Աստվածաշնչյան պատումները, որ երբեմն/հաճախ մշուշված են առասպելով, աստիճանաբար հասկանալի են դառնում։ Հրեից ցեղը քառասուն տարի դեգերեց անապատում ու նոր միայն արեց վճռական քայլը՝ գնաց իր երկիրն Ավետյաց… Սերունդ էր փոխվել: Սերունդ է փոխվել նաեւ Հայաստանում: Սա ամենաէականն է, սա է ամենավճռականը: Հայաստանում դա տեւեց ոչ թե քառասուն, այլ երեսուն տարի եւ, օ՜, ինչպիսի խորհրդով դրսեւորվեց. նոր սերունդն Ազատության հրապարակից Հանրապետության հրապարակ գնաց: Խորհուրդը՝ Ազատությունից Հանրապետություն։
Հանրապետությունը պետություն է, որն արդեն կա, իսկ պետությունն առանց քաղաքացու չի լինում, պետության գոյությունը քաղաքացիներով է, որոնք զինապարտ են, որոնք հարկատու են, որոնք պետության պարտնյորներն են: Նիկոլը խոսքը սկսում է` Հայաստանի հպարտ քաղաքացիներ: Քաղաքացին արդի աշխարհում ոչ այնքան հպատակություն է, որքան գիտակցություն, այսինքն՝ ե՛ւ ինքնություն է, ե՛ւ մասնակցություն ինստիտուտիզացված համակարգին, որը կամ ազատ է, կամ՝ ոչ: Հայաստանի Հանրապետության քաղաքացին դեռ պիտի կերտվի…Այս գործով պետությունը գրեթե չի զբաղվել։ Այդ դեպքում միայն կգոյանա քաղաքացիական հասարակություն, քաղաքացիների հասարակություն, որի արժեքներում ներհասարակական համերաշխությունը կլինի առաջնային դիրքերում՝ վանելով ու արտամղելով նախընթաց ժամանակների ամենահաղթ լկտիությունն ու զոռբայությունը…
Սերնդափոխությունը, որ կենսաբանորեն տեղի է ունեցել, կայացում է պահանջում նաեւ արժեքային դաշտում, հակառակ դեպքում՝ մուտքը Հանրապետության հրապարակ, ասել է թե՝ պետության ու ազատ քաղաքացու դաշինքի արժեդաշտ, կդառնա հերթական բաց թողնված շանսը։ Ազատության սերնդին գալիս է փոխարինելու Հանրապետության սերունդը:
Ազատության սերունդն այս կամ այն չափով արել է իր գործը, կռվել ու հաղթել է Արցախում, դարձել անկախության գաղափարի որդեգիրը, այս կամ այն հաջողությամբ գաղափարն առաջ տարել, նաեւ ընկրկել… Նախորդած բոլոր իշխանություններն այդ սերնդից էին, իսկ ազատության մեջ դրականի կողքին առկա է նաեւ խոտելին, որ միմյանց փոխարինած առաջնորդները կա՛մ չկարողացան, կա՛մ չկամեցան սահմանափակել ու չեզոքացնել: Լուսավոր կերպարներն աստիճանաբար նահանջեցին, իշխողն ու գերիշխողները հիմնականում թերուս օլիգարխները դարձան՝ ճանապարհ բացելով սոսկ իրենց արբանյակների համար: Հատուկենտ բացառությունները չհաշված, լուսավոր երիտասարդների տեղը լուսանցքում էր, որն արդեն եկել է, եկել է անսպասելիորեն, ազատության երեսուներորդ տարում ու ասում է՝ այս համակարգը մերժում է ինձ, իսկ ես մերժում եմ նրան… Սա էր, որ չէին կանխատեսել. տեղ ստանալու եւ հաջողելու գոյությունն ունեցողը մեխանիզմը դեռեւս պարզունակ քծնանքի եւ հաջողված շողոքորթության մեջ դրսեւորած վարպետությունն է։
Վե՞րջ… Չգիտեմ, դեռ շատ ջրեր կհոսեն մինչեւ կարմատանա պետությունն իբրեւ ոչ միայն բաժակաճառային, այլեւ սրտի ու մտքի արժեք…
Կա եւս մեկ վճռորոշ գործոն: Նա, ով ասաց քայլ արա, քայլեց երկար եւ նրա շուրջ հավաքվեցին: Ի տարբերություն հրապարակի նախորդ բոլոր առաջնորդների՝ որոշել էր քայլ անել ու անցնել փշալարերը, ու էլի նրա շուրջը հավաքվեցին… Նրանք այսպես հավաքվեցին…
Նրանք հավատում են իրենց, այս սերնդի հավատը երազային է, նրանք կարող են բերել ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, եթե… Ազատության սերնդից քչերը կքայլեն իրենց հետ, բայց ինչ էլ լինի, սերունդը, հուսամ՝ քաղաքացիների սերունդը, իր ժամանակի մեջ է… Իրենք նույնպես քննություն ունեն տալու…
Արմեն Զաքարյանը Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի տնօրենն է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: