42-ամյա Նիկոլ Փաշինյանը ձեւավորել է իրենից էլ ավելի երիտասարդ նոր կառավարություն: Նա խոստացել է ոչնչացնել կոռուպցիան եւ վերացնել հին օլիգարխիկ համակարգը: Հայաստանը, որը բազմիցս բնութագրել են որպես մեկուսացված, մխրճված եւ Ռուսաստանից ամբողջովին կախված, կոտրեց կարծրատիպերը եւ այժմ թրենդային եւ դինամիկ է քան երբեւէ: Հեղափոխությունը դեռ կիսով չափ է ավարտվել, բայց քսան տարվա մեջ առաջին անգամ Հայաստանը լավ նորություններ է խոստանում:
Սակայն այս բոլոր խոստումներն ու հույսը կարող են հոդս ցնդել, եթե Հայաստանի նոր կառավարությունը սխալ ընկալի լոկ մեկ իրողություն՝ երեսուն տարվա վաղեմության ԼՂ համակարգության վերաբերյալ իր դիրքորոշումը:
Հակամարտության վերաբերյալ իր առաջին քայլերով եւ մեկնաբանություններով Փաշինյանը որոշակի առումով «ցնցեց» գործընթացը: Նա խոսեց ավելի շատ որպես ամբոխի անդամ, քան դիվանագետ, ասելով, որ Ղարաբաղը Հայաստանի «անբաժանելի մասն է»: Վարչապետ ընտրվելուց մեկ օր անց Փաշինյանն ուղեւորվեց Հայաստանի կողմից վերահսկվող Ղարաբաղ, որպեսզի մասնակցի ամեն տարի մայիսի 9-ին անցկացվող հաղթանակի միջոցառումներին: Այնտեղ նա պնդեց, որ Ղարաբաղի հայերը պետք է «ուղիղ մասնակցություն ունենան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին եւ նստեն բանակցային սեղանի շուրջ»:
Այս կոշտ դիրքորոշումը կարող է մասամբ կիրառվել ներքին քաղաքականության մեջ: Փաշինյանը հետեւում է Ղարաբաղի երկու հայերին, որոնք 1990-ականներին մասնակցել էին պատերազմին եւ ղեկավարել Հայաստանը վերջին 20 տարիների ընթացքում: Նա ակնհայտորեն զգում է իր ազգային անվտանգության լիազորությունները հաստատելու անհրաժեշտությունը եւ Ղարաբաղի հայերին իր աջակցությունը հայտնելու կարիքը:
Բայց նա, հավանաբար, միաժամանակ բավականին անկեղծ է: Շատ հայեր կիսում են «ոչ մի փոխզիջում» դիրքորոշումը: 2016թ. տված ռադիոհարցազրույցում Փաշինյանն ասել էր. «Ադրբեջանին հանձնելու հող չկա»:
Վտանգն այստեղ այն է, որ եթե Հայաստանի ղեկավարը բացահայտ հայտարարի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ինքնիշխանության մասին եւ ասի, որ շրջակա ադրբեջանական հողերը չեն կարող վերադարձվել, ապա Բաքվի հետ բանակցելու հարց չի մնա, եւ երկու կողմերը կվերադառնան պատերազմի դաշտ:
Նրանց համար, ովքեր հակամարտությանը հեռվից են հետեւում, ղարաբաղյան խաղաղ կարգավորման կենսունակ համաձայնագրի ուրվագիծը բավականին հստակ է: Նրանք առաջ են քաշում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների կազմած Հիմնարար սկզբունքների փաստաթուղթը, որի հիմնական երկու տարրերը հետեւյալն են. Ադրբեջանը ճանաչում է Ղարաբաղի հայերի ինքնակառավարման իրավունքը, իսկ հայկական կողմը հրաժարվում է Ղարաբաղի շուրջ վերահսկվող տարածքներից բացառությամբ Հայաստանը կապող ցամաքային միջանցքից: Նաեւ շատ օգտակար կլինի, եթե Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը մնա բավականաչափ անորոշ՝ դա թույլ կտա կողմերին փորձել այլ հարցերի շուրջ համաձայնության եզրեր փնտրել:
Գաղափարները ողջամիտ են, բայց տարածաշրջանում քչերն են հավատում դրանց: Պատճառն այն է, որ վերջին տասնհինգ տարվա կողմերից յուրաքանչյուրն անում է ամեն ինչ ԵԱՀԿ միջնորդությունը ապահովելու համար, բայց ոչ մի լուրջ աշխատանք չի տարվում, ոչ էլ իրական առաջընթաց է գրանցվել: Միջազգային հանրությունը նույնպես ձգտում է տպավորություն ստեղծել, որ միջնորդում է:
Հանրային լեգիտիմությամբ օժտված Հայաստանի նոր կառավարությունը փոխում է այդ հարմարավետ իրավիճակը: Մինչ օրս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ով, անշուշտ, ունակ է ագրեսիվ հռետորաբանություն հնչեցրել Հայաստանի հասցեին, ճիշտ է վարվել, լռություն պահպանելով եւ թույլ տալով, որպեսզի իր պաշտպանության նախարարը սովորական դարձած ռազմատենչ հայտարարություններ անի, իսկ արտաքին գործերի նախարարի խոսնակը մի փոքր ավելի դիվանագիտական ձեւով հակադարձի:
Բայց որքա՞ն ժամանակ Ադրբեջանի նախագահը լուռ կմնա: Փաշինյանը եւ իր թիմակիցները չեն ցանկանա հաշտության պատրաստակամություն ցուցադրել, վախենալով, որ իրենց հայրենասիրությունը կարող է կասկածի տակ դրվել: Հնարավոր է, ամիսներ պահանջվեն, որպեսզի Հայաստանը ունենա հակամարտության կարգավորման նոր, համախմբված քաղաքականություն:
Եթե կարճ ժամանակում այդ գործընթացը պահպանվի, դրական սցենարներ կան: Անհրաժեշտ է նոր մտածողություն, որը կարող է ապահովել Հայաստանի նոր արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, որը փոխարինեց գերզգուշավոր Էդվարդ Նալբանդյանին: 2013 թվականին Եվրոպական միության հետ վերջին պահին չեղարկված Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Մնացականյանը մեծ հարգանք վայելող դիվանագետ է: Եվրամիությունը այն մի քանի դերակատարներից է, որոնք կարող են նոր շունչ հաղորդել այս գործընթացին, ավելի ակտիվ դերակատարում ունենալով Մինսկի խմբի պաշտոնական բանակցություններին աջակցելու հարցում:
Եթե մի կողմ դնենք քաղաքական հաշվարկները, ապա Ղարաբաղի հայերի՝ բանակցություններին մասնակցելու շուրջ քննարկումները նույնպես տեղին են: Ի վերջո, հակամարտության առարկան նրանց հայրենիքն է: Նրանք գործընթացին մասնակցել են մինչեւ 1998 թվականը, երբ Ղարաբաղի հայերի նախկին առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը դարձավ Հայաստանի նախագահ եւ որոշեց, որ կարող է խոսել նրանց անունից: Սա ձեռնտու էր Ադրբեջանին, որը ցանկանում է հակամարտությունը ներկայացնել որպես Բաքվի եւ Երեւանի միջեւ առկա խնդիր:
Մի խոսքով, մահամերձ խաղաղ գործընթացը վերակենդանացման կարիք ունի, սակայն Հայաստանի նոր ղեկավարները պետք է զգուշորեն օգտագործեն փողոցում նվաճած լեգիտիմությունը: Բանակցային գործընթացը փխրուն է: Նրա ձախողումը միայն մեկ ճանապարհ կբացի՝ դեպի նոր հակամարտություն:
Թոմաս դե Վաալը Կարնեգի Եվրոպա Հիմնադրամի ավագ հետազոտող է:
Մեկնաբանությունը գրվել է Կարնեգիի Մոսկվայի Կենտրոնի համար:
Թարգմանությունը՝ Սոնա Միրզոյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: