«Նամակ» պայծառ ջահելներին ու այսօրվա իշխող թիմին - Mediamax.am

«Նամակ» պայծառ ջահելներին ու այսօրվա իշխող թիմին
28129 դիտում

«Նամակ» պայծառ ջահելներին ու այսօրվա իշխող թիմին


Այս սյունակը բոլոր այն պայծառ երիտասարդների համար է, որոնք արեցին հեղափոխությունը՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ եւ հասան նրան, ինչը անհավատալի էր թվում՝ Սերժ Սարգսյանը հեռացավ: Այն երիտասարդների համար է, որոնք ինձ երկու օր առաջ գինի հյուրասիրեցին Պուշկին փողոցում: Երբ նախորդ սյունակում որոշ բաների մասին զգուշացնում էի, մարդիկ եղան, որ ինձ մեղադրում էին երիտասարդների «դուխը կոտրելու մեջ»: Այս մեկից հետո ավելի շատ կմեղադրեն, բայց եթե երիտասարդներից գոնե մի քանիսը կարդան ու մտածեն, ես ինձ ավելի հանգիստ կզգամ: 

 

Նախ` երկու մեջբերում անեմ:

 

«Ոչ դոդացմանը, ոչ ռոբոտացմանը, ոչ սերժանտացմանը». այս կարգախոսի ներքո երեկ Ազատության հրապարակում հավաքվածների թիվը երեք անգամ գերազանցում էր «Իմպիչմենտի» նախորդ հանրահավաքների մասնակիցների թիվը»:

 

 Հատված «Չորրորդ իշխանություն» թերթում 2007 թ. ապրիլի 21-ին տպագրված 

 ««Իմպիչմենտի» քաղաքական պայքարը շարունակվում է» հոդվածից

 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հայտարարել էր, որ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին եւ կանգնած է ժողովրդի կողքին, կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին մոբիլիզացվել եւ դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին»:

 

                                 ԲՀԿ քաղխորհդի 2018թ. ապրիլի 25-ի հայտարարություն 

 

ԲՀԿ-ն, որը «համաժողովրդական ընդվզման ալիքին միանալու» մասին հայտարարություն արեց Սերժ Սարգսյանի հրաժարականից 15 րոպե առաջ, այսօր պաշտոնապես միացավ շարժմանը, որն առաջնորդում է «Ոչ դոդացմանը, ոչ ռոբոտացմանը, ոչ սերժանտացմանը» կրեատիվ կարգախոսի հեղինակ Նիկոլ Փաշինյանը: 

 

Կասեք, քաղաքականություն է, 11 տարի է անցել, ամեն բան պատահում է: 

 

Այդ դեպքում ընդամենը 2 շաբաթ հետ գնանք ու վերհիշենք, թե ինչպես քվեարկեց ԲՀԿ-ն, երբ Ազգային Ժողովում Սերժ Սարգսյանին ընտրում էին վարչապետ: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, սովորության համաձայն, նիստին ներկա չէր, իսկ ԲՀԿ մոտ 10 պատգամավորներ կողմ քվեարկեցին Սերժ Սարգսյանին թեկնածությանը՝ աջակցելով նրա ընտրությանը

 

Նորից անցյալ գնանք, այս անգամ ոչ շատ հեռավոր՝ երեք տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին քաղաքականապես եւ բարոյապես ոչնչացնելու հրահանգ իջեցրեց, որը պարտաճանաչորեն կատարեցին ՀՀԿ-ի՝ հիմնականում երիտասարդ գործիչները: Արդեն առիթ ունեցել եմ գրելու, որ սովորաբար իր մասին երրորդ դեմքով խոսող պարոն Ծառուկյանը ոչ միայն «կուլ տվեց» տհաճ արտահայտությունները, այլեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ հառնեց փյունիկի պես: 

 

Իսկ 2016 թվականի մայիսին, երբ դեռ չէր լրացել ապրիլյան պատերազմի զոհերի քառասունքը, «Փարավոն» համալիրում Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցեցին վերջինիս նոր կոնյակների ճոխ, բայց անճաշակ շնորհանդեսին:

 

Կարող եմ հիշել նաեւ Գագիկ Ծառուկյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի անփառունակ սիրավեպի մասին եւ շատ այլ դրվագներ, բայց, կարծում եմ, բավական է:

