Ինչպես եւ ուր հանձնել թափոնները վերամշակման - Mediamax.am

Ինչպես եւ ուր հանձնել թափոնները վերամշակման
27460 դիտում

Ինչպես եւ ուր հանձնել թափոնները վերամշակման


Երբեւէ ուսումնասիրե՞լ եք ձեր աղբը։ Ես՝ այո։ Ու նկատել եմ, որ հիմնականում պլաստիկ կամ ապակե տարաներ, շշեր, տոպրակներ են, աշխատավայրում՝ թուղթ։ Շատերիս մոտ է այդպես։ Մենք հաճախ լսում ենք, որ միջավայրն աղտոտված է, որ թափոններն այն ավելի են աղտոտում եւ որ այս խնդիրը կարելի է լուծել։ Բայց քիչ տեղեկություն ենք ստանում այն մասին, թե կոնկրետ ինչ անել խնդրի լուծման համար։ Իսկ գործողությունները շատ պարզ են՝ 

 

1. այն, ինչ ենթակա է վերամշակման, պետք է նախապես սորտավորել եւ հանձնել վերամշակման,

 

2. սահմանափակել այդ տիպի իրերի օգտագործումը։

 

Այս սյունակում կպատմեմ, թե ինչպես սկսել սորտավորել աղբը եւ ուր հանձնել վերամշակմանն ենթակա թափոնները։ Հաջորդ սյունակներից մեկում կանդրադառնամ նաեւ այն կարեւոր թեմային, թե ինչպես նվազեցնել այս տեսակի թափոնների օգտագործումը։

 

Ես վաղուց սկսել եմ հրաժարվել տոպրակներից խանութներում, օգտագործում եմ բազմանգամյա օգտագործման ջրի շիշ, հնարավորության դեպքում պլաստիկ տարաներն ու շշերը թողնում եմ Սիրահարների այգում տեղադրված վերամշակմանն ենթակա պլաստիկի արկղերում։ Բայց այսքան ժամանակ չէի կարողանում թափոնների հանձնումը դարձնել սովորություն։ Եվ հիմնական խնդիրն այն էր, որ կարծում էի, թե Հայաստանում չկան թափոններ հավաքագրող եւ վերամշակող կազմակերպություններ։

 

Երբ սկսեցի փնտրել այս տիպի կազմակերպություններ, հաճելիորեն զարմացա. հասկացա, որ դրանք քիչ չեն եւ մասնագիտացված են տարբեր տեսակի թափոնների հավաքագրման եւ վերամշակման գործում՝ սկսած տոպրակներից, վերջացրած ապակուց տարաներով եւ անգամ անվադողերով։ 

 

Եվ օրերս առաջին անգամ հանձնեցի տանը եւ աշխատավայրում առանձնացրած կենցաղային գունավոր պլաստիկը (մաքրող հեղուկների, կոսմետիկ նյութերի, սննդի տարաներ) եւ խցանները։ Ինձ համար սա լրջագույն իրադարձություն է։

 

Այս սյունակով կոչ եմ անում բոլորիդ տանը, աշխատավայրում, դպրոցում, մանկապարտեզում, հանրային տարածքներում հավաքել եւ հանձնել ձեր կենցաղում եւ առօրյայում օգտագործվող եւ աղբը նետվող թափոնները։ Սովորեցրե՛ք ձեր երեխաներին, խնդրեք թափոնները հավաքել բոլոր ծանոթներին, բարեկամներին։ Ես հավատում եմ, որ հենց այսպես մի օր արդյունքի կհասնենք։ 

 

Ի՞նչն է ենթակա վերամշակման

 

Իրականում աղբի տեսակներից մեծ մասը կարելի է վերամշակել։ Անգամ այն, ինչ չենք պատկերացնում։ Ներկայացնեմ նաեւ, թե քանի տարի է անհրաժեշտ այս թափոնների բնական քայքայման համար, որ խնդրի լրջությունը ակնհայտ եւ հասկանալի լինի․

 

Թուղթ (սովորական թուղթ, թերթ, ամսագիր, ստվարաթղթե արկղեր, կենցաղային տուփեր (կաթ, հյութ))՝ 1-5 տարի 

Տոպրակներ՝ 15 տարի

Պահածոյի տուփեր, պենոպլաստ՝ 50 տարի

Ալյումինե տարա, մարտկոցներ՝ 200 տարի

Պլաստիկ՝ 400-450 տարի

Ապակի՝ 1000+ տարի

 

Ինչպե՞ս կազմակերպել աղբի սորտավորումը եւ հավաքագրումը

 

Ամեն ինչ շատ հեշտ է. պետք է պարզապես մեկ աղբամանի փոխարեն ունենալ 3-4-ը։  Ցանկության դեպքում տանը կամ աշխատավայրում հաստատ կգտնեք անհրաժեշտ տարածք։ Ամենօրյա սննդի մնացորդները եւ այն աղբը, որն ենթակա չէ վերամշակման, կարող եք շարունակել հավաքել այնտեղ, ուր տեղադրված է ձեր մշտական աղբամանը։ Թղթի, տոպրակների, պլաստիկի եւ ապակու համար կարող եք առանձնացնել տարածք տան պահեստային սենյակում, դրսում, շքամուտքում եւ հարմար այլ հատվածում։ Կարող եք անգամ պայմանավորվել հարեւանների հետ եւ համատեղ մի տարածք ընտրել։ Այս տիպի թափոնները չեն առաջացնում անցանկալի հոտ, քանի որ պլաստիկ եւ ապակուց տարաները պետք է լվացված վիճակում հանձնվեն։ Այնպես որ, ոչ մի «նեղություն» սա չի առաջացնի։

 

Ու՞ր հանձնել թափոնները

 

Կան թափոններ հավաքող ու վերամշակող կազմակերպություններ եւ տարբեր վայրերում՝ սորտավորված աղբի համար հատուկ մեծ աղբամաններ։ Ցավոք, դրանք հիմնականում դեռեւս Երեւանում են։

 

Կազմակերպություններ 

 

Թուղթ ընդունող

 

ISSD, «Էկո աղբ», «Քլինլենդ» ՍՊԸ, «Վազգեն Աբգարյան» ՍՊԸ

 

Տոպրակներ

 

«ԱՄ-ԷՍԿԱ»

 

Պլաստիկ ընդունող

 

ISSD, «Մաքուր Գորիս», «ԱՊԱԳԱ», «ԱՄ-ԷՍԿԱ», «Էկո աղբ», Proper Plastic, «Քլինլենդ» ՍՊԸ

 

Ապակի ընդունող

 

ISSD, «Էկո աղբ»

 

Անվադողեր, բանեցված յուղ, պլաստիկ թափոններ, քարթրիջներ, ֆայլեր եւ այլ օֆիսային պինդ թափոններ, գովազդային բաններներ (պոլիպրոպիլեն), կենցաղային տեխնիկա (պոլիստիրոլ) ընդունող

 

ԱՄ-ԷՍԿԱ

 

Բոլոր կազմակերպությունների հասցեները եւ հեռախոսահամարները կգտնեք Recycling.am կայքում։

 

Ի դեպ, անվադողերի վերամշակման արդյունքում ստանում են տեխնիկական ածխածին, դիզելային վառելիք եւ մետաղաջարդ։ Թղթի վերամշակման արդյունքում՝ հիգիենիկ թուղթ: Իսկ Proper Plastic-ը գունավոր պլաստիկի եւ խցանների վերամշակման արդյունքում ստանում է շատ գեղեցիկ եւ օգտակար կենցաղային իրեր, որոնք շուտով կվաճառվեն։ Այս ընկերություններից որոշները նաեւ վճարում են այն թափոնի դիմաց, որը հանձնում եք։ 

 

Սորտավորված աղբի համար հատուկ աղբամաններ

 

Այս տեսակի աղբամանների քարտեզը եւս կարող եք տեսնել Recycling.am կայքում։

 

Հույսով եմ՝ համոզեցի, որ ամեն ինչ շատ հեշտ է, իսկ բոլորիս մասնակցությունը եւ ներդրումը՝ ծայրահեղ անհրաժեշտ ու կարեւոր։ Ամենակարեւորը եւ հաճելին այն բավարարվածությունն է, որը զգում ես թափոններ հանձնելիս եւ պատասխանատու լինելուց։ 

 

Այնպես որ՝ միացեք։ 

 

Շարմաղ Սաքունցը «Այբ» կրթական հիմնադրամի ֆոնդահայթայթման մասնագետն է։

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին