Մեր ամիսն ու մեր դարը - Mediamax.am

Մեր ամիսն ու մեր դարը
1512 դիտում

Մեր ամիսն ու մեր դարը


Այս օրերին շատերս ենք փորձում պատասխանել Հայաստանից դուրս ապրող մեր հարազատների, այլազգի բարեկամների տարաբնույթ հարցերին՝ ի՞նչ է կատարվում Հայաստանում,  ով է «Ժողովրդի թեկնածուն», արդյո՞ք Նիկոլ Փաշինյանին Մեսիա կամ Փոքր Մհեր ենք համարում, ով վերջապես գտել է ելքը, դուրս եկել քարանձավից ու վստահ տանում է մեր երկիրը փրկության: 

 

Բարեկամներիցս մեկն էլ հետաքրքրվեց, թե ո՞վ է Նժդեհը, արդյոք նա Հիթլերի զինակիցն է եղել եւ հիմա Հայաստանի իշխող կուսակցությունը Նժդեհի գաղափարակիրն է: «Բա ո՞նց է Մոսկվան այսքան տարի աչք փակել դրա վրա», - հարցին որքան կարողացա սպառիչ պատասխան տվեցի Գարեգին Նժդեհի գաղափարախոսության եւ Հայաստանի ՀՀԿ-ին նրա առնչության վերաբերյալ: 

 

Հանգստացրի բարեկամներիս, վստահություն հայտնելով, որ մեր ընտրյալները՝ արք եւ տիկնայք, բիզնեսներ ունեցող, ռազմի ճանապարհն անցած մեր գեներալներով հանդերձ, (որոնք, ի դեպ, պատերազմի տարիներին գոնե ինձ վստահեցնում էին, որ ժողովուրդն է նրանց կուսակցությունը), մեր պատգամավորները՝ ի դեմս ՀՀԿ խորհրդարանական մեծամասնության  խոհեմ կգտնվեն եւ չեն գնա ժողովրդի կամարտահայտման դեմ: Վստահեցրի, որ մայիսի 8-ին Հայաստանը կունենա նոր   վարչապետ: Ինչ վերաբերում է «ժողովրդի թեկնածուի» կառավարման փորձ չունենալու մտավախությանը,  ապա հիշեցրի բարեկամներիս, որ մեր երկրի երեք նախագահներից ոչ ոք 1988-ին երկրի կառավարման փորձ չունեին, ոչ «Ղարաբաղ» կոմիտեի, ոչ էլ «Կռունկ» կոմիտեի մեր առաջնորդները, որոնց ջանքերով, հիշենք, ազատագրվեց Ղարաբաղը: Մեզ մնում է այսօր, կամ այսուհետ հոռետես եւ չարախոս չլինել, եթե կարողանանք՝ օգնենք, եթե չկարողանանք  գոնե չխանգարենք: Փորձենք ավելի քիչ խոսել գլոբալ խնդիրներից, որոնց առանցքը իբր հենց մեր երկիրն է, ավելի բարեխիղճ լինել ամենքս մեր ասպարեզում եւ օգտակար լինել բերել մեր երկրին եւ մեր ժողովրդին: Այդպիսի բաներ էի ասում բարեկամներիս:  

 

Անշուշտ «ներկայիս պրոցեսին» մասնակից հայերս այս եւ մյուս բազմաթիվ հարցերի մեր պատասխաններն ու մեր պատկերացումներն ունենք, որոնք եւ փորձում ենք ներկայացնել մեր երկրից դուրս ապրողներին: Արդյո՞ք Ռուսաստանը եւ հավաքական Արեւմուտքը մեր երկիրը Սիրիա չեն դարձնի, արդյո՞ք Նիկոլը ազգիս նախորդ ղեկավարներին չի նմանվի եւ ժողովրդին չի հիասթափեցնի մինչեւ «հեռացիր» վերջնագիրը: Արդյո՞ք չենք վախենում, որ այսպես կամ այնպես կլինի: 

 

Հայաստանի բախտով  մտահոգ բարեկամներիս հիշեցրի, որ Մայիսը մեր Հաղթանակների ամիսն է, որ ետդարձի ճանապարհ այլեւս ՉԿԱ,  որ մեր չքնաղ Հայաստանը երբեք, երբեք, երբեք Սիրիա չի դառնա, որ Ռուսաստանը մեր եղբայրն ու բարեկամն է, որ Եվրամիությունը, որ Ամերիկան, որ Չինաստանը եւ այլն եւ այլն: Ասացի նաեւ,  որ մեր Տիրոջ նախախնամությունն են ուզում տեսնել այս ամենի մեջ, որ հավատում եմ երիտասարդ սերնդի լավատեսությանը եւ վստահում նրանց: 

 

Եվ ամենագլխավորն էի շեշտադրում՝ Լեռնային Ղարաբաղը մեր Ազգային հպարտության կենտրոնն է եւ կմնա այդպիսին 50, 500 եւ 5000 տարի հետո էլ, ինչպես ասել էր Վազգեն Սարգսյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում 1995-ի մայիսի 8-ին, Հաղթանակի մեր առաջին զորահանդեսից առաջ:  

 

Մայիսը հայերիս ամիսն է, մնում է, որ 21-րդ դարն էլ մերը լինի: Իսկ ես համոզված եմ՝ կլինի: 


Ալվարդ Բարխուդարյանը լրագրող է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





«Տոն», որ միշտ մեզ հետ է

Մեր ամիսն ու մեր դարը
Մեր ընտրանին