 

Այսօր «շարժմանը միացան» նաեւ «Ժառանգությունն» ու ՕԵԿ-ը: Առաջինի ղեկավարը 2013 թվականին պնդում էր, որ հաղթել է Սերժ Սարգսյանին ու երդվում էր չհեռանալ Ազատության հրապարակից մինչեւ այդ հաղթանակը պաշտոնապես չգրանցի: 

 

Երկրորդի ղեկավարը 2008 թվականին կոալիցիա կազմեց Սերժ Սարգսյանի հետ՝ որեւէ շանս չթողնելով Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին պայքարը շարունակելու համար: Նա երկար տարիներ Սերժ Սարգսյանին կից Անվտանգության խորհրդի քարտուղարն էր, հիմա էլ Երեւանի կենտրոնում «ՀԱՊԿ ակադեմիա» հպարտ անունը կրող անհասկանալի հաստատության իրական ղեկավարն է:

 

Պայծառ երիտասարդներ, դուք ա՞յս մարդկանց համար եք հեղափոխություն արել: Որտե՞ղ էին նրանք, երբ գիշեր-ցերեկ փողոցում էիք, երբ ոստիկանների հետ էիք բախվում ու քաղմաս տարվում: Պարոն Ծառուկյա՞նն էր ձեզ աջակցում, թե՞ պարոն Բաղդասարյանը:

 

Սա ձեր ու Նիկոլի արած հեղափոխությունն է, որ ձեզանից սկսում են գողանալ: Դուք եք որոշողը, իմ ասածն ու գրածը կարող եք անտեսել: Միակ ցանկությունս այն է, որ ինչ որոշում էլ ընդունեք, ձեր անկեղծ որոշումը լինի: 

 

***

 

Իշխանությանը եւս մի քանի բան ունեմ ասելու: Կոնկրետ մարդկանց՝ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Վիճակն այնպիսին է, որ այսօր կարող եմ խոստովանել՝ բոլորին էլ վերջին տարիներին տարբեր առիթներով ասել եմ, որ շատ կցանկանայի, որպեսզի իսկական թիմ կազմեն եւ որակ փոխեն իշխանության մեջ: Այսօր իրավիճակը փոխվել է, ու այդ թիմը, եթե ձեւավորվի, պետք է այլ խնդիրներ լուծի եւ թույլ չտա, որ ամբոխավարությունը Հայաստանում լեգիտիմ կառավարման համակարգ դառնա: 

 

Նրանք պետք է փորձեն ներկայանալ որպես հասարակության կողմից քիչ թե շատ ընդունվող մարդիկ եւ թույլ չտան, որպեսզի ՀՀԿ կարկառուն դեմքերը փորձեն իրենց ավանդական ճառերն ասել: Ցավում եմ շատ, բայց Աշոտ Նավասարդյանի ստեղծած կուսակցության հապավումն այսօր միայն կատաղություն է առաջացնում մարդկանց մոտ եւ երկար տարիներ կպահանջվեն երբեմնի բարի համբավը ետ բերելու համար:

 

Հայաստանում պետք է կայանան նոր ընտրություններ, դա է թելադրում կատարված հեղափոխությունը: Դա պետք է հասկանան շարժման առաջնորդը, շարժման լոկոմոտիվ երիտասարդները եւ իշխանության ղեկին գտնվող թիմը: Նոր ընտրությունների մասին պայմանավորվածությունը պետք է լինի հստակ եւ ազնիվ:

 

Այսօր Հայաստանում ոչ թե քաղաքական կամ քաղաքացիական, այլ արժեքային պայքար է գնում: Իմ ասած իշխանական թիմի անդամները՝ իրենց բոլոր թերություններով հանդերձ, կարող են լեզու գտնել շարժման հետ, քանի որ նախկին վարչակազմի մաս լինելով հանդերձ, քրեական ու կիսաքրեական էություն չունեն, ժողովրդի լեզվով ասած՝ «մարդակեր» չեն: Հասկանում եմ, թե այս խոսքերս որքան խոցելի ու ոչ միանշանակ են ու պատրաստ եմ ամեն տեսակի քննադատության, միայն թե՝ թող պայմանավորվեն, իսկ ջահելները, ինչպես ասում է Ռուբեն Վարդանյանը, նորից չհիասթափվեն ու չգնան Հայաստանից:

 

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին