրդավարական զարգացումը վերացական կոնցեպտ չի, եւ ունի հստակ չափորոշիչներ՝ որքանով են երաշխավորված հիմնական քաղաքացիական եւ տնտեսական ազատությունները, որքանով է նվազում կոռուպցիան եւ ադմինիստրատիվ կամայականությունը, որքանով է երկիրը գրավիչ դառնում սեփական քաղաքացների եւ օտարների համար, որքանով են քաղաքացիները կարողանում ազդել իշխանության առանցքային որոշումների վրա՝ եւ ըստ այս չափորոշիչների պետք է մշտապես գնահատվի թե իշխանության գործունեությունը, եւ թե քաղաքացիական հասարակության կառույցների արդյունավետությունը։ Եթե իշխանությունն է հիմնական պատասխանատուն օրենսդրական եւ ադմինիստրատիվ բարեփոխումների համար, ապա հասարակությունն է, որ իր տարբեր կառույցների միջոցով պետք է վերափոխի կրթական համակարգը, զարգացնի տնտեսությունը, համայնքային ինքնակազմակերպման միջոցով կարգի բերի բնակավայրերը եւ շրջապատող բնությունը, բարձրացնի մշակույթային ստանդարտները, հաջորդ սերնդին դաստիարակի հայրենասիրության եւ քաղաքացիական պատասխանատվության ոգով, եւ, ոչ վերջին հերթին, մշտապես խստապահանջ դատավոր հանդիսանա իշխանության համար՝ թույլ չտալով նրան շեղվել մեկ անգամ ընտրած ժողովրդավարական ուղուց։   

Հարավային եւ Հյուսիսային Կորեաներում ապրում են նույն ազգի ներկայացուցիչները, խոսում են նույն լեզվով, եւ կրում են նույն հարուստ մշակույթային ժառանգությունը։ Սակայն իրենց քաղաքական եւ քաղաքացիական ընտրությունը վերջին յոթանասուն տարիների ընթացքում բերել է տրամագծորեն հակառակ արդյունքների, եւ դա կարեւոր դաս է ամբողջ աշխարհի, ներառյալ մեզ համար։ Հյուսիսում մենիշխան «ազգի փրկիչները» երկիրը հասցրել են բացարձակ թշվառության եւ մնացած աշխարհից մեկուսացման, իսկ հարավում հասարակության նախաձեռնող ակտիվությունը, եւ նրա կողմից ձեւավորած մրցակցային քաղաքական եւ սոցիալական համակարգը բերել է տնտեսական հրաշքի։ Եթե մենք ինքներս չենք ցանկանում անցյալի կրկնությունը, պետք է յուրացնենք այլոց դասերը, երբեւիցե իշխանությանը չվերաբերվենք որպես ամենակարող փրկչի, այլ մեր ամենօրյա հետեւողական աշխատանքով, քաղաքական եւ քաղաքացիական ակտիվությամբ, եւ իշխանության նկատմամբ նախանձախնդիր վերաբերմունքով, թոթափենք անցյալից ժառանգած կրավորական արժեհամակարգը, եւ տանենք մեր երկիրը մշտական զարգացման ճանապարհով։

Ավետիք Չալաբյանը «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիրն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին