Ինչպես հաղթահարել այս ճգնաժամը - Mediamax.am

Ինչպես հաղթահարել այս ճգնաժամը
32576 դիտում

Ինչպես հաղթահարել այս ճգնաժամը


Ներածություն

1991 թվականի վերջին, երբ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները անկախացան Խորհրդային Միությունից, նրանց բնակչությունը միասին հասել էր իր պատմական մաքսիմումին, կազմելով մոտ 3,8 մլն մարդ։ Անկախությունը նոր հեռանկարներ էր բացում հայության առաջ՝ տնտեսական զարգացում, ժողովրդավարություն, հայրենադարձություն, եւ իրական էր թվում այն հեռանկարը, որ ոչ հեռու ապագայում Հայաստանի Հանրապետությունը կդառնա հայության դարերով երազած ազգային հանգրվանը։

Անկախությունից 26 տարիներ անց, երկու հայկական պետական միավորների ընդհանուր բնակչությունը նվազել է մինչեւ 3,0 մլն մարդ։ Հաշվի առնելով այդ տարիների բնակչության բնական հավելաճը, մեր երկրից անկախության ձեռքբերումից ի վեր հեռացել են ավելի քան 1,2 միլիոն քաղաքացիներ։

Հանրապետության շատ բնակիչների մոտ տարածված է դարձել այն մտայնությունը, որ երկիրը ապագայի հեռանկար չունի, եւ պետք է կյանքը կառուցել դրսում։ Ավանդական Սփյուռքի համայնքներում, աստիճանական ձուլմանը զուգահեռ, գերակշռող է դարձել այն համոզմունքը, որ Հայաստանի Հանրապետությունը հայկական պետականության վերականգման այլեւս ձախողված փորձ է, եւ որպես այդպիսին, հեռանկարային չէ հայության հավաքական կյանքի կազմակերպման համար։

Պատմության դառը հեգնանք է, որ մեր դարավոր երազանքի կատարումը՝ անկախության ձեռքբերումը, փաստացի հանգեցրել է մեր աչքերի առաջ պատմական Հայաստանի վերջին հատվածի աստիճանական հայաթափմանը։ Արդյ՞ոք սա ճակատագրական անխուսափելիություն է, արդյ՞ոք մենք ընդունակ չենք կառուցելու ազատ եւ արդար հասարակություն, արդյունավետ ինքներս մեզ կառավարելու, արդյ՞ոք միայն կայսերական հովանու ներքո էր հնարավոր մեր անվտանգությունը եւ զարգացումը, արդյոք մենք դատապարտված ենք անկախության կորստի եւ պատմության թատերաբեմից որպես կազմակերպված ազգային միավոր աստիճանական անհետացման՝ այս հարցերը տանջում են ցանկացած մտածող մարդու, եւ այս հարցերը հեշտ պատասխաններ չունեն։

Վերջին երկու շաբաթների իրադարձությունները Հայաստանում եկան եւս մեկ անգամ հիշեցնելու, որ մենք դեռեւս գտնվում ենք այս քաղաքակրթական փակուղում, եւ չենք կարողացել դեռ գտնել լուծումներ, որոնք կծառայեն երկրի հավաքական շահերին։ Արդյունքում, հերթական անգամ մենք ականատես ենք պետական մեքենայի եւ հասարակության զգալի մասի միջեւ անզիջում բախման, եւ բոլոր բացահայտ եւ թաքնված հակասությունների ծայրահեղ սրման։ Այս ակնարկը գրելու պահին, երբ համարյա չսկսած արդեն ավարտվել են բանակցությունները հակամարտող կողմերի ղեկավարների միջեւ, ճգնաժամի հանգուցալուծումը դեռ շատ մշուշոտ է մնում, որքան էլ կուզենար այն տեսնել փողոց դուրս եկած, եւ իր իրավունքների համար պայքարող հասարակությունը։

Սակայն մենք պարտավոր ենք պատասխան գտնել այդ հարցերին, եւ այդ պատասխանները պետք չի ավանդաբար փնտրել միայն անձերի մեջ, որքան էլ որ իրենց դերը կոնկրետ իրավիճակներում մեծ լինի։ Մենք ունենք խորը համակարգային խնդիրներ, որոնց հստակ ձեւակերպումից է պետք սկսել լուծումների որոնումը։

Ինչն ենք մենք մերժում

Թեեւ հանրային ընդվզումը տեղի է ունենում «Մերժիր Սերժին» պարզ եւ մոբիլիզացնող կարգախոսի ներքո, իրականում ակնհայտ է, որ փողոց դուրս եկած Հայաստանի քաղաքացին մերժում է սեփական անիրավ կարգավիճակը, երկրում տարածված համատարած աղքատությունը փոքրաթիվ «ընտրյալների» հարստության եւ ամենաթողության ֆոնի վրա, եւ իշխանության մեծամտությունը եւ քամահրանքը սեփական ընտրողների նկատմամբ։ Սերժ Սարգսյանի կողմից իրականացված բազմաքայլ կոմբինացիան՝ առանց բնակչության կողմից ընտրված լինելու մնալ երկրի համար մեկ իշխանավորի դերում, պարզապես լցրեց համբերության բաժակը, եւ պայթեցրեց առանց այն էլ բարդ իրավիճակը, որը ձեւավորվել էր երկրում 2016 թվականի ապրիլյան եւ հուլիսյան իրադարձություններից հետո։

Այս իմաստով, թեեւ իրավիճակի թվացյալ հանգուցալուծումը շատերի կողմից տեսնվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի միջոցով, իրական հանգուցալուծումը շատ ավելի բարդ է․եւ պետք է հասցեագրի  հասարակության մեջ կուտակված հակասությունների խորքային կծիկը։ Այս հակասությունների հիմքում ընկած է Հայաստանում ձեւավորված կառավարման մոդելը, որում վերջին 20 տարիների իշխող վերնախավը ստեղծել է իշխանության մենաշնորհ՝ դիտարկելով բնակչության լայն խավերին զուտ որպես շահագործման ռեսուրս։ Այս մոդելի հիմքում դրված է մեկ պարզ սկզբունք՝ իշխանությունը մենաշնորհային շահույթ եւ հանրային հեղինակություն ստանալու հիմնական միջոցն է, եւ իշխանության ակումբ ընդունվում են միայն նրանք, որոնք պատրաստ են այդ սկզբունքին անվերապահորեն ծառայել։ Հանրային բարեկեցությունը, անվտանգությունը, երկրի զարգացումը, ազգային իդեալները, արդարությունը՝ այս բոլորը երկրորդական հարցեր են, դրանցով վերնախավը զբաղվում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, այնքանով, որքանով դա պահանջվում է իշխանությունը պահելու համար, մնացած ժամանակ այն զբաղված է դրա իմիտացիայով։

Արդյունքում, մեր երկրում ձեւավորվել է շահագործողների կազմակերպված վերնախավ, որն այսօր վերահսկում է իշխանությունը եւ պետական մեքենան։ Նրա ներսում կա համեմատաբար տգետ, գավառական թեեւ, որը ընդունակ է ցանկացած գործողության, ընդհուպ մինչեւ անթաքույց բռնարարքների՝ իշխանության եւ նրանից բխող շահագործման մենաշնորհը պահպանելու նպատակով, եւ համեմատաբար քաղաքակիրթ, տեխնոկրատ թեւ, որը ձգտում է խաղի որոշակի ընդունելի կանոններ հաստատել՝ հասարակական կոնֆլիկտը մեղմելու նպատակով, սակայն ընդհանուր առմամբ, նրանք բոլորը միավորված են իշխանության եւ շահագործման մենաշնորհը պահելու գաղափարի շուրջ։ Հայաստանյան վերնախավի այս շահագործչական գործունեությունը հանգեցրել է նրանից դուրս մնացած բնակչության լայն խավերի մոտ խորը հիասթափության, կյանքից դառնության, եւ որպես հետեւանք՝ իրականությունից մասսայական փախուստի՝ կլինի դա երկրից հեռանալու տեսքով, թե պասիվ համակերպման, եւ թե, պարբերաբար կրկնվող, ակտիվ դիմադրության պոռթկումների, որին մենք նոր թափով ականատես ենք լինում վերջին երկու շաբաթներին։

Կառավարման այս մոդելի առանցքային տարրը ընտրությունների ինստիտուտի այլասերումն է Հայաստանում։ Սկսված 1996 թվականի նախագահական ընտրություններից, Հայաստանում անցկացված բոլոր ընտրությունները անցել են մասսայական ընտրակեղծիքների, ադմինիստրատիվ ռեսուրսի համատարած կիրառման, եւ վերջին շրջանում նաեւ՝ մասսայական ընտրակաշառքի բաժանման պայմաններում։ Կառավարող վերնախավը, իր հիմնական գաղափարախոսների շուրթերով, անթաքույց սերմանում է այն մտայնությունը, որը բնակչությունը խելամիտ ընտրություն անելու կարողություն չունի, պատրաստ է կոպեկներով վաճառել իր քվեն, ուստի եւ ժողովրդի մասնակցությունը կառավարության ձեւավորմանը ժամանակավրեպ է, ավելին, կարող է սպառնալ երկրի անվտանգությունը։ Նույն Սերժ Սարգսյանը, փորձելով հիմնավորել առանց ընտրություններին մասնակցելու իշխանությանը մնալու իր հայտը, նույնիսկ չի թաքցնում, որ թեեւ ինքը անձամբ չի վայելում բնակչության մեծամասնության վստահությունը, սակայն շարունակում է մնալ իշխանության ղեկին՝ ելնելով երկրի անվտանգության նկատառումներից։ Սակայն այս հակաժողովրդավարական տրամաբանությունը փակուղային է, այն բերում է բնակչության եւ իշխանության միջեւ անջրպետի խորացմանը, բնակչության կողմից իշխանությունից հարաճյուն օտարմանը, եւ երկրի համար անվտանգության ռիսկերի աճին, քանի որ մշտապես օտարված ժողովուրդը մի պահ այլեւս չի ցանկանա ապրել այդպիսի երկրում, եւ պաշտպանել այն։ Այն, որ դա մինչեւ հիմա չի հանգեցրել մեր պարտությանը, պայմանավորված է միայն մեր ժողովրդի խորը գիտակցված հայրենասիրությամբ, սակայն այս իշխանությունը այդ հայրենասիրության ռեսուրսը հավերժ շահագործելու կարողություն չունի, եւ եկել է այն պահը, երբ երկրի կառավարման մոդելը պետք է փոխվի՝ նրա մեջ ներառելով բնակչության լայն խավերին։

Ինչպես հանգուցալուծել այս ճգնաժամը

Այս իշխանությունը, եւ անձամբ Սերժ Սարգսյանը, քաղաքական ճգնաժամների կառավարման վիթխարի փորձ ունի, եւ մինչ այժմ «հաղթական» է դուրս եկել յուրաքանչյուր ճգնաժամից՝ 2008 թվականին այն ճնշեց հանրային ընդվզումը բռնությամբ, 2013 թվականին՝ տարավ այն փակուղի, օգտվելով ընդվզման առաջնորդի քաղաքական կարճատեսությունից, 2016 թվականին կարողացավ մեկուսացնել այն, օգտվելով ընդվզման ակնհայտ հակաիրավական բնույթից։

Կասկած չկա, որ այս անգամ էլ նա կարող է փորձել իրեն հայտնի մեթոդներով կառավարել ճգնաժամը, կասկածներ սերմանել նրա առաջնորդի քաղաքական փորձառության եւ մոտիվների վերաբերյալ, մոբիլիզացնել իրեն ենթակա մտավորականության ռեսուրսը, կիրառել բռնություն ընդվզման ղեկավարների նկատմամբ, եւ փորձել տարբեր ձեւերով ժամանակի մեջ մարել հանրային դժգոհության ալիքը։ Սակայն արդյ՞ոք այդ հերթական «հաղթանակը» հանգուցալուծման կբերի, արդյ՞ոք գործող իշխանությունը ընդունակ կլինի կառավարել իրեն հայտնի մեթոդներով եւս չորս երկար ու ձիգ տարի, արդյ՞ոք կկարողանա պաշտպանել հայրենիքը՝ այլեւս չունենալով բնակչության նվազագույն աջակցությունը, եւ հայտնված լինելով նաեւ աշխարհաքաղաքական աննախադեպ սրված հակասությունների կիզակետում։ 

Սերժ Սարգսյանը, որպես փորձառու գործիչ, այս ամենը եւս գիտակցում է։ Նա հայտնվել է տարօրինակ վիճակում, երբ հանգուցալուծում տալու հիմնական լծակները իր ձեռքում են, սակայն այդ հանգուցալուծումը, այնպես, ինչպես նրանից պահանջում է փողոցը, հավասարազոր են քաղաքական ինքնասպանության, եւ գուցե նաեւ, իր անձի եւ շրջապատի նկատմամբ հետագա հաշվեհարդարով։ Նա այդպիսի հանգուցալուծման չի կարող գնալ, եւ չի գնա առանց ակնհայտ արտաքին պարտադրանքի։ Մյուս կողմից, այս իրավիճակի շարունակումը, իր ներքին տրամաբանությամբ, կարող է բերել անկանխատեսելի քաոսի, հակամարտության սպոնտան օջախների առաջացման ամբողջ երկրով մեկ, եւ արտաքին միջամտության։ Այս իրավիճակում, ցանկալի հանգուցալուծումը պետք է լինի ոչ միայն անարյուն, այլեւ ինստիտուցիոնալ, եւ չթիրախավորի անձերին, որքան էլ որ նրանց գործունեության հետ կապված դժգոհությունը մեծ է։

Եթե ելնենք այն տրամաբանությունից, որ այսօրվա քաղաքական հակասության հիմքում իշխանության օտարումն է ժողովրդից, ապա հանգուցալուծումը պետք է լինի ժողովրդին իշխանությունը վերադարձնելու միջոցով։ Դրա համար, նոր սահմանադրությունը խելամիտ հնարավորություն է պարունակում՝ օրենքի ուժով ցրել Ազգային Ժողովը, եւ հայտարարել նոր արտահերթ ընտրություններ, որոնք կարող են անցնել նոր, առավել թափանցիկ ընտրական օրենսդրության, եւ քաղաքացիական հասարակության եւ միջազգային դիտորդների վերահսկողության պայմաններում։ Այդ ընթացքում, կառավարության առկա կազմը (առանց Սերժ Սարգսյանի) կարող է շարունակել երկրի ընթացիկ կառավարումը, եւ ապահովել երկրի անվտանգությունը եւ հասարակական կարգը, իսկ քաղաքական ուժերը պատրաստվեն նոր ընտրությունների՝ փոխադարձ թշնամանքի բացառման եւ խաղաղ պայմաններում։

Ավելին, եթե Սերժ Սարգսյանը անկեղծ համարում է, որ իր անցած ուղին եւ վաստակը իրավունք են տալիս իրեն շարունակել կառավարել երկիրը, նա եւս պետք է մասնակցի նոր ընտրություններին, եւ փորձի համոզել ընտրողներին իր իրավացիության մեջ, եւ նրանցից ստանա իր անմիջական քվեն, եւ կամ պատրաստվի հաջորդ ընտրություններին։ Այս իմաստով, հայտնի է օրինակը, երբ Ուինստոն Չերչիլը, լինելով պատերազմը հաղթած վարչապետ, պարտվեց անմիջապես հետո կայացած ընտրություններում, սակայն մի քանի տարի հետո նորից վերադարձավ որպես ընտրված վարչապետ։ Պետք չի բացառել, որ նույնը տեղի կարող է ունենալ Սերժ Սարգսյանի հետ, եթե նա պատրաստ լինի ինստիտուցիոնալ հանգուցալուծման, եւ ամեն գնով չկառչի այսօր իսկ ձեռքերից դուրս սահող իշխանությունից։

Նմանապես, այսօր փողոցում հայտնված ընդդիմությունը, եւս պետք է պատրաստ լինի վերադառնալ խաղաղ ընտրական պրոցեսի, եւ բնակչությունից ստանա իր քվեն ոչ թե փողոցում, այլ նույն թափանցիկ ընտրությունների արդյունքում։

Իհարկե, արտահերթ ընտրությունների անցկացումը դեռ մեր հասարակության մեջ տարիներով ձեւավորված խորը հակասությունների վերջնական լուծում չի կարող, եւ չի տա, ոչ էլ ընտրությունների արդյունքում մենք կկարողանանք ձեւավորել իշխանություն, որը կբավարարի այսօրվա ճգնաժամի տարբեր կողմերին, կամ հրաշագործ լուծումներ կտա տասնամյակներով կուտակված խնդիրներին։ Սակայն այն կստեղծի մի իրավիճակ, երբ երկրի քաղաքացին վերջապես կկարողանա տեր կանգնել իր ձայնին, ձեւավորված նոր իշխանությունը հաշվետու կլինի նրա հանդեպ, եւ հնարավորություն կունենա երկար սպասված բարեփոխումներն իրականացնել հանրային զգալի վստահության պայմաններում։ Թե ինչպես դրա հիման վրա այնուհետեւ կառուցել ժամանակակից եւ արդյունավետ ժողովրդավարություն, եւ զարգացած, բարեկեցիկ եւ անվտանգ երկիր, դա շատ ավելի մեծ եւ բազմաչափ խնդիր է, բայց այսօր կարեւոր է անել առաջին քայլը, եւ հանգուցալուծել հետագա մեծ կորուստներով հղի, իրապես վտանգավոր քաղաքական ճգնաժամը։ 

Ավետիք Չալաբյանը «Արար» հիմնադրամի Խորհրդի նախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին