Ազատ ընտրություններ, ազատ մամուլ, շուկայական տնտեսություն` Թուրքիան, անկասկած, ամենաժողովրդավար մահմեդական երկրներից մեկն է: Դեռեւս տաս տարի առաջ «մահմեդական» սահմանումը Թուրքիայի նկատմամբ պետք էր շատ զգույշ օգտագործել. երկրի աշխարհիկ բնույթը ամրապնդված էր Սահմանադրությամբ եւ օրհնված Թուրքական Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի հեղինակությամբ: Տասնյակ տարիների ընթացքում բանակը Սահմանադրության երաշխիքն էր, ուստի ոչ կոմունիստները, ոչ իսլամիստները, ոչ ուրիշ ծայրահեղականները չէին գա իշխանության: Բանակը երեք անգամ իրականացրել է հիմնականում անարյուն հեղաշրջումներ`մի քանի տարի անց իշխանությունը քաղաքացիական մարմիններին հանձնելու նպատակով:
Դեռեւս 90-ականների վերջին զինվորականներն երկրի պատմության մեջ առաջին իսլամիստ վարչապետ Նեջմեթին Էրբականին ստիպեցին հրաժարական տալ: Նրան կասկածում էին սահմանադրական կարգի հանդեպ անբավարար հավատարմության մեջ: Այժմ այդ ժամանակը հնագույն պատմություն է թվում: «Արդարություն եւ զարգացում կուսակցության» իսլամիստները վերահսկում են նախագահական պալատը, մեծացնում իրենց ազդեցությունը դատական մարմիններում եւ հաջող արշավ են սկսել զինվորականների ազդեցությունը թուլացնելու ուղղությամբ: Մի քանի տասնյակ բարձրաստիճան սպաներ մեղադրվեցին իբր թե 2003-ին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի համար: Շատերը ձերբակալված են:
Արտաքին ճակատում պաշտոնական Թուրքիան ավելի քիչ է խոսում Եվրամիությանն անդամակցելու /թեեւ այս նպատակը դեռեւս հնչեցվում է/ եւ ավելի շատ` ողջ աշխարհում մահմեդականների շահերը ներկայացնելու ցանկության մասին: Թուրքիայի հարաբերություններն ավանդական գործընկերների` Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ նկատելիորեն սառել են, հատկապես անցյալ տարի, այսպես կոչված, «Խաղաղության նավատորմի» սադրանքից հետո:
Վերջապես, առկա է նաեւ մեկ շատ տագնապալի փաստ. վերջին տարիներին բանտարկվել են 58 թուրք լրագրողներ: Իմ գործընկերների մեծ մասը Էրդողանի կուսակցության ախոյաններն են: Երեքը հետաքննել են զինվորականների ձերբակալության հետ կապված պատմությունը, որը շատ հարցեր է առաջացնում: Այժմ Էրդողանը հայտարարում է զինվորականների կողմից 30 տարի առաջ՝ վերջին պետական հեղաշրջումից հետո գրված Սահմանադրությունը փոխելու ցանկության մասին: Շատերը կարծում են, որ փոփոխություններն աշխատելու են ի օգուտ քաղաքական եւ հասարակական կյանքում իսլամիստների իշխանության ամրապնդման եւ իսլամական տարրի հզորացման: Էրդողանը առայժմ չունի կայուն մեծամասնություն: Բայց նա արդեն ասել է, որ չի հրաժարվելու սահմանադրական նորարարություններից:
Եվրամիությունը եւ ԱՄՆ-ը կատարվածին հետեւում են աճող անհանգստությամբ: Հատկապես անհեթեթ վիճակում են եվրոպացիները, որոնք բազում տարիներ պահանջում էին, որպեսզի Թուրքիան հրաժարվի բանակի հատուկ դերից քաղաքական կյանքում: Սակայն հենց այն ժամանակ, երբ բանակը կորցրեց աշխարհիկ պետության երաշխավորի իր դերը, զինվորական գդակները եվրոպացիների համար ավելի գրավիչ են թվում, քան «ա լյա բեն լադենյան» երկարամորուսները: Սակայն Արեւմուտքի ազդեցության լծակները թուրքական քաղաքականության նկատմամբ նվազում են:
Կարող է պատահել, որ այս ամենը անտեղի վախեր են, ու թուրքական իսլամիստները ցույց կտան, որ իրենց հավատքը միանգամայն համահունչ է ժողովրդավարության հետ: Սա հիանալի օրինակ կդառնա արաբական աշխարհի համար: Բայց առայժմ ոչ ոք վստահություն չունի, որ Թուրքիայում իրականացվում է իշխանության սողուն զավթում այն ուժերի կողմից, որոնք ցանկանում են, որպեսզի հաջորդ ընտրությունները Թուրքիայում անցկացվեն «մեկ մարդ, մեկ ձայն, մեկ անգամ» սկզբունքով:
Կոնստանտին Էգգերտը «Կոմերսանտ FM»-ի մեկնաբանն է:
Տվյալ սյունակը գրված է «Կոմերսանտ FM»-ի համար եւ վերահրապարակվում է հեղինակի թույլտվությամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: